Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7127 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-71)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 71 | ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի, 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ (այսուհետ նաև դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունվարի 7-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«(…) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ.

1) 1-ին հոդվածի 3-րդ մասը գրավով ապահովված պարտատերերին սնանկության գործով պարտատերերի ցանկում չընդգրկելը որպես ապահովված պահանջների բավարարման առանձնահատկություն կարգավորելու մասով,

2) 43-րդ հոդվածի 2-րդ մասը «մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում», «բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (...) հաշվին» և «անկախ ապահովված պահանջների բավարարման չափից» դրույթների մասով,

3) 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը Վճռաբեկ դատարանի որոշմամբ (վերջնական դատական ակտով) տրված մեկնաբանությամբ ճանաչել Սահմանադրության 1-ին հոդվածին, 59-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթները Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու դեպքում (…) գնահատել նաև վիճարկվող դրույթների, մասնավորապես, օրենքի 87-րդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված օրենքի 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համապատասխանությունը Սահմանադրությանը»: Սահմանադրական դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դիմողը բարձրացնում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի (ուժը կորցրել է 17.06.2016 թ. ՀՕ-105-Ն օրենքով) և 43-րդ հոդվածի 2-րդ մասի (23.06.2011 թ. ՀՕ-235-Ն օրենքի խմբագրությամբ)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

2. Գործի դատավարական նախապատմությունը

Սույն գործի դատավարական նախապատմությունն արտացոլված է քաղաքացիաիրավական հարաբերության մասնակիցների կողմից միմյանց դեմ հարուցված մի քանի քաղաքացիական և այլ գործերում («Յունիբանկ» ԲԲ ընկերության հայցով ընդդեմ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի միակ մասնակից, նախկին տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանի հարուցած թիվ ԵԿԴ/1340/02/12 քաղաքացիական գործը, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության վերաբերյալ թիվ ԵԿԴ/0090/04/13 գործը, «Յունիբանկ» ԲԲ ընկերության հայցով «ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձինք «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի, սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի գրավի առարկայի վրա գրավով ապահովված պարտավորության չափով բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/5585/02/14 քաղաքացիական գործը, մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատեր «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից հարուցված թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական գործը, որն այնուհետև 2016 թ. միավորվել է թիվ ԵԿԴ/5585/02/14 քաղաքացիական գործի հետ և ստացել նույն ԵԿԴ/5306/02/14 համարը): 2007 թվականի օգոստոսի 9-ին «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Յունիբանկ» ՓԲԸ-ի և Մանվել Տեր-Առաքելյանի միջև կնքվել է «Անշարժ գույքի հաջորդող գլխավոր հիփոթեքի» պայմանագիր, որի համաձայն Երևանի Հյուսիսային պողոտա թիվ 2 հասցեում գտնվող Մանվել Տեր-Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (10.12.2003 թ. տրված սեփականության իրավունքի վկայական թիվ 1553319) անշարժ գույքը գրավադրվել է ի ապահովումն պարտապանի «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ վարկային պարտավորությունների կատարման: 2.1. «Յունիբանկ» բաժնետիրական ընկերության կողմից հարուցված քաղաքացիական գործերով

1) Կողմերի միջև դատական վեճերը մինչև սնանկության վարույթի հարուցումը մի քանիսն են, որոնցից սույն գործի հանգամանքների պարզաբանման համար նշանակություն ունի թիվ ԵԿԴ/1340/02/12 քաղաքացիական գործը ըստ «Յունիբանկ» ընկերության հայցի ընդդեմ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի միակ մասնակից, նախկին տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի: Այդ գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 20.08.2013 թ. կայացրել է վճիռ, որի համաձայն «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի ենթակա է բռնագանձման 1,024,000,000 ՀՀ դրամ (մայր գումարի մասով և տոկոսների մասով), որպես թիվ 045-ի վարկային պայմանագրից բխող «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունների գումարներ, բռնագանձումը տարածել ք. Երևան, Կենտրոն համայնքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքի վրա: Մինչ վերը բերված վճռի կայացումը 2013 թվականի հունիսի 4-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել «Յունիբանկ» ՓԲԸ դիմումը պատասխանող «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին, այնուհետև նշանակել սնանկության գործով կառավարիչ: Թիվ ԵԿԴ/1340/02/12 քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է, և ավելի ուշ 2014 թ. հոկտեմբերի 21-ին, ստացել է օրինական ուժ: Դրա հիման վրա 2015 թ. նոյեմբերի 4-ին տրվել է կատարողական թերթ, որում որպես պահանջատեր նշված է «Յունիբանկ» ԲԲԸ-ն, իսկ պարտապան Մանվել Տեր-Առաքելյանը: 2.2. «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության վերաբերյալ թիվ ԵԿԴ/0090/04/13 գործով

1) 2014 թվականի հունվարի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով սնանկության գործն ըստ դիմումի «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկ ճանաչելու պահանջի մասին, վճռել է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ին ճանաչել սնանկ,

2) Սնանկության կառավարիչն օրենքով սահմանված կարգով կազմել է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ պարտատերերի պահանջների ըստ առաջնահերթության նախնական ցուցակը առ 22.04.2014 թ., որում որպես ապահովված պահանջ ունեցող պահանջատեր ներառվել է «Յունիբանկ» ՓԲԸ-ն 3,103,867,029.42 ՀՀ դրամի պահանջով: Ցուցակում ընդգրկված մնացած պահանջատերերը 12 անհատ անձինք են, ինչպես նաև սնանկության գործով կառավարիչը աշխատավարձի պահանջով: Առանց բանկի պահանջի մնացած պահանջատերերի պահանջների ընդհանուր չափը կազմել է 20,850,748 ՀՀ դրամ,

3) 2014 թվականի նոյեմբերի 10-ին «Յունիբանկ» ՓԲ ընկերությունը դատարան է ներկայացրել մորատորիում չտարածելու մասին ծանուցում, որով խնդրել է դատարանին «(…) թիվ ԵԿԴ/0090/04/13 քաղաքացիական գործով մորատորիում չտարածելու մասին Բանկի 3.103.867.029,42 ՀՀ դրամ գումարի չափով ապահովված պահանջի մասով», միաժամանակ նշելով. «Գտնում ենք, որ սույն ծանուցման ուժով դատարանը պետք է չընդգրկի Բանկի ապահովված պահանջը պարտատերերի վերջնական ցանկում (կամ հեռացնի Բանկի ապահովված պահանջը պարտատերերի վերջնական ցանկից, եթե այն արդեն հաստատված է դատարանի կողմից): Պարտապանի այլ գույքից վարկի գծով պարտավորությունների բավարարման ակնկալիքներ Բանկը չունի, բացառությամբ պետական տուրքի գծով պահանջի 500 հազ. ՀՀ դրամ գումարի չափով, որը, մեր կարծիքով, ենթակա է ներառման պարտատերերի վերջնական ցանկում»,

4) 2014 թվականի նոյեմբերի 14-ին դատարանը հաստատել է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որի շրջանակներում անդրադառնալով «Յունիբանկ» ՓԲ ընկերության կողմից 2014 թվականի նոյեմբերի 10-ին ներկայացված մորատորիում չտարածելու մասին ծանուցմանը դատարանը գտել է, որ այն ներկայացվել է Օրենքի պահանջներին համապատասխան, ուստի չի անդրադարձել բանկի կողմից ներկայացված պահանջի չափին, առաջնահերթությանն ու ապահովվածությանը և, ղեկավարվելով Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով, նրան չի ընդգրկել «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ պարտատերերի ցանկում,

5) 2015 թվականի դեկտեմբերի 9-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ն դատարան է ներկայացրել նոր պահանջ` 51,000,000 և 500,000 ՀՀ դրամի չափով (բանկին մատուցված իրավաբանական ծառայությունների դիմաց կատարված ծախսեր և պետական տուրքի մարման համար վճարված գումար) խնդրելով հաստատել դրանք որպես չապահովված պահանջ: 2015 թվականի դեկտեմբերի 16-ին դատարանի որոշմամբ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ միջանկյալ բաշխման ծրագիրը հաստատվել է, իսկ «Յունիբանկ» ԲԲԸ-ի ներկայացրած պահանջը հաստատելու մասին միջնորդությունը մերժվել այն պատճառաբանությամբ, որ ««Յունիբանկ» ԲԲԸ-ն «(…) դատարան ներկայացրած մորատորիում չտարածելու մասին ծանուցման ուժով դադարել է լինել պարտատերերի ցանկում, այդ թվում նաև պահանջների վերջնական ցուցակում, հետևաբար սույն գործի շրջանակներում «Յունիբանկ» ԲԲԸ-ն չունենալով այլ դատավարական կարգավիճակ, չի հանդիսանում այլև գործին մասնակցող անձ, այդ թվում նաև պարտատեր: Հաշվի առնելով վերոգրյալը դատարանը քննության առարկա չի դարձնում «Յունիբանկ» ԲԲԸ-ի պահանջի չափը և օրինականությունը, քանի որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նման պահանջ ներկայացնելու իրավունք չունի»,

6) 2016 թվականի մարտի 11-ին «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացրած բողոքի հիման վրա վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով վերոբերյալ որոշումը թողնել օրինական ուժի մեջ համարելով այն «հիմնավոր և իրավաչափ»,

7) 2016 թվականի օգոստոսի 31-ին Վճռաբեկ դատարանը որոշել է թիվ ԵԿԴ/0090/04/13 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2016 թվականի մարտի 11-ի որոշման դեմ «Յունիբանկ» ԲԲԸ ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել,

8) 2015 թ. դեկտեմբերի 25-ին «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչը դատարան է ներկայացրել վերջնական հաշվետվությունը և միջնորդել ավարտել սնանկության գործը: Դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 15-ի վճռով ավարտել է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության գործը, ինչի դեմ «Յունիբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է վերաքննիչ բողոք,

9) 2019 թվականի մարտի 14-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է «Յունիբանկ» ԲԲԸ անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0090/04/13 քաղաքացիական գործով 2018 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը բեկանել և գործն ուղարկել Սնանկության դատարան` սնանկության վարույթն ավարտելու հարցի մասով ամբողջ ծավալով նոր քննության,

10) 2021 թվականի հուլիսի 13-ին «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության գործով կառավարչի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի մարտի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 15-ի վճռին պատճառաբանելով. «(…) որ սնանկության վարույթը շրջանցած պարտատերը, ով իր պահանջի բավարարումը կարող է ստանալ սնանկության վարույթից դուրս դատական կամ արտադատական եղանակով, գրավի առարկայի նկատմամբ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելուց հետո այլևս նույն պարտավորության համար սնանկության վարույթում պահանջ ներկայացնելու իրավունք չի կարող ունենալ` պարտապանի այլ գույքից բավարարում ստանալու համար, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին: Ավելին, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վերջինս նաև չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում: Այսինքն` ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու պահից սնանկության վարույթում այլևս չի կարող դիտարկվել որպես պարտատեր: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված` «պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը» արտահայտությունը վերաբերում է միայն սնանկության վարույթում իրենց պահանջների բավարարումը ստացած պարտատերերին: Այսինքն` այդ դեպքում սնանկության գործն ավարտելիս դատարանի համար էական է միայն սնանկության վարույթում գրանցված պարտատերերի (պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում և/կամ գրանցամատյանում) և պարտապանի իրավական դրությունը, քանի որ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած պարտատերն այլևս իրականացրել է իր տնօրինչական իրավունքը սնանկության վարույթից դուրս իր պահանջի բավարարումը ստանալու համար, և Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է կրի այդ իրավունքի իրացման հնարավոր բացասական հետևանքների ռիսկը: (…) Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը, ընտրելով սնանկության վարույթից դուրս իր պահանջի դատական կարգով բավարարում ստանալու եղանակը, ի սկզբանե պետք է հաշվի առներ հնարավոր բոլոր ռիսկերը: Ավելին, տվյալ դեպքում Բանկը, որն իրականացրել է իր տնօրինչական իրավունքը սնանկության վարույթը շրջանցելու համար կատարելով համապատասխան ծանուցումը մորատորիում չտարածելու մասին միջնորդություն ներկայացնելով, այլևս չի կարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի իմաստով դիտարկվել որպես պարտատեր, քանի որ վերջինս այլևս դուրս է եկել սնանկության վարույթից»: 2.3. Մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատեր «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից հարուցված թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական գործով

1) 2014 թ. նոյեմբերի 25-ին «Յունիբանկ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի, հանձինս տնօրեն Արմեն Դիլանյանի, սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի և Մանվել Տեր-Առաքելյանի գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին: 2014 թ. դեկտեմբերի 3-ին առաջին ատյանի դատարանն ընդունել է որոշում «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» պատճառաբանելով, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, հետևաբար «սույն հայցադիմումը ենթակա չէ դատարանում քննության «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի հիմքով»,

2) 2015 թվականի փետրվարի 11-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանն այդ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ընդունել է որոշում վերաքննիչ բողոքը մերժելու և առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին, 2016 թվականի հունվարի 13-ին վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել է «վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.02.2015 թ. որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է վերացնել Երևանի առաջին ատյանի դատարանի 03.12.2014 թ. «հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը»,

3) 2016 թ. ապրիլի 19-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել գործը հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշումը, Մինչ այդ 2014 թ. դեկտեմբերի 20-ին, նույն դատարանը վարույթ էր ընդունել «Յունիբանկ» ՓԲ ընկերության հայցադիմումը «ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձինք «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի, սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի գրավի առարկայի վրա գրավով ապահովված պարտավորության չափով բռնագանձում տարածելու պահանջների մասին» (գործ թիվ ԵԿԴ/5585/02/14): Այդ գործով դատարանը, ավարտելով գործի քննությունը, վճռի հրապարակման օր էր նշանակել 2016 թվականի օգոստոսի 12-ը: Սակայն բանկը թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական գործի շրջանակում միջնորդել է դատարանին միավորել երկու գործերի վարույթները: 2016 թվականի նոյեմբերի 9-ին դատարանը միավորել է այդ երկու գործերի վարույթները և գործին տվել է թիվ ԵԿԴ/5306/02/14 համարը,

4) 2017 թվականի փետրվարի 17-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, միավորված քաղաքացիական գործով ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին, ըստ հայցի` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, երրորդ անձ պատասխանողի կողմում` «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի, սնանկության գործով կառավարչի` գրավի առարկայի վրա գրավով ապահովված պարտավորության չափով բռնագանձում տարածելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Մանվել Տեր-Առաքելյանի ընդդեմ «Յունիբանկ» ԲԲԸ-ն` գրավի առարկայի վրա գրավով ապահովված պարտավորության չափով բռնագանձում տարածելու պահանջի մասին հայցի ներկայացման գործողությունը որպես «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից Մանվել Տեր-Առաքելյանի նկատմամբ ունեցած իրավունքների չարաշահում ճանաչելու պահանջի մասին, վճռել է. հայցապահանջները բավարարել մասնակիորեն ««Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել (…)» վճռում նշված գումարները, «բռնագանձում տարածել գրավի առարկա ք. Երևան, Կենտրոն համայնք, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքի վրա», Մանվել Տեր-Առաքելյանի հակընդդեմ հայցը մերժել,

5) 2017 թվականի մարտի 16-ին «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչը դատական ակտը բողոքարկել է վերաքննության կարգով: 2017 թվականի մայիսի 16-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության գործով կառավարչի վերաքննիչ բողոքը մերժել, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/5306/02/14 միավորված գործով 2017 թվականի փետրվարի 17-ի վճիռը թողնել օրինական ուժի մեջ,

6) 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանը որոշել է թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի մայիսի 16-ի որոշման դեմ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության գործով կառավարչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել,

7) 2018 թվականի փետրվարի 14-ին տրված ԵԿԴ/5306/02/14 գործով կատարողական թերթը վերարտադրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի փետրվարի 17-ի վճռի եզրափակիչ մասը. «հայցապահանջները բավարարել մասնակիորեն «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել (…)» նշված գումարները, «բռնագանձում տարածել գրավի առարկա ք. Երևան, Կենտրոն համայնք, Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքի վրա», որպես պահանջատեր նշելով «Յունիբանկ» ԲԲԸ-ին, իսկ պարտապան «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ին: Այլ պատասխանողների վերաբերյալ, ըստ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական գործի նյութերի, հիշատակված վճռի մասով կատարողական թերթեր չեն տրվել,

8) 2021 թվականի հուլիսի 22-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ սնանկության գործով կառավարչի դիմումի հիման վրա կատարել է այդ ընկերության լուծարման մասին պետական գրանցում,

9) 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ ՀԿԱԾ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարողի «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» որոշմամբ 2018 թվականի փետրվարի 14-ին տրված թիվ ԵԿԴ/5306/02/14 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 04120740 կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1-ին և 44.1-ին հոդվածների և 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով կարճվել է այն պատճառաբանությամբ, որ պարտապան ընկերությունը լուծարվել է:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, վերլուծելով Սահմանադրության համապատասխան հոդվածները և ներկայացնելով Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումները, գտնում է, որ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով դատարանին մորատորիում չտարածելու մասին ծանուցած գրավով ապահովված պարտատերերն իրավահարաբերության պահին գործող իրավակարգավորումների ուժով դուրս են մղվում պարտատերերի ցանկից սնանկության վարույթից դուրս իրենց իրավունքների իրականացման ռիսկը կրելու պատճառաբանությամբ, մինչդեռ այդ հիմքով առաջանում է պարտապանի ապահովված պարտավորությունների դադարման վտանգ: Դիմողի տեսանկյունից այդ իրավակարգավորումները հակասում են Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասին, «(…) այնքանով, որքանով որ վերջնական դատական ակտով տրված մեկնաբանությամբ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերերին, որոնք իրենց իրավունքներն իրականացնում են կամ պաշտպանում են սնանկության վարույթից դուրս, բացառում են պարտատերերի շրջանակից թույլ տալով կառավարչին այդ պարտատերերի իրավունքների և իրավաչափ շահերի անտեսմամբ ներկայացնել վերջնական հաշվետվություն դրան կցվող պարտատերերի պահանջների գրանցամատյանում օրենքի ուժով չներառելով հիշյալ պարտատերերի (…) բավարարված պահանջները և նրանց մասով չներկայացնելով պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր, իսկ դատավորին թույլ տալով այդ հիմքով կայացնել պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործի ավարտելու մասին վճիռ»: Այս տեսանկյունից դիտարկելով վիճարկվող իրավակարգավորումները դիմողը գտնում է, որ իր «(…) դատական պաշտպանության հիմնական իրավունքը իմաստազրկվել է. կատարման փուլում գտնվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության պայմաններում, որոնցով ճանաչվել և պաշտպանվել է դիմողի լեգիտիմ ակնկալիքը (սեփականության իրավունքը) գրավի առարկայի հանդեպ, վիճարկվող դրույթներով հնարավոր է դարձել սնանկության գործի ավարտը և պարտապանի լուծարումը, որով էապես վտանգվել է (կամ խաթարվել է) այդ դատական ակտերի կատարման իրավական և փաստացի հնարավորությունը: Բացի այդ դիմողի կողմից սնանկության վարույթից դուրս իր իրավունքների իրականացումը և պաշտպանությունը Վճռաբեկ դատարանի կողմից դիտարկվել է որպես ռիսկ և վերագրվել է դիմողին, որով նրա դատական պաշտպանության իրավունքը դարձել է անարդյունավետ»: Ըստ դիմողի Օրենքի վիճարկվող դրույթներից մեկի «(…) 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված` «պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը» արտահայտությունը վերաբերում է միայն սնանկության վարույթում իրենց պահանջների բավարարումը ստացած պարտատերերին»: Դիմողի կարծիքով «(...) այդ դեպքում սնանկության գործն ավարտելիս դատարանի համար էական է միայն սնանկության վարույթում գրանցված պարտատերերի (պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում և/կամ գրանցամատյանում) և պարտապանի իրավական դրությունը»: Դիմողի գնահատմամբ բոլոր պարտատերերը, այդ թվում դատարանին մորատորիում չտարածելու մասին ծանուցած գրավով ապահովված, պետք է ընդգրկվեն պարտատերերի ցանկում անկախ նրանց կողմից իրենց իրավունքների իրականացման և պաշտպանության եղանակի ընտրության: Դիմողը գտնում է, որ «(…) գրավով ապահովված պարտատերերի պահանջները պետք է բավարարվեն առաջին հերթին և առավելապես, բայց ոչ բացառապես գրավի առարկայի հաշվին: Դա, ի թիվս այլնի, ենթադրում է, որ պարտապանից հօգուտ գրավով ապահովված պարտատերերի դատական ակտերով երաշխավորված գանձումները (բռնագանձումները) ոչ միայն պետք է ունենային առաջնահերթություն, այլև պետք է սահմանված լինեին որպես սնանկության վարույթի ավարտը պարտապանի լուծարման եղանակով բացառող կամ առնվազն պարտավորությունների կատարումից չազատող հանգամանք»: Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթներով խախտվում է բանկի սեփականության իրավունքը, քանի որ պարտապանի լուծարմամբ դիմողը որպես պարտատեր, ոչ միայն զրկվում է իր տրամադրած ֆինանսական միջոցները պարտապանից պահանջելու և ստանալու, այլև գրավի առարկան իրացնելու իրավական և փաստացի հնարավորությունից, ուստի դիմողի արձանագրմամբ, պարտատերերի շահերի անտեսմամբ սնանկության վարույթն ավարտելու և պարտապանին լուծարելու օրենսդրական կառուցակարգերը սահմանափակում են ապահովված պահանջներ ունեցող պարտատերերի, տվյալ դեպքում դիմողի Սահմանադրության 60-րդ հոդվածով պաշտպանվող լեգիտիմ ակնկալիքը: Դիմողը գտնում է, որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելը ոչ մի հիմքով չի կարող գնահատվել որպես տնտեսական գործունեության հետ կապված ռիսկ: Ավելին, դիմողը եզրահանգում է, որ այն օրենսդրական կառուցակարգերը, որոնք իմաստազրկում են գրավով ապահովված պարտատիրոջ այս իրավունքը, խախտում են նրա և΄ սեփականության, և΄ դատական պաշտպանության իրավունքները, ուստիև հակասում են Սահմանադրության 75-րդ հոդվածին: Դիմողը եզրակացնում է, որ վերջնական դատական ակտի կատարումը դատական պաշտպանության իրավունքի տարր է, հետևաբար «(…) մինչև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը գրավով կամ այլ կերպ ապահովված պարտատերերը չեն կարող դուրս դրվել պարտատերերի վերջնական ցանկից, իսկ պարտապանի պարտավորությունները, որոնք ապահովված են այդ դատական ակտով, չեն կարող դադարել մինչև այդ ակտերի կատարումը»: Դիմողը պնդում է. «Ապահովված պահանջների սնանկության վարույթից դուրս իրականացման և պաշտպանության իրական հնարավորությունը, որն ապահովվում է կատարվելիք (կատարման փուլում գտնվող) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, (…) օրենսդրի կողմից պետք է հաշվի առնվեր որպես առանձնահատուկ դեպք սնանկության վարույթը չավարտելու կամ առնվազն պարտապանին չլուծարելու կամ էլ նրան գրավով ապահովված պարտավորությունների կատարումից անգամ լուծարման դեպքում չազատելու նպատակով»: Դիմողի պնդմամբ իր նկատմամբ կիրառված դրույթներով, դրանց մեկնաբանությամբ հանդերձ, թույլատրվում է սնանկության գործի ավարտի արդյունքում պարտապանի լուծարումը, ինչի հետևանքով նա օրենքի ուժով հետագայում պետք է ազատվի պարտավորություններից: Ըստ դիմողի դրա հետևանքով դադարելու են պարտապանի ոչ միայն գրավով ապահովված բոլոր պարտավորությունները պարտատիրոջ, գրավառուի նկատմամբ, այլև դադարեցվելու է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա գրավի առարկան հօգուտ պարտատիրոջ բռնագանձելու գործընթացը: Նկարագրված իրավիճակը, դիմողի կարծիքով, առարկայազուրկ է դարձնում դատական պաշտպանության իրավունքը, ինչի արդյունքում վտանգվում է դիմողի տնտեսական գործունեության ազատության սահմանադրական իրավունքի իրականացումը: Այս համատեքստում դիմողն իր նկատմամբ կիրառված նորմերի պրակտիկան և վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը գնահատում է ոչ իրավաչափ հիմնավորելով այն փաստով, որ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացումը դատարանը դիտարկել է որպես ռիսկ և այդ ռիսկը նույնականացրել է տնտեսական գործունեության ռիսկի հետ: Ըստ դիմողի վիճարկվող դրույթներով խախտվում է բանկի սեփականության իրավունքը, քանի որ պարտապանի լուծարմամբ դիմողը որպես պարտատեր, ոչ միայն զրկվում է իր տրամադրած ֆինանսական միջոցները պարտապանից պահանջելու և ստանալու իրավական և փաստացի հնարավորությունից, այլև գրավի առարկան իրացնելու իրավական և փաստացի հնարավորությունից, որի նկատմամբ դիմողն օժտված է Սահմանադրությամբ պաշտպանվող լեգիտիմ ակնկալիքով: Ընդ որում այդ ակնկալիքը վիճահարույց չէ և ապահովված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, որոնք գտնվում են կատարման փուլում: Դիմողի գնահատմամբ վիճարկվող իրավակարգավորումներով խախտվել է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածը, որովհետև գրավով ապահովված պարտատերերի համար օրենսդրի կողմից սահմանվել է սնանկության վարույթի շրջանակներից դուրս դատարան դիմելու իրավունք, սակայն սնանկության վարույթի շրջանակներից դուրս դատական պաշտպանությունն արդյունավետ չէ: Այս համատեքստում դիմողը նշում է. «Ավելին այն իմաստազրկվել է, քանի որ օրենսդրի կողմից ընտրվել են լուծումներ, որոնցով սնանկության վարույթից դուրս իրենց իրավունքների պաշտպանությանը դիմած պարտատերերը բացառվում են պարտատերերի վերջնական ցանկից, և արդյունքում հնարավոր է դառնում նրանց իրավունքների անտեսմամբ ավարտել սնանկության վարույթը և լուծարել պարտապանին անգամ անկախ վերոհիշյալ պարտատերերի կողմից իրենց իրավունքների պաշտպանության արդյունքում օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատական ակտերի առկայությունից»: Դիմողը գտնում է, որ Օրենքի վիճարկվող դրույթների վերլուծությունից բխում է, որ գրավով ապահովված պահանջներ ունեցող պարտատերը դուրս է թողնվում պարտատերերի շրջանակից միայն այն հիմքով, որ նա գրավի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դատական պաշտպանության իրավունքն իրացրել է սնանկության վարույթից դուրս, իսկ սնանկության վարույթի ավարտին պարտապանն ազատ է ճանաչվում իր նկատմամբ բոլոր պահանջներից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, որոնց մեջ ներառված չէ «(…) սնանկության վարույթից դուրս պարտատիրոջ կողմից իրականացված դատական պաշտպանության արդյունքում օրինական ուժի մեջ մտած դատարանի որոշումը, որով, օրինակ հօգուտ պարտապանի բռնագանձում է տարածվել գրավի առարկայի վրա»: Իր դիրքորոշումները դիմողը եզրափակում է պնդմամբ, որ վիճարկվող իրավադրույթները համատեղելի չեն իրավական պետության հիմնարար սահմանադրական սկզբունքների հետ, հակասում են Սահմանադրության 1-ին հոդվածին, քանի որ իրավական պետության կողմից տնտեսական գործունեության կարգավորումը պետք է նաև նպատակ հետապնդի ապահովելու արդարացի հավասարակշռություն տնտեսական գործունեության մասնակիցների շահերի միջև, ինչը երաշխավորված չէ վիճարկվող իրավադրույթներով:

4. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև պատասխանող), նշում է, որ սնանկության վարույթի առկայության պայմաններում օրենսդրի կողմից գրավով ապահովված պարտատիրոջ համար նախատեսվել է բավարարում ստանալու երկու եղանակ սնանկության վարույթի շրջանակներում և դրանից դուրս, ընդ որում պարտատերն ինքն է սեփական հայեցողությամբ ընտրում նշված եղանակներից որևէ մեկը կրելով պահանջների բավարարման հնարավոր հետևանքների ռիսկը: Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով, ինչպես նաև այլ վերաբերելի գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները պատասխանողը նշում է. «(…) թե իրավահարաբերության պահին գործող Օրենքով, թե ներկայումս գործող Օրենքով օրենսդրի կողմից սահմանվել են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք լիարժեք կերպով երաշխավորում են ապահովված պահանջի պարտատիրոջ իր պահանջների բավարարում ստանալու իրավունքը: Ավելին Օրենքի կարգավորումները գրավով ապահովված պահանջի պարտատիրոջը հնարավորություն են ընձեռում ստանալ իր պահանջների բավարարում ինչպես սնանկության վարույթի սահմաններում, այնպես էլ սնանկության վարույթից դուրս»: Նման պայմաններում պատասխանողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները որևէ կերպ չեն սահմանափակում կամ խոչընդոտում գրավով ապահովված պարտատիրոջ պահանջների բավարարման իրավունքը և այդ իրավունքի իրացման օրենսդրությամբ սահմանված եղանակների ընտրության հնարավորությունը: Հետևաբար ըստ պատասխանողի Օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ 1-ին հոդվածի 3-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանադրականության խնդիր չեն հարուցում։ Պատասխանողը, անդրադառնալով Օրենքի 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերին, 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, պնդում է, որ նշված հոդվածները «դիմողի նկատմամբ հետևանքներ առաջացրած վերջնական դատական ակտով չեն կիրառվել», ուստի այդ մասով գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

5. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, Դատական դեպարտամենտից պահանջված և ստացված` թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական և ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործերը, ինչպես նաև սույն գործում առկա մյուս փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 5.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև փորձի բավարար չափով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված իրավակարգավորումների շրջանակներում անհատական դիմումին ներկայացվող պահանջներից են վիճարկվող դրույթի և Սահմանադրության համապատասխան դրույթի միջև անհամապատասխանության, վիճարկվող դրույթի «հակասահմանադրականության» արդյունքում դիմողի կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտումը, համապատասխան սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային անմիջական կապի առկայության հիմնավորումները, որոնց բացակայությունը հիմք է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու: 5.2. Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ Օրենքի «Սնանկության գործերի քննության կարգը» վերտառությամբ 1-ին հոդվածի 3-րդ մասը սահմանվել է հետևյալ բովանդակությամբ. «3. Ապահովված պահանջների բավարարման առանձնահատկությունները, ինչպես նաև ապահովված պահանջների բավարարման համար պարտապանի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածներով»: Հիշյալ հոդվածով նախատեսված իրավակարգավորումն իր տրամաբանական շարունակությունն է գտել Օրենքի 43-րդ հոդվածում: Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ Օրենքի «Ապահովված պահանջները և դրանց բավարարումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանվել է հետևյալ բովանդակությամբ. «2. Մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ»: Դիմողի կողմից բարձրացված խնդիրը վերաբերում է սնանկության վարույթի շրջանակում մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատիրոջ սնանկության գործով պարտատերերի ցանկում չընդգրկվելու և իր ապահովված պահանջները բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին բավարարելու հիմնախնդրին պայմանավորված այն իրողությամբ, որ տվյալ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ, որի արդյունքում, դիմողի գնահատմամբ, անհամաչափորեն սահմանափակվում են պարտատիրոջ սեփականության, տնտեսական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև դատական պաշտպանության սահմանադրական իրավունքները: 5.2.1. Սահմանադրության «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է. «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով»: Անդրադառնալով տնտեսական գործունեության տարատեսակ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը Սահմանադրական դատարանը 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ նշել է. «Ձեռնարկատիրական գործունեության, որպես տնտեսական առանձին գործունեության, բովանդակության իրավական բնորոշումից բխում է, որ այն անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունն է, որի հիմնական նպատակը գույքի օգտագործումից, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է (ՀՀ քաղ. օրենսգրքի 2-րդ հոդված): (…) Այդ իրավունքը ներառում է բոլոր իրավական հնարավորությունները, որոնք անհատի համար նախապայմաններ են ստեղծում ինքնուրույնաբար որոշումներ ընդունելու իր տնտեսական գործունեությանն առնչվող հարցերով»: Օրենսդիրը, ձեռնարկատիրական գործունությունը բնութագրելով իբրև ռիսկային գործունեություն և հաշվի առնելով նման գործունեություն ծավալող սուբյեկտների դերն ու նշանակությունը, միաժամանակ սահմանել է վերջիններիս իրավունքների երաշխավորմանն ուղղված գործուն կառուցակարգեր, որոնց թվում կարևոր է սնանկության ինստիտուտը: Սնանկության ինստիտուտը կոչված է հավասարակշռելու անձանց ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ծագող ռիսկերը մի կողմից ապահովելու պարտապանների քաղաքացիական շրջանառությունում իրենց պարտավորությունների պատշաճ կատարումը, երաշխավորելու բարեխիղճ պարտատերերի շահերի պաշտպանությունը, մյուս կողմից օրենսդրական առանձին միջոցառումների կիրառմամբ աջակցելու ժամանակավոր ֆինանսական խնդիրներ ունեցող պարտապաններին այդպիսով երաշխավորելով վերջիններիս ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունը: Օրենսդիրը, սնանկության ինստիտուտը դիտարկելով իբրև պարտապանի և պարտատիրոջ շահերի ողջամիտ և արդարացի հավասարակշռությունն ապահովող գործիք, ոլորտը կարգավորող իրավանորմերն ամրագրել է հակընդդեմ շահեր հետապնդող այս երկու սուբյեկտների սնանկության վարույթի տարբեր փուլերում իրենց իրավունքների պաշտպանության եղանակների ընտրության հնարավորությունների երաշխավորմամբ (դրանից բխող հետևանքների հաշվառմամբ), որոնք իրացված են Օրենքով ներառյալ 43-րդ հոդվածի 2-րդ մասում (23.06.2011 թ. ՀՕ-235-Ն օրենքի խմբագրությամբ): Խնդրո առարկա իրավադրույթը գրավով ապահովված պարտատիրոջն ընձեռում է սնանկության վարույթի շրջանակներում իրավունքի պաշտպանության երկու եղանակ. կա΄մ մնալ սնանկության վարույթում և իր պահանջի բավարարում ստանալ սնանկության վարույթի շրջանակներում, կա΄մ դուրս գալ սնանկության վարույթից իր ապահովված պահանջի բավարարումն ստանալով բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին զրկվելով հետագայում պարտապանի այլ գույքի նկատմամբ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիսպոզիտիվության սկզբունքն իր ուրույն դրսևորումն ունի նաև սնանկության վարույթում, իսկ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով (23.06.2011 թ. ՀՕ-235-Ն օրենքի խմբագրությամբ) ամրագրված իրավակարգավորումն այդ սկզբունքի արտահայտման տարբերակ է: Նման պայմաններում դիմողի կողմից չի հիմնավորվում հիշյալ կարգավորման Սահմանադրության 59-րդ հոդվածի տեսանկյունից խնդրահարույց լինելը, քանզի տվյալ կարգավորումն անձին որևէ կերպ չի խոչընդոտում իրացնել հիշատակված հոդվածով ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իր սահմանադրական իրավունքը, այլ ընդհակառակը հնարավորություն է ընձեռում սուբյեկտին ընտրելու իրավունքի պաշտպանության իր համար նախընտրելի տարբերակը միաժամանակ սահմանելով դրանից բխող հետևանքները: Ավելին Օրենքի նպատակը սնանկության վարույթի շրջանակներում ծագող և դրա վրա անմիջական ներգործություն ունեցող իրավահարաբերությունների կարգավորումն է, մինչդեռ սույն պարագայում դիմողն ընտրել է իր իրավունքների պաշտպանությունը սնանկության վարույթից դուրս իրականացնելու տարբերակը, որպիսի պայմաններում դիմողը չի հիմնավորել վիճարկվող կարգավորման արդյունքում Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` անհիմն են նաև Օրենքի 87-րդ հոդվածի վիճարկվող մասերի Սահմանադրության 59-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքին անհամապատասխանության վերաբերյալ դիմողի պնդումներն այն պատճառաբանությամբ, որ Օրենքի խնդրո առարկա հոդվածը սահմանում է պարտապանի լուծարումով սնանկության գործի ավարտման հիմքերն ու դատավարական կարգը սնանկության վարույթի այս փուլում պարտատեր դիտարկելով բացառապես այն պահանջատերերին, որոնք ընտրել են սնանկության վարույթի շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու եղանակը, մինչդեռ սույն գործով դիմողը որպես գրավով ապահովված պարտավորությամբ պարտատեր, սնանկության վարույթից դուրս է եկել ավելի վաղ չընդգրկվելով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում: Դիմումն այս մասով անհիմն է այն պատճառաբանությամբ, որ դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող դրույթի և Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապը, իսկ դիմողի իբրև տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտի իրավունքների երաշխավորումը գրավի առարկայի իրացվելիության տեսանկյունից, դուրս է վիճարկվող հոդվածի կարգավորման տիրույթից: Ավելին, Սահմանադրական դատարանի գնահատմամբ արդարացված չէ սնանկության վարույթի ընթացքը սնանկության վարույթից դուրս եկած պահանջատերերի իրավունքների երաշխավորմամբ պայմանավորելը, քանզի նման մոտեցումը կոտնահարի սնանկության վարույթի մյուս մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը բոլոր այն դեպքերում, երբ գրավի առարկայի իրացումը որևէ հետևանք չի կարող ունենալ սնանկության գործի վրա, առավել ևս այն պարագայում, երբ գրավի առարկան պատկանում է երրորդ անձին, ինչն իրողություն է սույն գործով: Դիմողի համար սնանկության վարույթից դուրս գրավի առարկայի իրացման ընթացքում խոչընդոտները ծագել են ՀՀ ԱՆ ՀԿԱԾ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարողի կողմից «Գույքի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու, արգելանքները վերացնելու և կատարողական վարույթը կարճելու մասին» 28.10.2021 թ. տրված որոշման արդյունքում, որի համաձայն 14.02.2018 թ. տրված թիվ ԵԿԴ/5306/02/14 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 04120740 կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1-ին և 44.1-ին հոդվածների և 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով կարճվել է այն պատճառաբանությամբ, որ պարտապան ընկերությունը լուծարվել է: Սահմանադրական դատարանն այս առումով արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով խնդրո առարկա որոշման շրջանակներում կիրառված նորմերի և/կամ իրավակիրառ պրակտիկայում նորմերին հաղորդած մեկնաբանության սահմանադրականության խնդիր սույն գործով չի բարձրացվել: 5.2.2. Դիմողի կողմից բարձրացված խնդիրները դիտարկելով Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքի ապահովման համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ հիմնական իրավունքի իրացման որոշակի առանձնահատկություններ դրսևորվում են, մասնավորապես, սնանկության վարույթի շրջանակներում: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համալիր ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ օրենսդիրն ամրագրել է գրավով ապահովված պարտատերերի պահանջների բավարարման երկու եղանակ

1) սնանկության վարույթի շրջանակներում Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված պահանջ ներկայացնելով և պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում ներառվելով: Ընտրելով իր պահանջի բավարարման այս տարբերակը գրավով ապահովված պարտատերը (պարտատիրոջ նյութաիրավական կարգավիճակ ունեցող անձը) սնանկության վարույթում ձեռք է բերում պարտատիրոջ դատավարական կարգավիճակ դրանից բխող հետևանքներով, մասնավորապես պահանջի բավարարում սնանկության վարույթում, դրանում պարտապանի գույքի իրացման առանձնահատկությունների, պահանջի բավարարման ժամկետների և այլ հանգամանքների հաշվառմամբ, ապահովված պահանջի չբավարարված մասով նաև պարտապանի այլ գույքից բավարարում ստանալու ակնկալիք, սնանկության վարույթի ընթացքի և ելքի վրա ազդող դատավարական համապատասխան իրավունքներ (օրինակ սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի դեմ առարկելու իրավունքը, հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու իրավունքը և այլն),

2) սնանկության վարույթից դուրս Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով պարտատերը (պարտատիրոջ նյութաիրավական կարգավիճակ ունեցող անձը) սնանկության վարույթում պարտատիրոջ դատավարական կարգավիճակ չի ստանում դրանից բխող հետևանքներով (օրինակ բացառապես տվյալ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին բավարարում ստանալը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում պարտապանի այլ գույքի նկատմամբ պահանջ ներկայացնելու անհնարինությունը, սնանկության վարույթի ընթացքի և ելքի վրա ազդող դատավարական իրավունքների ծավալով օժտված չլինելը և այլն): Փոխարենը օրենսդիրը տվյալ պարտատիրոջ համար սահմանել է կառավարչի վարձատրության հաշվարկման այլ չափանիշներ, հնարավորություն է ընձեռել իր պահանջի բավարարումն ստանալու ժամկետներն ինքնուրույն կանխորոշել չկաշկանդվելով սնանկության վարույթով, գրավի առարկայի իրացվելիության և պահանջի բավարարման օպերատիվությունը պայմանավորել է տվյալ պարտատիրոջ, այլ ոչ թե սնանկության գործով կառավարչի վարքագծով կամ, առհասարակ, սնանկության վարույթի ընթացքով: Օրենսդրի կողմից ամրագրված գրավով ապահովված պարտատերերի իրավունքների երաշխավորմանն ուղղված վերոթվարկյալ եղանակները միտված են ապահովելու սնանկության վարույթի շրջանակներում և դրանից դուրս պահանջի բավարարման համապատասխան տարբերակն ընտրած պարտատերերի շահերի ողջամիտ հավասարակշռությունը, քանզի հակառակ մոտեցումը ենթադրում է սնանկության վարույթից դուրս պահանջի բավարարում ստացող պարտատիրոջը վերապահել առավել բարենպաստ կարգավիճակ, քան սնանկության վարույթում մնացած պարտատերերին, որպիսի պարագայում նման տարբերակված մոտեցումը պատճառաբանված չէր կարելի համարել որևէ հիմքով: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ նախատեսված վերոհիշյալ երկու եղանակներից որևէ մեկի ընտրությունը թողնված է գրավով ապահովված պարտատիրոջ հայեցողության տիրույթում, որը, ընտրելով իր իրավունքների իրականացման այլընտրանքային ձևերից մեկը, յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատի առկա իրողությունները, հնարավոր հետևանքների ծագումը և դրանց ազդեցությունն իր իրավունքների, այդ թվում սեփականության իրավունքի վրա, ուստի դիմողի պատճառաբանություններն առ այն, որ վիճարկվող դրույթով ամրագրված իրավակարգավորումն անհամաչափորեն սահմանափակում է իր սեփականության իրավունքը, անհիմն են, քանզի դիմումում ներկայացված փաստարկներով չի հիմնավորվում տվյալ իրավակարգավորման սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց բնույթը, իսկ դրա ենթադրյալ «ներգործությունը» դիմողի սեփականության իրավունքի վրա այնքանով, որքանով անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով պարտատերը հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ, դիմողի վարքագծի (իրավունքի պաշտպանության տվյալ եղանակի ընտրության) արդյունքն է: Նման պայմաններում դիմողի պատճառաբանություններն այս մասով ևս անհիմն են: Վերոգրյալի համատեքստում անհիմն են նաև դիմողի Օրենքի 87-րդ հոդվածի վիճարկվող մասերով ամրագրված իրավակարգավորումների Սահմանադրության 60-րդ հոդվածին անհամապատասխանության վերաբերյալ պատճառաբանությունները, քանզի խնդրո առարկա հոդվածի իմաստով, «պարտատեր» եզրույթի ներքո Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորման ուժով (և΄ գործող, և΄ վիճարկվող խմբագրությամբ) օրենսդիրը նկատի է ունեցել այն պարտատերերին, որոնք իրենց պահանջի բավարարումն ստացել են սնանկության վարույթի շրջանակներում. հակառակ մեկնաբանությունը ձևախեղում է սնանկության գործերի վարման օրենսդրի որդեգրած դիրքորոշումը հետևյալ պատճառաբանությամբ. առաջին, սնանկության վարույթի ընթացքը և ելքը որևէ կերպ չեն կարող ազդել տվյալ կարգավիճակն ունեցող պարտատերերի վրա, որպիսի պայմաններում սնանկության ընթացքի և ելքի վրա վերջիններիս դատավարական մեխանիզմներով ներգործությունն անտրամաբանական է, երկրորդ առկախել սնանկության վարույթը դրանից դուրս պահանջի բավարարում ստացող պարտատիրոջ վարքագծով այն դեպքում, երբ գրավի առարկան երրորդ անձի սեփականությունն է, ևս պատճառաբանված չէ, քանզի կարող է հանգեցնել պարտապանի և սնանկության վարույթի մասնակից այլ պարտատերերի առնվազն ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքի խախտման: Ինչ վերաբերում է դիմողի այն դիրքորոշմանը, որ սնանկության գործի ավարտը պարտապանի լուծարմամբ, ոտնահարել է իր սեփականության իրավունքը, խոչընդոտել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա իր ապահովված պահանջի բավարարման գործընթացը (գրավի առարկայի իրացումը) դատական ակտի հարկադիր կատարման փուլում, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ փուլի մասնակիցների իրավունքների երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումները դուրս են սնանկության ինստիտուտի կարգավորման առարկայի տիրույթից, հետևաբար դիմողի պատճառաբանություններն այս մասով ևս անհիմն են: 5.2.3. Սույն գործով բարձրացված խնդիրների շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր համարվող դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտին գրավով ապահովված պարտատիրոջ սնանկության վարույթից դուրս պահանջի բավարարում ստանալու իրավունքի իրացման լույսի ներքո: Սահմանադրական դատարանը վերահաստատելով իր` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-954 և մի շարք այլ որոշումներում դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման դիրքորոշումները գտնում է, որ հանրային իշխանության առանցքային խնդիրն է ոչ միայն օրենսդրորեն ամրագրել անձի այդ հիմնական իրավունքը, այլև սահմանել իրավական համապատասխան կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն տվյալ իրավունքի արդյունավետ իրացումը։ Այս առնչությամբ առանձնակի կարևորվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարման երաշխավորմանն ուղղված արդյունավետ իրավական ընթացակարգերի և կառուցակարգերի մշակումն ու գործարկումը ելնելով այն իրողությունից, որ դատական ակտի անկատարության հնարավորությունը, ըստ էության, գոյազրկում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, քանզի արդարադատություն հայցող անձի դատական իշխանությունից ակնկալվող սպասելիքները, որպես այդպիսին, բովանդակային առումով չեն արդարացվում: Համանման դիրքորոշում իր որոշումներում արտահայտել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ստորև Եվրոպական դատարան): Վերոգրյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործով փաստական հանգամանքների հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

1) Դիմողի կողմից վիճարկվող Օրենքի 87-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ այդ հոդվածի կարգավորման տիրույթում ներառվում են սնանկության գործի վարույթի ավարտի հետ կապված հարաբերությունները, որոնց մասնակիցները, Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համադրմամբ, սնանկության վարույթում պարտապանի դատավարական կարգավիճակ ունեցող պահանջատերերն են: Այսինքն այդ հոդվածի իմաստով «պարտատեր» են ճանաչվում այն սուբյեկտները, որոնք ընտրել են սնանկության վարույթի շրջանակներում իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնելու կառուցակարգը մնալով սնանկության վարույթում: Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 87-րդ հոդվածի հիմքով կառավարչի վերջնական հաշվետվությունը և սնանկության գործն ավարտելու միջնորդությունը քննելիս դատարանը քննության առարկա է դարձնում միայն սնանկության վարույթին ներգրավված պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը խնդրո առարկա հոդվածի 5-րդ մասի ուժով վճիռ կայացնելով պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին կամ մերժելով գործն ավարտելու մասին միջնորդությունը` նշելով մերժման պատճառները: Սահմանադրական դատարանի գնահատմամբ դիմողի կողմից որպես ապահովված պարտատեր, որն ընտրել է սնանկության վարույթից դուրս պահանջի բավարարում ստանալու դատավարական ընթացակարգը, չի ներկայացվել վիճարկվող հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր դատական պաշտպանության խախտման անմիջական պատճառահետևանքային կապը, որպիսի հանգամանքը սույն դիմումն այս մասով ևս ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

2) Դիմողը կարծում է, որ նրա դատական պաշտպանության հիմնական իրավունքը վիճարկվող կարգավորումներով խախտվել է, որովհետև «(…) կատարման փուլում գտնվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության պայմաններում, որոնցով ճանաչվել և պաշտպանվել է դիմողի լեգիտիմ ակնկալիքը (սեփականության իրավունքը) գրավի առարկայի հանդեպ, վիճարկվող դրույթներով հնարավոր է դարձել սնանկության գործի ավարտը և պարտապանի լուծարումը, որով էապես վտանգվել է (կամ խաթարվել է) այդ դատական ակտերի կատարման իրավական և փաստացի հնարավորությունը»: Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն գործով ներկայացված դատավարական փաստաթղթերը, ինչպես նաև համապատասխան դատական գործերը, գտնում է, որ թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական գործով կայացված վերջնական դատական ակտի հարկադիր կատարման վարույթում ծագած «խնդիրները» դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթների կարգավորման առարկայից դուրս են: Այլ կլիներ խնդիրը, եթե դիմողը բարձրացներ խնդրո առարկա դատական ակտի կատարումը երաշխավորող և համապատասխան օրենքներով կարգավորվող կառուցակարգերի սահմանադրականության խնդիրը կապված սնանկության վարույթի ավարտմամբ պարտապան իրավաբանական անձի լուծարման արդյունքում առաջացած հետևանքներով: Միաժամանակ, դիմողը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ գրավի առարկան երրորդ անձի սեփականությունն է: 5.3. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալից բխում է, որ անհատական դիմումին ներկայացվող հստակ պահանջների շարքում, ի թիվս այլնի, կարևորվում է վիճարկվող դրույթի դիմողի նկատմամբ կիրառված լինելու հանգամանքը, քանի որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում անձը չի կարող ներկայացնել ցանկացած դրույթի սահմանադրականության հարց: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Իրավադրույթի կիրառված լինելու հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ արտահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ նշելով. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»: Վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. սույն գործով դիմողը, դատարան ներկայացնելով մորատորիում չտարածելու մասին դիմում, իբրև գրավով ապահովված պարտատեր դուրս է եկել սնանկության վարույթից ձեռք չբերելով ապահովված պարտատիրոջ դատավարական կարգավիճակ: Հետևաբար սնանկության գործի ավարտի դատավարական փուլում դիմողն ապահովված պարտատեր չի հանդիսացել, ուստի վերջինիս նկատմամբ Օրենքի 87-րդ հոդվածի վիճարկվող մասերը, ըստ էության, չեն կիրառվել և չէին էլ կարող կիրառվել (դիմողի չապահովված պահանջով պարտատիրոջ դատավարական կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող դիտվել իբրև վերջինիս որպես ապահովված պահանջով պարտատիրոջ նկատմամբ նշված հոդվածի կիրառում հաշվի առնելով հիշյալ դատավարական կարգավիճակների առանձնահատկությունները): Օրենքի վիճարկվող 1-ին հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշատակված իրավադրույթը իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ, կարգավորում էր ապահովված պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանելով, որ ապահովված պահանջների բավարարման համար պարտապանի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առանձնահատկությունները կարգավորվում էին Օրենքի 39 և 43-րդ հոդվածներով: Հիշյալ դրույթը դիմողի համար ուղղակի իրավական հետևանք չի առաջացրել, քանզի, ինչպես նշվեց վերը, այն փոխկապակցված է Օրենքի 43-րդ հոդվածի իրավակարգավորման հետ: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր նախկինում արտահայտած դիրքորոշումները, գտնում է, որ վիճարկվող իրավադրույթի դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերում հիշատակման յուրաքանչյուր դեպք չպետք է ընկալվի իբրև տվյալ նորմի «կիրառում», քանզի իրավադրույթի կիրառումը պետք է անմիջականորեն դիմողի համար առաջացնի որոշակի իրավական հետևանքներ: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի (17.06.2016 թ. ՀՕ-105-Ն օրենքով ուժը կորցրած) և 87-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի մասով ևս ենթակա է կարճման նաև դիմողի նկատմամբ դրանք կիրառված չլինելու, հետևաբար դիմողի Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ««ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 87-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի, 90-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

27 հունիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-71

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-71
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել