«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 254-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 12.06.2024 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-94)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 հունիսի 2025թ. ՍԴԱՈ - 94 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 254-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 12.06.2024 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒ
Ամբողջ Տեքստ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 254-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 12.06.2024 Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 12.06.2024 թ. ընդունված՝ փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան Սիմոն Բաբայան, փաստաբան Արամ Վարդևանյան, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 22-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) որոշել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին, իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխանության հարցը»։
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ նույն թվականի նոյեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից (բացառությամբ Օրենսգրքի՝ 444-րդ հոդվածի 2-13-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտել նշված մասերով սահմանված ժամկետներում):
Օրենսգրքի՝ «Շրջանառության հարկ վճարողները» վերտառությամբ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված է.
«3. Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`
(…)
3) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոկերները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, նոտարները, աուդիտորական կազմակերպությունները, փաստաբանական ծառայություն մատուցողները»:
Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը լրացվել է 25.06.2019 թ. ընդունված ՀՕ-68-Ն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով, փոփոխվել է 25.03.2020 թ. ընդունված ՀՕ-185-Ն օրենքի 2-րդ հոդվածով, լրացվել է 25.10.2023 թ. ընդունված ՀՕ-340-Ն օրենքի 2-րդ հոդվածով, շարադրվել է նոր խմբագրությամբ 12.06.2024 թ. ընդունված ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով, փոփոխվել է 12.06.2024 թ. ընդունված ՀՕ-269-Ն օրենքի 7-րդ հոդվածով (նշված օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից»):
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2024 թվականի հունիսի 12-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ նույն թվականի հունիսի 28-ին և ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից:
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է.
«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագող հարաբերությունների վրա, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ»:
3. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 29-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 14-րդ հոդվածի կարգավորումներն ու այդ առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, մասնավորապես, գտնում է, որ պետությունն իր կանոնակարգումներով չպետք է ուղղակի կամ անուղղակի սահմանափակումներ նախատեսի իրավապաշտպան գործունեության համար՝ հաշվի առնելով տվյալ ոլորտի առանձնահատկությունն ու դերը ժողովրդավարության, իրավունքի գերակայության, անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման գործում: Ըստ Դիմողի՝ նշվածն անմիջականորեն փոխկապակցված է փաստաբանական գործունեության՝ Սահմանադրությամբ նախատեսված՝ անկախության և ինքնակառավարման երաշխիքների հետ, իսկ հարկային քաղաքականության էական խստացումը ենթադրում է անուղղակի միջամտություն նշված՝ անկախության և ինքնակառավարման սկզբունքներին:
Դիմողի գնահատմամբ. «(…) Օրենքի ընդունմամբ ոչ միայն անմիջականորեն վտանգի տակ են դրվել վերոնշյալ երաշխիքները, այլ նաև ստացվել է այնպես, որ պետությունն անտեսելով փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը, այն հավասարեցրել է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են, ի թիվս այլնի, խաղատնային գործունեությունը, արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը, շահումով խաղերի իրականացումը, վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը և այլն։ Նշված գործունեության ոլորտները ոչ միայն որևէ կերպ համադրելի չեն, այլ նաև per se վտանգում են իրավական պետության քաղաքականության առաջնահերթություն համարվող` իրավապաշտպան գործունեության անկաշկանդ իրականացման նախադրյալները։ Ավելին, տվյալ պարագայում հաշվի չի առնվում նաև այն, որ ա) մյուս բոլոր համադրվող ոլորտների ֆինանսական գոյացումները համադրելի չեն իրենց ծավալներով փաստաբանական գործունեության ֆինանսական գոյացումների հետ, բ) իրավապաշտպան գործունեության բնույթը ենթադրում է նաև որոշակի խումբ գործերով կամավոր անհատույց (pro bono) հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրումը, որն ի դեպ ՀՀ-ում խրախուսելու համար մոտ մեկուկես տարի առաջ նույն օրենսդրի կողմից մշակվել և ընդունվել էր հատուկ թիվ ՀՕ-366-Ն օրենքը[10]։ Այնինչ, հարկային բեռի ավելացման և ավելացված արժեքով հարկման ռեժիմի նախատեսման պայմաններում, փաստաբանների կողմից կամավոր անհատույց հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ ընդունված օրենսդրական կանոնակարգումները փաստացի կդադարեն գործելուց, այդպիսի օգնություն չի տրամադրվի դրա կարիքն ունեցող անձանց՝ նկատի ունենալով, որ այդպիսի օգնությունը ևս ենթակա է լինելու հարկման։ Այլ կերպ, թեև փաստաբանը եկամուտ չի ստանալու նշված օգնությունը տրամադրելիս, սակայն ստիպված է լինելու վճարել ավելացված արժեքի հարկ»։
Վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 64-րդ հոդվածի 1-ին մասի, 67-րդ հոդվածի 2-րդ կետի, 78-րդ հոդվածի, ինչպես նաև 81-րդ հոդվածի դրույթները, այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի առանձին իրավական դիրքորոշումներն ու մոտեցումները՝ Դիմողը պնդում է, որ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական ծառայություններն էականորեն կթանկանան, անձանց՝ փաստաբանի մատչելիության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներն էապես կսահմանափակվեն:
Դիմողը նշում է. «(…) պետությունը փաստաբանական ծառայությունների մասով իր հարկային քաղաքականությունը վերանայելիս չի կարող հաշվի չառնել նշված հանգամանքները, տվյալ ոլորտի առանձնահատկությունը, փաստաբանական ծառայությունների ուղղակի ազդեցությունը ՀՀ-ում մարդկանց իրավաբանական օգնություն ստանալու և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքներից օգտվելու վրա։ Հակառակ պարագայում, հարկային քաղաքականության խստացման անմիջական ազդեցությունը զգալու են իրավունքների խախտման զոհ դարձած բոլոր այն անձինք, ովքեր չեն կարողանալու իրենց թույլ տալ օգտվել փաստաբանական ծառայություններից, արդյունքում նաև զրկվելով սահմանադրորեն և միջազգայնորեն երաշխավորված՝ «արդյունավետության» բաղադրիչն ապահովող՝ իրավական պաշտպանության հասանելիությունից»:
Վկայակոչելով Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի առանձին դիրքորոշումները, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի կարգավորումները և այդ առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին իրավական դիրքորոշումները՝ Դիմողը նշում է. «(…) թեև պետությունն ունի որոշակի հայեցողություն իր հարկման քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս, սակայն այն ողջամիտ հիմքերից չպետք է զրկվի: Ընդ որում, նկատի ունենալով նաև սեփականության իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտության բնույթը, այն պետք է համահունչ լինի սեփականության իրավունքի սահմանափակման նպատակին:
(…) Տվյալ պարագայում, նախ և առաջ, ինչպես երևում է խնդրո առարկա օրենքի հիմնավորումներից, բացակայում է որևէ հստակ պատճառաբանություն, թե ինչո՞վ է պայմանավորված փաստաբանական ծառայությունների մատուցման առնչությամբ պետության կողմից վարվող հարկային քաղաքականության վերանայումը, որո՞նք են այն ողջամիտ հիմքերը, որոնք պայմանավորել են նշված օրենսդրական փոփոխությունը և հանգեցրել դրա ընդունմանը։ Այս առումով, պետությունը սահմանափակվել է կարծրա-տիպային, խիստ վերացական դատողություններով, նախատեսելով ընդհանրական կարգավորումներ ինչպես փաստաբանական գործունեության, այնպես էլ դրա հետ ոչ համադրելի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ խաղատնային գործունեության, արտարժույթի առք ու վաճառքի գործունեության, շահումով խաղերի իրականացման, վիճակախաղերի կազմակերպման գործունեության հարկման քաղաքականությունը վերանայելիս։ Ավելին, ինչն առավել մտահոգիչ է, օրենքի նախագիծը չի անցել պատշաճ հանրային քննարկում, չի ենթարկվել հանրային վերահսկողության, նույնիսկ ընդունված օրենքի ամփոփաթերթում բացակայում են ՀՀ փաստաբանների պալատի կողմից նշված օրենքի կապակցությամբ ներկայացված առարկությունները և փաստարկները, որոնք պատշաճ քննարկման առարկա չեն դարձվել ՀՀ Ազգային ժողովի կողմից»:
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը, նշում է. «(…) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի հեղինակների կողմից փաստացի անտեսվել է փաստաբանական՝ ինչպես նաև այլ տեսակի ծառայությունների և դրանց մատուցման ժամկետների առանձնահատկությունները»:
Դիմողը գտնում է, որ Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների կիրառման արդյունքում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ փաստաբանի համար ծառայությունների մատուցման ավարտին՝ 2025 թվականին, և դրանից հետո առաջանալու է նոր, առավել անբարենպաստ փաստական և իրավական վիճակ, երբ փաստաբանը, կատարելով տարիներ առաջ այլ հարկային ռեժիմի պայմաններում կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, փաստացի հարկվելու է ավելի բարձր տոկոսադրույքով: Նման պայմաններում, ըստ Դիմողի, Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը հակասության մեջ է գտնվում իրավական վիճակը վատթարացնող հարկային օրենսդրությունը հետադարձ ուժով կիրառելն արգելող սահմանադրական երաշխիքի հետ այնքանով, որքանով այն վատթարացնող դրության մեջ է դնում փաստաբանին՝ հետադարձ ուժով կիրառվելով նաև մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ այլ հարկային ռեժիմի գործողության պայմաններում, կնքված պայմանագրով մատուցվող փաստաբանական ծառայությունների նկատմամբ:
4․ Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները և այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի առանձին իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները և այդ առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանձին իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «(…) դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ իրավունք չէ. որոշակի դեպքերում այն կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների, սակայն ցանկացած սահմանափակում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերություն, և սահմանափակումը որևէ կերպ չպետք է ազդի իրավունքի էության վրա: Այլ կերպ՝ որոշակի սահմանափակումներն ինքնին չեն կարող դիտվել իբրև դատական պաշտպանության իրավունքի խախտում, սակայն այդ սահմանափակումները պետք է լինեն ողջամիտ, չհանգեցնեն այդ իրավունքի բուն էության խաթարման, ինչպես նաև սահմանափակման ու հետապնդվող նպատակի միջև պետք է լինի արդար հավասարակշռություն»:
Հղում կատարելով «Փաստաբանության մասին» օրենքի 3, 5 և 41-րդ հոդվածներով ամրագրված կարգավորումներին՝ Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գործողության հետևանքով՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը՝ անձանց ֆինանսական հնարավորություններով պայմանավորված, չի խաթարվում: Ավելին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերաբերելի գործող կարգավորումների առկայության պայմաններում ապահովվում է նաև կոնվենցիոն չափանիշ՝ անվճար իրավաբանական օգնություն ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը: Ըստ Պատասխանողի՝ այն գնահատականը, թե անվճար իրավաբանական ծառայությունների համակարգը՝ որպես այլընտրանք, դեռևս բավարար չափով ապահովված չէ, դուրս է վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը որոշելու շրջանակներից:
Վկայակոչելով Սահմանադրության 11 և 59-րդ հոդվածները, ինչպես նաև 60-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը՝ Պատասխանողը գտնում է, որ նշյալ դրույթները «(…) չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Պատասխանողը նշում է. «Իրավասուբյեկտների՝ որպես հարկատուների կարգավիճակով, իրավաբանական որոշակի փաստերով պայմանավորված հարկային պարտականությունների կատարման կարգի ու ժամկետների սահմանումը՝ (…) ելնում է տվյալ պետության տնտեսական գործունեության շրջանակներում գնահատման ենթակա իրավիճակների, պայմանների օբյեկտիվ փոփոխությունները հարկային պարտականությունների կատարման շրջանակներում առավելագույնս հաշվի առնելու ու կանոնակարգելու իրավական անհրաժեշտությունից, որն էլ համապատասխանաբար օբյեկտիվ կերպով հանգեցնում է հարկային քաղաքականության առավել արդյունավետ մոդելի ընտրությանը»:
Պատասխանողն արձանագրում է, որ շրջանառության հարկի համակարգի՝ որպես հարկման հիմնական համակարգին այլընտրանքային համակարգի հիմնական նպատակը տնտեսվարող սուբյեկտների համար պարզ հարկային հաշվառման և մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորության ապահովումն է: Ըստ Պատասխանողի՝ շրջանառության հարկի համակարգը, հարկային ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն, աստիճանաբար վերածվում է հարկման արտոնյալ համակարգի՝ ինքնին առաջացնելով անհամաչափություն, հետևաբար նաև՝ խտրականություն:
Պատասխանողի պնդմամբ՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համատեքստում ծառայությունների մատուցման գործունեության տեսակներով զբաղվողներին ընձեռվել է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն: Նման մոտեցումը, ինքնին, տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է ոչ միայն հավասար միջավայր, հարկային միասնականություն, հարկային համախմբվածություն, այլև փաստաթղթավորման անհրաժեշտ տնտեսական խթաններ:
Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի հանրագումարային բեռի կիրառումը որպես հարկային բեռի բարձրացում դիտարկելու հարցի առնչությամբ Պատասխանողն ընդգծում է. «(…) այդ բեռի բարձրացման սաստկությունն այն մակարդակում չէ, որ իմաստազրկի անձի սահմանադրական իրավունքների, այդ թվում՝ փաստաբանական օգնություն ստանալու իրավունքի բուն էությունը, այն մակարդակում չէ, որ ծառայությունների մատուցման ոլորտում հնարավոր ռիսկերի, ստվերային գործունեության, ոչ բարեխիղճ կամ հարկերից խուսափող կամ հարկերը թերի վճարող տնտեսվարողների գործունեության արդյունքում առաջացած բացասական հանգամանքները կանխելու կարևորագույն նպատակի կշռի հետ համեմատվելու արդյունքում գերակշռի»:
Պատասխանողը նշում է. «Օրենքում հետադարձ ուժ կիրառելու վերաբերյալ որևէ նախատեսում առկա չէ, իսկ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում հստակ սահմանված է, որ այդ ակտի գործողությունը սկսելու է հոսել (...) 2025 թվականի հունվարի 1-ից, և որ այդ ակտի գործողությունը տարածվելու է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա, եթե անցումային դրույթով այլ բան նախատեսված չէ: Այսինքն՝ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում ուժի մեջ մտնելու պահի սահմանումը և հարաբերությունների` «հետագայում ծագող» որոշիչի նշումն ինքնին վկայում է, որ Օրենքի վիճարկվող դրույթը չի տարածվում արդեն իսկ ծագած (...) հարաբերությունների վրա, այսինքն՝ չունի հետադարձ ուժ»:
Պատասխանողը խնդրում է. «(…) գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
5. Ուսումնասիրելով սույն դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործին առնչվող այլ փաստաթղթեր և նյութեր, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, ինչպես նաև 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285 օրենքի վերաբերելի կարգավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանություններով.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանված են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք հավասարապես վերաբերելի են սահմանադրական վերահսկողության ձևերի շրջանակներում ներկայացվող բոլոր դիմումներին և պարտադիր՝ Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի համար:
Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են ներկայացվող դիմումների շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցերի՝ Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է` սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճ հանդիսանալու հանգամանքը:
Սահմանադրական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարան դիմող այլ սուբյեկտների պարագայում, որպիսիք են, օրինակ, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Ազգային ժողովի խմբակցությունը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը և այլն, օրենսդիրը սահմանափակվել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին առաջադրվող ընդհանուր ձևական բնույթի պահանջների շարադրմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշատակված սուբյեկտները, ելնելով իրենց սահմանադրաիրավական բարձր կարգավիճակից, պետք է ցուցաբերեն առավել բարձր մակարդակի փութաջանություն և, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկելով այս կամ այն իրավական ակտի կամ դրա դրույթի/դրույթների սահմանադրականությունը, պատշաճ կերպով հիմնավորեն վիճարկվող դրույթի և Սահմանադրությամբ պահպանվող արժեքի/իրավունքի հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապը» (կետ 3.2):
Դիմումի ուսումնասիրության արդյունքներով, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած վերաբերելի իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումում պատշաճ կերպով հիմնավորված չէ բարձրացված հարցերի՝ սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու հանգամանքը (ի թիվս այլնի, հաշվի առնելով նաև վերաբերելի օրենսդրական փոփոխությունները). հետևաբար՝ Դիմողի կողմից առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա չեն ներքոնշյալ հիմնավորմամբ.
5.1. Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը՝ այդ առնչությամբ արտահայտելով, մասնավորապես, ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (2007 թվականի նոյեմ-բերի 28-ի ՍԴՈ-719 որոշում, կետ 6):
- «Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշում, կետ 6):
Նշված սահմանադրական իրավունքի իրացման արդյունավետության հետ փոխկապակցվածության մեջ է գտնվում անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, քանզի այն նաև դատական պաշտպանության իրավունքի կենսագործման կարևորագույն երաշխիք է՝ ուղղված արդարադատության հասանելիության ապահովմանը: Սահմանադրության՝ «Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը» վերտառությամբ 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-1119 որոշման մեջ նշված է. «Անդրադառնալով (...) ի թիվս այլնի, պաշտպանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված իրավունքը վերջին հաշվով ուղղված է դատարանների և պետական այլ մարմինների առջև իրավունքի սուբյեկտի օրինական շահերի իրավական պաշտպանությանը, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիտարկվող իրավունքը ենթադրում է իրավաբանական օգնության լիարժեքություն, ինչը պայմանավորված է պաշտպանի կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու պարտականության իրականացման արդյունավետությամբ՝ հաշվի առնելով տվյալ իրավունքի՝ Սահմանադրության (…)ում ամրագրված հիմքերով սահմանափակման հնարավորությունը։ Ըստ այդմ էլ, (…) դիտարկվող իրավունքին համապատասխանում է պետության պարտականությունը՝ թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում երաշխավորել պաշտպանի կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու պարտականության արդյունավետ իրականացումը, իսկ որևէ խոչընդոտ առաջանալու դեպքում քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ» (կետ 5):
Սահմանադրական դատարանի՝ 2016 թվական ապրիլի 5-ի ՍԴՈ-1263 որոշման մեջ նշված է. «(...) միայն փաստաբանի միջոցով դատական ներկայացուցչության իրականացման օրենսդրական պահանջն ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն ապահովում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխավորման իր պոզիտիվ պարտականությունը, այլև երաշխավորում է որակյալ իրավաբանական օգնություն՝ դրանով իսկ երաշխավորելով իրավական պետությանը հարիր՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում» (կետ 6):
Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 13-ի ՍԴՈ-1403 որոշմամբ արձանագրված է. «(…) ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը յուրաքանչյուրի համար երաշխավորում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ինչից բխում է յուրաքանչյուրի հայեցողությունն օգտվել իրավաբանական օգնությունից կամ չօգտվել դրանից: Սահմանադրությունը հանրային իշխանությունից պահանջում է օրենսդրական մակարդակում ամրագրել այնպիսի ընթացակարգեր և կառուցակարգեր, որոնք արդյունավետորեն կերաշխավորեն անձի կողմից իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, ինչպես նաև գործնականում ապահովել, որ անձն իր գիտակցված և կամավոր որոշմամբ ընտրի իր վարքագիծը` օգտվել իրավաբանական օգնությունից, թե՝ ոչ» (կետ 5):
Սահմանադրական դատարանը, 2025 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշման շրջանակում անդրադառնալով իրավապաշտպան գործունեության շրջանակներում փաստաբանների դերին, արձանագրել է. «(...) փաստաբանն իրավապաշտպան գործունեություն իրականացնող այն մասնագետն է, որն իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում իր վստահորդին, ներկայացնում վստահորդի շահերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով ապահովում է նրա իրավունքների պաշտպանությունը՝ այդպիսով նրան տրամադրելով անհրաժեշտ իրավաբանական օգնություն: Ըստ էության՝ Սահմանադիրը հենց փաստաբանին է վերապահել պետության կողմից երաշխավորվող իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի գործնական իրացումն ապահովող գլխավոր սուբյեկտի դերը, որի գործունեության օրենսդրական կարգն ու երաշխիքները սահմանված են «Փաստաբանության մասին» օրենքով, դատավարական օրենսգրքերով և այլ օրենքներով» (կետ 261):
Սահմանադրական դատարանը փաստում է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման համար առանցքային նշանակություն ունի վերջինիս՝ այլ հիմնական իրավունքների իրացումն ապահովելու հանգամանքը. իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովումը միաժամանակ նպաստում է այլ հիմնական իրավունքների արդյունավետ իրացմանը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուրի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքին համապատասխանում է պետության պարտավորությունը՝ ապահովելու պատշաճ պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր ոք, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն ունենա դիմելու իրավաբանական օգնության՝ իր իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանության նպատակով:
Վերոնշյալի համատեքստում հաշվի առնելով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի կարևորությունը և նշանակությունը հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության, մասնավորապես՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հարցում՝ Սահմանադիրը Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ ամրագրել է օրենքով սահմանված դեպքերում պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ցույց տալու վերաբերյալ կարգավորումը:
Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն ամրագրված է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետով, որին համապատասխան՝ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք, եթե նա բավարար միջոցներ չունի պաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, իրավունք ունի ունենալու անվճար նշանակված պաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 1978 թվականի մարտի 2-ի թիվ (78)8 «Իրավաբանական օգնության և խորհրդատվության մասին» բանաձևի հավելվածի 1-ին մասին համապատասխան՝ ոչ ոք չի կարող տնտեսական բնույթի խոչընդոտների պատճառով զրկվել քաղաքացիական, առևտրային, վարչական, սոցիալական կամ հարկային գործերով վճիռներ կայացնելու իրավասություն ունեցող դատարաններում իր իրավունքների իրացման կամ պաշտպանության հնարավորությունից: Այս նպատակով ցանկացած անձ պետք է ունենա անհրաժեշտ իրավաբանական օգնության իրավունք դատական գործընթացում: Նման օգնության անհրաժեշտության հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել շահագրգիռ անձի ֆինանսական կարողություններն ու պարտավորությունները, դատական ծախսերի ակնկալվող մեծությունը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն 2021 թվականի մարտի 31-ին հաստատել է «Քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում իրավաբանական օգնության սխեմաների արդյունավետության ու շահավետության մասին» ուղեցույցը և բացատրական զեկույցը, որի ներածական մասում, մասնավորապես, նշված է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի երաշխավորում քաղաքացիական դատավարությունում իրավաբանական օգնության իրավունքը, իր նախադեպային պրակտիկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ պետական մարմինները պետք է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովեն իրավաբանական օգնություն ցույց տալը փաստաբանի կողմից, երբ դա անխուսափելիորեն անհրաժեշտ է դատարանի մատչելիության արդյունավետության համար, կամ երբ նման իրավաբանական օգնության բացակայությունը կարող է անձին զրկել արդար դատաքննության հնարավորությունից:
Ամփոփելով վերոգրյալը, ինչպես նաև հաշվի առնելով Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշման 262-րդ կետում ամրագրված իրավական դիրքորոշումն առ այն, որ իրավաբանական օգնություն ստանալու՝ անձի սահմանադրական իրավունքի օրենսդրական երաշխիքները պետք է մեկնաբանվեն իրավաբանական օգնության լիարժեքության սկզբունքի հիման վրա՝ նկատի ունենալով, որ իրավաբանական օգնությունը տրամադրվում է օրենքով չարգելված ցանկացած ձևով և եղանակով՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով իրավաբանական խորհրդատվությամբ և ներկայացուցչությամբ՝ կարելի է փաստել, որ անվճար իրավաբանական օգնությունը ժամանակակից ժողովրդավարական, իրավական պետության գործառնության և անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման կարևորագույն պայմաններից է. ուստի՝ իրավաբանական (ներառյալ՝ անվճար հիմունքներով) օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը պահանջում է նշյալ ոլորտում պետության քաղաքականության իրականացման արդյունավետ համակարգի (կառուցակարգերի) ներդնում և դրանց կատարելագործման հարցում շարունակական հետևողականություն:
5.2. Սահմանադրության` «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտառությամբ 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ նշված է. «(…) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը» (կետ 4.5):
Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշման մեջ արձանագրված է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (կետ 4.1)։
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ապահովելու հարցի համատեքստում՝ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված են նշյալ իրավունքի արդյունավետ իրականացման երկու կառուցակարգեր՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրում՝ հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով և հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով (pro bono):
Այսպես՝ «Փաստաբանության մասին» օրենքի՝ «Հանրային պաշտպանությունը» վերտառությամբ 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է այն անձանց շրջանակը, որոնց հանրային պաշտպանի գրասենյակի կողմից (բացառությամբ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև նշված հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի) տրամադրվում է անվճար իրավաբանական օգնություն:
Միաժամանակ, «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտպանի գրասենյակը նույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հանրային պաշտպանությունը, հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները, կարող է կազմակերպել նաև՝
1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով, որոնք կամավոր ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում.
2) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմած փաստաբանների միջոցով.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների և փաստաբանական ակադեմիայի կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաների ուսանողների (ունկնդիրների) օժանդակության միջոցով:
«Փաստաբանության մասին» օրենքի՝ «Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը» վերտառությամբ 44.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը կամավոր հիմունքներով իրավաբանական օգնության անհատույց տրամադրումն է նույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձանց, բացառությամբ նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
«Փաստաբանության մասին» օրենքի 44.1-ին հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը խրախուսելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը սահմանում է կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման տարեկան խրախուսելի նվազագույն ժամաքանակը և այլ չափանիշներ, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կազմակերպվող կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրերի չափանիշները:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի՝ «Կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» 13.01.2023 թ. թիվ 2/11-Լ որոշման 1-ին հավելվածի (այսուհետ՝ Կարգ) 7-րդ կետի համաձայն՝ «Պալատի անդամ հանդիսացող յուրաքանչյուր փաստաբան, ինչպես նաև Պալատում հավատարմագրված այլ պետության փաստաբան կարող է Շահառուներին [Շահառու են հանդիսանում «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խմբերի անձինք] կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրել ինչպես Գրասենյակ դիմելու, այդ նպատակով դիմած անձանց ցուցակում ընդգրկվելու և Գրասենյակից փոխանցված գործերը վարելու միջոցով, այնպես էլ՝ անմիջականորեն»:
Կարգի 10-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձի, ներառյալ՝ փաստաբանի համար կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման տարեկան խրախուսելի նվազագույն ժամաքանակը 48 ժամն է, որը պետք է տրամադրվի առնվազն 2 անձի:
Կարգի 11-րդ կետի համաձայն՝ Կարգի 10-րդ կետում սահմանված ժամաքանակի մի մասը պետք է ծախսված լինի առնվազն 4 իրավաբանական բնույթի փաստաթղթի կազմման համար՝ վարչական մարմնին ուղղված բողոք, դատարանին ուղղված դիմում, հայցադիմում, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, դրանց պատասխան (առարկություն) կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի վարութային ակտի դեմ բողոք, իսկ Կարգի 12-րդ կետի համաձայն՝ փաստաբանի դեպքում կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման տարեկան խրախուսելի նվազագույն ժամաքանակի մի մասը պետք է ծախսված լինի մեկ կամ մի քանի վարչական, դատական կամ մինչդատական քրեական վարույթի շրջանակում առնվազն 4 ժամ ներկայացուցչություն (պաշտպանություն) ապահովելու համար:
Կարգի 13-րդ կետի համաձայն՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կազմակերպվող կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագիրը պետք է ներառի տարեկան առնվազն 3 անձի իրավաբանական խորհրդատվության տրամադրում (1-ին բաղադրիչ), առնվազն 6 իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում՝ վարչական մարմնին ուղղված բողոք, դատարանին ուղղված դիմում, հայցադիմում, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, դրանց պատասխան (առարկություն) կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի վարութային ակտի դեմ բողոք (2-րդ բաղադրիչ), ինչպես նաև մեկ կամ մի քանի վարչական, դատական կամ մինչդատական քրեական վարույթի շրջանակում առնվազն 6 ժամ ներկայացուցչության (պաշտպանության) իրականացում (3-րդ բաղադրիչ): Չորս և ավելի փաստաբան աշխատակից ունեցող՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպության կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագիրն առնվազն պետք է ներառի հիշյալ կետում նշված բոլոր բաղադրիչները՝ յուրաքանչյուր բաղադրիչի համար սահմանված նվազագույնի կրկնակի չափով:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» Rec(2000)21 հանձնարարականի 4-րդ սկզբունքի 2-րդ կետին համապատասխան՝ փաստաբաններին պետք է խրախուսել տնտեսապես անապահով դրության մեջ գտնվող անձանց իրավաբանական ծառայություններ մատուցելու համար, իսկ նույն հանձնարարականի 5-րդ սկզբունքի 4-րդ մասի «c» կետի համաձայն՝ հարկավոր է խրախուսել փաստաբանների մասնակցությունը տնտեսապես անապահով դրության մեջ գտնվող անձանց արդարադատության մատչելիությունը երաշխավորող ծրագրերին, մասնավորապես՝ իրավաբանական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու միջոցով:
Պետությունը, հաշվի առնելով նաև, որ իրավաբանական օգնությունը տրամադրվում է կամավոր և անվճար հիմունքներով, պետք է խրախուսի հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անձանց անվճար իրավաբանական օգնության տրամադրումը: Պետությունը փաստաբանական ծառայությունների մատուցման ոլորտում հարկային քաղաքականությունը մշակելիս որպես ուղենիշ պետք է ընդունի կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու համար բարենպաստ պայմանների ստեղծումն ու համապատասխան գործունեության խրախուսումը՝ ներդնելով համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
5.3. Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ անդրադառնալով Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի ուժով՝ փաստաբանական ծառայություն մատուցողներին հարկման հատուկ համակարգից (շրջանառության հարկ վճարողներ) հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու հետևանքով հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից որոշակի խումբ անձանց գործերով կամավոր անհատույց (pro bono) հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտ կառուցակարգերի առկայության/բացակայության հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Օրենսգրքի՝ «Շրջանառության հարկ վճարողները» վերտառությամբ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել, ի թիվս այլոց, փաստաբանական ծառայություն մատուցողները: Հիշյալ օրենսդրական կարգավորմամբ պետությունը վերանայել/փոփոխել է հարկային քաղաքականությունը փաստաբանական ծառայությունների մատուցման ոլորտում. մասնավորապես՝ 2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանական ծառայություն մատուցողները գործունեություն են ծավալում ոչ թե հատուկ (արտոնյալ), այլ ընդհանուր (ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) և (կամ) շահութահարկով) հարկային համակարգի շրջանակներում:
Օրենսգրքի՝ «Ավելացված արժեքի հարկով հարկման բազան» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում դրանց արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի:
Օրենսգրքի՝ «Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները» վերտառությամբ 62-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրելուց հետո Ազգային Ժողովի կողմից 2025 թվականի մարտի 26-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրա-ցումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-72-Ն օրենքը, որի 1-ին հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության)՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ:»:
2025 թվականի մարտի 26-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-72-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»:
Սահմանադրության՝ «Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը» վերտառությամբ 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ «Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ» վերտառությամբ 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Նշյալ օրենքի՝ «Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը» վերտառությամբ 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`
1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.
2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:
Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համակարգային վերլուծության արդյունքներով Սահմանադրական դատարանը փաստում է, որ 2025 թվականի մարտի 26-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-72-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Օրենսգրքի՝ «Ավելացված արժեքի հարկով հարկման բազայի որոշման առանձնահատկությունները» վերտառությամբ 62-րդ հոդվածի 6-րդ մասում հիշյալ օրենքի 1-ին հոդվածով կատարված լրացումն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից (օրենսդիրն անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին տվել է հետադարձ ուժ):
Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ անձի իրավական վիճակը բարելավող վերոնշյալ օրենսդրական կարգավորումն ուժի մեջ է մտել Դիմողի կողմից վիճարկվող՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրումը ենթադրաբար սահմանափակող իրավակարգավորման՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի` նոր խմբագրությամբ, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2025 թվականի հունվարի 1-ից: Ուստի՝ 2025 թվականի մարտի 26-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-72-Ն օրենքով ամրագրված վերոնշյալ իրավակարգավորումների համատեքստում՝ Դիմողի կողմից բարձրացված առաջին հարցադրման (Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության մասով) առնչությամբ ենթադրյալ սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճը, ըստ էության, սպառվել է:
5.4. Սահմանադրության՝ «Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը» վերտառությամբ 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴՈ-1437 որոշման մեջ արձանագրված է. «Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-649, ՍԴՈ-723, ՍԴՈ-758, ՍԴՈ-881, ՍԴՈ-1000, ՍԴՈ-1061, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1224, ՍԴՈ-1326), անդրադառնալով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սահմանադրաիրավական խնդրին, արտահայտել է իրավական դիրքորոշումներ, համաձայն որոնց՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը.
- պետական իշխանության նկատմամբ վստահության և իրավական պետության սկզբունքների կարևոր բաղադրատարրերից մեկն է,
- իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ կոչված է ապահովելու հարգանքը լեգիտիմ ակնկալիքների հանդեպ,
- ընդհանուր կանոն է, իսկ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից, ինչը բխում է մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից,
- իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարևոր երաշխիք է, միաժամանակ, այդ սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա, ինչը կհակասեր նաև մի շարք միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին» (կետ 4.3):
Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սկզբունքն ուղղակի կապի մեջ է գտնվում օրենքների և հանրային իշխանության մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների նկատմամբ վստահության սկզբունքի հետ՝ կազմելով իրավական համակարգի կարևորագույն հենասյունը, քանզի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը կանխորոշում է մշտապես փոփոխվող օրենսդրական քաղաքականության կանխատեսելիությունը՝ հնարավորություն ընձեռելով անձանց կանխատեսելու իրենց այս կամ այն գործողությունների արդյունքում վրա հասնող/հասնելիք իրավական հետևանքները:
Վերոնշյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը նշում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքի սկզբունքն իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ և երաշխիք է, ինչպես նաև իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման, հանրային իշխանության նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված սահմանադրաիրավական հրամայական:
Դիմողի այն պնդման առնչությամբ, որի համաձայն՝ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը (…) հակասության մեջ է գտնվում իրավական վիճակը վատթարացնող հարկային օրենսդրությունը հետադարձ ուժով կիրառելն արգելող սահմանադրական երաշխիքի հետ (…) այնքանով, որքանով այն վատթարացնող դրության մեջ է դնում փաստաբաններին՝ հետադարձ ուժով կիրառելով նաև մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ այլ հարկային ռեժիմի գործողության պայմաններում, կնքված պայմանագրով մատուցվող փաստաբանական ծառայությունների նկատմամբ», Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագող հարաբերությունների վրա, եթե հիշյալ հոդվածով այլ բան նախատեսված չէ:
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի համաձայն՝ ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
Օրենսգրքի՝ «Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.
1) այն պահը, երբ՝
ա. աշխատանք կատարողը աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է աշխատանքն ընդունողին,
բ. ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումը (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի),
գ. ծառայություն մատուցողը ոչ նյութական ակտիվի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է ծառայություն ստացողին.
2) աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունը ստացողը հաստատում է աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի մասով աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն մատուցողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը»:
Ծառայությունների մատուցման պահի հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենսգրքի 40-րդ հոդվածով, ինչն էական նշանակություն ունի հարկ վճարողների համար՝ համապատասխան հարկման համակարգի շրջանակում հարկման բազան որոշելու հարցում (Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկման բազան հարկման օբյեկտի արժեքային, ֆիզիկական կամ այլ բնութագիրն է, իսկ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկման օբյեկտ է հանդիսանում ցանկացած գործարք, եկամուտ, գույք, գործունեության տեսակ (այդ թվում՝ գործողություն կամ գործառույթ) կամ ցանկացած այլ օբյեկտ, որի առկայությունը կամ որի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը կամ որի կատարումը, Օրենսգրքին համապատասխան, հարկ վճարողի համար առաջացնում է հարկի հաշվարկման կամ վճարման պարտավորություն):
Ուստի՝ ծառայությունների մատուցման պահը որոշելու նպատակը կապված է հարկ վճարողի կողմից հարկերի հաշվարկման/վճարման պարտավորության առաջացման/կատարման հիմքի հետ. փաստաբանական ծառայություններ մատուցելու պարտավորության ծագման հիմքը պայմանագիրն է, իսկ պայմանագրով սահմանված պարտավորությունը կատարելը՝ փաստաբանական ծառայություն մատուցելը, փաստաբանական ծառայություններ մատուցող սուբյեկտի հարկային պարտավորությունների հետ նշված համատեքստում որևէ առնչություն չի կարող ունենալ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կնքված պայմանագրերի մասով 2025 թվականի հունվարի 1-ից հետո մատուցվող փաստաբանական ծառայությունների հարկման համակարգի պայմաններում ծառայությունների մատուցման պահի հետ կապված հարցին պետք է լուծում տա իրավակիրառը (հարկային մարմինը/դատարանները):
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված երկրորդ հարցադրման (Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության մասով) առնչությամբ Դիմողը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն՝ հիմնավորելու վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը, ինչը, ինքնին, բացառում է բարձրացված հարցի՝ սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 12.06.2024 թ. ընդունված՝ փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
10 հունիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-94
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-94
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
