Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-706 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 մայիսի 2026թ. ՍԴԱՈ - 70 | ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի փետրվարի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ անունից (այսուհետ նաև՝ Դիմող ) ներկայացված դիմումը, որով Դիմողը խնդրել է.

««Էներգետիկայի մասին» օրենքի 52.1 հոդվածի 3-րդ մասը՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/19878/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ առ այն, որ կազմակերպության կողմից լիազորագիր կարող է տալ բացառապես ժամանակավոր կառավարիչը՝ ամբողջությամբ բացառելով ընկերության գործող տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) նման լիազորությունը, ներառյալ` հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (նշանակող մարմնի) հետ կապված հարաբերություններում ընկերության իրավունքների պաշտպանության հարցով, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75 և 78-րդ հոդվածներին:

Ըստ Դիմողի՝ սույն դեպքում եռաստիճան դատական համակարգի կողմից վիճարկվող նորմին տրված մեկնաբանությամբ, փաստացի, բացառվում է վերջինիս իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրականացումը, քանի որ, ըստ տրված մեկնաբանության, կազմակերպության տնօրենը ժամանակավոր կառավարչի առկայության պայմաններում իրավասու չէ տալու լիազորագիր՝ կազմակերպության իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ դատական կարգով պաշտպանելու համար, և նման լիազորությունը վերապահված է ժամանակավոր կառավարչին:

Դիմողի համոզմամբ՝ վիճարկվող դրույթի արդյունքում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ն այլևս չի կարող դիմել դատարան ընդդեմ որևէ վարչական մարմնի կամ այլ անձի և արդյունավետորեն պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը, իսկ նման հայց ներկայացնելու «անհրաժեշտությունը» որոշելը թողնվել է բացառապես ժամանակավոր կառավարչին, որը, ըստ Դիմողի, «շահագրգիռ չէ» հայց ներկայացնել իրեն նշանակած պետական մարմնի դեմ, այսինքն՝ մեկնաբանությունն իրավաչափ դիտարկելու պայմաններում ստացվում է, որ պետությունը, միջամտելով տնտեսվարողի գործունեությանը, կարող է բացառել նրա՝ պետության և պետական մարմինների, ինչպես նաև երրորդ անձանց դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթը, այդ թվում՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, ոչ միայն խախտում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները, այլև հակասում է Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում նաև՝ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75 և 78-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Այսպես՝ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ «Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցառումների կիրառումը» վերտառությամբ 52.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի լիցենզավորած անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմիններն իրենց իրավասությունները (լիազորությունները) իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ։

Ստացվում է, որ նշյալ կարգավորման ուժով՝ լիցենզավորված անձի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և որպես կանխարգելիչ միջոցառում՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու պայմաններում գործադիր մարմնի ղեկավարը, ըստ էության, մեկուսացվում է լիցենզավորված անձի գործադիր կառավարումից. լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորություններն անցնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ նշանակված ժամանակավոր կառավարչին:

Օրենսդրի կողմից նման մոտեցման ցուցաբերումն ինքնանպատակ չէ. համապատասխան կառուցակարգերի ներդրումը նպատակ է հետապնդել կանխելու գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումը՝ ապահովելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից «Էներգետիկայի մասին» օրենքի դրույթները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հարուցված վարչական վարույթի անխոչընդոտ ընթացքը, որն իր վերջնարդյունքում միտված է էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն և անխափան գործունեության շարունակականության երաշխավորմանը:

Այլ խոսքով՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ՝ լիցենզավորված անձի (սույն պարագայում՝ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի) գործադիր մարմնի բոլոր լիազորությունների իրականացումն օրենսդիրը վերապահել է ժամանակավոր կառավարչին՝ չբացառելով նաև լիցենզավորված անձի շահերի հավասարակշռված պաշտպանությունը՝ ներառյալ դատական:

Վերոգրյալի համատեքստում՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչին՝ լիցենզավորված անձի (սույն պարագայում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի) իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունք վերապահելուն զուգահեռ՝ այդ լիցենզավորված անձի գործադիր մարմնի ղեկավարին (սույն պարագայում՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին, որը լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակման պահից ի վեր այլևս չի հանդիսանում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ն ներկայացնելու լիազորությամբ օժտված անձ) համապատասխան իրավունք չվերապահելու արդյունքում լիցենզավորված անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտման փաստն այն պարագայում, երբ գործադիր մարմնի բոլոր լիազորությունների իրականացումն օրենսդիրը վերապահել է ժամանակավոր կառավարչին, որը պարտավոր է ապահովել նաև լիցենզավորված անձի շահերի հավասարակշռված պաշտպանությունը, ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում՝ հետամուտ լինի լիցենզավորված անձի իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությանը: Այլ կերպ՝ չի հիմնավորվում, թե ընկերության գործունեությանը վերաբերող գործադիր կառավարման տիրույթում գտնվող բովանդակային բնույթի միևնույն հարցերով միաժամանակ երկու սուբյեկտներին դատարան դիմելու իրավունք չտրամադրելը (տվյալ դեպքում այդպիսի իրավունքով միայն ժամանակավոր կառավարիչին օժտելը) ընկերության որ հիմնական իրավունքն է խաթարում՝ ի միտն ունենալով նաև այդպիսի զուգահեռ կամ միաժամանակյա իրավունքի տրամադրման պայմաններում ժամանակավոր կառավարմամբ հետապնդվող (ներառյալ՝ 2026 թվականի մարտի 12-ի ՍԴՈ-1819 որոշմամբ արձանագրված) իրավաչափ նպատակների իրողությունը, ինչպես նաև դրանց իրացնելիության երաշխիքներն ու անհրաժեշտությունը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, վիճարկելով «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ), Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75 և 78-րդ հոդվածներին հակասությունը, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության), հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին:

Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

6 մայիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-70

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-70
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել