Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3527 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 35 | ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 ապրիլի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Ա. Զեյնալյանի

Քննության առնելով Հասմիկ Հարությունյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հասմիկ Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արսեն Հովհաննիսյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 7-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«(...)

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում այդ նորմերին տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի, ինչպես նաև 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այդ մեկնաբանությամբ նորմերի կիրառմամբ թույլատրվում է աշխատանքային պայմանագրի լուծման իրավաչափությունը հիմնավորել օրենքով նախատեսված մի քանի հիմքերից միայն մեկի առկայությամբ՝ անտեսելով անհատական իրավական ակտում գործատուի կողմից ներկայացված հիմքերի ամբողջականությունը»:

2․ Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ2/2720/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը կոչված է սահմանելու այն իրավական հիմքերը, որոնց առկայության պայմաններում գործատուն կարող է ձեռնարկել աշխատողի հետ աշխատանքային հարաբերության դադարեցում, մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է արդեն իսկ ընդունված անհատական ակտի օրինականության դատական գնահատման չափանիշներին: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ նշված նորմերը թեև կարող են գործնականում կիրառվել փոխկապակցված կերպով, այնուամենայնիվ, դրանք ունեն ինքնուրույն կարգավորման առարկա և տարբեր իրավական նշանակություն: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից ձևավորված մոտեցումը հանգեցրել է նրան, որ վերոնշյալ նորմերը կիրառվել են ոչ թե իրենց ինքնուրույն բովանդակությամբ, այլ փոխկապակցված մեկնաբանությամբ, որի արդյունքում նյութաիրավական նորմի դիսպոզիցիան փաստացի վերափոխվել է դատավարական նորմի օգնությամբ:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ դատարանները, հղում կատարելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածին, հանգել են հետևության առ այն, որ աշխատանքային պայմանագրի լուծման համար բավարար է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում թվարկված հանգամանքներից թեկուզ մեկի առկայությունը, եթե այն դատարանի գնահատմամբ կարող է համարվել հաստատված: Դիմողը գտնում է, որ այս մոտեցմամբ փաստացի անտեսվել է այն հանգամանքը, թե գործատուն իր ընդունած անհատական իրավական ակտում ի՞նչ ծավալով և ի՞նչ կառուցվածքով է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծման համապատասխան հիմքերը։ Մինչդեռ՝ ըստ Դիմողի՝ սույն գործի նյութերից հետևում է, որ ընկերությունը վիճարկվող անհատական ակտի հիմքում դրել է ոչ թե օրենքով նախատեսված հնարավոր հիմքերից որևէ մեկն առանձին վերցված, այլ միաժամանակ մի քանի փոխկապակցված հանգամանքներ՝ դրանք ներկայացնելով որպես աշխատանքային պայմանագրի լուծման միասնական և ամբողջական հիմնավորում: Ուստի՝ Դիմողը համոզված է, որ իրավաբանական գնահատման առարկան այլևս չի սահմանափակվում նրանով, թե արդյո՞ք օրենքը վերացական մակարդակում թույլատրում է նշված հանգամանքներից որևէ մեկի առկայությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը:

Դիմողը նաև նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասն իր բնույթով չի կարող մեկնաբանվել այնպես, որ թույլ տա փոխել կամ վերասահմանել այն փաստական հիմքերի բովանդակությունը, որոնք գործատուն անձամբ դրել է իր անհատական իրավական ակտի հիմքում։ Դիմողի պնդմամբ՝ նշված նորմի նպատակը դատական վերահսկողության չափանիշ սահմանելն է, այլ ոչ թե վիճարկվող անհատական ակտի փաստական կառուցվածքը վերափոխելը: Հետևաբար՝ Դիմողը գտնում է, որ այն պարագայում, երբ գործատուն իր որոշման հիմքում միաժամանակ դնում է մի քանի հանգամանքներ, դատարանի խնդիրը պետք է լինի ստուգել այդ ակտի իրավաչափությունն այն տեսքով, որով այն կայացվել է, այլ ոչ թե դրանից անջատել առանձին բաղադրիչ և միայն դրա հիման վրա մերժել հայցը։

Ըստ Դիմողի՝ մատնանշված քաղաքացիական գործով կիրառված մոտեցումը ցույց է տալիս, որ վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ընդլայնվել է տվյալ նորմերի կիրառման ծավալը՝ դուրս գալով դրանց բնական և համակարգային ընկալման սահմաններից: Դիմողը գտնում է, որ անհատական իրավական ակտի հիմքում դրված բոլոր փաստական հանգամանքների ամբողջական ստուգման պահանջը փոխարինվել է դրանցից մեկի ընտրովի հաստատմամբ, որը, իր հերթին, էական ազդեցություն է ունեցել գործի ելքի վրա:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ խնդրո առարկա նորմերի կիրառումը դառնում է անկանխատեսելի և փոփոխական՝ կախված ոչ թե դրանց հստակ բովանդակությունից, այլ դրանց տրված մեկնաբանությունից: Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներին ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված՝ աշխատանքից անհիմն ազատումից պաշտպանության իրավունքի սահմանափակման, քանի որ, եթե ընկերությունն իր ակտի հիմքում միաժամանակ դնում է մի քանի փոխկապակցված հանգամանքներ, ապա դրանց ամբողջությունն է կազմում իր ազատման հիմնավորումը, իսկ դրանցից յուրաքանչյուրի բացակայությունը պետք է ազդի այդ հիմնավորման ամբողջականության վրա: Այս առումով Դիմողը նաև նշում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով երաշխավորված՝ աշխատանքի ազատ ընտրության և աշխատանքից անհիմն ազատումից պաշտպանության իրավունքի բովանդակությանը, քանի որ այն փաստացի հանգեցնում է նրան, որ գործատուի կողմից վկայակոչված՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի ամբողջական գնահատումը փոխարինվում է դրանցից որևէ մեկի հաստատմամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասի լայն մեկնաբանության արդյունքում:

3․ Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ՝ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողը, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Սույն գործով, սակայն, դատարանների կողմից ձևավորված մոտեցումը հանգեցրել է այն բանին, որ նշված երկու նորմերը կիրառվել են ոչ թե իրենց ինքնուրույն բովանդակությամբ, այլ այնպիսի փոխկապակցված մեկնաբանությամբ, որի արդյունքում նյութաիրավական նորմի դիսպոզիցիան փաստացի վերափոխվել է դատավարական նորմի օգնությամբ:

Մասնավորապես, դատարանները, հղում կատարելով նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածին, այնպիսի հետևության են հանգել, ըստ որի՝ աշխատանքային պայմանագրի լուծման համար բավարար է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում թվարկված հանգամանքներից թեկուզ մեկի առկայությունը, եթե այն դատարանի գնահատմամբ կարող է համարվել հաստատված: Այս մոտեցմամբ, փաստացի անտեսվել է այն հանգամանքը, թե գործատուն իր ընդունած անհատական իրավական ակտում ինչ ծավալով և ինչ կառուցվածքով է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծման տվյալ հիմքերը»։

Դիմողը նաև նշել է հետևյալը. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասը, իր բնույթով, չի կարող մեկնաբանվել այնպես, որ այն թույլ տա փոխել կամ վերասահմանել այն փաստական հիմքերի բովանդակությունը, որոնք գործատուն անձամբ դրել է իր անհատական իրավական ակտի հիմքում։ Նշված նորմի նպատակը դատական վերահսկողության չափանիշ սահմանելն է, այլ ոչ թե վիճարկվող անհատական ակտի փաստական կառուցվածքը վերափոխելը: Հետևաբար, երբ գործատուն իր որոշման հիմքում դնում է միաժամանակ մի քանի հանգամանք, դատարանի խնդիրը պետք է լինի ստուգել այդ ակտի իրավաչափությունն այն տեսքով, որով այն կայացվել է, այլ ոչ թե դրանից անջատել առանձին բաղադրիչ և միայն դրա հիման վրա մերժել հայցը»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրակացնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/2720/02/24 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը, որի ստուգումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հասմիկ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Ա. Զեյնալյան

27 ապրիլի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-35

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-35
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել