Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-813 մարտի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 մարտի 2019թ. ՍԴԴԿՈ - 8 | ԴԱՎԻԹ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

13 մարտի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Դավիթ Ասատրյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Դավիթ Ասատրյանը 2019 թվականի փետրվարի 22-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի «փոխկապակցված» բառը իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանության մասով, (տարբեր վարչական վարույթների արդյունքում կայացված վարչական ակտերը չեն կարող համարվել փոխկապակցված, քանի որ դրանց իրավաչափությունը պետք է ստուգվեն առանձին-առանձին) ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ, 61- րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Մատնանշելով ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ, մասնավորապես, Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները դիմողը գտնում է, որ դատարանների կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը խաթարում է իր արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի հասանելիության իրավունքը: Դիմողի կարծիքով վիճարկվող վարչական ակտերը վարչական դատարան առանձին- առանձին ներկայացնելու դեպքում ինքը կկրեր անհամաչափ ծախսեր, որոնք կնվազեցնեն վարչական ակտերի վիճարկման արդյունավետությունը: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումն առ այն, որ էականը վարչական միջամտության դեմ դատական բողոք բերելու արդյունավետ միջոցի երաշխավորումն է, դիմողը պնդում է, որ դատարանների կողմից վիճարկվող դրույթին տրված տարաբնույթ մեկնաբանություններն առ այն, որ եթե վարչական ակտերը կայացվել են տարբեր վարչական վարույթների շրջանակներում, ապա դրանք չեն կարող դիտվել փոխկապակցված, չի բխում նշյալ դիրքորոշումից խախտելով իր հիմնական իրավունքները և ազատությունները:

3. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև գործում առկա այլ նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ դիմողը 21.05.2018թ. հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան խնդրելով անվավեր ճանաչել տասը վարչական ակտեր: Դատարանի 29.05.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, քանի որ հայցվորի կողմից ներկայացված պահանջները փոխկապակցված չեն եղել միմյանց հետ: Դիմողը դատարանի 29.05.2018թ. «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը վիճարկել է վերաքննության կարգով: Վերաքննիչ դատարանի 06.07.2018թ. որոշմամբ Դ. Ասատրյանի բողոքը մերժվել է թիվ ՎԴ/5932/05/18 վարչական գործով վարչական դատարանի 29.05.2018թ. «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ: Վճռաբեկ դատարանը 22.08.2018թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է: Ըստ DataLex դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների դրանից հետո դիմողը, վերացնելով վարչական դատարանի կողմից մատնանշված հայցադիմումում առկա սխալները, կրկին հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան առանձին-առանձին վիճարկելով նշված տասը վարչական ակտերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե, ի թիվս այլնի, մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ: Օրենսդիրը հայցվորին հնարավորություն է ընձեռել կա՛մ վերացնել համապատասխան որոշմամբ արձանագրված բոլոր առերևույթ սխալները և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին հայցադիմում ներկայացնել, այն է համաձայնել դատարանի կողմից մատնանշված սխալներին և դրանք շտկել, կա՛մ վերաքննության կարգով բողոքարկել կայացված միջանկյալ դատական ակտը, այն է չվերացնել որոշմամբ արձանագրված սխալները համարելով, որ դրանք առկա չեն կասկածի տակ դնելով դատական ակտի իրավաչափությունը: Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողը ընտրել է բողոքարկման ճանապարհը գտնելով, որ մեկ հայցադիմումով իր ներկայացրած 10 պահանջները փոխկապակցված են: Ավելին, Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման կայացումից հետո, պահպանելով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետները, վիճարկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի «փոխկապակցված» բառին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունն այն մասով, որ տարբեր վարչական վարույթների արդյունքում կայացված վարչական ակտերը չեն կարող համարվել փոխկապակցված, քանի որ դրանց իրավաչափությունը պետք է ստուգվի առանձին-առանձին պնդելով, որ նման մեկնաբանության արդյունքում խախտվել են իր հիմնական իրավունքները և ազատությունները: Սակայն դիմողը մինչ Սահմանադրական դատարան դիմելը, վերացնելով վարչական դատարանի կողմից մատնանշված հայցադիմումում առկա սխալները, կրկին հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան առանձին-առանձին վիճարկելով նշված տասը վարչական ակտերը: Ընդ որում, նշված հայցադիմումները վարչական դատարանի կողմից ընդունվել են վարույթ, և դրանցով կայացվել են գործն ըստ էության լուծող դատական ակտեր: Կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում անձը կոնկրետ գործի շրջանակներում, սպառելով ներպետական դատական պաշտպանության միջոցները, կարող է դիմել Սահմանադրական դատարան, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական այս դրույթի լույսի ներքո ենթադրյալ հակասահմանադրական նորմի կիրառման և/կամ իրավակիրառ պրակտիկայում վերջինիս տրված մեկնաբանության արդյունքում անձի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված այս կամ այն իրավունքի խախտումը պետք է կրի շարունակական բնույթ, և միայն սահմանադրական արդարադատության արդյունքում կայացված համապատասխան դատական ակտի հիման վրա անձը պետք է հետագայում հնարավորություն ունենա վերականգնելու իր խախտված իրավունքները: Հակառակ պարագայում, երբ անձը փորձում է իր իրավունքը վերականգնել այլ դատավարական ընթացակարգերի շրջանակներում, աղճատվում է այն նպատակը, որին միտված է կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը: Խնդրո առկա իրավիճակում Սահմանադրական դատարան դիմելով դիմողը Սահմանադրական դատարանում ընդամենը բարձրացրել է իր նկատմամբ կայացված դատական ակտերի իրավաչափության հարց նույն տրամաբանության շրջանակներում, երբ վիճարկում էր վարչական դատարանի 29.05.2018թ. «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերաքննության և վճռաբեկության կարգով:

Համաձայն Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, այս առումով առկա է գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Դավիթ Ասատրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող

Անդամներ

13 մարտի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 մարտի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել