ԻՆԳԱ ԳԵՈՐԳԱՁԵԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 ապրիլի 2022թ. ՍԴԴԿՈ - 23 | ԻՆԳԱ ԳԵՈՐԳԱՁԵԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 ապրիլի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Ինգա Գեորգաձեի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ինգա Գեորգաձեն (ներկայացուցիչ Լ. Գրիգորյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի մարտի 30-ին) խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 28-րդ, 29-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այնքանով որքանով չի ապահովում իրավական որոշակիության, ինչպես նաև օրենքի առջև բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները:
2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին ներպետական դատարանների կողմից դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը և կիրառելիությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 73-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով անթույլատրելի է նախկինում գործող իրավական դրույթներում ամրագրված իրավունքների սահմանափակումը կամ վերացումը»:
2. Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «(…) օրենսդիրն օգտագործել է «այլ անձանց» արտահայտությունը, ինչն իրավական անորոշության տեղիք է տալիս, քանի որ հոդվածների մեկնաբանման արդյունքում հնարավոր չէ հասկանալ «այլ անձանց» շրջանակը»: Դիմողը նաև նշում է. «Հնարավոր չէ հասկանալ այդ «այլ անձը» պարտադիր պետք է լինի երրորդ անձ, ով չի հանդիսանում բազմաբնակարան շենքի շինության սեփականատեր, թե կարող է նաև լինել բազմաբնակարան շենքի շինության սեփականատեր»: Միաժամանակ, դիմողը նշում է, որ «Իրավակիրառ պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ բազմաբնակարան շենքի շինությունների կառուցվածքները (առաստաղները, հատակները, նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը և այլն) սեփականության իրավունքով պատկանում են հենց նույն բազմաբնակարան շենքի սեփականատերերից մեկին, սակայն վիճելի նորմերում օգտագործված «այլ անձանց» հասկացության անորոշ ձևակերպման հիմքով առաջանում է երկիմաստություն, ինչի հետևանքով բազմաբնակարան շենքի սեփականատերը չի կարողանում իր վարքագիծը համապատասխանեցնել այդ նորմերին»: Վերը նշված հիմնավորումներով պայմանավորված, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռների վկայակոչմամբ դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունը հակասում են «(…) Սահմանադրության 1-ին հոդվածում նշված իրավական պետության սկզբունքին, Սահմանադրության 79-րդ հոդվածով նշված որոշակիության սկզբունքին, Սահմանադրության 28-րդ հոդվածում նշված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին և Սահմանադրության 29-րդ հոդվածում նշված խտրականության արգելքի սկզբունքին»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հնարավոր հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը պնդում է, որ դատարանների կողմից «(…) ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջին հակասող մեկնաբանություն և կիրառելիություն տալու հետևանքով իրավակիրառ պրակտիկան ձևավորվել է այն ուղղությամբ, որ Դատարանները վիճարկվող դրույթները մեկնաբանելիս հաշվի չեն առնում անձանց արդեն իսկ, մինչև այդ նորմերի ուժի մեջ մտնելը ծագած սեփականության իրավունքը և ավելի վաղ ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառում են գործող նորմերը անտեսելով նաև այն, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա»: Վերը նշված հիմնավորումներով դիմողը նաև գտնում է, որ «(…) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին դատարանների կողմից տրված մեկնաբանությունն ու կիրառելիությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում նշված իրավական պետության սկզբունքին և ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով սահմանված իրավական ակտերի հետադարձ ուժի կարգավորումներին»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացվող վերոգրյալ պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողն, ըստ էության, բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականության հարցեր, սակայն վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթների և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումում չի ներկայացրել բավարար հիմնավորումներ, որպիսի պայմաններում դիմումը համարվում է ակնհայտ անհիմն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ վիճարկվող նորմերով կարգավորվում են բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքի հետ կապված հարաբերությունները, որոնց համաձայն բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք այլ անձանց սեփականություն չեն: Բացի դրանից, սույն անհատական դիմումով վիճարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթներում ամրագրված «այլ անձանց» արտահայտությունը` Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ի թիվս այլ տարածքների, պատկանում է նաև նկուղը: Ընդ որում վերոնշյալ նորմը կգործի և հետևաբար շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը և, ի թիվս այլնի նկուղը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով կպատկանեն բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին, եթե դրանք այլ անձանց սեփականություն չեն: Այսինքն այն դեպքում, երբ շենքը կրող կառուցվածքները, այդ թվում նկուղը, արդեն իսկ հանդիսանում են որևէ անձի սեփականություն, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի կարգավորումները չեն կարող գործել, և վերոնշյալ տարածքները չեն հանդիսանա բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը: Ընդ որում այլ անձի սեփականությունը անկախ այն հանգամանքից այլ անձը երրորդ անձ է, թե տվյալ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատեր, հավաստվում է համապատասխան փաստաթղթերի առկայությամբ, և իրավահարաբերության մյուս սուբյեկտների համար որևէ անորոշություն առաջացնել չի կարող։ Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի կողմից ներկայացված այն հիմնավորումները, որոնց համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունը բավարար չափով որոշակի չեն, հետևաբար չեն համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին, ևս անհիմն են, իսկ սույն անհատական դիմումով գործի քննությունն այս մասով ևս ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների պահանջներին համապատասխան սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Թիվ ԵԿԴ/0010/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված սույն անհատական դիմումով վիճարկվող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը չեն կիրառվել դիմողի նկատմամբ. դրանք դիմողի նկատմամբ իր կողմից սույն դիմումով բարձրացված հարցի շրջանակներում իրավական հետևանքներ չեն առաջացրել: Այսպես` Սահմանադրական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-927 որոշման մեջ արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ։ Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի համար առաջացած հնարավոր բացասական իրավական հետևանքները որևէ ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ չեն գտնվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների հետ: Վերահաստատելով 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սույն դիմումով վիճարկվող դրույթների մասով դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումն այս դրույթների մասով նույնպես ենթակա է մերժման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ինգա Գեորգաձեի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
18 ապրիլի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
