ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հուլիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 19 | ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 հուլիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբ` Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով Արամ Հակոբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Արամ Հակոբյանը 13.07.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 143-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 4-րդ, 27-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր…»: Ըստ դիմողի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներն իրենց համակցությամբ ամրագրում են իրարամերժ կարգավորումներ կապված կալանքը գրավով փոխարինված լինելու պայմաններում կալանավորված անձի ազատ արձակման նախապայմանների հետ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 12-րդ մասը նախատեսում է ընդամենը մեկ նախապայման դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված լինելու փաստի հավաստում, որն անմիջապես առաջացնում է կալանավորված անձին անհապաղ ազատ արձակելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականությունը, որպես անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման վերացման, այդ իրավունքի վերականգնման առավել արդյունավետ միջոց: Ի տարբերություն նշված իրավադրույթի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները նախատեսում են կալանավորված անձին գրավը մուծված լինելու պայմաններում ազատ արձակելու ավելի բարդացված մեխանիզմ և նախապայմաններ, հատկապես նշվածներից առաջինն անձի ազատ արձակման համար նախատեսում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական որոշման կայացման, իսկ երկրորդը նույն վարույթն իրականացնող մարմնի կողմից անձին ազատ արձակելու հանձնարարականի առկայության անհրաժեշտություն: Դիմողը գտնում է, որ նման իրարամերժ կարգավորումների գոյությունն ստեղծում է իրավական անորոշություն, որի պայմաններում կալանավորված անձի, նրա պաշտպանի, նաև սահմանված գրավի չափը մուծած անձի համար որոշակի չէ, թե հատկապես որ պետական մարմնին պետք է ներկայացվի գրավը մուծված լինելու մասին ապացույցը, որպեսզի պետությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի անձի ազատ արձակման ուղղությամբ և հնարավոր լինի հնարավորինս արագ վերականգնել անձի սահմանափակված իրավունքը: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթներով ամրագրված վարույթն իրականացնող մարմնի որոշման և/կամ հանձնարարության առկայության անհրաժեշտությունը չի կարող որևէ իրավաչափ նպատակ հետապնդել, երբ կալանավորված անձի պահման հիմնարկ է ներկայացվում դատարանի գրավ կիրառելու մասին որոշումը, և այդ գրավը մուծված լինելու մասին ապացույցը: Նշված դրույթներով նախատեսված լրացուցիչ պայմաններն արհեստականորեն բարդացնում են անձի անհապաղ ազատ արձակման գործընթացը` հանգեցնելով դրա առավել ժամանակատարության, ինչպես եղել է դիմողի դեպքում: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներն ամրագրում են անձի համար ավելի անբարենպաստ, արհեստականորեն բարդացված, իրավաչափ նպատակ չհետապնդող և իշխանությունների տարանջատման սկզբունքին հակասող լրացուցիչ նախապայման և հակասում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված` անձի անձնական ազատության իրավունքին: Դիմողը գտնում է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ու 143-րդ հոդվածի 5-րդ մասը բովանդակում են դրույթներ, որոնցով, ըստ էության, ամրագրվում է դատարանի անձի նկատմամբ գրավ նշանակելու մասին որոշման ընդունված լինելու և գրավը մուծված լինելու պայմաններում անձին ազատ արձակելու վարույթն իրականացնող մարմնի կողմից թեկուզև ոչ հայեցողական, սակայն լրացուցիչ որոշման կայացման, դրանով իսկ, ըստ էության, դատարանի որոշման հաստատման անհրաժեշտությունը, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված` իշխանությունների տարանջատման սկզբունքին, այն դեպքում, երբ գործը նախաքննության փուլում է, այսինքն անձին ազատ արձակելու մասին որոշումը կայացնում է կամ այդ մասին հանձնարարությունը տալիս է նախաքննության մարմինը: Միաժամանակ, դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Արամ Հակոբյանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Արամ Հակոբյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 143-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Արամ Հակոբյանին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
24 հուլիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հուլիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
