Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 107-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 107-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12227 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-122)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հոկտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 122 | «ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 107-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 107-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լուսինե Հակոբյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Լուսինե Հակոբյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 11-րդ և 64-րդ հոդվածներին հակասող և/կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածին հակասող, այնքանով որքանով փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը չի հանդիսանում նվազագույն երաշխավորված շեմ վարձատրությունը որոշելու հարցում»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/33328/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը որոշելը դատարանին լիազորելը ոչ իրավաչափ է և հակասում է Սահմանադրության 64-րդ հոդվածին:

Դիմողը գտնում է, որ «(...) այն պարագայում, երբ առկա է ուղենիշային սահմանված գնացուցակ և սահմանադրությամբ փաստաբանական համայնքի անկախության և ինքնակառավարման սկզբունք, նման պայմաններում Փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը որոշելը դատարանին լիազորելը, այն պարագայում, երբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը չի հանդիսանում նվազագույն երաշխավորված շեմ վարձատրությունը որոշելու հարցում, ոչ իրավաչափ է, հակասում է սահմանադրության 64-րդ հոդվածին՝ սահմանափակելով փաստաբանական գործունեության անկախությունը և ինքնավարությունը»:

Ըստ Դիմողի՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, որոշակի գնացուցակ սահմանելով, ձևավորել է ուղենիշ ինչպես փաստաբանների, այնպես էլ դատարանների և այլոց համար, որպեսզի վերջիններս, իրենց կատարած աշխատանքի բարդությունից և ծավալից ելնելով, կարողանան գնահատել տվյալ աշխատանքի գինը՝ Սահմանադրությամբ իրենց վերապահված անկախության և ինքնավարության սկզբունքների հիման վրա, ազատորեն մրցակցելով ազատ շուկայի պայմաններում: Դիմողի պնդմամբ՝ փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը, առաջնորդվելով ուղենշային գնացուցակով, հենց այդ ծառայությունները մատուցած փաստաբանից ավելի լավ գնահատել որևէ այլ մարմին պարզապես չի կարող:

Դիմողը նշում է, որ Սահմանադրության 11-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ դատարանին փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերի չափը որոշելու լիազորություններ շնորհելն այն պարագայում, երբ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված՝ փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը չի հանդիսանում նվազագույն երաշխավորված շեմ վարձատրությունը որոշելու հարցում, հակասում է փաստաբանների ազատ տնտեսական գործունեության իրավունքին, չի կարող ուղղված լինել ընդհանուր տնտեսական բարեկեցությանը, սոցիալական արդարությանը, ինչպես նաև հակասում է շուկայի ազատության սահմանադրական կարգին:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածին դատարանների կողմից տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գնահատման շրջանակում ՀՀ փաստաբանների պալատի կողմից սահմանված ուղենշային գնացուցակը էական չէ և հաշվի չի առնվում, հակասում է Սահմանադրության 64, 75, 78 և 79-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։

Այսինքն` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողի պնդմամբ` «(...) գտնում ենք, որ սահմանելով որոշակի գնացուցակ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը ձևավորել է որոշակի ուղենիշ ինչպես փաստաբանների այնպես էլ դատարանների և այլոց համար, որպեսզի վերջիններս կարողանան ելնելով իրենց կատարած աշխատանքի բարդությունից և ծավալից գնահատել իրենց կատարած աշխատանքի գինը Սահմանադրությամբ իրենց վերապահված անկախության և ինքնավարության սկզբունքների հիման վրա, ազատորեն մրցակցելով ազատ շուկայի պայմաններում: Փաստաբանական ծառայությունների մատուցման հետ կապված ծախսերը առաջնորդվելով ուղենիշային գնացուցակով հենց այդ ծառայությունները մատուցած փաստաբանից ավելի լավ գնահատել որևէ այլ մարմին պարզապես չի կարող» [ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի]:

Ուսումնասիրելով Դիմողի կողմից դիմումում ներկայացված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս վիճարկվող դրույթին (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, մասնավորապես՝ դատարանի կողմից, Դիմողի գնահատմամբ, ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանական ծառայությունների համար սահմանված ուղենշային գնացուցակով չառաջնորդվելուն, Դիմողի՝ որպես դատական ծախս դատարանի կողմից սահմանված` փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափի հետ անհամաձայնությանը:

Ելնելով ողջ վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Լուսինե Հակոբյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

27 հոկտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-122

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-122
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել