«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 17 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունվարի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՀԿԴ/0014/01/24 քրեական վարույթով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2025 թվականի հունվարի 8-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).
«Թիվ ՀԿԴ/0014/01/24 քրեական վարույթով մեղադրյալ Տիգրան Փոլադյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման բողոքի քննարկման շրջանակներում դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել և պարզել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ հարցը:
(...)»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0014/01/24 քրեական վարույթի դատավարական նախապատմությունը, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առջև պաշտպանության կողից բարձրացված իրավական հարցը, դատական նիստի ընթացքում կողմերի հայտնած դիրքորոշումները՝ Դիմողը նշում է, որ ստեղծվել է կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող իրավադրույթի և անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների միջև անհամապատասխանություն, ինչի արդյունքում խարխլվում է արդար դատաքննության հիմնարար իրավունքը, և նման պայմաններում վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության համապատասխանության հարցի քննարկման անհրաժեշտություն է առաջանում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116 և 118-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Դիմողը փաստում է, որ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է, որ դատարանի կողմից հաստատված համարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությունը: Իսկ նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի մեկնաբանությունից ակնհայտ է դառնում, որ օրենսդիրը «պայմաններ» եզրույթը կիրառելիս որևէ տարանջատում կամ բացառություն չի սահմանում, այլ երկու պայմանների՝ հիմնավոր կասկածի և անհրաժեշտության պայմանների միաժամանակյա առկայության հաստատում է նախատեսում: Ավելին, ըստ Դիմողի՝ նշված երկու դրույթների մեկնաբանությամբ ակնհայտ է դառնում, որ օրենսդիրն այդ պայմանների միաժամանակյա առկայության հաստատման համար տարանջատում չի նախատեսում՝ «վարույթի նախաքննական կամ դատաքննական փուլով պայմանավորված»:
Դիմողը նշում է, որ «(…) առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում խափանման միջոցի ընտրության հարցը քննարկելիս դատարանն անդրադառնում է դրանց կիրառման պայմաններին և անձի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը կհամարվի օրինական և հիմնավորված միայն այն դեպքում, երբ հաստատվի անձի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին (հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը) և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված անհրաժեշտության պայմաններից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը»:
Դիմողի գնահատմամբ՝ տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությունն այն է, որ յուրաքանչյուր անգամ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցը վերանայելու շրջանակներում դատարանները պարտավորվում են անդրադառնալ խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմաններին:
Վերոգրյալի համատեքստում Դիմողը նշում է, որ օրենսդրական պահանջների ապահովման պայմաններում իրականության մեջ առաջ է գալիս մեկ այլ իրավիճակ, երբ այդ պահանջների պահպանումը կարող է հանգեցնել անձի մեկ այլ՝ սահմանադրական և հիմնարար՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:
Դիմողը պնդում է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանելով դատաքննության ընթացքում դատարանի համար պարտավորություն՝ պատճառաբանված հաստատելու նույն օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությունն, ըստ էության, տարանջատում չի դնում 116-րդ հոդվածով սահմանված պայմանների մեջ և դրանք հավասարապես վերաբերելի համարելով դատաքննության փուլում խափանման միջոցի հարցի քննարկմանն, երբ դատարանն իրականացնում է ապացույցների հետազոտումը, դատարանը պարբերաբար անդրադառնալով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի շարունակական երկարաձգման հարցին, պետք է արտահայտի դիրքորոշում անձին մեղսագրվող արարքի կատարման վերաբերյալ նաև հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկայակոչված դրույթներով նախատեսված խափանման միջոցի իրավաչափության պայմանների մասով որևէ տարանջատում չի նախատեսվում, այն չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան բոլոր պայմանների միաժամանակյա առկայություն՝ հիմնավոր կասկածի և հիմքերից որևէ մեկի: (…) հետևաբար, դատարանը չունի այլ ելք, քան խափանման միջոցի քննարկման ժամանակ դեռևս դատաքննության ընթացքում հաստատել կամ բացառել հիմնավոր կասկածի առկայությունը»:
Այս համատեքստում Դիմողը նշում է, որ․ «(․․․) վարույթի զարգացմանը զուգընթաց յուրաքանչյուր անգամ հիմնավոր կասկածի առկայության փաստը գնահատելիս դատարանը փաստացի, օրենսդրական կարգավորման ուժով, դե ֆակտո, կողմերի համար «բացահայտում» և «հաստատում» է, որ արդեն իսկ հետազոտված ապացույցները հաստատում են նախկինում ձևավորված «կասկածը» և վարութային իրողությունն ավելի շատ հաստատում է մեղավորության, քան թե՝ անմեղության կանխավարկածը, (․․․) ստացվում է, որ եթե դատաքննություն իրականացնող դատարանն ապացույցները հետազոտելիս հանգի այն հետևության, որ դրանք ավելի շատ հերքում, քան հաստատում են մեղադրանքը, ապա հիմնավոր կասկածին անդրադառնալիս պետք է հաստատի դրա բացակայության փաստը և ողջամտորեն պետք է կայացնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի)։
Ասվածի լույսի ներքո Դիմողը գտնում է, որ դատաքննության ընթացքում խափանման միջոցի հարցը քննության առնելիս դրա իրավաչափության պայմանների ամբողջական հաստատումը (հիմնավոր կասկած և խափանման միջոցի կիրառման նպատակներ) կարող է հանգեցնել ինչպես արդար դատաքննության իրավունքի սահմանափակմանը, այնպես էլ հետագայում՝ վերջնական դատական ակտ կայացնելիս, կվտանգի արդարադատություն իրականացնող առաջին ատյանի դատարանի «անաչառ և անկողմնակալ արբիտր երևալու» անձի՝ արդար դատաքննության իրավունքը:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 1-ին, 5, 6, 61, 63 և 79-րդ հոդվածներին:
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանների կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն լայնաբովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Սահմանադրական դատարանը հարկ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջիններիս՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջն անառարկելիորեն ենթադրում է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողությունների և հիմնավորումների պատճառաբանված դիրքորոշումների ներկայացում, որը, ի թիվս այլնի, ներառում է վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինության հիմնավորումը:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող հարցին առ այն, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ, իսկ այն դեպքում, երբ վերջիններս հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ՝ հայցել սահմանադրական արդարադատություն: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում: Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, այդ թվում՝ մեկնաբանման ողջ մեթոդոլոգիական համալիրի կիրառմամբ, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման նախապայման է:
Սույն մոտեցումից տարբերվող գործելակերպը ենթադրում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պատվիրանի կատարումը:
Անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ այն չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան իրավական հիմնավորումներ, այդ թվում՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինության վերաբերյալ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը, դիմումի պատճառաբանության հիմքում դնելով այն հանգամանքը, որ իր կողմից վիճարկվող դրույթը որևէ տարբերակում չի նախատեսում մինչդատական և դատական վարույթներում անձին կալանավորելու հարցում և ըստ այդմ պահանջում է՝ անձի կողմից հանցանքի կատարման մեջ հիմնավոր կասկածի դատարանի կողմից պատճառաբանված հաստատում, պատշաճ ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ քրեական վարույթում կալանավորման ձևով անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման համար անհրաժեշտ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» ունենալու պայմանը ոչ միայն օրենսդրական, այլ նաև առաջին հերթին սահմանադրական պայման է (Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)։ Արդյունքում՝ Դիմողի կողմից վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկները, ըստ էության, ներկայացնում են Սահմանադրությամբ նախատեսված՝ անձին կալանավորելու պարտադիր պայմանի առթիվ անհամաձայնություն՝ պայմանավորված նորմին իր կողմից հաղորդած բովանդակությամբ Սահմանադրությամբ նախատեսված այլ հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման վտանգով։
Մասնավորապես՝ Դիմողը, վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելիս, ելել է այն մտահոգությունից, որ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» պայմանի՝ դատարանի կողմից պատճառաբանված հաստատումը կարող է խնդրահարույց լինել անձի արդար դատաքննության իրավունքի համատեքստում՝ մեղադրանքի (վարույթի ելքի) առթիվ նախապես դատարանի կողմից կանխակալ վերաբերմունք արտահայտելու հանգամանքից ելնելով։
Մինչդեռ Դիմողը որևէ կերպ չի փորձել վիճարկվող նորմին հաղորդել սահմանադրական մեկնաբանություն և/կամ հստակորեն հիմնավորել այդպիսի մեկնաբանություն նորմին հաղորդելու անհնարինությունը, ավելին՝ որևէ կերպ չի անդրադարձել հարցի առնչությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած վերաբերելի իրավական դիրքորոշումներին, մասնավորապես.
- «(…) հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը» :
- «(…) դատարան ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները վերլուծելու և միմյանց հետ համադրելու արդյունքում այն աստիճանի ապացուցողական քննություն է կատարել, որ ըստ էության հաստատել է գործի հետագա քննության ընթացքում ապացուցման ենթակա փաստական հանգամանք: (…) հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծության արդյունք է, ինչի հետևանքով ըստ էության խախտվել է քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը պարունակել է քրեական գործի ըստ էության քննությանը բնորոշ՝ արդարադատության իրականացման գործընթացի տարրեր» ։
Նույն կերպ Դիմողը որևէ կերպ հաշվի չի առել, և չի անդրադարձել հարցին առնչվող՝ մեկ այլ մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի խնդրո առարկային առնչվող որոշումներից մեկում տեղ գտած այն դիրքորոշմանը, որ՝
- «(…) նման ապացուցողական շեմն էականորեն ցածր է անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելու համար պահանջվող ապացուցողական շեմից և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններում հիմնավոր կասկածից վեր շեմի սահմանումն ուղղակիորեն դուրս կգա նշված գործառույթի սահմաններից։
(…)
- Այսինքն, առնչության առկայությունը չի պահանջվում հաստատել ողջամիտ կասկածից վեր ապացուցողական շեմին համապատասխան» :
Ասվածի լույսի ներքո՝ ակնհայտ է, որ Դիմողի կողմից վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությանն ի հիմնավորումն բերված փաստարկները հենված են դատաքննության ընթացքում անձին կալանավորելու՝ ոչ թե հիմնավոր կասկածի, այլ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափորոշիչով գնահատելու և ըստ այդմ՝ անձին կալանավորելու հարցի քննարկման շրջանակներում մեղադրանքի էության առթիվ դատարանի կողմից դիրքորոշում արտահայտելու հավանականության վրա՝ պատշաճ կերպով չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթն այլ կերպ և Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու հնարավորությունը՝ առանց որևէ կերպ վերը ներկայացված որոշումներում տեղ գտած դիրքորոշումները վերաբերելի մասով նաև վարույթի դատաքննության ընթացքում տարածելու հնարավորության հարցերին անդրադառնալու։
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի ներկայացրել վիճարկվող նորմի մեկնաբանման ողջ մեթոդոլոգիական գործիքակազմի կիրառմամբ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը հիմնավորող իր դատողությունների շղթան, որը պետք է հստակ արտացոլվի սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ դիմումի (որոշման) շրջանակներում: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Բարձր դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների դիմումներին ներկայացվող նման պահանջն ինքնանպատակ չէ: Կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը:
Ի լրումն վերը նշվածի՝ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել սույն գործով դիմումի մեջ հիմնավոր կասկածի բացակայությունը փաստող մի շարք այլ հանգամանքներ ևս, մասնավորապես՝
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը, սահմանելով, որ դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից կալանքի պայմանների, այսինքն՝ նաև հիմնավոր կասկածի առկայության պատճառաբանվածության հաստատումը, անխուսափելիորեն դատական վարույթում գործը քննող դատարանին լիազորել և պարտադրել է դիրքորոշում ձևավորել և պատճառաբանված կերպով արտահայտել հենց հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ: Բացի դրանից, անհնար է պատճառաբանված կերպով հաստատել ինչ-որ բանի առկայության մասին որևէ՝ տվյալ դեպքում՝ մինչդատական վարույթում դատարանի կողմից արտահայտած դիրքորոշում՝ առանց այդ նույն բանի առկայությունը հետազոտելու և սեփական դիրքորոշմամբ արտացոլված ներկայացնելու.
- ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կալանքը կիրառելու թույլտվություն տալու մասին միջնորդությունը մինչդատական վարույթում քննած, հետևաբար՝ կալանավորման գլխավոր պայմանի՝ հիմնավոր կասկածի առկայության մասին դիրքորոշում արտահայտած և որոշում կայացրած դատավորին թույլատրում է նույն գործը քննել նաև դատական վարույթում: Այս փաստը լիովին հերքում է Դիմողի այն կարծիքը, որ հիմնավոր կասկածի առկայության մասին դատական վարույթում դիրքորոշում արտահայտած դատավորը չի կարող անաչառ կերպով շարունակել գործի քննությունը: Դատավորին հայտնվող բացարկների ինստիտուտի՝ իբրև կոնկրետ գործով օրենքի հիման վրա ստեղծված դատարանի իրավունքի ապահովման երաշխիքներ տրամադրող կարգավորումների հիմքում ընկած է այն սկզբունքը, որ դատավորը չի կարող քննել կրկին նույն հարցը՝ նկատի ունենալով, որ եթե դատավորը վարույթի որևէ փուլում պատասխանել է որևէ հարցի, ապա դատավարական այն հետագա ընթացակարգը, որի շրջանակներում նա պետք է պատասխանի նույն հարցի քննությանը, դարձնում է առոչինչ: Օրենսդրի կողմից հստակ ամրագրվել է, որ կալանքի միջնորդությունը մինչդատական վարույթում քննած դատավորի կողմից թույլատրելի է գործը նաև դատական վարույթում քննելը, այսինքն՝ կալանքի միջնորդությունը քննելիս և գործն ըստ էության լուծելիս դատավորը ձևավորում և արտահայտում է տարբեր հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ.
- այդ հարցերով ապացուցման առարկայի վերը նշված տարբերությունից (առնչություն և մեղք) բխում են նաև դատական ճանաչողության այլ տարբերություններ ևս: Մասնավորապես, տարբեր է ապացուցման նշված առարկաների ապացուցողական չափորոշիչը (կասկած և կասկածից վեր համոզմունք), ինչպես նաև տարբեր են այն դատավարական գործիքները (գիտակցության փաստերը), որոնցով դատավորը հիմնավորում է իր, համապատասխանաբար, կասկածը կամ համոզմունքը: Մասնավորապես, եթե մեղավորության հարցի լուծման համար անհրաժեշտ համոզմունքի հիմքում կարող են դրվել բացառապես ապացույցները, ապա մինչդատական վարույթում՝ առնչության հարցի լուծման համար անհրաժեշտ կասկածի հիմքում կարող են դրվել փաստեր և տեղեկություններ, որոնք ունակ են ողջամիտ դիտորդի մոտ կասկած ձևավորել առ այն, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարել է տվյալ հանցագործությունը: Մասնավորապես՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեկնաբանության համաձայն` ողջամիտ կասկածի չափանիշը հիմնվում է «փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը (…) հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում» (տես՝ Կ.Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի (K.-F. v. GERMANY) գործով 1997թ. նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57)» :
Ողջ վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 փետրվարի 2025 թվականի
ՍԴԱՈ-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
