ՍՈՖՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 սեպտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 49 | ՍՈՖՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 սեպտեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով Սոֆյա Կարապետյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սոֆյա Կարապետյանը (ներկայացուցիչ փաստաբան Նաիրի Բաղդասարյան) 2019 թվականի օգոստոսի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «1. Քննել սույն դիմումի մեջ արծարծված խնդիրները,
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ, 396-րդ և 407-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը ոչ համապատասխան և անվավեր»: Դիմողը միևնույն ժամանակ նշում է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ, 396-րդ և 407-րդ հոդվածները իրենցում առկա օրենսդրական բացերով և իրարամերժություններով հակասում են ՀՀ Սահմանադրությանը և/կամ իրավակիրառ պրակտիկայում այդ հոդվածների նորմերը գործածվում են տարաբնույթ մեկնաբանություններով, ինչպես նաև կիրառվում են բոլորովին ոչ օրենսդրի պահանջին համապատասխան, ինչի արդյունքում խախտվում են վարույթի մասնակիցների սահմանադրական իրավունքները»:
2. Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ և 396-րդ հոդվածների սահմանադրականության հարցի վերաբերյալ դիմողի փաստարկները վերաբերում են 395-րդ հոդվածի 1-ին մասի «Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 393-րդ հոդվածի պահանջներին» դրույթին, նույն հոդվածի 5-րդ մասին և 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթների մասով դիմողը նշում է, որ օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա վճռաբեկ բողոքը վերադարձվում է, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին ընդունվում է որոշում, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն նշված որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին: Նշվածն արձանագրելով դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, քանի որ օրենսդիրը չի հստակեցնում, թե բողոք բերող անձին ուղարկվում է միայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, թե՞ նաև վճռաբեկ բողոքը կից փաստաթղթերով: Արդյունքում, ըստ դիմողի, իրավակիրառական պրակտիկայում ընդունված է, որ բողոք բերող անձին ուղարկվում է միայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, ապա այդ մասով դիմողի փաստարկները հանգում են նրան, որ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս օրենսդիրը նկատի է ունեցել կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի սկզբնական տեքստի անփոփոխելիությունը: Իսկ եթե կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը տարբերվում է սկզբնապես ներկայացված վճռաբեկ բողոքից, ապա կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է ընկալվի որպես նոր բողոք: Այդ դեպքում, ըստ դիմողի, կարելի է այդ նոր բողոքը թողնել առանց քննության այն անստորագիր լինելու հիմքով: Թեպետ դիմողն ուղղակիորեն չի նշել, սակայն, նրա փաստարկներից բխում է, որ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի դեպքում բողոք բերողը պարտավոր չէ ստորագրել կրկին ներկայացված բողոքը հաշվի առնելով, որ նա արդեն իսկ ստորագրել է վճռաբեկ բողոքի սկզբնական տեքստը, և որ կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի դեպքում կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի տեքստը նույնական է վճռաբեկ բողոքի սկզբնական տեքստի հետ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի վերաբերյալ դիմողը չի ներկայացրել որևէ փաստարկ և հիմնավորում:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը, Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ այն չի պարունակում հիմնավորումներ, թե նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքների կամ ազատության խախտման, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել, այսինքն նշված հոդվածի մասով դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն չունեցող անձ է: Ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում փորձում է արդարացնել կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը չստորագրելու հանգամանքը (դիմողի համար անբարենպաստ հետևանք է առաջացրել Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը, որով պատճառաբանվել է, որ վճռաբեկ բողոքում առկա սխալները վերացնելուց հետո թույլ է տրվել նոր սխալ, այն է կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը ստորագրված չէ), ինչը դիմումը դարձնում է ակնհայտ անհիմն: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սոֆյա Կարապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
17 սեպտեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 սեպտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
