«ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-74)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 ապրիլի 2024թ. ՍԴԱՈ - 74 | «ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Թագուհի Թովմասյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
1. 2024 թվականի ապրիլի 1-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Թագուհի Թովմասյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հետ կապված վեճերի վերաբերյալ գործերը վարչական դատարանին ընդդատյա լինելը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
(...) «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ այնքանով, որքանով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նախատեսված չէ պետական քաղաքական պաշտոնների ցանկում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:
(...) Նախորդ կետերում նշված խնդրանքները կամ դրանցից որևէ մեկը բավարարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով և/կամ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներն իր մեկնաբանությամբ ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ կգտնի, որ դրանք Դիմողի նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանությամբ, սահմանել, որ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5769/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ չի նախատեսվում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հետ կապված վեճերի վերաբերյալ գործերը վարչական դատարանին ընդդատյա լինելը, որն էլ հակասում է Սահմանադրության օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 80-րդ հոդվածներին:
Միաժամանակ, Դիմողի պնդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման ընթացքում և դրա հետևանքով կարող են խախտվել այդ պաշտոնն զբաղեցնող անձի՝ Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված` հանրային ծառայության անցնելու և 50-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` լսված լինելու իրավունքները:
Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որով խաթարվել է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը՝ սահմանափակելով սահմանափակման ոչ ենթակա այդ հիմնարար իրավունքը: Ըստ Դիմողի՝ նույն հանգամանքներով պայմանավորված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը չի սահմանում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Դիմողի պնդմամբ՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ պետական քաղաքական պաշտոններ են համարվում միայն այն պաշտոնները, որոնք թվարկված են «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում, իսկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն այդ ցանկում ներառված չէ, ուստի՝ տվյալ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումներով բարձրացված հարցերը չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դուրս են վերջինիս իրավասության շրջանակից:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է:
Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:
Զարգացնելով իր արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր վերոնշյալ դիրքորոշումները, արձանագրում է, որ նորմատիվ իրավակարգավորման բացի լուծումը գտնվում է օրենսդիր իշխանության իրավասության տիրույթում։ Այդպիսի բացը կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, միայն եթե օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ նման երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։
Վերոշարադրյալի լույսի ներքո անդրադառնալով Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությանը (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հարցին)` Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ՀՀ վարչական դատարանին ընդդատյա՝ հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ` հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:
Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդրի կողմից հստակ սահմանված է պետական քաղաքական պաշտոնների սպառիչ ցանկը՝ դրանում չներառելով Ազգային ժողովի` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Այս մասով օրենսդրի կամքը հստակ է՝ պայմանավորված վիճարկվող դրույթներում ուղղակիորեն տվյալ պաշտոնը չնախատեսելով, հանրային իրավահարաբերության և դրանից ծագող վեճերը վարչական դատարանին ընդդատյա չլինելով:
Այսպիսով՝ վիճարկվող դրույթները Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողական առարկա չեն, դրանց իրավաչափությունը ենթակա չէ գնահատման սահմանադրականության տեսանկյունից, իսկ վիճարկվող դրույթներում ենթադրյալ օրենսդրական բացի առկայության պարագայում այդ բացի հաղթահարումը գտնվում է օրենսդրի հայեցողության տիրույթում։
Ուստի՝ Սահմանադրական դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարցի մասով, ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
3.2. Դիմողի կողմից բարձրացրած հարցերի կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև հետևյալը.
Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
սույն անհատական դիմումի և թիվ ՎԴ/5769/05/23 վարչական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ գործի շրջանակներում վիճարկվող դրույթների առնչությամբ ՀՀ դատարանների կողմից որևէ նոր մեկնաբանություն չի տրվել, այլ ուղղակիորեն կիրառվել է վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումները՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները:
Ուստի՝ Դիմողի կողմից չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ մեկնաբանության՝ իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Այս առումով կարևոր է հստակ արձանագրել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը կրկին հանգում է այն եզրակացության, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
«Թագուհի Թովմասյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
26 ապրիլի 2024 թվականի
ՍԴԱՈ-74
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-74
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
