ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հունվարի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 3 | ԿԱՐԱՊԵՏ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
27 հունվարի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Կ. Բալայանի
Քննության առնելով քաղաքացի Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Կարապետ Հաջիյանը 2015թ. հունվարի 12-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3- րդ մասը, 231-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա են դիմումի քննությունը մերժելու հետևյալ հիմքերը.
1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 87-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է իրավական ակտերի պարզաբանմանը։
Դիմողի կարծիքով, օրենսդիրը վիճարկվող հոդվածում իրավական ակտերի /միջանկյալ դատական ակտեր/ վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու համար չի նշել այն մարմնի /տվյալ դեպքում դատարանների/ անվանումը, որի կողմից կայացվել է այդ ակտը։ Ըստ դիմողի դատական ակտի պարզաբանումը դատարանի կողմից կիրառվող օրենքով նախատեսված դատավարական միջոց է, որի նպատակն է հայցը բավարարելու կամ մերժելու դեպքում երաշխիքներ ապահովել հարուցված հայցով ապագա վճռի մատչելի, հասկանալի և արդարացի լինելու համար, հակառակ դեպքում արդարադատությունը կկրի երևակայական բնույթ։
Քանի որ վիճարկվող հոդվածի 1-ին մասը համակարգային առումով փոխկապակցված է նույն հոդվածի 2-րդ մասի հետ, հետևաբար, ըստ դիմողի անհրաժեշտ է, որպեսզի նույն հոդվածի 2-րդ մասում ավելացվի «դատարաններ» բառը, այլապես սահմանափակվում է դատարանների կողմից կայացված որոշումներին պարզաբանումներ տալու հնարավորությունը և խախտվում է քաղաքացու արդար դատաքննության իրավունքը։
Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։ Այսինքն վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը ձևականորեն վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարցը։
ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
2. Դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները։
Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ տվյալ դեպքում դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ վերադարձվել է։ Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշման 2-րդ կետում արձանագրել է. «Սույն որոշմամբ նշված ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել տասնհինգօրյա ժամկետ որոշումը ստանալու պահից»։ Սակայն դիմողը նախատեսված ժամկետի ավարտից հետո կրկին անգամ չի դիմել ՀՀ վճռաբեկ դատարան և, հետևաբար, չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Վերոհիշյալ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Ըստ տվյալ հոդվածի 1-ին մասի. «... դիմում ... կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Կարապետ Հաջիյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
27 հունվարի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հունվարի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
