««ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 432-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-230)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 230 | ««ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 432-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 432-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Առգե Բիզնես» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Առգե Բիզնես» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Գրիգորյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի՝
այն մեկնաբանությունը, որի համաձայն պարտավորության առաջացումից և դրա արդեն իսկ տեղի ունեցած խախտումից հետո առաջացած հանգամանքը կարող է համարվել պարտավորության կատարման անհնարինություն և այդ հիմքով հանգեցնել արդեն գոյացած, ժամկետանց և դատական պաշտպանության ներկայացված դրամական պարտավորության դադարմանը,
ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
(...) Որպես այլընտրանք. եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասը ինքնին կարող է մեկնաբանվել Սահմանադրությանը համապատասխանող իրավանորմ, (...) այն ճանաչել Սահմանադրությանը համապատասխան այն սահմանադրաիրավական մեկնաբանությամբ, համաձայն որի՝
ա) պարտավորության կատարման անհնարինությունը պետք է վերաբերի կոնկրետ պարտավորության կատարմանը և ունենա դրա հետ անմիջական պատճառահետևանքային կապ,
բ) պարտավորության խախտումից հետո առաջացած հանգամանքը չի կարող ինքնաբերաբար դադարեցնել նախկինում արդեն գոյացած և խախտված դրամական պարտավորությունը,
գ) պարտապանի տնտեսական գործունեության դադարումը, որոշակի շուկայի կորուստը, եկամուտ ստանալու հնարավորության բացակայությունը կամ տնտեսական դժվարությունը ինքնին չեն կարող նույնացվել դրամական պարտավորության օբյեկտիվ կատարման անհնարինության հետ,
դ) պարտավորության դադարման համար կիրառվող անհնարինության հանգամանքի ժամանակային ազդեցությունը պետք է լինի կանխատեսելի և չի կարող հետադարձ կերպով վերացնել արդեն գոյացած գույքային պահանջը, եթե օրենքով հստակ այլ բան նախատեսված չէ,
ե) այդպիսի պարտավորության դադարումը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել դրա ապահովման համար սահմանված և պետականորեն գրանցված գրավի իրավունքի դադարմանը, եթե հիմնական պարտավորության դադարման սահմանադրականորեն որոշակի և կանխատեսելի հիմքը բացակայում է:
(...) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող նորմը կիրառվել է Դիմողի նկատմամբ և դրա հիման վրա կայացվել է վերջնական դատական ակտ, Սահմանադրական դատարանի որոշման հետևանքները Դիմողի նկատմամբ կիրառել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի վերանայման հնարավորությունն ապահովելու նպատակով»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/46436/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրության 60 և 79-րդ հոդվածների պահանջներին այն իրավիճակում, երբ պարտավորության խախտումն արդեն իսկ տեղի է ունեցել մինչև պարտավորության կատարման ենթադրյալ անհնարինությունն առաջացնող հանգամանքը, սակայն հետագայում առաջացած այդ հանգամանքը դատարանի կողմից դիտարկվում է որպես արդեն գոյացած և խախտված դրամական պարտավորության դադարման հիմք՝ առանց օրենքում հստակ սահմանելու այդ հանգամանքի ժամանակային ազդեցության սահմանները, դրա կիրառման չափանիշները և հետևանքներն արդեն առաջացած, դատական քննության առարկա հանդիսացող ու գրավով ապահովված պահանջների նկատմամբ (դեպքում), ինչպես նաև արդյո՞ք իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին համապատասխան է այնպիսի իրավակարգավորումը, որի պայմաններում «պարտավորության կատարման անհնարինություն» հասկացությունը կարող է ներառել ոչ միայն պարտավորության կոնկրետ կատարման իրավական կամ փաստական օբյեկտիվ անհնարինությունը, այլև պարտապանի տնտեսական գործունեության դադարեցումը, շուկայի կորուստը կամ եկամուտներ ստանալու հնարավորության բացակայությունը՝ առանց օրենքում այդ սահմանազատման, դրանց որոշակիացման հստակ չափանիշների սահմանման:
Դիմողի պնդմամբ՝ սույն խնդիրը պետք է գնահատվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի և 247-րդ հոդվածի հետ համակարգային կապի մեջ, քանի որ հիմնական պարտավորության դադարումը դատարանի կողմից օգտագործվել է նաև պետականորեն գրանցված գրավի իրավունքի դադարումը հիմնավորելու համար:
Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասը չի տալիս բավարար հստակ պատասխան այն հարցին, թե արդյո՞ք պարտավորության կատարման անհնարինություն առաջացնող հետագա հանգամանքը կարող է դադարեցնել նախկինում արդեն իսկ խախտված պարտավորությունը:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթում առկա բացը խնդրո առարկա քաղաքացիական գործով հանգեցրել է այնպիսի մեկնաբանության, որի հետևանքով 2023 թվականին տեղի ունեցած հանգամանքը վերացրել է 2020-2021 թվականներին արդեն գոյացած և խախտված գույքային պահանջն այն դեպքում, երբ կողմն արդեն իսկ դիմած է եղել դատական պաշտպանության: Ըստ Դիմողի՝ նման իրավական հետևանքը պետք է առնվազն ուղղակիորեն և կանխատեսելիորեն սահմանված լինի օրենքով, քանի որ հակառակ դեպքում՝ անձը չի կարող ողջամտորեն կանխատեսել, թե ի՞նչ պայմաններում կարող է կորցնել արդեն ձեռք բերած գույքային պահանջը:
Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթը բավարար հստակությամբ չի կարգավորում այն հարցը, թե արդյո՞ք տնտեսական գործունեության դադարումը կամ եկամուտների ստացման հնարավորության կորուստն ինքնին կարող է համարվել դրամական պարտավորության կատարման օբյեկտիվ անհնարինություն: Այս առումով Դիմողը գտնում է, որ տվյալ անորոշությունը դատարանին թույլ է տվել տնտեսական գործունեության փաստական անհնարինությունը նույնացնել կոնկրետ դրամական պարտավորության կատարման իրավական անհնարինության հետ:
Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթի անորոշ մեկնաբանությունը ոչ միայն իրեն զրկել է պարտապանից գումար պահանջելու հնարավորությունից, այլև վերացրել է այդ պահանջի ապահովման իրական գույքային երաշխիքը (գրավը): Ուստի՝ Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթը պետք է գնահատվի նաև այն տեսանկյունից, թե որքանո՞վ է կանխատեսելի դրա կիրառման հետևանքը գրավով ապահովված պահանջների նկատմամբ:
Ըստ Դիմողի՝ եթե պարտավորությունն արդեն խախտված է, իսկ պարտատերն արդեն դիմել է դատարան, ապա նրա պահանջն ամբողջությամբ վերացնելը պահանջում է առավել հստակ և կանխատեսելի իրավական հիմք՝ առավել ևս, երբ առկա է գրավով ապահովված պահանջ, իսկ դատական գործընթացը սկսված է եղել դեռևս 2021 թվականից։ Նման դեպքում, Դիմողի պնդմամբ, պետք է գնահատվի ոչ միայն պարտապանի վիճակը, այլև՝ արդյո՞ք հնարավոր է նույն նպատակին հասնել պարտատիրոջ գույքային իրավունքի համար ավելի նվազ սահմանափակող եղանակով։ Դիմողը հավելելով նշում է, որ վիճարկվող դրույթը տարբերակման նման չափանիշներ չի սահմանում։
Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը չեն ապահովում բավարար իրավական որոշակիություն այն իրավիճակում, երբ պարտավորության կատարման ենթադրյալ անհնարինություն առաջացնող հանգամանքը ծագում է պարտավորության առաջացումից և դրա խախտումից հետո։ Ըստ Դիմողի՝ իր համար նախապես կանխատեսելի չէր, որ 2023 թվականին առաջացած հանգամանքը կարող էր հանգեցնել 2020-2021 թվականներին արդեն խախտված և 2021 թվականից դատական գործընթացում գտնվող դրամական պահանջի դադարմանը։ Առավել ևս, Դիմողի պնդմամբ, իր համար կանխատեսելի չէր, որ նշվածի արդյունքում կարող էր դադարել նաև Հայաստանի Հանրապետությունում պետականորեն գրանցված գրավի իրավունքը։
Դիմողը նշում է, որ նման պայմաններում վիճարկվող դրույթի անորոշությունը հանգեցրել է իր գույքային իրավունքի և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման։ Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ նման սահմանափակումը չի համապատասխանում Սահմանադրության 60, 61 և 79-րդ հոդվածների պահանջներին։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրության հիշյալ դրույթն ամրագրված է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմ(եր)ի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողը նշել է. «Վերաքննիչ դատարանը պարտավորության կատարման անհնարինության հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Պրայմ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն այլևս չէր կարող իրականացնել իր նախկին տնտեսական գործունեությունը Արցախում, իրացնել ապրանքներ և դրանից եկամուտ ստանալ։
Սակայն այդ հանգամանքը ինքնին դեռևս չի պատասխանում այն հարցին, թե ինչու է դարձել անհնարին կոնկրետ դրամական պարտավորության կատարումը։
(...)
(...) տվյալ դեպքում պարտավորության կատարումը կարող էր գնահատվել ոչ միայն պարտապանի նախկին տնտեսական գործունեության, այլ նաև պարտավորության իրավական կառուցվածքի ամբողջության մեջ»:
Դիմողը նաև նշել է. «(...) դատարանի տրամաբանությամբ՝
Արցախում գործունեության դադարումը հանգեցրել է Ընկերության գործունեության դադարման, որն էլ իր հերթին հանգեցրել է եկամուտ ստանալու անհնարինության և հետևաբար՝ դրամական պարտավորության կատարման անհնարինության։
Մինչդեռ ՀՀ տարածքում Ընկերության՝ դեռևս 2018 թվականից գրանցված առանձնացված ստորաբաժանման առկայությունը ցույց է տալիս, որ այս պատճառահետևանքային շղթայի յուրաքանչյուր օղակ ինքնուրույն ապացուցման և իրավական գնահատման կարիք ուներ»:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Դիմողի կողմից ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/46436/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերոնշյալ քաղաքացիական գործով ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/46436/02/21 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««Առգե Բիզնես» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Է. ՇԱԹԻՐՅԱՆ
20 հոկտեմբերի 2026 թվականի
ՍԴԱՈ-230
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հոկտեմբերի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-230
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
