Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-67 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 փետրվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 6 | «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 7 փետրվարի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով «Նոր Զովք» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

«Նոր Զովք» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունվարի 20-ին) խնդրելով. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով չպետք է նախատեսվի ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունք այն դեպքում, երբ սնանկության գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ է կայացվում: Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ սնանկության վարույթը կարճվում է, օրենսդրորեն չպետք է նախատեսվի ժամանակավոր կառավարչի վարձատրության հնարավորություն: Բացի դրանից, ըստ դիմողի, հատկանշական է, որ վիճարկվող նորմի իրավակարգավորումն այնպիսին է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը չի կարող սահմանափակվել որևէ հիմքով նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից: Այլ կերպ ասած իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերի առկայության դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը պետք է ստանա վարձատրություն: Դիմողը կարծում է, որ վարձատրություն ստանալու իրավունքը սնանկության ժամանակավոր կառավարչի համար պետք է ծագի ոչ թե զուտ ժամանակավոր կառավարիչ նշանակվելու փաստի, այլ իր լիազորություններն իրացնելու և համապատասխան աշխատանք կատարելու փաստի հիմքով: Ըստ դիմողի նույնն է, որ աշխատողը աշխատավարձ ստանալու իրավունք ձեռք բերի ոչ թե փաստացի աշխատանք կատարելու, այլ զուտ աշխատանքային պայմանագրի կամ հրամանի հիման վրա աշխատանքի ընդունվելու փաստի հիմքով: Դիմողը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում պետք է հստակ սահմանվեն ժամանակավոր կառավարչի վարձատրության չափի հաշվարկման ելակետային պայմաններ. վիճարկվող իրավակարգավորման պայմաններում ստացվում է, որ սնանկության գործով ժամանակավոր կառավարչի կողմից սնանկության վարույթի շրջանակներում որևէ գործողություն չձեռնարկելու և որևէ աշխատանք չկատարելու դեպքում անգամ սնանկության ժամանակավոր կառավարիչը իրավունք ունի ստանալու վարձատրություն, ընդ որում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով, որը մի շարք դեպքերում կարող է կազմել բավականին մեծ գումար: Դիմողը կարծում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման և սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրությունը վերջինիս կողմից կատարված աշխատանքի ծավալի հետ չպայմանավորելու հետևանքով առաջացել է օրենսդրական բաց և իրավակարգավորման հակասություն Սահմանադրության և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի միջև, որպիսի պայմաններում դիմողի իրավունքները խախտվել են վերջինիս վրա դնելով ֆինանսական անհիմն և զգալի բեռ:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր սահմանադրական իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ դատաքննության առարկա դարձած նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարց: Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված դատողություններից հնարավոր չէ ողջամիտ պատկերացում կազմել դրանց հիմնավորվածության, իրավունքների ենթադրյալ խախտումների բնույթի, այդ ենթադրյալ խախտումները վիճարկվող դրույթների անորոշությամբ և համաչափությամբ պայմանավորված լինելու մասին: Դիմողը չի ներկայացրել բավարար փաստարկներ և իրավանորմերի համադրված վերլուծությամբ հիմնավորված չի մատնանշել, թե իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել վիճարկվող դրույթով, ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Նոր Զովք» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա.Վաղարշյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Խաչատրյան

7 փետրվարի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել