«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-191)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 191 | «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 147-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հարություն Ներսիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի և 147-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի նոյեմբերի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հարություն Ներսիսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ` փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի պաշտպանի նկատմամբ «վարույթից հեռացնելը» դատավարական սանկցիան կիրառվի՝ առանց հաշվի առնելու, որ մեղադրյալի վերաբերյալ գործով նշանակված դատական նիստին մասնակցելու պարտականությունը պաշտպանը չի կատարել՝ մեկ այլ դատական նիստին մասնակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դրանով իսկ մեղադրյալի համար չապահովելով իր նախընտրած փաստաբանի միջոցով մեղադրանքից պաշտպանվելու՝ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմնարար իրավունքի իրացման իրական և անխախտ հնարավորություն:
Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածն` այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով մեղադրյալի համար նախատեսված հիմնարար իրավունքից մեղադրյալը զրկվի այն պայմաններում, երբ մինչև «վարույթից հեռացնելը» դատավարական սանկցիայի կիրառման հարցը լուծելը պաշտպանի համար չի ապահովվել լսված լինելու իրավունքը, հետևաբար՝ որպես իր պարտականությունները չարամտորեն չկատարելու միջոցով վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու դրսևորում առերևույթ գնահատման ենթակա արարքի հետ կապված հանգամանքները դատարանին հիմնավորապես պարզաբանելու հնարավորությունը»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ պաշտպանի, այսինքն՝ մեղադրյալի պաշտպանության սահմանադրական առաքելությունն իրականացնող սուբյեկտի նկատմամբ ամենախիստը հանդիսացող՝ «վարույթից հեռացնելը» դատավարական սանկցիան կիրառելու հարցը լուծելուց առաջ, հիշյալ դատավարական սանկցիայի համաչափության կապակցությամբ հիմնավոր հետևության գալու համար վարույթն իրականացնող դատարանը պարտավոր է պաշտպանին ընձեռել լսված լինելու հնարավորություն, եթե չկան այդ իրավունքն ընձեռելուն խոչընդոտող հատուկ հանգամանքներ, օրինակ՝ եթե քրեադատավարական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով պաշտպանի նկատմամբ «վարույթից հեռացնելը» դատավարական սանկցիան կիրառելու հարցը լուծելիս վարույթն իրականացնող դատարանը հիմնավորապես չի ենթադրում, որ պաշտպանին լսված լինելու հնարավորության ընձեռումը պաշտպանի կողմից կարող է օգտագործվել՝ «վարույթից հեռացնելը» դատավարական սանկցիան կիրառելու հիմք հանդիսացող արարքը շարունակելու կամ նոր արարք կատարելու համար։
Սակայն, չնայած վերոգրյալին` նույնիսկ այն պայմաններում, երբ քրեադատավարական օրենքի 1-ին հոդվածը որպես քրեական վարույթը կարգավորող նորմատիվ իրավական ակտ է նախատեսում նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, այնուամենայնիվ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասին համանման կերպով չի նախատեսում իրավակարգավորում այն մասին, որ պաշտպանի նկատմամբ «վարույթից հեռացնելը» դատավարական սանկցիան կիրառելու հարցը լուծելուց առաջ դատարանը, որպես կանոն, պարտավոր է ապահովել պաշտպանի լսված լինելու իրավունքը:
Դիմողը նշում է նաև, որ եթե հիշյալ պարզաբանումը կամ բացատրությունը պաշտպանի կողմից դատարանին տրվեր, ապա դատարանը հնարավորություն կունենար արձանագրելու, որ դատական նիստից պաշտպանի բացակայությունը ոչ թե իր հիշյալ պարտականությունը չարամտորեն չկատարելու հետևանք է, այլ «ծայրահեղ անհրաժեշտության» հետևանք, մասնավորապես` դատարանը հնարավորություն կունենար արձանագրելու, որ դատական նիստից պաշտպանի բացակայությունը պայմանավորված է եղել մեկ այլ քրեական գործով դատական նիստի մասնակցելու անհրաժեշտությամբ, որում, ի տարբերություն առաջինի, քննարկվելու և լուծվելու էր մեղադրյալի՝ օրենքով պաշտպանվող առավել բարձրարժեք շահի հետ կապված հարց, արդեն որպիսի պարագայում ամենախիստը հանդիսացող՝ «վարույթից հեռացնելը» դատավարական սանկցիան պաշտպանի նկատմամբ կիրառման ենթակա չէր լինի այնքանով, որքանով այդպիսի սանկցիայի կիրառումը համաչափ չէր լինի պաշտպանի՝ հիշյալ հանգամանքով պայմանավորված վարքագծի բնույթին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի և 147-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց՝ հիմնական փաստարկները հիմնավորելով առավելապես ենթադրություններով, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ սեփական պատկերացումներով:
Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածը նախատեսեր իմպերատիվ կարգավորում' այն մասին, որ պաշտպանի նկատմամբ «վարույթից հեռացնելը» դատավարական սանկցիան կիրառելու հարցը լուծելուց առաջ դատարանը պաշտպանին, որպես կանոն, պետք է ընձեռի լսված լինելու, հետևաբար՝ որպես իր պարտականությունները չարամտորեն չկատարելու միջոցով վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու դրսևորում առերևույթ գնահատման ենթակա արարքի հետ կապված հանգամանքները դատարանին հիմնավորապես պարզաբանելու հնարավորություն, ապա «վարույթից հեռացնելը» դատավարական ամենախիստ սանկցիան պաշտպան Ա. Մանուկյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանը չէր կիրառի, քանի որ թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով 2025թ. հուլիսի 31-ին նշանակված դատական նիստին հաջորդած դատական նիստի ընթացքում պաշտպան Ա. Մանուկյանն, իրացնելով լսված լինելու իր իրավունքը, հնարավորություն կունենար՝ Առաջին ատյանի դատարանին ներկայացնելու փաստարկված բացատրություն՝ թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով 2025թ. հուլիսի 31-ին նշանակված դատական նիստից իր բացակայության այն պատճառների մասին, որոնք Առաջին ատյանի դատարանի՝ 2025թ. հուլիսի 31-ի թիվ ԵԴ1/2537/01/24 որոշման մեջ փաստացի բնորոշվել էին՝ որպես «անհայտ մնացած», իսկ այդ փաստարկված բացատրությունից հետո ակնհայտ է այն, որ «վարույթից հեռացնելը» դատավարական ամենախիստ սանկցիան պաշտպան Ա. Մանուկյանի նկատմամբ այլևս չէր կիրառվի՝ այնքանով, որքանով այդպիսի սանկցիայի կիրառումը համաչափ չէր լինի պաշտպան Ա. Մանուկյանի՝ հիշյալ հանգամանքներով պայմանավորված վարքագծի բնույթին, ինչից, իր հերթին, հետևում է այն, որ թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով մեղադրյալ Հարություն Ներսիսյանը չէր զրկվի իր նախընտրած փաստաբանի միջոցով մեղադրանքից պաշտպանվելու՝ Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված իրավունքից»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ1/2537/01/24 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի և 147-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Այսպիսով, սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Հարություն Ներսիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի և 147-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
9 դեկեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-191
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-191
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
