Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1620 հոկտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 16 | ՄԱԳԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

20 հոկտեմբերի 2014 թվականի

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացիներ Մագդա Եղիազարյանի և Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են.

«1. «ՀՀ Սահմանադրության 18, 19, 20, 3, 14.1-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը,

2. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի «վճռաբեկ բողոքին կցվում են … բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները» դրույթի «ուղարկել» դրույթը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ, որով բացառում է բողոքը էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային փոստով գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելը,

3. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի «վճռաբեկ բողոքին կցվում են … վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը /էլեկտրոնային կրիչը/ մասով, և/կամ

4. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 5, 6 և 91, 18-րդ հոդվածներին, 101-րդ հոդվածի 7-րդ ենթակետին հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը,

5. ՀՀ Սահմանադրության 1-ին, 3 և 83.5, 5, 6 և 91, 18-րդ

հոդվածներին, 101-րդ հոդվածի 7-րդ ենթակետին հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով չի նախատեսում սահմանադրական դատարան դիմելու մասին դատավարության կողմի միջնորդությունը մերժելու որոշումը պատճառաբանելու դրույթը»։

Դիմողները գտնում են, որ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված վիճարկվող դրույթները, հակասություն ստեղծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված և դրանց պարտադիր կատարման նպատակով երաշխավորված միջազգային պայմանագրերի միջև, բացասական և անհաղթահարելի իրավական հետևանքներ են առաջացրել իրենց նկատմամբ։

Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ գործը քննության պետք է ընդունվի մասնակիորեն.

Քաղ. Արտակ Զեյնալյանի մասով

Քաղ. Արտակ Զեյնալյանը դատարաններում չի հանդիսացել որպես դատավարության կողմ, չի ներկայացրել իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, հետևաբար, օժտված չէ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավունքով։

ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասերում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Հաշվի առնելով վերոգրյալը դատական կազմը գտնում է, որ քաղ. Արտակ Զեյնալյանի մասով ներկայացված անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով։ Քաղ. Մագդա Եղիազարյանի մասով

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ։

ՀՀ վճռաբեկ դատարանի 2014թ մայիսի 14-ի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանը դիմողի կողմից ներկայացված բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «... վճռաբեկ բողոքը չի բերվել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չի ներկայացվել ներկայացուցչի սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը ...», առանց որևէ անդրադարձ կատարելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71- րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին։

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին որպես պարտադիր պայման համարվող պահանջները ինքնանպատակ չեն։ Դրանք կոչված են ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնելու սահմանադրական դատարանի պատշաճ և արդյունավետ գործառույթի իրականացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն որպես սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտ կարող է համարվել ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը, ով դատարաններում հանդիսացել է դատավարության մասնակից /կողմ/, առկա է դատարան/ներ/ի կողմից իր նկատմամբ կիրառված դատական ակտ և սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Մասնավորապես, դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը որն ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից է հանդիսացել,

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

որի նկատմամբ օրենքի վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոիշյալ դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթի մասով անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման, քանի որ դիմողի կողմից վիճարկվող դրույթը նրա նկատմամբ չի կիրառվել։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ և 158-րդ հոդվածի 5-րդ մասերի վերաբերյալ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն ֆիզիկական կամ իրավաբանական այն անձինք, ովքեր բողոքը ներկայացնում են փաստաբանի միջոցով։ Դատական կազմը գտնում է, առկա չեն դիմումի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Միաժամանակ, ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ սահմանադրական դատարանի առաջին դատական կազմը 2014 թվականի հուլիսի 23-ի ՍԴԴԿՈ/1-11 որոշմամբ քաղաքացի Արա Սարգսյանի 09.07.2014թ. դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործն ընդունել է վարույթ և սահմանադրական դատարանի 2014թ հուլիսի 24-ի ՍԴԱՈ-35 աշխատակարգային որոշմամբ քննության օր է նշանակվել 2014թ դեկտեմբերի 9-ը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով, դատական կազմը գտնում է, որ խնդրո առարկա դիմումը վերոհիշյալ հոդվածի մասով, կարելի է միավորել հիշյալ գործին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ վճռաբեկ բողոքին, ի թիվս այլնի, կցվում է նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը /էլեկտրոնային կրիչը/։

Ելնելով վերոգրյալից դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասով քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Արտակ Զեյնալյանի անհատական դիմումով մասով գործի քննության ընդունումը մերժել։

2. Քաղաքացի Մագդա Եղիազարյանի մասով անհատական դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով և 158-րդ հոդվածի 5-րդ մասով գործն ընդունել քննության։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

20 հոկտեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հոկտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել