Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-619 փետրվարի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 փետրվարի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 6 | ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

19 փետրվարի 2015 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով քաղաքացի Մաքսիմ Սարգսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Մաքսիմ Սարգսյանը 2015 թվականի փետրվարի 2-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածը վերաբերում է հակընդդեմ հայց ներկայացնելու կանոններին, որի 3-րդ մասի 3-րդ նախադասության համաձայն «Հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժվում է նաև, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներինե։ Տվյալ գործի շրջանակում, հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժվում է սկզբնական հայցից հրաժարվելու դեպքում։

Դիմողի կարծիքով, սկզբնական հայցից հրաժարվելը չպետք է խոչընդոտի հակընդդեմ հայցի վարույթ ընդունելուն և քննելուն։ Դիմողի պնդմամբ, սկզբնական և հակընդդեմ հայցերը որպես ինքնուրույն նյութաիրավական պահանջներ, գտնվում են բացարձակ հավասար հարթությունների վրա, այդ հայցերի համատեղ քննությունը հակընդդեմ հայցը չի վերածում սկզբնական հայցից ածանցվող երևույթի։ Հետևաբար, ըստ դիմողի, եթե հայցվոր կողմը հրաժարվում է հայցից, ապա դատարանը չպետք է մերժի հակընդդեմ հայցի քննությունը։

Դիմողի կարծիքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 3- րդ մասով հայցը մերժելու դեպքում «անձը զրկվում է նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով վարչական դատարան կրկին դիմելու իրավունքից»։ Դիմողն այդ հիմնավորմամբ պայմանավորված միաժամանակ գտնում է, որ «նշված դեպքում առկա է այնպիսի վտանգ, որ սկզբնական հայցվորը, մտավախություն ունենալով, որ իր հայցը դատարանի կողմից կարող է չբավարարվել, կարող է հրաժարվել դրանից միաժամանակ արգելափակելով մյուս կողմի հայցի քննությունը»։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննությունը մերժելու հիմքեր հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։

Այսպես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ խնդրո առարկա իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։

Միաժամանակ, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Բացի դրանից, դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։ Հետևաբար, վերոնշյալ իրավադրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Միաժամանակ, սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ դիմողը, ըստ էության, չի սպառել դատական պաշտպանության միջոցները։ Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանը 2014 թվականի ապրիլի 29-ին ընդունելով որոշում դիմողի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ, միաժամանակ արձանագրել է, որ «... հակընդդեմ հայցվորը որևէ կերպ կաշկանդված չէ առանձին պահանջի տեսքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակներով իր ենթադրյալ իրավունքները դատարանում պաշտպանելու համար պահանջ ներկայացնելու հարցում»։ Միաժամանակ, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը ևս իր 2014 թվականի հունիսի 20-ի որոշման մեջ փաստել է, որ «...Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը ... կիրառելի չէ այն դեպքերում, երբ առկա են միայն հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժելու Օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ նախադասությամբ սահմանված հիմքերը, ...»։

Հետևաբար, դիմողը լիովին չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։ Վերոհիշյալ հոդվածի 6-րդ կետն իր որոշակիացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Ըստ հիշատակված հոդվածի 1-ին մասի «... դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Մաքսիմ Սարգսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

19 փետրվարի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/2-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 փետրվարի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել