Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 395-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 395-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-715 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հունվարի 2021թ. ՍԴԱՈ - 7 | «ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 395-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՐԱՆՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 395-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հրանտ Ղազարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. Հրանտ Ղազարյանը (ներկայացուցիչ Արտաշես Խալաթյան) 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված իր դիմումում խնդրել է. «1. գործն ընդունել վարույթ,

2. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասը և 396-րդ հոդվածի 6-րդ մասը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանությամբ առ այն, որ վճռաբեկ բողոքում վիճարկվող դատական ակտի անհատականացնող տվյալները ճշգրիտ նշված լինելու պարագայում վճռաբեկ բողոքի այլ մասում վիճարկվող դատական ակտի տվյալները կրկին նշելիս մեխանիկական սխալի հետևանքով դրանք ոչ ճիշտ մուտքագրելը հիմք է մեկ անգամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, ինչպես նաև այն առանց քննության թողնելու համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»: Սույն գործով դիմողի կողմից վկայակոչված իրավունքի ենթադրյալ խախտման համար հիմք է հանդիսացել այն փաստական հանգամանքը, որ 2020 թվականի ապրիլի 10-ին թիվ ԵԴ/15035/02/18 գործով դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հունիսի 17-ին վերադարձրել էր, ի թիվս այլնի, նաև այն պատճառով, որ դիմողի կողմից վճռաբեկ բողոքի խնդրամասում նշված դատական ակտի տվյալներով, որը դիմողը խնդրել էր բեկանել, որևէ դատական ակտ գործում չէր պարունակվում։ Վճռաբեկ դատարանը ժամանակ էր տրամադրել դիմողին վճռաբեկ բողոքի այդ թերությունը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար։ Դիմողը, տրամադրված ժամկետում կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելով, չէր վերացրել նկարագրված թերությունը և նոր ներկայացված վճռաբեկ բողոքով Վճռաբեկ դատարանին կրկին խնդրել էր «Ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/15035/02/18 քաղաքացիական գործով 08.10.2019 թվականին կայացրած դատական ակտը և փոփոխել դատական ակտը … », այնինչ նույն քաղաքացիական գործում բացակայել է նման նույնականացման տվյալներով դատական ակտ։ Վճռաբեկ դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածով, 2020 թվականի հուլիսի 15-ին կայացրած որոշմամբ վճռաբեկ բողոքում դիմողի պահանջի անորոշության և նախկինում ներկայացրած վճռաբեկ բողոքի թերությունը շտկված չլինելու պատճառաբանությամբ, դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության։ Արձանագրելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, գործի հերթական համարը և դատական ակտի կայացման ամսաթիվը բողոքում նշելը պարտադիր պայման է, դիմողը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ Օրենսգիրք) չի սահմանում, թե բողոքարկվող դատական ակտի վերը նշված անհատականացնող տվյալները բողոքի ո՛ր մասում պետք է նշվեն սկզբնամասում, հիմնամասում, թե եզրափակիչ մասում: Դիմողը պնդում է նաև, որ Օրենսգիրքը որոշակիորեն չի սահմանում նաև այն դատավարական հետևանքը, որը կարող է առաջանալ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքում բողոքարկվող դատական ակտի անհատականացնող տվյալները մի մասում ճիշտ են նշված, իսկ այլ մասերում ոչ։ Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ, որով դիմողի կողմից թույլ տրված ձևական սխալի հետևանքով իր վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, վերջնականորեն արգելափակվել է Վճռաբեկ դատարանի կողմից բողոքաբերի բողոքի քննության հնարավորությունը։ Սահմանադրական դատարանը, ելնելով դիմումի և դրան կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից և վերահաստատելով նախկինում իրավական որոշակիության վերաբերյալ իր արտահայտած դիրքորոշումը (տե՛ս օրինակ 03.05.2016թ. ՍԴՈ-1270 որոշումը), գտնում է, որ « … օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»։ Անդրադառնալով սույն գործով դիմումում նկարագրված հանգամանքներին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, գործի հերթական համարը և դատական ակտի կայացման ամսաթիվը բողոքում նշելը պարտադիր պայման է: Նշված օրենսդրական դրույթի կարևորությունը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի լիազորությունների բնույթով, այն է Վճռաբեկ դատարանը պետք է հավաստիանա, թե ստորադաս դատարանի ո՛ր դատական ակտն է դառնալու քննության առարկա, որպեսզի այդ դատական ակտի դեմ բերված թե՛ ընդունելիության, և թե՛ ըստ էության մյուս բոլոր հանգամանքները քննության արժանանան։ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սույն գործով Վճռաբեկ դատարանը ոչ միայն մատնանշել է վճռաբեկ բողոքի տեքստում բողոքարկվող դատական ակտի մասին անճշտությունը, այլև հատկապես մատնանշել է, թե վճռաբեկ բողոքի ո՛ր հատվածում է տեղ գտել այդ թերությունը, մասնավորապես իր 2020 թվականի հունիսի 17-ի որոշմամբ նշելով. «Տվյալ դեպքում սույն վճռաբեկ բողոքի խնդրամասում բողոք բերած անձի կողմից որպես պահանջ նշվել է հետևյալը` «Ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/15035/02/18 քաղաքացիական գործով 08.10.2019 թվականին կայացրած դատական ակտը և փոփոխել դատական ակտը հայցապահանջն ամբողջությամբ բավարարելու մասին որոշում կայացնել»: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի պահանջը հստակ չէ, մասնավորապես` պարզ չէ, թե որ դատական ակտն է բողոքարկվում, քանի որ սույն գործում առկա չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 08.10.2019 թվականին կայացված դատական ակտ»: Ավելին, Սահմանադրական դատարանը նշում է նաև, որ սույն գործով դիմումի համար հիմք հանդիսացած հանգամանքներում, այն է վճռաբեկ բողոքարկման ընթացքում Վճռաբեկ դատարանին ներկայացված և 2020 թվականի հուլիսի 15-ին կայացված որոշմամբ առանց քննության թողնված վճռաբեկ բողոքի ողջ տեքստում Վճռաբեկ դատարանին դիմողի կողմից ներկայացված վճռաբեկության պահանջն արձանագրված է եղել միայն վճռաբեկ բողոքի խնդրամասում, ինչը Վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունիսի 17-ի որոշմամբ վերջինիս կողմից հնարավորություն է ընձեռվել փոփոխել, սակայն դիմողն անտեսել է այդ թերության վերացման առաջարկը։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը դիմողի փոխարեն իրավասու չէր տնօրինել նրա դատավարական իրավունքները, իսկ դիմողի փաստարկն առ այն, որ դիմումի այլ հատվածներում բողոքարկվող ակտի տվյալների առկայության բավարարության համար, անհիմն է, քանի որ Վճռաբեկ դատարանը հստակորեն նշել էր, որ իր լիազորությունների իրականացման նպատակով իր համար անհստակ էր դիմողի պահանջը, որը ձևակերպված էր բացառապես վճռաբեկ բողոքի սկզբնամասում։ Իսկ այդ պահանջը, ինչին համաձայն է նաև դիմողը, շարադրված է եղել սխալ, այնպես որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի ներկայացմանը հաջորդող այլ գործողություն, քան վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը, չէր կարող։ Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ դիմողն իր դիմումը սույն գործով ներկայացնելիս դիմումի ամբողջ տեքստում վերնագրում, նկարագրական և պատճառաբանական մասերում բազմիցս, և, որ հատկանշական և ամենակարևորն է խնդրամասում, որտեղ նշված է դիմողի պահանջը, Սահմանադրական դատարանին խնդրել է Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի իրավադրույթի հետ մեկտեղ ստուգել նաև Օրենսգրքի «396-րդ հոդվածի 6-րդ մասի» սահմանադրականությունը։ Հաշվի առնելով, որ Օրենսգրքի 396-րդ հոդվածը բաղկացած է ընդամենը 4 մասերից, իսկ դիմումում (տես դիմումի էջ 9) «396-րդ հոդվածի 6-րդ մասի» բովանդակության նկարագրությունը համընկնում է Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի նորմի բովանդակության հետ, միաժամանակ հաշվի առնելով, որ Վճռաբեկ դատարանի սույն գործով կայացրած որոշումների համար որպես իրավական հիմք հանդիսացել էր նաև Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ապա սույն որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը նկատի է ունեցել, որ վերը բերված բոլոր պատճառաբանությունները հավասարապես վերաբերելի կլինեին նաև Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով իրավադրույթի սահմանադրականության վերաբերյալ դիմումի քննության ընդունելիությանը, եթե դիմողի կողմից սույն գործով դիմումում նշված հիմնավորումների և պատճառաբանությունների և սույն գործի հանգամանքների շրջանակում բարձրացված լիներ նաև Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, սահմանադրականության ստուգման հարցը։ Վերը նշված պատճառաբանությունների հիման վրա, սույն դիմումն Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի անբավարար որոշակիության մասով ակնհայտ անհիմն է, քանի որ դիմումում բերված չեն անհրաժեշտ և բավարար իրավական փաստարկներ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելու համար։ Իսկ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասի մասով դիմումն ակնհայտորեն անհիմն է նման իրավադրույթի առհասարակ բացակայության պատճառով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հրանտ Ղազարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

15 հունվարի 2021 թվականի

ՍԴԱՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել