Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-247 մայիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 մայիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 24 | ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

7 մայիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Մագդա Եղիազարյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մագդա Եղիազարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 17-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 3-րդ հոդվածը, 199-րդ հոդվածի 1-ին մասն, այնքանով, որքանով չի նախատեսում պաշտոնապես չհրապարակված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի օրինականության վիճարկում»։

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 26-րդ գլուխն ընդհանրապես, 199-րդ հոդվածի 1-ին մասը, մասնավորապես, իրավական, դատական պաշտպանության միջոց չեն նախատեսել այնպիսի գերատեսչական նորմատիվ իրավական ակտերից, որոնք, թեև ընդունվել են, կիրառվում են (ի կատարումն դրանց իրականացվում են պետաիշխանական կարգադրիչ լիազորություններ, ի կատարումն դրանց ընդունվում են անհատական իրավական ակտեր), սակայն պաշտոնապես չեն հրապարակվել: Ըստ այդմ, դիմողի պնդմամբ վիճարկվող դրույթները չեն պարունակում այնպիսի դրույթ, որը կարող էր հիմք ծառայել քաղաքացու հայցն ըստ էության բովանդակային քննության համար, հայցի պահանջը բավարարելու համար:

Դիմողի կարծիքով խնդրո առարկա գործով սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներում իրավական բացի նկատմամբ կիրառելի են Սահմանադրական դատարանի ՍԴՈ- 665 որոշման իրավական դիրքորոշումները, մասնավորապես, այն մասով, որ` կոնկրետ գործով Վարչական դատարանի կողմից դատական ակտերով արձանագրված իրավական բացը խոչընդոտում է անձի գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի դատական վիճարկման իրավունքի իրականացմանը` ստեղծելով իրավական վակուում, և վտանգվում է արդարադատության մի ամբողջ ինստիտուտ:

Ըստ դիմողի վիճարկվող դրույթները չեն ապահովում Սահմանադրության 61 և 63- րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6 և 13-րդ հոդվածներով երաշխավորված, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 12.05.2004 թ. Rec (2004)6, 15.12.2004 թ. Rec (2004)20 հանձնարարականներով տրված իրավունքների իրացումը, չեն ապահովվում վարչական մարմինների, գերատեսչությունների ընդունած, սակայն պաշտոնապես չհրապարակված նորմատիվ իրավական ակտերից դատական պաշտպանություն:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները «չեն սահմանում այն հիմքերը, որոնց հիման վրա դատական բողոքարկման ենթակա չպետք է լինեն ենթաօրենսդրական, գերատեսչական նորմատիվ իրավական այն ակտերը, որոնք պաշտոնապես հրապարակված չեն եղել, ուստի սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 78, 79, 80-րդ հոդվածներին»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը, ըստ էության, առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր:

2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանում օրենսդրական բացի քննության

առանձնահատկությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ- 914 որոշմամբ արձանագրել է, որ « …. օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, որը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով:

Դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը վարչական դատարանում փորձել է վիճարկել «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 150 հրամանը, որը չհրապարակվելու պատճառով նաև ուժի մեջ չի մտել և չէր կարող դրվել որևէ իրավական վեճի լուծման հիմքում: Վերաքննիչ վարչական դատարանը տվել է հետևյալ գնահատականը. «Նման պայմաններում ակներև է, որ «Ատենախոսությունների փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 150 հրամանը «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» չի հրապարակվել, որպիսի հանգամանքն իրավացիորեն արձանագրել է նաև ՀՀ վարչական դատարանը: Իսկ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ չգտնվելու պայմաններում բացակայում է նաև դրա վիճարկման անհրաժեշտությունն ու հնարավորությունը, քանզի միայն նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ գտնվելու պայմաններում այն կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով դառնալ վիճարկման առարկա»:

Վիճարկվող դրույթների սահմանադրականության հարց բարձրացնելով դիմողը նշում է, որ հնարավորություն չունի վարչական դատարանում վիճարկել նորմատիվ իրավական ակտեր, որոնք թեև ընդունվել են, կիրառվում են, սակայն պաշտոնապես չեն հրապարակվել: Դիմողը չի անդրադառնում նաև իրավական ակտի ուժի մեջ մտած չլինելու հանգամանքին: Մինչդեռ, դատական ակտերից ակնհայտ է, որ դիմողը ցանկացել է վիճարկել ընդունված, սակայն պաշտոնապես չհրապարակված, հետևաբար ուժի մեջ չմտած «նորմատիվ իրավական ակտ»:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդիրը նորմատիվ իրավական ակտերի բոլոր տեսակների համար, ի թիվս այլնի, պարտադիր պայման է համարում դրանց հրապարակված լինելը: Ավելին, նշյալ օրենքի իմաստով նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վերջինիս հրապարակված լինելու փաստով: Այսինքն, եթե համապատասխան նորմատիվ իրավական ակտը սահմանված կարգով հրապարակված չէ, ապա այն չի կարող համարվել ուժի մեջ մտած, հետևաբար կիրառման ենթակա և իրավական հետևանքներ առաջացնելու ունակ ակտ: Այլ կերպ ասած չհրապարակված, հետևաբար ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտն առկա օրենսդրական կարգավորումների շրջանակներում չի համարվում նորմատիվ իրավական ակտ վերջինիս բնորոշ հատկանիշներով:

Միևնույն ժամանակ, եթե պայմանականորեն համարվի, որ դատարանը կոնկրետ վեճ լուծելիս գործն ըստ էության լուծող դատական ակտում կիրառել է չհրապարակված, ուժի մեջ չմտած որևէ նորմատիվ իրավական ակտ, ապա այդ խնդիրը ենթակա է լուծման համապատասխան դատավարական կառուցակարգերի միջոցով դատական ակտի հիմնավորվածության և իրավաչափության ստուգման շրջանակներում: Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող նորմերում նորմատիվ իրավական ակտ չհամարվող նման ակտից դատական պաշտպանության հնարավորությունների ենթադրյալ բացակայության վերաբերյալ դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է : Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մագդա Եղիազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող

Անդամներ

7 մայիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-24

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մայիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-24
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել