«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 ապրիլի 2021թ. ՍԴԴԿՈ - 23 | «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 8 ապրիլի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մարտի 25-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասն այնքանով, որքանով չի ապահովվում/երաշխավորում նաև պատասխանողի հայցի ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածների, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասի և 78-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը պնդում է, որ նորմաստեղծ գործունեությունում պետությունը իր պոզիտիվ պարտականությունն իրացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասով պատասխանողին զրկել է հայցի ապահովումը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ինչը սահմանափակել է դատարանի (արդարադատության) մատչելիությունը, դրանով խաթարել է այդ իրավունքի բուն էությունը: Ըստ դիմողի առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է կարգավորվի այնպես, որ ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան) վերանայման հնարավորությունը: Այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Դիմողի համոզմամբ առկա չէ որևէ օբյեկտիվ հիմք և իրավաչափ նպատակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու, մասնավորապես սահմանափակելու քաղաքացիական դատավարության մասնակիցներից պատասխանողին բողոքարկելու հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը այն դեպքում, երբ հայցվորին այդպիսի իրավունք/արտոնություն է վերապահված: Վիճարկելու հնարավորության բացակայությունը չի ապահովում իրավական պաշտպանության հավասար պայմաններ հայցվորի և պատասխանողի համար:
3. Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում անդրադառնալ Սահմանադրական դատարանի` միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ առկա մի շարք որոշումներին, որոնցում, կախված միջանկյալ դատական ակտի կոնկրետ տեսակից, արտահայտվել են միմյանցից տարբերվող դիրքորոշումներ: Այսպես.
ա) «… օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: (ՍԴՈ-922, 2 նոյեմբերի 2010 թ.)
բ) «Այդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով հատկապես սույն գործով քննության առարկա հարցադրումներից, սկզբունքորեն հանգեցնում են իրավահամակարգային նշանակություն ունեցող հետևյալ եզրահանգումներին. (…)
- բողոքարկելի են միջանկյալ դատական այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը, մինչդեռ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու դատավորի հայեցողությանը, (…)
Վերոհիշյալ իրավաչափ նպատակների իրացման անհրաժեշտությունից ելնելով` սահմանադրական դատարանը նաև արձանագրել է միջազգային իրավակիրառական պրակտիկայի զարգացման այն միտումը, համաձայն որի` առկա է միջանկյալ դատական ակտերի անմիջական բողոքարկման հնարավորությունը նվազագույնի հասցնելու և դրանց «հետաձգված բողոքարկման» կարգին նախապատվություն տալու ընդհանուր միտում»: (ՍԴՈ-1191, 24 փետրվարի 2015թ.),
գ) «Օրենսգրքի հիշյալ հոդվածից բխում է, որ օրենսդիրը քաղաքացիական դատավարության շրջանակներում նախատեսել է առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող բոլոր դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման հնարավորություն, իսկ միջանկյալ դատական ակտերի համար օրենսդիրը սահմանել է անմիջական բողոքարկման հնարավորություն միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչը չի բացառում միջանկյալ դատական ակտերի հետաձգված բողոքարկումը»: (ՍԴՈ-1330, 13 դեկտեմբերի 2016 թ.),
դ) «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (131-րդ հոդված) սահմանում է այն միջանկյալ դատական ակտերի շրջանակը, որոնք ենթակա են բողոքարկման: Վերջինս այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկելու վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու մյուս հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է: ՀՀ սահմանադրական դատարանն իր 02.11.2010թ. ՍԴՈ-922 որոշմամբ ամրագրել է, որ «…օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում։ Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: Հիմք ընդունելով վերոհիշյալը` սահմանադրական դատարանը փաստում է, որ, մի կողմից, օբյեկտիվորեն հնարավոր չէ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման` «հետաձգված բողոքարկման» շրջանակներում վիճարկումը, իսկ մյուս կողմից` գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայում է գործի վարույթը կարճելու մասին որոշման` անմիջական բողոքարկման շրջանակներում վերանայման հնարավորությունը: Այլ կերպ ասած, ամրագրելով գործի վարույթը կարճելու հետ կապված իրավահարաբերությունները` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա բողոքարկելու գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը` բացառելով նաև դրա օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը, մինչդեռ վերջինիս առկայությունն անհրաժեշտություն է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում»: (ՍԴՈ-1190, 10 փետրվարի 2015 թ.),
ե) «… գոյություն ունեն գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման առանձնահատկություններ: Սահմանադրական դատարանն իր` 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշման մեջ, վերլուծելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկմանն առնչվող իրավադրույթները, արձանագրել է. « …. օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը .… »: Սահմանադրական դատարանը գտնում է, որ, երբ գործն ըստ էության չլուծող դատական ակտով սահմանափակվում է անձնական ազատության հիմնական իրավունքը, ապա այդ իրավունքի պաշտպանությունն արդյունավետ չի իրացվում հետաձգված բողոքարկման միջոցով, քանի որ անձը դատական քննության ողջ ընթացքում շարունակում է մնալ կալանքի տակ անորոշ ժամկետով չունենալով այդ ընթացքում կալանքի իրավաչափությունը բողոքարկելու հնարավորություն: Այդ առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, դրա արդյունավետության երաշխավորման առանձնահատուկ ինստիտուտ է վերադաս դատական ատյանների կողմից դատական ակտի վերանայումը։ Քրեադատավարական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից և դատական պաշտպանության իրավունքի ու դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման ապահովման նկատառումներից ելնելով պաշտպանության կողմի համար պետք է երաշխավորվի որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների անմիջական բողոքարկումը վերաքննության կարգով»: (ՍԴՈ-1487, 6 նոյեմբերի 2019 թ.): Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերը նշված գործերը և քննարկվող դիմումի հիման վրա գործն առնչվում են նույն ինստիտուտին, այլ ոչ թե «նույն հարցին»` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով: Նման դիրքորոշման համար հիմք է հանդիսանում այն, որ վերը նշված գործերը վերաբերել են միջանկյալ դատական ակտերի կոնկրետ տեսակներին, և Սահմանադրական դատարանը որոշում կայացնելիս քննության առարկա է դարձրել միջանկյալ դատական ակտի կոնկրետ տեսակին վերաբերող իրավանորմը: Այդ է պատճառը, որ, օրինակ, ՍԴՈ-1487 որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտել է, որ երբ գործն ըստ էության չլուծող դատական ակտով սահմանափակվում է անձնական ազատության հիմնական իրավունքը, ապա այդ իրավունքի պաշտպանությունն արդյունավետ չի իրացվում հետաձգված բողոքարկման միջոցով, քանի որ անձը դատական քննության ողջ ընթացքում շարունակում է մնալ կալանքի տակ անորոշ ժամկետով չունենալով այդ ընթացքում կալանքի իրավաչափությունը բողոքարկելու հնարավորություն: Նույնը վերաբերում է նաև ՍԴՈ-1190 որոշմանը: Այսինքն վերը նշված բոլոր գործերով և սույն դիմումի հիման վրա գործով բարձրացված հարցը կոնկրետ տեսակի միջանկյալ դատական ակտի բողոքարկման, այլ ոչ թե ընդհանրապես միջանկյալ դատական ակտի բողոքարկման հարցն է:
4. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես. դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմումն ակնհայտ անհիմն չէ,
դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
1. «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի անհատական դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Վ. Գրիգորյան
8 ապրիլի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
