ՌՈԲԻՆ-ՕՖԻԿ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հոկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 19 | ՌՈԲԻՆ-ՕՖԻԿ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
7 հոկտեմբերի 2015թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Կ. Բալայանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Ռոբին-Օֆիկ Օսկանյանը 10.09.2015թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376դ-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը, և խնդրել է այն ճանաչել ՀՀ Սահմանադրության 17, 18, 19, 25 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը սահմանում է առաջին ատյանի դատարանների կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումների վերաքննության կարգով բողոքարկման ցանկը, որտեղ օրենսդիրը որպես խափանման միջոցի տեսակ չի ներառել «անձին ստորագրությունով չհեռանալու» վերաբերյալ բառակապակցությունը, որն իր էությամբ խափանման միջոցի տեսակ է: Դիմողի կարծիքով` վերոնշյալ բացթողման արդյունքում ինքը զրկվել է նաև խափանման միջոց նշանակելու որոշումը բողոքարկելու իրավական հնարավորությունից:
3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը վիճարկվող դրույթների հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել օրենսդրական բացը մատնանշելով:
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ իրավունքի բացը հաղթահարելու գործում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության արդյունքում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ- 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376դ-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորման համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են միայն առաջին ատյանի դատարանների կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, նշված օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները: Վիճարկվող դրույթը չի նախատեսում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման վերաբերյալ դատարանի կայացրած որոշման վերաքննիչ բողոքարկման հնարավորություն, և առաջացած խնդրի լուծման համար օրենսդրության մեջ առկա չեն այլ իրավական երաշխիքներ: Դիմողի փաստարկների և գործի դատավարական նախապատմության վերլուծության հիման վրա դատական կազմը եզրահանգում է, որ.
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376դ-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Բավարարել Ռոբին-Օֆիկ Օսկանյանի` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
7 հոկտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/2-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
