Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7723 նոյեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-77)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 77 | «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 նոյեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի նոյեմբերի 5-ին) խնդրելով. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ և 79 հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով որ չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և ոչ իրավաչափորեն սահմանափակում է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով գործը վերանայելու այն անձանց իրավունքը, որոնց նկատմամբ դատական ակտով կիրառվել է այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմը, կամ դրա կիրառումն իրականացվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությանը չհամապատասխանող ձևով, այն պարագայում, երբ նշված անձինք դեռևս ձեռք չէին բերել ՀՀ Սահմանադրական դատարան նույն հարցով դիմելու իրավունքը, բայց միևնույն ժամանակ այն չէին սպառել»:

2. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով դիմողը հայտնել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, ինչն իրավակիրառ պրակտիկայում տեղիք է տալիս կամայական մեկնաբանության, իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման հանգեցնելով դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և անձի արդար դատաքննության իրավունքի խախտման, այսինքն, ըստ դիմողի, վիճարկվող դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 1-ին, 61, 63 և 79-րդ հոդվածներին: Մասնավորապես, դիմողը նշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին, այնքանով, որքանով «դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը» արտահայտության «պահպանել էին» մասից պարզ չէ, թե արդյոք այդ իրավունքը պետք է արդեն իսկ դիմումը մուտքագրվելու օրը ծագած լիներ և այդ օրվա դրությամբ դեռևս պահպանված լիներ, թե կարող է դեռևս ծագած չլիներ, սակայն կարևոր է այդ իրավունքի ծագումը բացառող հանգամանքի բացակայությունը, նշվածի արդյունքում, ըստ դիմողի, ստեղծվում է միևնույն իրավիճակում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբեր վերաբերմունքի դրսևորման վտանգ: Դիմողի դիրքորոշման համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց նկատմամբ, որոնց Սահմանադրական դատարան նույն հարցով անհատական դիմում ներկայացնելու իրավունքը «դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ» դեռևս ծագած չի եղել, հակառակ մեկնաբանության դեպքում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասի դրույթները կհակասեն Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին։ Միաժամանակ դիմողը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը Վերջնական դատական ակտում նշված մեկնաբանմամբ կիրառելու պարագայում վիճարկվող դրույթները կհակասեն նաև Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, այնքանով, որքանով դրանցով կսահմանափակվի նոր հանգամանքով դատական գործը վերանայելու հնարավորությունն այն անձանց համար, որոնք մինչև նույն հարցի վերաբերյալ այլ սուբյեկտի կողմից դիմումի մուտքագրման օրվա դրությամբ հնարավորություն չեն ունեցել նույն հարցով դիմելու Սահմանադրական դատարանին, սակայն հետագայում հնարավորություն կունենային, եթե այլ սուբյեկտի կողմից համապատասխան դիմումը ներկայացված չլիներ և դրա հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից նույն հարցի վերաբերյալ գործի քննություն չիրականացվեր կամ կայացված չլիներ համապատասխան որոշումը:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ բացակայում են դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, հետևաբար ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործի դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Ա. Թունյան

23 նոյեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-77

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 նոյեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-77
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել