ԿԱՐՈ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 մայիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 24 | ԿԱՐՈ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 մայիսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Կարո Միքայելյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Կարո Միքայելյանը (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մայիսի 5-ին, որով Դիմողը խնդրել է.
«(…)
(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը ճանաչել ՀՀ սահմանադրության 6-րդ, 57-րդ, 61-րդ հոդվածի 1-ին մաս, 63-րդ հոդվածի 1-ին մաս, 75-րդ, 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը պայմանավորված է եղել Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը բողոքարկվող դատական ակտում տրված հակասությամբ, ապա Վճռաբեկ դատարանը, կաշկանդված լինելով վարույթ ընդունելու այդ հիմքով, իրավական հնարավորություն չունի կիրառելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված լիազորությունը և անփոփոխ թողնելու բողոքարկվող որոշումը, եթե ստորադաս դատարանի նույն փաստական հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից նյութական իրավունքի նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությունը Վճռաբեկ դատարանի կողմից չի որակվում հիմնավորված և իրավաչափ:
Ըստ Դիմողի՝ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 1-ին կետերի հիմքերով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու արդյունքում, վճռաբեկ ատյանը եզրափակիչ դատական ակտ կայացնելիս չունի հայեցողական լիազորություն, պարտավոր է ղեկավարվել վարույթ ընդունելու որոշման իրավական և փաստական հիմքերով, եզրափակիչ դատական ակտում վերացնելով սուբյեկտիվ իրավունքների հիմնարար խախտման իրավական հետևանքները, դրանով իսկ վերականգնելով խաթարված արդարադատության բնույթն ու բովանդակությունը»:
Դիմողը նշում է. «Փաստորեն վճռաբեկ ատյանը մեկ որոշմամբ հակադրվել է իր մեկ այլ որոշմանը, որում ամրագրված հիմքերը, եթե բացակա լինեին, ապա ընդհանրապես բողոքը վարույթ չէր կարող ընդունվել և դրա արդյունքում 2024 թ. նոյեմբերի 4-ի ԵԴ/30480/02/19 դատական ակտ չէր կայացվի: (…)
(…) Արդյունքում ներկայումս առկա են միմյանց հակասող նույն դատարանի կողմից միևնույն գործի շրջանակներում ընդունված և օրինական ուժի մեջ գտնվող երկու դատական ակտեր, որոնցից առաջինով նույն դատական ատյանը հաստատված է համարել, որ առկա է նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը և նույն ատյանի կողմից ընդունված երկրորդ դատական ակտը, որով հերքվում է առաջին որոշման իրավական և փաստական հիմքերը»:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ ստեղծված իրավական անորոշությունը չէր առաջանա, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիփոթեզում օրենսդիրը պարզորոշ ամրագրեր այն վավերապայմանները, որոնց առկայության դեպքում Վճռաբեկ դատարանը լիազորված կլիներ մերժելու իր կողմից վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները:
Դիմողը նշում է նաև. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիփոթեզում վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը մերժելու հիմքերը նախատեսված չլինելու պայմաններում իրավակիրառ պրակտիկայում առաջ է գալիս նշված իրավանորմի հակասություն ՀՀ սահմանադրության 6-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջների խախտում»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, նշում է. «Միևնույն որոշմամբ այդ իրավանորմի կիրառման համար տալով տրամագծորեն հակառակ դիրքորոշում, վճռաբեկ ատյանը ոչ միայն իրավական անորոշություն է առաջ բերում իրավակիրառ միջավայրում, այլև դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից և մեկնաբանության անվան տակ նշված իրավանորմի կիրառության համար սահմանում է նոր փաստական հանգամանքներ, որոնք նշված իրավանորմի հիփոթեզում, որպես վավերապայմաններ բացակայում են»: Այդ առնչությամբ Դիմողը եզրահանգում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հակասական մեկնաբանությամբ խախտվել են Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների պահանջները, ինչն էլ, իր հերթին, ոտնահարել է Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում դատական պաշտպանության դիմելու իր իրավունքը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մասով
3.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանի վերոնշյալ աշխատակարգային որոշման մեջ նշված է. «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում»:
Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրված է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:
Վերոնշյալի համատեքստում՝ սույն անհատական դիմումի և թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, քննության առնելով թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով Կարո Միքայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի որոշման դեմ` ըստ Կարո Միքայելյանի հայցի ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, 2024 թվականի նոյեմբերի 4-ի որոշման մեջ նշել է՝ «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վճռաբեկ բողոքում նշված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում թույլ տրված լինելու, ու այդ խախտմամբ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված չեն, ինչը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորությունը կիրառելու՝ վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 09.09.2022 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու համար՝ նաև սույն որոշման պատճառաբանություններով»։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 9-ին որոշել է.
«(...)
(...) Թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2020 թվականի վճիռը մասնակի՝ առաջին աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի գումարը և հատուցում վճարելու պահանջների մասով բեկանել և նույն պահանջների մասով գործն ուղարկել նոր քննության:
(...)»:
Հետևաբար՝ վերոնշյալ գործը՝ սույն անհատական դիմումով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված իրավակարգավորման համատեքստում, գտնվում է նոր քննության փուլում։ Այդ առնչությամբ, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 19-ին որոշել է.
«1. ըստ հայցի՝ Կարո Ստեփանի Միքայելյանի ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության՝ առաջին աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հարկադիր պարապուրդի գումարը և հատուցում վճարելու պահանջների մասին, թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործի քննությունն իրականացնել գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով:
2. Նշանակել նախնական դատական նիստ (...):
3. (…)»:
Վերոնշյալի կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։
Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մասով, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ Դիմողի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, ըստ այդմ՝ Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով
3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Նկատի առնելով սույն անհատական դիմումով բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում վերջինիս տրված մեկնաբանությունը, առնչվող հարցի էությունը և համատեքստը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցն առավելապես ընթացակարգային բնույթ ունի: Հետևաբար՝ բարձրացված հարցն ուղղակիորեն վերաբերում է ոչ թե սույն գործի առանցքը կազմող նյութաիրավական (բովանդակային) վեճին (ի տարբերություն սույն անհատական դիմումով վիճարկվող մյուս դրույթի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի առնչությամբ բարձրացված հարցի), այլ Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը վերջինիս քննության արդյունքով մերժելու լիազորությանը: Այսպիսով, նշված գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված համապատասխան որոշումը քննարկվող հարցի համատեքստում կարող է դիտարկվել որպես վերջնական դատական ակտ, և այդ համատեքստում Դիմողի կողմից պահպանվել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու պահանջը:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես` Դիմողն, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐ ԻՍԿ ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱԿԱԴՐՎԵԼՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԵՆ ՎԵՐԱՊԱՀԵԼ Է ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՎ ՀՀ-ՈՒՄ ՕԺՏՎԱԾ ՉԷ ՈՐԵՎԷ ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆ»:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև Դիմողի վերաբերելի մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են համապատասխան քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, մասով սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Կարո Միքայելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
14 մայիսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
