Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15016 սեպտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-150)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 150 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 479-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հուլիսի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել վերաքննիչ քրեական դատարանի դիմումը, որով թիվ 21/32/1175-21 գործով ներկայացված «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2022 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ դիմողը որոշել է. «Մեղադրյալ Կոլյա Էլլարյանի պաշտպան Մնացական Մարուքյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա թիվ 21/32/1175-21 գործի լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված դիմել ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 479-ի 3-րդ մասով նախատեսված իրավանորմի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության հոդվածներ 162-ի, 163-ի և 172-ի պահանջներին»:

2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 5-րդ հոդվածը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 162-րդ հոդվածի 1-ին մասը, 163-րդ հոդվածը, 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 4-րդ մասը, 172-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին, 3 և 4-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը և 27-րդ հոդվածը, գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթի հակասահմանադրական լինելու առնչությամբ: Դիմողը նշում է, որ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են, իսկ վիճարկվող նորմով վերաքննիչ քրեական դատարանին վերապահվել է լիազորություն, որպիսին այն չունի Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Ըստ դիմողի եթե Սահմանադրությամբ նշված լիներ, որ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերը, ինչպես նաև գլխավոր դատախազի և արդարադատության նախարարի կողմից կայացված ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են, ապա բարձրացված իրավական խնդիրը չէր առաջանա: Դիմողը գտնում է, որ առկա պայմաններում առաջին ատյանի դատական ակտի բացակայությունը բացառում է նաև վերաքննիչ դատարանի սահմանադրական գործառույթի իրականացումը, տեղի է ունենում վերաքննիչ դատարանի իրավասության յուրահատուկ սահմանազանցում, որպիսի հանգամանքը նշված նորմի սահմանադրականության վերաբերյալ ողջամիտ կասկած է հարուցում: Դիմողի գնահատմամբ վիճարկվող նորմի սահմանադրականության ապահովման դիտանկյունից առավել արդյունավետ կարգավորում հնարավոր է այն պարագայում, եթե գլխավոր դատախազի հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ և արդարադատության նախարարի հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները բողոքարկվեն առաջին ատյանի դատարան, իսկ ստորադաս ատյանի ակտերը համապատասխանաբար վերաքննիչ և Վճռաբեկ դատարան: Ըստ դիմողի «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ներքին տրամաբանությունն ամբողջությամբ կառուցված է այս համատեքստում, և առաջին ատյանի դատարանի «արհեստական» դուրսմղումը դատական պաշտպանության և դատական ակտի բողոքարկման համակարգից, (...) խաթարում է օրենսգրքի միասնական կառուցվածքը, դրա ներքին ամբողջականությունը, դատական պաշտպանության շարունակականությունը և փուլային բնույթը, անձը զրկվում է դատական բոլոր ատյաններում իր բողոքը ներկայացնելու հնարավորությունից, ինչը խոչընդոտում է անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքի իրացմանը»: Բացի դրանից, դիմողը նշում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով շարունակվում է պահպանվել վիճարկվող նորմը, ուստի այս առնչությամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը կարևորվում է օրենսդրության զարգացման տեսանկյունից: Ամփոփելով իր փաստարկներն ու դիրքորոշումները դիմողը գտնում է, որ պետք է պարզել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրությանը:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական հիշյալ դրույթը նույնությամբ ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Սահմանադիրը, իբրև սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ամրապնդման հիմնարար երաշխիք, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դատարանին վերապահել է Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն միաժամանակ հստակ ուրվագծելով այդ իրավասության իրացման շրջանակները, այն է

ա) դատարանն իր այս իրավասությունն իրացնում է բացառապես իր վարույթում գտնվող կոնկրետ գործով,

բ) կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում,

գ) երբ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ:

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, փաստում է, որ վերոթվարկյալ բոլոր պայմանների համաժամանակյա առկայությունը հավաստիքն է առ այն, որ անհնար է դատական գործի հետագա քննությունը մինչև կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը (2022 թվականի մայիսի 3-ի ՍԴԱՈ-81 աշխատակարգային որոշում): Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ, և որ կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը (2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-127 աշխատակարգային որոշում): Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դեպքում դիմողը բարձրացնում է ոչ թե գործի լուծման նպատակով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի (դրա համապատասխան դրույթի) Սահմանադրությանը համապատասխանության հարց, այլ առաջադրում է բացառապես վերաքննիչ քրեական դատարանի գործունեությունը կարգավորող նորմի սահմանադրականության ստուգման խնդիր, ինչը դուրս է կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակից: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում բարձրացվող հարցերը սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա չեն, և հետևաբար դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Հետևաբար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով սույն դիմումի քննությունը ենթակա է մերժման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

16 սեպտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-150

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 սեպտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-150
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել