ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 փետրվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 11 | ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 փետրվարի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Աղվան Հովսեփյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աղվան Հովսեփյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 14-ին) խնդրելով ճանաչել. «1. ՀՀ քր. դատ. օր-ի 130-րդ հոդվածը` այնքանով, որքանով չի նախատեսում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի և դրա բովանդակության մասին ուղղակի (էքսպլիցի) ձևակերպված պայման` ՀՀ Սահմանադրության 79-րդ և 27-րդ հոդվածին հակասող:
2. ՀՀ քր. դատ. օր-ի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` այնքանով, որքանով հնարավորություն են տալիս ձերբակալման` որպես ինքնուրույն դատավարական գործիքի ինքնաշխատ կիրառմամբ մեղադրյալին զրկել ազատությունից, ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին և 27-րդ հոդվածի 1-ին մասին հակասող:
3. ՀՀ քր. դատ. օր-ի 130-րդ հոդվածը` այնքանով, որքանով չի նախատեսում ձերբակալված մեղադրյալի ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքի, իր ընտրած անձին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքի, իր պահանջով բժշկական հետազոտման ենթարկվելու իրավունքի, լռություն պահպանելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածին հակասող:
4. ՀՀ քր. դատ. օր-ի 130-րդ հոդվածը` այնքանով, որքանով փաստացի հնարավորություն չի տալիս մեղադրյալին ինքնաշխատ ձերբակալելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող:
5. ՀՀ քր. դատ. օր-ի 130-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նախատեսված ժամկետները հակասում են ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին»:
2. Ըստ դիմողի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածում դատարան ներկայացնելու նպատակով մեղադրյալին ազատությունից զրկելու կարգավորումների մեջ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» պայմանը, որպես ինքնուրույն և տեսանելի պայման, էքսպլիցիտ նախատեսված չէ, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Դիմողի պնդմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նախատեսված` մեղադրյալին ձերբակալելու մասին որոշման և արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջների մեջ «հիմնավոր կասկածի» պայմանի մասին որևէ պահանջ նախատեսված չէ: Դատարան ներկայացնելու համար ձերբակալման դեպքում մեղադրյալի կարգավիճակ ունենալը և կալանքի կիրառման շրջանակներում հիմնավոր կասկածն ապագայում քննարկելու հեռանկարը, ըստ դիմողի, per se չեն կարող կլանել անձին փաստացի արգելանքի վերցնելու պահին «հիմնավոր կասկածի» պայմանը: Դիմողը նշում է, որ սույն հարցում ազատությունից զրկելու օրենքով ուղղակի չձևակերպված հիմնավոր կասկածը չի կարող ինքնաբերաբար բխեցվել մեղադրյալի կարգավիճակից: Վկայակոչելով դատական պրակտիկան և մեջբերումներ անելով մի քանի դատական ակտերից դիմողը եզրահանգում է, որ դատական գործերում օգտագործվող «պատկերացում է կազմել այն մասին, թե ինչ արարք է իրեն մեղսագրվում» ձևակերպումից ակնհայտ է դառնում, որ դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ձերբակալելու հիմնավոր կասկածի մասին օրենսդրական պահանջի բացակայության հետևանքով իրավակիրառողը հնարավորություն է ստանում «հիմնավոր կասկածի» սահմանադրական պայմանը մեկնաբանել կամայական բովանդակությամբ: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի կարգավորումների առկայության պարագայում, եթե քննիչը որոշում է միջնորդություն ներկայացնել ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ, ապա ինքնաբերաբար պետք է մեղադրյալին ձերբակալի: Դիմողի պնդմամբ այս պարագայում մեղադրյալը ձերբակալման միջոցով ինքնաբերաբար զրկվում է ազատությունից զուտ նրան դատարան ներկայացնելու համար անկախ որևէ հանգամանքից (կամավոր դատարան ներկայանալու հնարավորություն, փախուստի ռիսկի իսպառ բացակայություն և այլն): Ըստ դիմողի «Եթե հետևում ենք ձերբակալման այս տեսակը նախատեսելու դոկտրինալ հիմնավորումների տրամաբանությանը, ապա պարզ է դառնում, որ այն նախատեսվել է զուտ դատավարական գործառույթների տարանջատման (դատարանը ոչ թե ազատությունից զրկող մարմին է, այլ ֆիզիկական ազատության երաշխիք, ուստի նա միայն թույլատրում է անազատության մեջ նրան հետագա պահելը) գիտական մոդելի ապահովման անհրաժեշտությունից ելնելով»: Դիմողը կարծում է, որ այս մոտեցման կողմնակիցները նշում են, որ դատարանը անձի ֆիզիկական ազատության երաշխավորն է և ոչ թե ազատությունից զրկողը, ուստի նա չի կարող իրականացնել անձին կալանավորելու գործառույթ, այն միայն թույլատրում է քրեական հետապնդման մարմնին անձին հետագայում պահել անազատության մեջ: Դիմողի համոզմամբ ինքնաշխատ եղանակով ձերբակալելու դոկտրինալ մոտեցումն արտացոլվել է նաև դատական պրակտիկայում: Նա պնդում է, թե դատավորները ևս ձերբակալման այս տեսակն ընկալում են այնպիսի հարկադրանքի միջոց, որը պարտադիր պետք է ինքնաշխատ կիրառվի, եթե մեղադրյալին կալանավորելու միջնորդություն է ներկայացվում: Դիմողը եզրահանգում է, որ, ըստ էության, դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված հիմքով ձերբակալումը դիտարկել է որպես կալանավորման նոր պայման, որի բացակայությունը հանգեցնում է կալանավորման միջնորդության մերժման: Վիճարկվող հոդվածի վերտառության և 1-ին ու 2-րդ մասի համադրման արդյունքում դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի կարգով մեղադրյալը ձերբակալվում է դատարան ներկայացնելու և մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունից (նպատակից) ելնելով (օրենսդիրն այն անվանել է ձերբակալման հիմք): Ըստ դիմողի թեև օրենսդիրը ձևականորեն սահմանել է, որ ձերբակալման որոշման մեջ պետք է նշվի ձերբակալման պատճառը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մաս), սակայն չի կոնկրետացրել, թե ինչ պատճառներ պետք է լինեն դատարան ներկայացնելու հիմքով մեղադրյալին ձերբակալելու համար: Նման պատճառ, դիմողի պնդմամբ, դժվար է բխեցնել նաև այս տեսակի ձերբակալման ինստիտուտի ընդհանուր տրամաբանությունից, քանի որ եթե առկա են անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու օրենքով նախատեսված ֆորմալ պահանջները (մեղսագրվող արարքի համար նախատեսված է մինչև մեկ տարի ազատազրկում), ապա ինքնին առկա է նաև անձին ձերբակալելու հիմքը, և ձերբակալման համար որևէ այլ պատճառ, ըստ առկա օրենսդրական կարգավորման, փաստացի անհրաժեշտ չէ: Հայկական իրավաքաղաքական ռեալիզմի տեսանկյունից օրենսդիրը քրեական հետապնդման ռեպրեսիվ համակարգին, դիմողի գնահատմամբ, օրենքով վերապահել է անձին անազատության մեջ պահելու (մինչև 36 ժամ) օրինական, սակայն հակաիրավական գործիք: Քրեական հետապնդման մարմինը, ըստ դիմողի վարկածի, ստացել է օրինական, սակայն հակաիրավական հնարավորություն նույնիսկ բովանդակային իմաստով ակնհայտ անհիմն և դատական հեռանկար չունեցող կալանքի միջնորդություն ներկայացնելու միջոցով կամայական եղանակով մեղադրյալին զրկելու ազատությունից: Դիմողը գտնում է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելն իր էությամբ բացառում է անձին ՁՊՎ տեղավորելու և այնտեղ պահելու անհրաժեշտությունը: Ըստ դիմողի ստացվել է մի իրավիճակ, որ դատարան ներկայացնելու համար մեղադրյալին ձերբակալելը օրենսդրական սահմանափակող երաշխիքների բացակայության հետևանքով վերածվել է մեղադրյալին ապացուցողական տարաբնույթ գործողություններին հարկադրաբար ներգրավելու գործիքի: Ընդ որում, դիմողի պնդմամբ, եթե մեղադրյալը չի կատարում իր դատավարական պարտականությունները, ապա նրան ապացուցողական գործողությունների կատարմանը կարելի է ներգրավել բերման ենթարկելու միջոցով, որն անհամեմատ մեղմ միջոց է: Մինչդեռ, վիճարկվող իրավակարգավորմամբ համապատասխան սահմանափակող երաշխիքների բացակայության հետևանքով, դիմողի գնահատմամբ, ձերբակալման այս տեսակը վերածվել է «անհնազանդ» մեղադրյալների նկատմամբ պատժիչ միջոցի: Անդրադառնալով համաչափության սկզբունքի հաջորդ տարրին ընտրված միջոցի անհրաժեշտությանը դիմողը պնդում է, որ սույն գործով իր նկատմամբ չի կիրառվել ձերբակալման համեմատությամբ առավել մեղմ միջոց. նրան չի ներկայացվել դատարան ներկայանալու մասին որևէ ծանուցում: Մարդու իրավունքների սահմանափակման տեսանկյունից օրենսդիրը, ըստ դիմողի, պետք է պատճառաբանի, թե ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակին հասնելու համար ինչու՞ է ընտրել օրենքով նախատեսված մի քանի պիտանի միջոցներից ամենախիստ միջոցը: Օրինակ, եթե կալանքը կիրառելու միջնորդությունում որպես հիմնավորում չի նշվել մեղադրյալի փախուստի դիմելու ռիսկը, ապա այս դեպքում ի՞նչ իրավաչափ նպատակով է պայմանավորված անձին դատարան ներկայացնելը ազատությունից զրկելու եղանակով: Դիմողը նաև պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում դատարան ներկայացնելու համար ձերբակալված մեղադրյալի ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքի, իր ընտրած անձին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքի, իր պահանջով բժշկական հետազոտման ենթարկվելու իրավունքի, լռություն պահպանելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, հակասում է Սահմանադրության 75-րդ հոդվածին: Ըստ դիմողի առաջադրած թեզի գործնականում ձերբակալման այս տեսակի բողոքարկումը, առկա իրավական կարգավորումների պայմաններում վերածվում է տեսական (պատրանքային) իրավունքի: Դիմողի վարկածով օրենսդրի կողմից ձերբակալված մեղադրյալին առավելագույնը 18 ժամում դատարան ներկայացնելու կարգավորումն էլ, իր հերթին, հակասում է Սահմանադրության 78֊րդ հոդվածին համաչափության սկզբունքին: Արդյունքում դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի հիման վրա Ա. Հովսեփյանին ազատությունից զրկելով (ձերբակալելով) խախտվել է նրա ֆիզիկական ազատությունը, ազատությունից զրկվելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքը, իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքը (Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասություն, 2-րդ մաս, 5-րդ մաս):
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.
ա) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
բ) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
-դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, -դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
- դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
գ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
դ) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
ե) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
զ) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
է) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Աղվան Հովսեփյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
28 փետրվարի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
