ՆԱԶԵԼԻ ՆԱՀԱՏԱԿՅԱՆԻ ԵՎ ԳՐԻՇԱ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 նոյեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 62 | ՆԱԶԵԼԻ ՆԱՀԱՏԱԿՅԱՆԻ ԵՎ ԳՐԻՇԱ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
13 նոյեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Նազելի Նահատակյանի և Գրիշա Շահումյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Նազելի Նահատակյանը և Գրիշա Շահումյանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ին դիմել են Սահմանադրական դատարան խնդրելով. «1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք ՀՕ-139-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. ՀՀ Կառավարության 04.04.2013 թվականի «Երևան քաղաքի Արամի թիվ 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների և ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342- Ա որոշման հավելվածով հաստատված ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետը, «գ» ենթակետում նախատեսված անձանց համար ծրագրով կարգավորումներ սահմանող 11- րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ կետերը, ինչպես նաև Որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ծրագրի 8-րդ կետի 1-ին մասի «գ» ենթակետում նշված շահառուներ» նախադասությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 28- րդ և 29-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների առնչությամբ դիմողներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ դրանք չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, ինչի արդյունքում դատարանները դրանք մեկնաբանել են այնպես, որ խախտել են դիմողների հիմնական իրավունքները:
ՀՀ կառավարության որոշման առնչությամբ դիմողներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ ՀՀ կառավարության 04.04.2013թ. թիվ 342-Ա որոշման հավելվածով ներկայացված ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված շահառուներն ունեն նույն կարգավիճակը (հանդիսանում են ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձինք): Հետևաբար նրանք ունեն կառուցապատման ձախողման արդյունքում հասցված վնասի հատուցման նույն ծավալով իրավունք: Մինչդեռ, ըստ դիմողների ՀՀ կառավարության դիտարկվող որոշման հավելվածով ներկայացված ծրագրի 2-րդ բաժնի 8-րդ կետի «գ» ենթակետը, «գ» ենթակետում նախատեսված անձանց համար ծրագրով կարգավորումներ սահմանող 11-րդ, 12-րդ, 14- րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ կետերը, ինչպես նաև նույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը նախատեսում են խտրական կարգավորումներ:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմումը երկու դիմողների մասով էլ ենթակա է մերժման, սակայն տարբեր հիմքերով: Մասնավորապես Նազելի Նահատակյանի մասով Վճռաբեկ դատարանն իր 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. « …. Վճռաբեկ դատարանն իրավաչափ է գնահատում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ Ծրագրի 8-րդ կետի «գ» ենթախմբում ընդգրկված շահառուի իրավունքներն ամբողջությամբ Պատրիկ Աճեմյանին զիջած լինելու պարագայում Նազելի Նահատակյանն այլևս նշված պահանջի իրավատեր չէ, ուստի սույն գործով ներկայացված պարտավորեցման հայցով ևս չունի իրավական շահագրգռվածություն: Այսինքն իր առերևույթ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված հայցապահանջներով Նազելի Նահատակյանն «իրական (ռեալ)» իրավունք ունեցող շահագրգիռ անձ չի հանդիսանում, հետևաբար նշված պահանջի մասով ևս մերժելով Նազելի Նահատակյանի հայցը Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»։ Հետևաբար Նազելի Նահատակյանն այլևս չունի Ծրագրի 8-րդ կետի «գ» ենթախմբում ընդգրկված շահառուի որևէ իրավունք, որը ենթադրաբար կարող է(էր) խախտվել կամ նման ենթադրյալ խախտման կամ դրա վտանգի առկայության դեպքում պաշտպանվել: Այլ կերպ դիմող Նազելի Նահատակյանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, գործի քննությունը մերժելու հիմք է:
Գրիշա Շահումյանի[1] մասով Վճռաբեկ դատարանը նշել է. «Սույն գործի փաստերի համաձայն մինչև ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելը բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով Գրիշա Չաումյանը ՀՀ կառավարությանը չի դիմել: Վերոգրյալ փաստական հանգամանքների և իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնին ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած չլինելու հանգամանքով պայմանավորված Գրիշա Չաումյանի մոտ չի ծագել սույն գործով պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը: Այսինքն պարտավորեցման հայցի մասով Գրիշա Չաումյանի և սույն գործով պատասխանողի միջև որևէ վեճ առկա չի եղել, հետևաբար այդ պահանջի մասով Գրիշա Չաումյանի ներկայացրած հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է եղել մերժման: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի ընդունումը մերժելու վերոգրյալ հիմքի առկայությունն ինքնին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն, հիմք է հանդիսանում գործի վարույթը կարճելու համար»: Այսինքն Գրիշա Շահումյանը չի պահպանել պարտավորեցման հայց ներկայացնելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջները, որի պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.10.2017 թվականի որոշման Գրիշա Չաումյանի որպես ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված անձի համար պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա նույնական իրավունքներ, պարտականություններ կամ այլ կանոններ (իրավակարգավորում), ինչ 8-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված անձանց համար, սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասը բեկանել է և այդ մասով գործի վարույթը կարճել է: Հետևաբար դիմողը պատշաճ չի օգտվել դատական պաշտպանության բոլոր միջոցներից և արդյունքում չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69- րդ հոդվածի 5-րդ մասի, գործի քննությունը մերժելու հիմք է հանդիսանում: Բացի դրանից, Կառավարության 04.04.2013 թվականի «Երևան քաղաքի Արամի թիվ 72- 80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների և ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342- Ա որոշումը դիմողների կողմից ընկալվել և դատարաններում վիճարկվել է որպես անհատական իրավական ակտ: Կառավարության նշված որոշումը դատարանների կողմից նույնպես ընկալվել է որպես անհատական իրավական ակտ, մինչդեռ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք, երբ վիճարկում է վերջնական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը: Այսինքն անձն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան և վիճարկել վերջնական ակտով իր նկատմամբ կիրառված անհատական իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը: Հետևաբար դիմողներն իրավասու չեն տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, գործի քննությունը մերժելու հիմք է:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Նազելի Նահատակյանի և Գրիշա Շահումյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
13 նոյեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-62
----------------------
[1] Վճռաբեկ դատարանի որոշման մեջ բազմիցս կիրառվել է «Գրիշա Չաումյան» անուն ազգանունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 նոյեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-62
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
