Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1219 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 հունվարի 2021թ. ՍԴԱՈ - 12 | «ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Միքայել Հարությունյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Միքայել Հարությունյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020թ. հուլիսի 23-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որի համաձայն «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշումը չի հանդիսանում դատական վերահսկողության առարկա, ճանաչել ՀՀ Աահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Արձանագրելով, որ

ա) 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին կատարված գործողությունների համար դիմողին առաջադրված է մեղադրանք մի հոդվածով, որը Քրեական օրենսգրքում ներառվել է միայն 18.03.2009թ. ՀՕ-53-Ն օրենքով,

բ) որ դիմողի նկատմամբ մեղադրանք առաջադրելն իրականացվել է, ի թիվս այլնի, Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ («Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»), դիմողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող նորմը իրավակիրառ պրակտիկայում տրված մենաբանությամբ, որի համաձայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի հանդիսանում դատական վերահսկողության առարկա, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին: Դիմողը մատնանշում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում քննիչի 03.07.2018թ. որոշումը բողոքարկվել է ոչ թե դրա հիմքում ընկած փաստական հանգամանքների կամ որոշակի փաստերի ապացուցվածության տեսանկյունից, այլ որպես օրենքին հակասող: Այս համատեքստում, ըստ դիմողի, դատարանի անկողմնակալությունը վտանգելու վերաբերյալ դատարանների մտավախությունները հիմնավոր են այն դեպքում, երբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակներում բողոքը քննող դատարանն անդրադառնա գործի փաստական հանգամանքներին և տա դրանց վերաբերյալ որևէ գնահատական: Մինչդեռ, նշված մեկնաբանությունները չեն դիմանում քննադատությանն այն դեպքում, երբ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը վիճարկվում է բացառապես օրենքի խախտմամբ ընդունված լինելու տեսանկյունից: Դիմողն արձանագրում է, որ գործող իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կոչված է քրեական գործերի քննության մինչդատական փուլում երաշխավորելու անձի ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված դատական պաշտպանության և արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքի իրագործումը: Դատական պաշտպանության այս միջոցը խնդիր ունի կանխել կամ վերացնել դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների խախտումները, վերականգնել խախտված իրավունքները, ինչպես նաև չեզոքացնել քրեական հետապնդման մարմինների ոչ իրավաչափ գործունեության անբարենպաստ կամ վնասակար հետևանքները:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ամրագրում է, որ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում վերջնական դատական ակտն ավելի ուշ ստանալու փաստով դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և վերականգնելու ինստիտուտ: Սահմանադրական դատարանն իր 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Ի տարբերություն իրավանորմերի սահմանադրականության վերացական վերահսկողության («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդված), անհատական դիմումի դեպքում (և ոչ ընտրական վեճերով) անձի կողմից վերոթվարկյալ խնդիրների լուծմամբ և սահմանադրական դատարանում իր գործողությունների ու դրանց հնարավոր հետևանքների հստակ գիտակցման և դատարանն անհիմն դիմումներով չծանրաբեռնելու պահանջներով է պայմանավորված դիմում ներկայացնելու օրենքով սեղմ ժամկետ (6 ամիս) և պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսելը»։ Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, դիմողի նկատմամբ կայացվել է (օրինական ուժի մեջ է մտել) 2020 թվականի հունվարի 20-ին, հետևաբար, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքն սկսվել է հոսել դրա հաջորդ օրվանից հունվարի 21-ից և ավարտվել 2020թ. հուլիսի 21-ին, մինչդեռ դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020թ. հուլիսի 23-ին: Այսինքն, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի վարույթը կարճելու (գործի քննությունը մերժելու) համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Միքայել Հարությունյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

19 հունվարի 2021 թվականի

ՍԴԱՈ-12

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-12
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել