ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 դեկտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 69 | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 10 դեկտեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով Հովհաննես Գասպարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հովհաննես Գասպարյանը (այսուհետ՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 4-ին), խնդրել է հետևյալը.
«1. Ազգային ժողովի կողմից ընդունված Քրեական դատավարության գործող օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։
(...)»:
2. Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 398-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, նաև ներպետական օրենսդրության պահանջներին և Սահմանադրական, Վճռաբեկ և միջազգային դատարանների կողմից արտահայտված դիրքորոշումներին։
Միաժամանակ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթում առկա է իրավական անորոշություն, քանի որ պարզ չէ, թե դատարանն ինչի հիման վրա է գալիս հետևության, որ բողոքը վարույթ ընդունելը պետք է մերժվի, և հստակեցված չէ, թե ինչու պայմանների վերաբերյալ հիմնավորումները բավարար չեն։
Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթով օրենսդիրը Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել ինքնուրույն որոշելու և գալու հետևության, թե դատարան բերված վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար են վարույթ ընդունելու համար, թե՝ ոչ։ Դիմողի կարծիքով, քանի որ դատավորն ազատ է որոշում կայացնելիս և ինքնուրույն է գործում, ապա կարող է իր կամահայտնությունն արտահայտել առանց նշելու, թե ինչու է բողոքը ոչ բավարար չափով հիմնավորված։
Ամփոփելով վերոնշյալը՝ Դիմողը գտնում է, որ Օրենսդիրը վիճարկվող դրույթով Վճռաբեկ դատարանին բացարձակ իրավունք է վերապահել որոշում կայացնելիս ղեկավարվել իր ցանկության ու հարմարավետության համաձայն։
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացված միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից այն պատճառաբանությամբ, որ, լինելով թոշակառու, իր միակ ապրուստի միջոցը կենսաթոշակն է։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ)։
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (…) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Տվյալ դեպքում Դիմողի նկատմամբ Վճռաբեկ դատարանի «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2025 թվականի մայիսի 21-ին, իսկ Օրենսգրքի 281-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ գրավոր ընթացակարգով վարույթների դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել 2025 թվականի մայիսի 21-ը, որպիսի պայմաններում էլ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2025 թվականի նոյեմբերի 24-ին (նույն թվականի նոյեմբերի 22-ը և 23-ը ոչ աշխատանքային օրեր են), մինչդեռ սույն գործով դիմումը փոստային ծառայության եղանակով Սահմանադրական դատարան է ներկայացվել սույն թվականի դեկտեմբերի 1-ին։ Նման պայմաններում Դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը, Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով մերժելու համար։
Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը, անհատական դիմումին չկցելով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ, ներկայացրել է միջնորդություն` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի դատական կազմը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման պատճառաբանություններով Դիմողի դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկումը դառնում է առարկայազուրկ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հովհաննես Գասպարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Է. Շաթիրյան
Ս. Սաֆարյան
10 դեկտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-69
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-69
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
