«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-185)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 185 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասի և 165-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի հոկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ դիմող) դիմումը, որով թիվ ՍԴ1/0010/12/22 գործով ներկայացված «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ դիմողը խնդրել է (որոշել է). «1. Թիվ ՍԴ1/0010/12/22 վարույթով դիմել ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասի և 165-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով:
2. Հետաձգել թիվ ՍԴ1/0010/12/22 վարույթով դատալսումները մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՍԴ1/0010/12/22 գործի դատավարական նախապատմությունը, վկայակոչելով Սահմանադրության 61, 63, 75 և 78-րդ հոդվածները, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասը, 165-րդ հոդվածի 5-րդ մասը և վերլուծության առարկա դարձնելով Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, նշում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասի և 165-րդ հոդվածի 5-րդ մասի համալիր վերլուծությունից և համադրումից հետևում է, որ դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին դատական ակտը եզրափակիչ դատավարական ակտ է, որն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության (վճռաբեկության) կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 281-րդ հոդված): Դիմողի դիտարկմամբ գործող իրավակարգավորումների արդյունքում դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին կայացված դատական ակտը չի կարող ի կատար ածվել այնքան ժամանակ, քանի դեռ օրինական ուժի մեջ չի մտել, որը գործնականում տևում է մեկ ամսից մինչև ժամանակային անորոշություն կապված բողոքարկման ժամկետներից և վերադաս դատարանների կողմից բողոքի քննությունից և որոշման կայացումից: Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «(…) որքանով է սահմանադրականության տեսանկյունից իրավաչափ դատարանի որոշման հիման վրա դատապարտյալի ազատ արձակվելու իրավունքը կախվածության մեջ դնել դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու և/կամ բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալու հետ և դրանով պայմանավորված դատապարտյալի ազատվելու իրավունքն այդ կերպ սահմանափակելը»: Դիմողը գտնում է, որ այն դեպքում, երբ հօգուտ դատապարտյալի որոշում է կայացվում, սակայն այդ որոշումն անհապաղ ի կատար չի ածվում, ապա իմաստազրկվում է դատական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքը, այն դարձնում տեսական և պատրանքային, իսկ գործնականում հեղինակազրկում դատական իշխանությունը, քանի որ դատարանի որոշումն անձի համար բարենպաստ հետևանքներ չի առաջացնում այնքան ժամանակ, քանի դեռ օրինական ուժի մեջ չի մտել կամ բողոքարկման կարգով չի հաստատվել դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը: Դիմողի պնդմամբ առկա իրավիճակը ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավակարգավորման հետևանքն է, քանզի պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին դատարանի որոշման դեմ բողոքների քննության նկատմամբ կիրառելի են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները, մինչդեռ եթե ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ մասը հղում կատարեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխին, նման խնդիր չէր ծագի: Ամփոփելով իր դիրքորոշումը դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող նորմերը առերևույթ հակասում են Սահմանադրության 61, 63, 75 և 78-րդ հոդվածներին:
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով ներքոգրյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Իբրև արդարադատությունը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա իրականացնելու գործուն երաշխիք սահմանադիրը, ի թիվս այլնի, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով հռչակում է դատարանների սահմանադրական արդարադատություն հայցելու իրավասությունը նախանշելով այն պայմանները, որոնց համաժամանակյա առկայությունը տվյալ իրավասության ծագման և իրացման գրավականն է: Այսպես դատարանները խնդրո առարկա իրավասությունը կարող են իրացնել.
ա) բացառապես իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործերով,
բ) այն պարագայում, երբ հիմնավոր կասկածներ ունեն տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ,
գ) եթե գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական դատարանը 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ նշել է. «Դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ», իսկ մեկ այլ 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-176 աշխատակարգային որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանը փաստել է. ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) համատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (դատարանների կողմից վիճարկվող նորմի ձևական կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել իր 2020 թվականի ապրիլի 14-ի թիվ ՍԴԱՈ-81 որոշման մեջ)»: Խնդրո առարկա հարցի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիշյալ սահմանադրական իրավասությունը դատարանները կարող են իրականացնել բացառապես այն պարագայում, երբ սահմանադրական սույն մարմիններն հիմնավոր կասկած ունեն առ այն, որ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործի (վարույթի) լուծումը հնարավոր է բացառապես վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը կարևորում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «տվյալ գործի լուծումը» ձևակերպման սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման անհրաժեշտությունը: Իբրև ուղենիշ ունենալով հակասահմանադրական իրավադրույթների կիրառմամբ արդարադատություն իրականացնելը բացառելու նպատակը սահմանադիրը խնդրո առարկա ձևակերպման ներքո դիտարկել է բացառապես այն իրավանորմերը, որոնք կանխորոշում են տվյալ գործի քննության ընթացքը և կայացվելիք դատական ակտի ելքը: Այլ խոսքով բոլոր դեպքերում, երբ դատարանների կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացվում է կոնկրետ իրավանորմի սահմանադրականության գնահատման հարց, որն ինքնին չի անդրադառնալու տվյալ գործի քննության ընթացքում իրականացվող դատավարական ընթացակարգերի և վերջնարդյունքում գործով կայացվելիք դատական ակտի բովանդակության և ելքի վրա, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավակարգավորման տրամաբանությամբ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Սույն գործով ներկայացված դիմումի շրջանակներում դիմողը նշում է. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով առերևույթ հիմնավոր է դատապարտյալի բողոքը և ենթակա է բավարարման, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է առաջին ատյանի դատարանի բողոքարկված որոշումը բեկանի և որոշում կայացնի դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին»: Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է արդեն իսկ կայացվելիք դատական ակտով վրա հասնող ենթադրյալ հետևանքները կանոնակարգող իրավանորմերի սահմանադրականության հարց, որպիսի հանգամանքն ուղղակիորեն հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով» սահմանադրական պայմանի անտեսման, ուստի` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանա-դրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասի և 165-րդ հոդվածի 5-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
22 նոյեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-185
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-185
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
