Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԱԻՐԱ ՍԱՔԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԱԻՐԱ ՍԱՔԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6918 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 69 | ՆԱԻՐԱ ՍԱՔԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 հոկտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Նաիրա Սաքանյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նաիրա Սաքանյանը (ներկայացուցիչ` Կ. Թումանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 27-ին) խնդրելով. «(...)

Ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված նորմի «օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (...) պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում» ձևակերպումը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր: Բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը «նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում» ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված «օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (...) կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում» ձևակերպումը չի համապատասխանում որոշակիության սկզբունքին, ձևակերպված չէ այն աստիճանի հստակ, որոշակի, որ իրավակիրառողը կարողանա իր վարքագիծը համապատասխանեցնել նշված նորմին, իսկ անձի համար կանխատեսելի լինեն իր իրավաչափ ակնկալիքները, ինչի արդյունքում էլ խախտվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Դիմողը նշում է, որ օրենսդիրը, վիճարկվող հոդվածում սահմանելով դատական ակտի պարտադիրության կանոնը, չի հստակեցրել «դատական ակտ» ձևակերպումը, ինչն էլ որոշակիության սկզբունքի առումով խնդրահարույց է: Դիմողի կարծիքով, վերը նշված ձևակերպումը որոշակի և կանխատեսելի չէ. հստակ չէ մեկ միասնական «դատական ակտ» ձևակերպման ներքո արդյոք պետք է ընկալել ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, թե ոչ: Ըստ դիմողի գործն ըստ էության լուծող դատական ակտերը մշտապես իրավունքներ և պարտականություններ են սահմանում, ուստի պարտադիր կատարման ենթակա են, իսկ միջանկյալ դատական ակտերը ոչ միշտ է, որ սահմանում են իրավունքներ ու առաջացնում պարտականություններ, հետևաբար չեն կարող դիտարկվել պարտադիրության կանոնի ներքո: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ դիմողը նշում է, որ այն ևս չի համապատասխանում Սահմանադրությանը, ինչի արդյունքում խախտվել են դիմողի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքները: Դիմողի պնդմամբ «Դատարանը ներկայացված ապացույցը նույնիսկ չի հետազոտել, քանի որ հայցը մերժվել է այն հիմքով, որ նույն անձանց միջև միևնույն առարկայի շրջանակներում սնանկության դատարանի կողմից կայացված օրինական ուժի մեջ դատական ակտ կա (թիվ ԼԴ4/0105/04/17 սնանկության գործ), ուստի սույն գործով դատական ակտի վերանայումը կհանգեցնի res judicata սկզբունքի դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի խախտման»: Դիմողը նշում է, որ օգտվելով դատական պաշտպանության հիմնարար իրավունքից դիմել է դատարան, սակայն դատարանը, կաշկանդված լինելով վիճարկվող նորմով, չի կարողացել ապահովել գործի արդարացի քննություն:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ

Վիճարկվող նորմի վերաբերյալ դիմողի կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասում արտացոլված «դատական ակտ» եզրույթի բովանդակությունը բացահայտված չէ, և օրենսդիրը, սահմանելով պարտադիրության կանոնը, չի հստակեցրել «դատական ակտ» եզրույթը, ինչը խնդրահարույց է որոշակիության սկզբունքի առումով: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող նորմի վերաբերյալ դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական գործերով դատական ակտերը և դրանց պարտադիրության կանոնը: Այսպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասում դատական ակտերը դասակարգված են եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի, իսկ նույն օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում օրենսդիրը հստակ սահմանել է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի տեսակները: Ուստի դիմողի կողմից վիճարկվող դրույթում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մյուս բոլոր այն նորմերում, որտեղ օրենսդիրը գործածում է «դատական ակտ» միասնական եզրույթը, դատական ակտի բովանդակության ներքո պետք է հասկանալ ինչպես եզրափակիչ, այնպես էլ միջանկյալ դատական ակտերը, և պարտադիրության պահանջը հավասարապես վերաբերելի է թե՛ եզրափակիչ, թե՛ միջանկյալ դատական ակտերին: Վերոնշյալի լույսի ներքո դիտարկելով դիմողի փաստարկն առ այն, որ գույքի վաճառքը թույլատրելու մասին միջանկյալ դատական ակտը որևէ մեկի համար պարտադիր կատարման ենթակա դատական ակտ չէ, քանի որ պարտականություն որևէ մեկի համար չի նախատեսում, հիմնազուրկ է. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի տրամաբանությունից ելնելով` այն միջանկյալ դատական ակտ է, պարտադիր է և ենթակա է կատարման ՀՀ ամբողջ տարածքում: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի ներկայացրած փաստարկներն իրենց համակցության մեջ չեն հաղթահարում Սահմանադրական դատարան հիմնավոր բողոք ներկայացնելու անհրաժեշտ նվազագույն շեմը, քանի որ, վերը նշված վերլուծության համատեքստում, դիմողը չի կարողացել իրավաբանորեն հիմնավորել իր մատնանշած ենթադրյալ իրավունքի խախտումը: Այլ կերպ ասած դիմումի ուսումնասիրությունից հնարավոր չէ ողջամիտ հետևության հանգել, թե ինչպե՞ս է վիճարկվող դրույթը հանգեցրել Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ

Վիճարկվող նորմի վերաբերյալ դիմողի կողմից բերված փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ դատարանը, առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով, նույնիսկ չի հետազոտել ներկայացված ապացույցը և չի կարողացել ապահովել գործի արդարացի քննություն խախտելով դիմողի Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքները: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող նորմի վերաբերյալ դիմողի փաստարկներն ակհայտ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ: Դիմողի կողմից ներկայացվել են դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, սակայն դիմումից հստակ չէ, թե վիճարկվող նորմն ինչպե՞ս է խախտել դիմողի սահմանադրական հիմնարար իրավունքները: Դիմողի նկատմամբ բացասական հետևանքներն, ըստ էության, առաջացել են թիվ ԼԴ4/0105/04/17 սնանկության գործով վարույթի շրջանակներում, մասնավորապես դիմողի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար թույլտվություն տալու մասին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ, որի հիման վրա էլ կնքվել է առուվաճառքի պայմանագիրը: Ուստի գործնականում չէր էլ կարող պատճառահետևանքային կապ լինել քննարկվող դրույթի հնարավոր հակասահմանադրականության և դիմողի ենթադրյալ խախտված սահմանադրական իրավունքների միջև: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների իրավաչափությանը: Այսպես դիմողն իրականում բարձրացնում է սնանկության վարույթի շրջանակներում դատարանի գործողությունների իրավաչափության հարց, մասնավորապես դիմողի գույքի վերաբերյալ սնանկության գործով կառավարչի կողմից կեղծ տեղեկանք ներկայացնելու փաստին դատարանի կողմից տրված գնահատականի ոչ իրավաչափության հարց: Դիմողը նշում է. «(...) տեղեկանքը ապացուցում է այն հանգամանքը, որ գույքը գրավադրված չի եղել, մինչդեռ Դատարանը սնանկության վարույթի շրջանակներում հիմնվելով այն հանգամանքի վրա, որ գույքը գրավադրված է, թույլատրել է սնանկության կառավարչին հրապարակային սակարկություններով այն վաճառել»: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում դատական ակտի օրինականության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Նաիրա Սաքանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Վաղարշյան

18 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-69

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-69
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել