Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՇԱՆԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՇԱՆԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-13110 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-131)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 նոյեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 131 | ««ՇԱՆԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՇԱՆԹ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Շանթ Պլյուս» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Շանթ Պլյուս» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է.

«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառման արդյունքում այդ նորմին տրված մեկնաբանությունը, այնքանով, որ բողոքարկման տասնհինգօրյա ժամկետը հաշվարկելիս հաշվի չի առնվել, թե ՀՀ սնանկության դատարանի բողոքարկման ենթակա 25.10.2022թ. դատական ակտը, երբ է հասանելի դարձել դիմողին և այնքանով, որ բողոքարկման տասնհինգօրյա ժամկետում հաշվարկվել է ոչ աշխատանքային օրերը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ (3-րդ մաս), 28-րդ, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 78-81-րդ հոդվածներին հակասող»:

2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ դատական պրակտիկայում բողոքարկման ենթակա դատական ակտը www.datalex.am կայքում մուտք անելը սնանկության վարույթի մասնակցի համար առաջացնում է իրավական հետևանք. մուտք անելու օրը նույնականացնելով հրապարակման օրվա հետ՝ անկախ մուտք անելու ժամից, սկսվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բողոքարկման ժամկետի մեկնարկը:

Դիմողը գտնում է, որ սնանկության վարույթում դատական ակտի հրապարակման ժամկետի մասին նախապես չծանուցվելու պայմաններում դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունքի իրացումը լիարժեք կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե բողոքարկման ժամկետի մեկնարկը հաշվարկվի բողոքարկման ենթակա դատական ակտն առձեռն կամ փոստային ծառայության միջոցով հանձնելու կամ դրա՝ տեղեկատվական համակարգում հրապարակված լինելու մասին ծանուցելու օրվանից:

Դիմողը փաստում է, որ «www.datalex.am կայքը նշում չի պարունակում, թե կայքում դատական ակտը երբ է հրապարակվել, իսկ դատական ակտը կայքում տեղադրելու ամսաթիվը չի կարող ընկալվել որպես հրապարակման օր: Եթե անգամ ենթադրաբար համարենք որ կայքում տեղադրելու օրը համընկնում է հրապարակման օրվա հետ, ապա բոլոր դեպքերում այն չէր կարող համարվել պատշաճ, քանի որ www.datalex.am կայքում որևէ նշում առկա չէ, թե որ օրն է համարվում հրապարակման օրը»:

Դիմողը նշում է. «(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված «15-օրյա ժամկետում» բողոքարկելու հաշվարկի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ (3-րդ մաս), 28-րդ, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 74-րդ, 78-81-րդ հոդվածներին (...)»:

Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված «15-օրյա ժամկետում» դրույթը չի կարող մեկնաբանվել որպես նշված օրենքով սահմանված, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը բացառող կանոն: Դիմողի պնդմամբ՝ այդպիսի կանոն կարող էր համարվել առկա միայն այն դեպքում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով հատուկ սահմանվեր դատավարական ժամկետների հաշվարկման կարգը, ինչպես սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ գլխի կանոններով:

Դիմողը եզրահանգում է, որ թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործի շրջանակներում վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասն իր նկատմամբ կիրառել է Սահմանադրության պահանջներին հակասող մեկնաբանությամբ՝ հանգեցնելով վիճարկվող դրույթի կամայական կիրառության: Դիմողի պնդմամբ՝ բողոքարկման ժամկետի հաշվարկի կամայական մեկնաբանությունը և դրանում արհեստականորեն ոչ աշխատանքային օրերի ներառումը չեն բխում անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության միջոցների արդյունավետության երաշխիքներ սահմանելու պահանջից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումներով բարձրացված հարցերը չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Գործի նյութերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Իրավահարաբերության կարգավորման բացակայության և կամայական մեկնաբանություններով ձևավորված պրակտիկայի պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բողոքարկման ժամկետի օրվա սկիզբը սխալ է հաշվարկել, ժամկետի մեկնարկի համար հիմք է ընդունել ՀՀ սնանկության դատարանի որոշումը համակարգ տեղադրելու օրը, առանց հաշվի առնելու, որ համակարգում տեղադրված դատական ակտը սնանկության վարույթի մասնակցին հասանելի է դառնալու՝ հրապարակված է համարվելու, հաջորդ օրը, որի արդյունքում սահմանափակվել է «Շանթ Պլյուս» ՍՊ ընկերության կողմից օրենքով նախատեսված տասնհինգ օրվա ժամկետում որոշման դեմ բողոք ներկայացնելու, իր գործը դատարանում քննելու իրավունքը» (ընդգծումը՝ Դիմողի):

Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «(...) «Շանթ Պլյուս» ՍՊ ընկերությունը ՀՀ սնանկության դատարանի 25.10.2022թ. թիվ ՍնԴ/1350/04/22 որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 10.11.2022թ.-ին, օրենքով նախատեսված բողոքարկման ժամկետի շրջանակում, սակայն բողոքարկվող դատական ակտի էլեկտրոնային համակարգում հրապարակման ժամկետի հաշվարկման իրավակարգավորման բացակայության կամ անհստակության և դրանով պայմանավորված սխալ հաշվարկի արդյունքում հանգեցրել է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի սահմանափակմանը»:

Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ տվյալ պարագայում Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է ոչ թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում Սահմանադրական դատարանի կողմից, այլ թիվ ՍնԴ/1350/04/22 սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

3.2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…)անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց: Մինչդեռ, դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը, վիճարկելով վերոնշյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 3-րդ մասին, 28-րդ հոդվածին, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 74, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, չի հիմնավորել վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականությունը:

Այսինքն՝ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը:

Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Ավելին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս փաստել, որ տվյալ օրենքով հստակ տարանջատված են այն դեպքերը, երբ օրենսդիրը դատավարական ժամկետների հաշվարկը պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, և այն դեպքերը, երբ դատավարական ժամկետների հաշվարկում ներառել է նաև ոչ աշխատանքային օրերը: Մասնավորապես՝ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը դատավարական ժամկետների հաշվարկը պայմանավորել է միայն աշխատանքային օրերով, հստակ արձանագրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթում՝ «աշխատանքային օր» ձևակերպմամբ, և հակառակը (տե՛ս, օրինակ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասը և 69-րդ հոդվածի 1-ին մասը):

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 1-ին հոդվածին և 3-րդ հոդվածի 3-րդ մասին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք ամրագրված են Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 28, 74, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, ապա դրանց բովանդակությունից բխում է, որ դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության լույսի ներքո:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Դիմողի որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 28, 74, 78, 79, 80 և 81-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում:

Այսպիսով, սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Շանթ Պլյուս» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

10 նոյեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-131

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-131
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել