Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

«ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1708 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-170)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2026թ. ՍԴԱՈ - 170 | «ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Նարեկ Ամբարյանի դիմումի հիման վրա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հունիսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Նարեկ Ամբարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Հայկ Մովսիսյան, Արամայիս Մելքոնյան, Արսեն Հովհաննիսյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) Ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածին) ճանաչել ՀՀ Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով այդ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ «...առևտրային կամ այլ կազմակերպության բոլոր մասնակիցների (բաժնետերերի) կողմից Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներով երաշխավորված տնտեսական գործունեության ազատության և սեփականության հայեցողական տնօրինման շրջանակում կայացված որոշումը որակվում է որպես լիազորությունները կազմակերպության օրինական շահերին հակառակ օգտագործում՝ առանց սահմանադրորեն պաշտպանված հայեցողության սահմանն անցնելը հաստատող ինքնուրույն, հակաիրավական հատկանիշի առկայության»»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0181/06/24 գործի և թիվ ՀԿԴ/0038/01/25 հակակոռուպցիոն քրեական գործի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ իր կողմից իրեն վերագրվող հանցանքները կատարելու մասին հիմնավոր կասկածի շարունակական առկայությունը հաստատված համարելու հարցի լուծման համար վիճարկվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի կիրառումն այն մեկնաբանությամբ, որպիսին տրվել է թիվ ՀԿԴ/0181/06/24 գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ, հակասում է Սահմանադրության 59-րդ և 72-րդ հոդվածներին և հանգեցրել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտման:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի կարող տարածվել բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի վարքագծի վրա, որը ոչ թե հաջորդել, այլ նախորդել է ընկերության բաժնետերերի կողմից միաձայն ընդունված որոշմանը, որում արտահայտվել է ընկերության շահը:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթը չի ճանաչում այն բանաձևը, համաձայն որի՝ վնասի կամ որևէ այլ հետևանքի առկայությունն ապացուցում է առևտրային կազմակերպության շահի խախտված լինելը: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ եթե դա այդպես լիներ, ապա յուրաքանչյուր կորուստ, բացասական հաշվեկշիռ, շուկայական անկում կամ պայմանագրի լուծում կդառնար քրեական գործ հարուցելու հիմք: Այդպիսի մոտեցումը, Դիմողի պնդմամբ, իր հերթին կհանգեցներ տնտեսության քրեականացման, բիզնեսի պետական վերահսկողության:

Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկվում է իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որով հնարավոր է դարձել մեղադրանքի ներկայացումը, շարունակական պահպանումը և կալանքի՝ որպես խափանման միջոցի ժամկետի երկարաձգումը:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթը կիրառվել է այն պայմաններում, երբ իրեն վերագրվող մեղադրանքի փաստական նկարագրությունը որևէ հանցավոր վարքագծի դրսևորում չի ենթադրել կամ պարունակել, կալանավորման պայման հանդիսացող հիմնավոր կասկածը բացակայել է, քանի որ իրեն՝ որպես մեղադրյալի վերագրվող արարքը քրեորեն պատժելի չի եղել (քաղաքացիաիրավական օրինական գործարքներին անհիմն կերպով տրվել է քրեաիրավական գնահատական), որը հակասում է Սահմանադրության 72-րդ հոդվածին:

Դիմողը գտնում է, որ իրեն ներկայացված մեղադրանքն ուղղված է քրեաիրավական գործիքակազմի միջոցով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետերերի կամքը վերափոխելուն, որը մի կողմից հակասում է Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված՝ տնտեսական գործունեության ազատությանը, իսկ մյուս կողմից՝ իրավունքների անարգել իրականացման և մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքներին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մաս)։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ողջ վերոգրյալը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմնական իրավունքի կոպիտ ոտնահարման, քանի որ իրեն ներկայացված մեղադրանքն իրավաչափ չի եղել, իր արարքում բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, առկա է եղել քրեական հետապնդումը բացառող հանգամանք, մասնավորապես, մեղադրանքի փաստական նկարագրությունը պարունակել է միայն օրինական քաղաքացիաիրավական գործարքներ, իսկ որևէ հանցագործության դեպք դրանում նկարագրված չի եղել, սակայն ինքը գտնվել է անազատության մեջ։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։

Սույն գործի հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, սույն գործով բացակայում է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը, որի շրջանակներում դեռևս կարող է լուծում ստանալ Դիմողի կողմից բարձրացված հարցը: Այսինքն՝ տվյալ պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Նարեկ Ամբարյանի դիմումի հիման վրա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-170

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-170
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել