Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1678 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-167)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2026թ. ՍԴԱՈ - 167 | «ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Նազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հունիսի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռոբերտ Նազարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասն՝ այնքանով, որքանով, հաշվի չառնելով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժ չունենալու իմպերատիվ կանոնն, առանց որևէ իրավաչափ, հետևաբար՝ անհրաժեշտ նպատակի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասն արգելակում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում ծանր հանցանք կատարած և մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունը»:

2. Ներկայացնելով թիվ ՍԴ1/0010/01/24 քրեական գործի և թիվ ԿԴ/0079/15/25 գործի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ «(...) ՀՀ նախկին և ՀՀ գործող քրեական օրենսգրքերի (...) իրավանորմերի համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում այն, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով նախկին և գործող քրեական օրենսգրքերում նախատեսվել են տարբերվող կարգավորումներ, և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների հետ կապված ՀՀ գործող քրեական օրենսգրքով առավել նպաստավոր պայման է նախատեսվել, մասնավորապես՝ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ծանր հանցագործության համար հինգ տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված իրավանորմի ուժով, հնարավորություն է ստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել ոչ թե նշանակված պատժի կեսը, այլ մեկ երրորդը կրելուց հետո»:

Դիմողը գտնում է, որ «(...) ՀՀ նախկին քրեական օրենսգիրքը հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի հետադարձության որևէ արգելք նախատեսած չի եղել, իսկ 2022թ. հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգիրքը, 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանելով, որ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով», սակայն, չնախատեսելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու՝ գործող քրեական օրենքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (...) կարգավորման կիրառման հետադարձություն, փաստացի արգելում է, որպեսզի մինչև 2022թ. հուլիսի 1-ը կատարած ծանր հանցագործության համար մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուն հավակնի իր վիճակն այլ կերպ բարելավող՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ»:

Դիմողն այս առումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցը. «Արդյո՞ք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված հիմնարար կանոնի և 78-րդ հոդվածով հռչակված հիմնարար սկզբունքի բովանդակությանը, երբ, հաշվի չառնելով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժ չունենալու իմպերատիվ կանոնն, առանց որևէ իրավաչափ, հետևաբար՝ անհրաժեշտ նպատակի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասն արգելակում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում ծանր հանցանք կատարած և մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունը»:

Դիմողը նշում է, որ «(...) ելնելով այն փաստից, որ և՛ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, և՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքի գործողության պայմաններում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքը պետության կողմից այն փաստի վաղաժամ ճանաչումն է, որ դատապարտյալը վերասոցիալականացվել է կամ ուղղվել է մինչև իր նկատմամբ նշանակված պատժի ժամկետի լիարժեք կրումն, արձանագրում եմ, որ չկա որևէ հատուկ հանգամանք, որը թույլ կտար՝ եզրահանգելու, որ մինչև 2022թ. հուլիսի 1-ը ծանր հանցանք կատարած և մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դատապարտյալի վերասոցիալականացման կամ ուղղման նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պատիժը կրելուց նրան պայմանական վաղաժամկետ ազատելու նպատակով նրա նկատմամբ կիրառվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման առավել տևական ժամանակահատվածի չափանիշ, քան՝ 2022թ. հուլիսի 1-ից հետո ծանր հանցանք կատարած և մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դատապարտյալի նկատմամբ»:

Դիմողի պնդմամբ՝ «(...) ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասն առանց որևէ իրավաչափ, հետևաբար՝ անհրաժեշտ հիմքի է թույլ տալիս, որպեսզի, ի տարբերություն 2022թ. հուլիսի 1-ից հետո հանցանք կատարած և մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի, մինչև 2022թ. հուլիսի 1-ը հանցանք կատարած և մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվի առավել խիստ ներգործություն, այսինքն՝ պատժի պարտադիր կրման առավել խիստ չափանիշ՝ նույն նպատակին հասնելու, այն է՝ և՛ մինչև 2022թ. հուլիսի 1-ը հանցանք կատարած անձին, և՛ 2022թ. հուլիսի 1-ից հետո հանցանք կատարած անձին ուղղելու համար՝ հաշվի չառնելով, որ հանցանքը մինչև 2022թ. հուլիսի 1-ը կամ 2022թ. հուլիսի 1-ից հետո կատարված լինելու փաստը չի կարող դույզն-ինչ ազդել հանցանք կատարած անձին ուղղելու՝ պետության հետապնդած նպատակի իրագործման արդյունավետության վրա, այլ խոսքով՝ հաշվի չառնելով այն, որ հանցանքը մինչև 2022թ. հուլիսի 1-ը կամ 2022թ. հուլիսի 1-ից հետո կատարված լինելու փաստը չի կարող a priori նշանակել, որ մինչև 2022թ. հուլիսի 1-ը ծանր հանցանք կատարած և մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձին ուղղման համար անհրաժեշտ է առավել տևական ժամանակ, քան՝ 2022թ. հուլիսի 1-ից հետո ծանր հանցանք կատարած և մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձին»:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(...) Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի և 78-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ թիվ ԿԴ/0079/15/25 դատական վարույթով կայացված՝ 2025թ. դեկտեմբերի 24-ի, 2026թ. փետրվարի 11-ի և 2026թ. ապրիլի 22-ի (...) դատական ակտերով կիրառումը հանգեցրել է դատապարտյալ Ռոբերտ Նազարյանի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքի իրացման անհնարինության՝ այնքանով, որքանով դատապարտյալ Ռոբերտ Նազարյանը զրկվել է թիվ ՍԴ1/0010/01/24 քրեական գործով կայացված՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024թ. փետրվարի 27-ի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված չորս տարի ժամկետով ազատազրկումից իրեն պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի դատական քննության իրավունքից»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածին, 73-րդ հոդվածի 1-ին մասին և 78-րդ հոդվածին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Դիմողը, վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրության 61-րդ հոդվածին և 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասությունը, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի և 73-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածին և 73-րդ հոդվածի 1-ին մասին, հետևաբար՝ Սահմանադրության 78-րդ հոդվածին:

Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ռոբերտ Նազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-167

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-167
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել