Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՄԱՐԿՈՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՄԱՐԿՈՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-18810 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-188)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 դեկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 188 | ««ՄԱՐԿՈՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՄԱՐԿՈՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ դիմումի հիման վրա` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արա Զոհրաբյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հուլիսի 2-ին, որով Դիմողը խնդրել է.

«1. Սույն դիմումն ընդունել վարույթ:

2. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը (Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 24-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2001 թվականի նոյեմբերի 21-ին, ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 7-ին) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

3. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը (Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 1998 թվականի հունիսի 3-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Գործի դատավարական նախապատմությունը

2.1. Թիվ Տ-2906 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը, քննելով թիվ Տ-2906 քաղաքացիական գործն ըստ հայցի` Կենտրոնական բանկի ընդդեմ Լևոն Գրիգորի Մարկոսի՝ հօգուտ «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊԸ-ի` 5.600.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջի մասին, 2002 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ հայցի ապահովման միջոցներ է կիրառել և 5.600.000 ԱՄՆ դոլարի չափով՝ արգելանք դրել Լևոն Գրիգորի Մարկոսին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, ինչպես նաև պատասխանողին պատկանող և նրա հետ փոխկապակցված «Հատիկ» ՍՊԸ-ի, «Մարկոս Քիմպրոմ» ՍՊԸ-ի, «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մարկոս Գրուպ» ՍՊԸ-ի, «Սրետենկա Կոնսուլ» ՍՊԸ-ի, «Մարկոս Էներգո» ՓԲԸ-ի, «Մարկոս Շինմոնտաժ» ՓԲԸ-ի, «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ընկերության, «Արկռոս» ՍՊԸ-ի, «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ-ի, «Մարկոս Տորգ» ՍՊԸ-ի, «ՄԼ Ֆարմ» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա: Միաժամանակ, նույն որոշմամբ արգելվել է Լևոն Գրիգորի Մարկոսին պատկանող բաժնեմասերի վաճառքը կամ այլ կերպ օտարումը, ինչպես նաև այդ բաժնեմասերով հրավիրվող և անցկացվող ընդհանուր ժողովներում կամ այլ մարմինների նիստերում ընդունել համապատասխան ընկերությունների գույքի օտարման, գրավադրման վերաբերյալ որոշումներ:

Տնտեսական դատարանի 2002 թվականի դեկտեմբերի 6-ի վճռով Կենտրոնական բանկի հայցը բավարարվել է և վճռվել է հօգուտ «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊԸ-ի բռնագանձել 5.600.000 ԱՄՆ դոլար:

Վերոնշյալ վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2003 թվականի հունվարի 17-ի որոշմամբ մերժվել է, իսկ Տնտեսական դատարանի 2002 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը թողնվել է անփոփոխ:

2.2. Թիվ Տ-739/2003թ. (ՏՎ-124/2003թ.) գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

Տնտեսական դատարանը, քննելով թիվ Տ-739/2003 քաղաքացիական գործն ըստ հայցերի «Հատիկ» ՍՊԸ-ի, «Մարկոս Քիմպրոմ» ՍՊԸ-ի, «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մարկոս Գրուպ» ՍՊԸ-ի, «Սրետենկա Կոնսուլ» ՍՊԸ-ի, «Մարկոս Էներգո» ՍՊԸ-ի, «Մարկոս Շինմոնտաժ» ՓԲԸ-ի, «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ընկերության, «Արկռոս» ՍՊԸ-ի, «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ-ի, «Մարկոս Տորգ» ՍՊԸ-ի, «ՄԼ Ֆարմ» ՍՊԸ-ի ընդդեմ Լևոն Գրիգորի Մարկոսի և Կենտրոնական բանկի՝ գույքը և դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջի մասին, 2003 թվականի մարտի 19-ին վճռել է հայցերը մերժել:

Նշված որոշմամբ Տնտեսական դատարանն արձանագրել է. «ՀՀ տնտեսական դատարանի որոշմամբ հայցվոր ընկերությունների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելը հիմնավորվում է հետևյալ պատճառաբանությամբ:

Դատաքննությամբ պարզվեց, որ Լևոն Մարկոսը հայցվոր ընկերություններից զգալի մասում ունի մասնակցություն՝ բաժնեմասի կամ բաժնետոմսի ձևով, իսկ այն ընկերություններում, որտեղ չունի բաժնեմասեր, դրանք նա կառավարում և վերահսկում է բաժնեմասեր ունեցող այլ ընկերությունների միջոցով:

Նշված ընկերությունների գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը հնարավորություն է տալիս ապահովել ՀՀ տնտեսական դատարանի 06.12.2002թ. վճռի կատարումը, իսկ արգելանքը հանելը այդ կազմակերպությունների գույքը օտարելու կամ ակտիվներն այլ ձևով նվազեցնելու իրական հնարավորություն կստեղծի: Դրա արդյունքում էականորեն կարող է նվազել Լ. Մարկոսի կողմից վերահսկվող կազմակերպությունների գույքի արժեքը և հետևաբար Լ. Մարկոսի բաժնեմասերի, բաժնետոմսերի արժեքը, ինչն իր հերթին անհնար կդարձնի վերը նշված վճռի կատարումը կամ էականորեն կդժվարացնի այդ:

ՀՀ քաղ. դատ. օր.-ի 98-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հայցի ապահովման միջոց է համարվում նաև այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը:

Տվյալ պարագայում ՀՀ տնտեսական դատարանի որոշմամբ հայցվոր ընկերությունների գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը հիմնավոր է, քանզի այդ որոշմամբ ըստ էության արգելվել է այլ անձանց՝ վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումը և դա արվել է վերջինների գույքի վրա արգելանք դնելու միջոցով»:

2.3. Հիշատակված վճռի դեմ հայցվորների անունից ներկայացվել է վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանը 2003 թվականի մայիսի 8-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակի. որոշել է. «(…) բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 19.03.2003թ, վճռի՝ «Հատիկ» ՍՊԸ-ի, «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ՍՊԸ-ի և «Մարկոս Էներգո» ՓԲԸ-ի գույքը և դրամական միջոցներն արգելանքից հանելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նույն դատարան նոր քննության: Վճռի մնացած մասերը թողնել անփոփոխ»:

Վճռաբեկ դատարանը 2003 թվականի մայիսի 8-ի թիվ ՏԴ-3-511/2003թ. որոշմամբ արձանագրել է հետևյալը.

«ՀՀ տնտեսական դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «Լևոն Մարկոսը հայցվոր ընկերություններից զգալի մասում ունի մասնակցություն՝ բաժնեմասի կամ բաժնետոմսի ձևով, իսկ այն ընկերություններում, որտեղ չունի բաժնեմասեր, դրանք նա կառավարում և վերահսկում է բաժնեմասեր ունեցող այլ ընկերությունների միջոցով»:

Նման պայմաններում հիմնավոր է «Հատիկ», «Մարկոս Հոլդինգ», «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ՍՊ ընկերությունների և «Մարկոս Էներգո» ՓԲ ընկերության մասերով նյութական և դատավարական իրավունքի խախտման մասին բողոքի պատճառաբանությունը, քանի որ ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի 23.01.03թ. թիվ 3-2/954 պատասխանի համաձայն «Հատիկ» ՍՊ ընկերության հիմնադիրներն են Հայկ Վարդանյանը, Գեորգի Հարությունյանը և Աշոտ Վարդանյանը, «Մարկոս Հոլդինգ» ՍՊ ընկերության հիմնադիրը՝ Գասպար Հովհաննիսյանը, «Մարկոս Էներգո» ՓԲ ընկերության հիմնադիրը՝ «Մարկոս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, իսկ «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ՍՊ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չէ, այն գրանցված է Կիպրոսում: Նշված ընկերություններում Լ. Գ. Մարկոսի մասնակցության վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

«Արկռոս», «Մարկոս Գրուպ», «Մարկոս Քիմպրոմ», «Սրետենկա Կոնսուլ», «ՄԼ ֆարմ», «Մարկոս Տորգ» ՍՊ ընկերությունների, «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲ և «Մարկոս Շինմոնտաժ» ՓԲ ընկերությունների մասերով բողոքի պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ Լ.Գ. Մարկոսը «Արկռոս», «Մարկոս Գրուպ», «Մարկոս Քիմպրոմ», «Սրետենկա Կոնսուլ», «ՄԼ ֆարմ» ՍՊ ընկերությունների 100%, «Մարկոս Տորգ» ՍՊ ընկերությունում 70% բաժնեմասների մասնակից է, «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲ ընկերության 66,5% բաժնետոմսերի, իսկ «Մարկոս Շինմոնտաժ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատերն է, որոնց վրա կարող է բռնագանձում տարածվել Լ.Գ.Մարկոսի պարտավորություններով»:

Տնտեսական դատարանը 2003 թվականի մայիսի 26-ի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունել է վարույթ, 2003 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացրել թիվ ՏՎ-124/2003թ. քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին:

2.4. 2023 թվականի մայիսի 15-ին թիվ ՏՎ-124/2003 քաղաքացիական գործը հանձնվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանին, որը 2023 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի, «Մարկոս Էներգո» ՓԲԸ-ի և «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ՍՊԸ-ի հայցերն ընդդեմ Լևոն Գրիգորի Մարկոսի և Կենտրոնական բանկի՝ գույքը և դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջի մասին, մերժել է:

Հիշատակված որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է հետևյալը.

«Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Վճռաբեկ դատարանն ըստ էության իրավաչափ է գնահատել ընկերությունների գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքների պահպանումը պատասխանող Լևոն Մարկոսի ընկերությունների մասնակից հանդիսանալու փաստի ուժով, հետևաբար նշված նյութաիրավական հարցի իրավաչափությանը Վերաքննիչ դատարանն ըստ էության չի անդրադառնում:

Վճռաբեկ դատարանի սահմանած գործի քննության ծավալի շրջանակներում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ում, «Մակոին Կոմմերշիալ Լիմիթեդ» ՍՊԸ-ում և «Մարկոս Էներգո» ՓԲԸ-ում, Լևոն Մարկոսի՝ մասնակցություն ունենալու փաստերին և ըստ այդմ անդրադառնալ նշված ընկերությունների գույքի և դրամական միջոցների վրա Դատարանի կողմից կիրառված արգելանքների վերացման հարցին:

(...)

Անդրադառնալով «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ում Լևոն Մարկոսի մասնակցություն ունենալու հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի քննության համար նշանակություն ունեցող թիվ 9 փաստից հետևում է, որ ՀՀ Տնտեսական դատարանի 29.08.2003 թվականի թիվ Տ-2131/2003թ. վճռով «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ-ի բաժնեմասի նկատմամբ վերականգնվել է Լևոն Մարկոսի սեփականության իրավունքը, հետևաբար «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ գույքը և դրամական միջոցներն արգելանքներից հանելու պահանջը ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գնահատում է ոչ իրավաչափ»:

2.5. Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 24-ին որոշմամբ թիվ ՏՎ-124/2003 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշման դեմ «Մարկոս Հոլդինգ» ՍՊԸ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վճռաբեկ դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել է. «Համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում և թիվ ԵՄԴ/3367/02/15 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը 30.11.2023 թվականին որոշում կայացնելիս «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը չի կիրառել և դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի արել»:

3. Դիմողի դիրքորոշումները

3.1. Դիմողը, ներկայացնելով թիվ Տ-2906 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ վիճարկվող իրավադրույթները՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3 և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին:

3.2. Դիմողը, անդրադառնալով վիճարկվող դրույթների և Սահմանադրության՝ անձի սեփականության իրավունքն ամրագրող 60-րդ հոդվածի հարաբերակցությանը, նշում է. «Սեփականության իրավունքը դասվում է բացարձակ իրավունքների շարքին, որի սահմանափակումը, կամ առավել ևս սեփականության իրավունքից զրկումը հնարավոր է խիստ բացառիկ դեպքերում, երբ առկա է օրենքով սահմանված դեպք, որն էլ իր հերթին պետք է պայմանավորված լինի հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

3.3. Մեջբերված դիտարկման հիման վրա Դիմողը եզրահանգում է. «Իրավաբանական անձի գույքի արգելադրումը, իսկ հետագայում էլ հարկադիր վաճառքի հնարավորությունը ոչ միայն որևէ աղերս չունի հանրային շահի հետ և նախատեսված չէ օրենքով, այլ նաև ուղղակիորեն արգելված է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով»:

3.4. Դիմողը գտնում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված՝ սեփականության իրավունքի սահմանափակման բոլոր նախապայմանները բացակայել են, և վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում Դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից: Մասնավորապես, Դիմողը նշում է. «Ակնհայտ է, որ հանրությունը կամ այլոք որևէ կապ չունեն իրավունքի մեկ սուբյեկտի պարտավորություններով մեկ այլ սուբյեկտին սեփականազրկելու գործընթացի հետ: (...) Ընկերությունը զրկվել է սեփականության իրավունքից իր մասնակիցներից միայն մեկի պարտավորությունների համար, որի շահերը առհասարակ հանրային հետաքրքրություն ներկայացնել չի կարող»:

3.5. Դիմողը, անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին, նշում է. «Թեև ձևական առումով Ընկերությունն իրացրել է դատական պաշտպանության իր իրավունքը, սակայն այն չի եղել արդյունավետ, քանի որ որևէ ատյանի դատարան չի անդրադարձել Ընկերության փաստարկներին պարտապան չլինելու մասով և չի պատճառաբանել, թե հատկապես որ իրավական նորմն է հնարավորություն տալիս մեկ սուբյեկտի պարտավորություններով բռնագանձում տարածել մեկ այլ սուբյեկտի գույքի վրա, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն առհասարակ վարույթ չի ընդունել Ընկերության բողոքը և չի իրականացրել վերջինիս ըստ էության քննություն և դա այն դեպքում, երբ առնվազն դատական սխալն ակնհայտ էր»:

3.6. Դիմողը գտնում է, որ թեև ձևական առումով ինքն իրացրել է դատական պաշտպանության իր իրավունքը, այնուամենայնիվ, այն չի եղել արդյունավետ, քանի որ որևէ ատյանի դատարան չի անդրադարձել պարտապան չլինելու մասով իր փաստարկներին և չի պատճառաբանել, թե հատկապես ո՛ր իրավական նորմն է հնարավորություն տալիս մեկ սուբյեկտի պարտավորություններով բռնագանձում տարածել մեկ այլ սուբյեկտի գույքի վրա, իսկ Վճռաբեկ դատարանն առհասարակ վարույթ չի ընդունել իր բողոքը և չի իրականացրել վերջինիս ըստ էության քննություն, և դա այն դեպքում, երբ առնվազն դատական սխալն ակնհայտ էր: Բացի դրանից, Սահմանադրության 75-րդ հոդվածը սահմանում է նաև իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն, որը չի կարող իրացվել միայն դատարան դիմելու հնարավորություն նախատեսելով։

4. Պատասխանողի դիրքորոշումները

4.1. Ազգային ժողովը (այսուհետև՝ Պատասխանող), անդրադառնալով վիճարկվող դրույթների վերաբերյալ Դիմողի դիտարկումներին, արձանագրել է. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումն ինքնին չի հակասում Սահմանադրությանը, իրավակիրառ պրակտիկայում նշված նորմին այլ մեկնաբանություն չի տրվել: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով հստակ ամրագրված է արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձի՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան դիմելու իրավունքը: Նշված նորմը կամ այդ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ Դիմողը հիմնավորումներ չի ներկայացրել:

4.2. Ըստ Պատասխանողի՝ Դիմողի՝ խնդրո առարկա իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականությանն առնչվող հիմնավորումները սահմանափակվում են դրանց՝ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին չհամապատասխանելու դիտարկմամբ:

4.3. Անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությանը՝ Պատասխանողը նշում է, որ տվյալ նորմի կիրառմամբ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտում տեղի ունենալ չէր կարող, քանի որ նշված դրույթով հստակ ամրագրվում է արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում՝ շահագրգիռ անձի՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դատարան դիմելու իրավունքը:

4.4. Պատասխանողը, մասնավորապես, նշում է. «Նշված կարգավորումը որևէ տարընկալում չի առաջացնում, առավել քան հստակ է: Հետևաբար՝ նշված դատական պաշտպանության միջոցն ինքնին մատչելի, գործնականում կիրառելի և արդյունավետ է: Բացի այդ քննարկվող գործի շրջանակներում Դատարանը քննարկվող նորմի տրամաբանությանը հակասող որևէ մեկնաբանություն չի տվել: Ինչպես նաև այդ նորմի քննարկմամբ Դիմողի որևէ իրավունք չի սահմանափակվել»:

4.5. Անդրադառնալով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի դիրքորոշմանը՝ Պատասխանողը գտնում է, որ տվյալ նորմի՝ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին հակասելու առնչությամբ Դիմողի կողմից բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել:

4.6. Պատասխանողը, դիտարկելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորման և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հարաբերակցությունը, արձանագրում է, որ վիճարկվող դրույթը Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին համապատասխանելիության տեսանկյունից խնդրահարույց չէ:

4.7. Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը եզրահանգել է.

«Ըստ էության Դիմողն օրենքի համապատասխան նորմի սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե նորմի կամ դրա՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, ինչը Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար պարտադիր պայման է, այլ Դիմողի ներկայացրած պնդումներն իրականում ուղղված են վիճարկվող նորմերի ոչ իրավաչափ կիրառմանը: Ըստ էության, Դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, իրականում առաջ է քաշում իրավանորմի կիրառման իրավաչափության հարց»:

4.8. Վերոգրյալի հիման վրա Պատասխանողը խնդրել է.

««ՄԱՐԿՈՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության դիմումի հիման վրա՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի և իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

Կամ

«ՄԱՐԿՈՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության դիմումի հիման վրա՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի և իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:

5. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն անհատական դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին (Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմքեր) համապատասխան՝ ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, երբ՝

ա) առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի՝ «Ընկերության և նրա մասնակիցների պատասխանատվությունը» վերտառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն ուղղակիորեն սահմանել է ընկերության՝ իր մասնակիցների պարտավորությունների համար պատասխանատվության ենթարկելու արգելք՝ առանց որևէ վերապահման:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ «Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս» վերտառությամբ 45-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ վիճարկվող կարգավորմամբ օրենսդիրը երաշխավորում է պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս այլ անձանց իրավունքների պաշտպանությունն այն դեպքում, երբ ծագում է արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ: Սույն պարագայում վիճարկվող կարգավորման ուժով շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմելու գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Համապատասխան հայցով դատարան դիմելը դատական պաշտպանության իրավունքի իրացման առաջնային քայլն է, նման պաշտպանություն հայցելու իրավական հնարավորությունը, որը տվյալ գործի շրջանակներում Դիմողի կողմից անխոչընդոտ կերպով իրացվել է։

Սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում բացակայում են վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող դրույթների և Դիմողի սահմանադրական իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ բավարար հիմնավորումները, մասնավորապես՝ չի հիմնավորվել, թե վիճարկվող դրույթները (իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ) ինչպես են ազդել Դիմողի հիմնական իրավունքների վրա և ինչպես են հանգեցրել այդ իրավունքների խախտման:

Բացի դրանից, վերաբերելի կարգավորումները, այն է՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ընկերության՝ իր մասնակիցների պարտավորությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղիղ և որևէ վերապահում չնախատեսող արգելքը, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս այլ անձանց իրավունքների պաշտպանության իրավական հնարավորությունը, համադրելով Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումների հետ, Սահմանադրական դատարանը նշում է, որ վիճարկվող դրույթների և Դիմողի հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապը չի հիմնավորվում:

Սահմանադրական դատարանը փաստում է նաև, որ Դիմողի կողմից չի հիմնավորվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանության առկայությունը:

Այս համատեքստում հարկ է վկայակոչել Սահմանադրական դատարանի 2022 թվականի հունվարի 20-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «(...) Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դիմումը հիմնավորված համարելու համար անհրաժեշտ է, որ այն միաժամանակ համապատասխանի, ի թիվս այլնի, հետևյալ պահանջներին.

- հստակ պարունակի իրավակիրառ պրակտիկայի կողմից նորմին տրված մեկնաբանությունը, այսինքն՝ իրավակիրառի դատողության, վերլուծության, եզրահանգման այն հատվածը, որը, Դիմողի կարծիքով, հանդիսանում է վիճարկվող նորմի մեկնաբանություն,

- հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ մեկնաբանության միջև, այսինքն՝ պարունակի հիմնավորումներ, թե իրավակիրառի մեկնաբանությունն ինչպես է ազդել հիմնարար իրավունքի կամ ազատության վրա և ինչպես է հանգեցրել դրա ոչ իրավաչափ սահմանափակման, խաթարման կամ այլ կերպ խախտման»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Մասնավորապես՝ Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 60-րդ հոդվածը և այդ հոդվածով պաշտպանվող՝ սեփականության հիմնական իրավունքի՝ բացառապես օրենքով և միաժամանակ՝ միայն հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով սահմանափակելի լինելու հանգամանքը, վկայակոչելով, առանց հղում կատարելու Սահմանադրության 63-րդ հոդվածին, արդար դատաքննության իրավունքին վերաբերող իր իրավունքները, մասնավորապես՝ պատճառաբանված դատական որոշում ստանալու իրավունքը, վկայակոչելով Սահմանադրության 75-րդ հոդվածը, ընդունել է, որ թեև ձևական առումով Ընկերությունն իրացրել է դատական պաշտպանության իր իրավունքը, սակայն այն չի եղել արդյունավետ, քանի որ որևէ ատյանի դատարան չի անդրադարձել Ընկերության փաստարկներին պարտապան չլինելու մասով և չի պատճառաբանել, թե հատկապես ո՛ր իրավական նորմն է հնարավորություն տալիս մեկ սուբյեկտի պարտավորություններով բռնագանձում տարածել մեկ այլ սուբյեկտի գույքի վրա, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանն առհասարակ վարույթ չի ընդունել Ընկերության բողոքը և չի իրականացրել վերջինիս ըստ էության քննություն, և դա այն դեպքում, երբ առնվազն «դատական սխալն ակնհայտ էր»:

Այնուամենայնիվ, Դիմողը պատշաճ չի հիմնավորել, թե դատավարական երաշխիքների թեկուզ ձևական պահպանվածության պայմաններում ինչպե՞ս է խաթարվել նշված իրավունքների իրացումը, ինչպես նաև՝ ինչպե՞ս է դատարանի կողմից՝ Ընկերության նշված փաստարկներին չանդրադառնալը կամ Վճռաբեկ դատարանի կողմից՝ գործն ըստ էության չքննելը հակասահմանադրական դարձնում վիճարկվող օրենքը կամ դրա մեկնաբանությունը: Որպես նման հնարավոր փաստարկ, Դիմողը նշել է դատական սխալի «առնվազն ակնհայտ լինելը», ինչը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող պատշաճ հիմնավորում ծառայել վիճարկվող դրույթների կամ դրանց դատական մեկնաբանության՝ Սահմանադրությանը հակասելու փաստը ճանաչելու համար:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ՄԱՐԿՈՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ դիմումի հիման վրա` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

10 դեկտեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-188

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-188
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել