Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6929 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-69)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 69 | «ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Արտակ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի ապրիլի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արտակ Խաչատրյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Բարդի Պաղտասարյան, Միքայել Դանիելյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...)

(...) Որոշել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 80-րդ հոդվածներին»:

2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴԱՈ-192 աշխատակարգային որոշումը, նշում է, որ Սահմանադրությամբ և (կամ) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձն իրավունք ունի դատական պաշտպանություն հայցել, ինչպես նաև իր գործի արդարացի և հրապարակային քննություն ակնկալել ոչ միայն եռաստիճան դատական համակարգում, այլ նաև Սահմանադրական դատարանում, իսկ պետությունն իրավական բազայի և գործնական մեխանիզմների միջոցով պետք է ապահովի անձի այդ իրավունքների սահուն իրացումն ու լեգիտիմ ակնկալիքների «արդարացումը», հակառակ պարագայում՝ առկա կլինի սահմանադրականության խնդիր: Այսինքն, ըստ Դիմողի՝ անձը, օժտված լինելով արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար և անօտարելի իրավունքներով, ունի այդ իրավունքների լիիրավ իրացման և իրագործման օրինական ակնկալիք Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատարաններում, այդ թվում՝ նաև Սահմանադրական դատարանում:

Դիմողը գտնում է, որ ցանկացած դեպքում, երբ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումն ընդունվում է քննության՝ արձանագրվելով դրա ակնհայտ անհիմն չլինելու հանգամանքը, գործի քննության փուլում առանց որևէ նոր, սկզբնապես գործից բացակայող հանգամանք ի հայտ գալու` բացառվում է նույն դիմումն ակնհայտ անհիմն որակելու հնարավորությունը, քանի որ դիմումն այդպիսին լինելու պարագայում Սահմանադրական դատարանի բարձր որակավորմամբ երեք դատավորների կողմից այդ փաստն արդեն իսկ դիմումի ընդունելիության փուլում կնկատվեր և կլիներ արձանագրված՝ հանգեցնելով գործի քննության մերժմանը: Նշվածի համատեքստում Դիմողն ընդգծում է, որ գործը քննության ընդունելն արդեն իսկ բացառում է դիմումն ակնհայտ անհիմն լինելը, իսկ արդեն գործի քննության փուլում պարզվում է ոչ թե դիմումն ակնհայտ անհիմն (չ)լինելը, այլ ընդհանրապես դիմումի հիմնավորվածությունը, որի կապակցությամբ էլ կայացվում է ըստ էության որոշում՝ բավարարելով կամ մերժելով ներկայացված դիմումը: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ «(...) դիմումի ակնհայտ անհիմն չլինելու հանգամանքն այն նվազագույն շեմն է, որը ենթադրվում է բավարարված և հաղթահարված՝ Սահմանադրական դատարանի բարձր որակավորմամբ երեք դատավորների կողմից քննության ընդունված յուրաքանչյուր գործով, որպիսի դեպքում էլ ծագում է անձի լեգիտիմ ակնկալիքը՝ ուղղված Սահմանադրական դատարանում այդ գործով իր արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների լիիրավ իրացման ու իրագործմանը»:

Ամփոփելով՝ Դիմողը նշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, ինչպես նաև 75 և 80-րդ հոդվածներով սահմանված պահանջներին և խախտում դրանք՝ հաշվի առնելով, որ վիճարկվող օրինադրույթը չի սահմանում անձանց արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր՝ խախտելով հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիության պահանջը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին՝ դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը: Նման կերպով ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը:

Բացի դրանից, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը: Մինչդեռ սահմանադրական դատարանի ակտերը, այդ թվում` նաև դատական կազմերի որոշումները, վերանայման ենթակա չեն: (…):

(…):

(…) Ելնելով վերոշարադրյալից՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի ակտերով, այդ թվում՝ նաև դատական կազմի որոշումներով կիրառված օրենքը չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության օբյեկտ, հետևաբար, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից անհատական դիմումի հիման վրա վիճարկման ենթակա չէ սահմանադրական դատարանի կողմից կիրառված օրենքի սահմանադրականությունը: Այս հանգամանքը բացատրվում է ինչպես սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթով, այնպես էլ սահմանադրական դատավարության առանձնահատկություններով, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածում ամրագրված՝ գործի հանգամանքների ի պաշտոնե քննության սկզբունքով: Ըստ այդ սկզբունքի՝ սահմանադրական դատարանը գործի բոլոր հանգամանքները պարզում է ի պաշտոնե՝ չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով: Սահմանադրական դատարանը՝ որպես սահմանադրական արդարադատության բացառիկ գործառույթով օժտված մարմին, ղեկավարվելով նշված դատավարական սկզբունքով, կոնկրետ գործի քննության ընթացքում կարող է խուսափել Սահմանադրությանը հակասող նորմի կիրառումից՝ կամ տվյալ նորմը Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանությամբ կիրառելու միջոցով, կամ սահմանադրական դրույթների անմիջական կիրառման միջոցով»:

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 14-ի ՍԴԴԿՈ-28 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

սույն դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանով Դիմողի կողմից բարձրացվել է Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց, որի իրավասությունը վերջինս չունի:

Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սույն գործի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթը վերջինիս նկատմամբ կիրառվել է Սահմանադրական դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴԱՈ-192 աշխատակարգային որոշմամբ, որը, ինչպես արձանագրվել է Սահմանադրական դատարանի վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ, վերանայման ենթակա չէ: Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման վերանայման ենթակա չլինելու պահանջը բխում է նաև Սահմանադրության և Սահմանադրական օրենքի ընդհանուր տրամաբանությունից: Կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կարևորվում են սահմանադրական, օրենսդրական այն պահանջները, որոնք որոշակիացնում են անհատական դիմումի թույլատրելի շրջանակները: Դրանց նախատեսումն ինքնանպատակ չէ և միտված է ապահովելու կոնկրետ վերահսկողության առաջ ծառացած խնդիրների լուծումը: Նույնաբնույթ իրավական դիրքորոշում Սահմանադրական դատարանն արտահայտել է նաև 2020 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴԱՈ-215 աշխատակարգային որոշմամբ:

Սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի կողմից վիճարկվող դրույթը չի կիրառվել նրա նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների կողմից, վիճարկվող դրույթի հետ կապված` Դիմողը չի հանդիսացել ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, վիճարկվող դրույթի կիրառման հետ կապված` ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում կոնկրետ գործ առկա չէ: Այլ կերպ ասած՝ Դիմողը չի պահպանել անհատական դիմում ներկայացնելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:

Վերոշարադրյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ և Սահմանադրական օրենքով իրեն վերապահված՝ կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված իրավադրույթի (սույն պարագայում՝ նաև դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը պարզելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման թույլատրելի սահմաններից: Մասնավորապես՝ տվյալ պարագայում բացակայում են Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանները:

Հետևաբար՝ Դիմողն այս առումով Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արտակ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 ապրիլի 2025 թվականի

ՍԴԱՈ-69

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-69
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել