Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԿԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՄԱԼՎԻՆԱ ԴՈՒՐՄԻՇՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՄԱԼՎԻՆԱ ԴՈՒՐՄԻՇՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-318 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հունվարի 2023թ. ՍԴԴԿՈ - 3 | ՀԱՅԿԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՄԱԼՎԻՆԱ ԴՈՒՐՄԻՇՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 հունվարի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Հայկանուշ Հարությունյանի և Մալվինա Դուրմիշյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հայկանուշ Հարությունյանը և Մալվինա Դուրմիշյանը (այսուհետ դիմողներ) դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին)` խնդրելով. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «ռազմական գործողությունների հետևանքով անձին անհայտ կորած ճանաչելու» և «անհայտ կորած ճանաչելու հետևանքների» վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի 1-ին մասին, 31-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»։

2. Դիմողները փաստում են, որ «(...) օրենսդրությունը անհայտ կորած անձանց վերաբերյալ չնախատեսելով իրավական կարգավորումներ չի ապահովում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6 և 10-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների իրացումը»: Դիմողները նաև նշում են. «(...) ՀՀ օրենսդրությամբ անհայտ բացակայողի կամ մահացածի կարգավիճակը չեն ապահովում զինված հակամարտության կամ բռնության հետևանքով անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, հետևապես պետության կողմից օրենսդրությամբ պետք է ամրագրվի «ռազմական գործողությունների հետևանքով անձին անհայտ կորած ճանաչելու, դրա հետևանքների» վերաբերյալ իրավակարգավորումներ։ Իսկ դրա օրենսդրական կարգավորման բացակայությունը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքին։ Իրավական կարգավորումների բացակայությունը դատարանին հնարավորություն չի տալիս ներկայացված դիմումը քննելու, դիմողի նպատակները կանխորոշելու և վերջնական դատական ակտ կայացնելու համար»։ Ըստ դիմողների անհայտ կորածի կարգավիճակի սահմանումը պետության համար կստեղծի պարտավորություն անհայտ կորածներին փնտրելու, գտնելու, նույնականացնելու և վերադարձնելու։ Այսինքն կազմակերպել, իրականացնել, վերահսկել անհայտ կորած անձի որոնման բոլոր անհրաժեշտ աշխատանքները, ներառյալ մարդկային մնացորդների վերականգնումը և նույնականացումը։ Նշյալ օրենսդրական կարգավորման բացակայությունը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքին, քանի որ անհայտ կորած անձի ընտանիքի անդամներն անհայտ կորած հարազատի ճակատագրի վերաբերյալ տեղեկություն չեն ստանում, անընդհատ առերեսվում են անորոշության հետ, և նման անորոշությունն ունի ծանր հոգեբանական ու հուզական հետևանքներ։ Դիմողները նաև ընդգծում են, որ թեև դատարանները նույնացրել են «անհայտ բացակայող» և «անհայտ կորած» հասկացությունները, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդ հասկացությունները հետևանքների առումով չեն կարող նույնացվել։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 6-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարան են դիմել երկու դիմող Հայկանուշ Հարությունյանը և Մալվինա Դուրմիշյանը: Թեպետ դիմումը վերաբերում է մեկ հարցի, այնուհանդերձ դիմողները չեն հանդիսանում մեկ դատական վարույթի մասնակիցներ, դիմողների նկատմամբ իրականացվել է երկու առանձին դատավարություն, մասնավորապես` թիվ ԼԴ/2163/02/21 և թիվ ԼԴ/1751/02/21 քաղաքացիական գործերով, և ընդունվել են համապատասխանաբար տարբեր դատական ակտեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության սահմանադրական և օրենսդրական կարգավորումների տրամաբանությունից բխում է, որ յուրաքանչյուր ոք իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան իր նկատմամբ կիրառված օրենսդրական նորմի/նորմերի սահմանադրականությունը վիճարկելու համար, կարող է դիմում ներկայացնել կոնկրետ իրեն վերաբերող դատավարության արդյունքներով, ինչը բացառում է տարբեր գործերով, թեկուզև նույն հարցով, համատեղ դիմում ներկայացնելու հնարավորությունը: Բացի դրանից, համատեղ դիմում ներկայացնելու հնարավորությունն առկա է միայն այն դեպքում, երբ դիմողները հանդես են գալիս որպես միևնույն դատավարության մասնակիցներ: Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածը Սահմանադրական դատարանում գործերի միավորման իրավասությունը վերապահել է բացառապես Սահմանադրական դատարանին, մասնավորապես մինչև դատաքննությունն սկսվելը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողները դուրս են եկել Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրենց վերապահված կոնկրետ գործով իրենց նկատմամբ կիրառված օրենսդրական նորմի սահմանադրականությունը պարզելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման թույլատրելի սահմաններից և Սահմանադրական դատարան են դիմել մեկից ավելի գործերին առնչվող հարցադրման կապակցությամբ արդյունքում վերածվելով վերացական վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների, ինչի իրավասությունը Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով չունեն: Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը պահանջում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Սույն դիմումի պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը, մասնավորապես դիմողները չեն մատնանշել իրենց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը/դրույթները: Ուստի` դիմողներն իրավասու չեն տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Այդ առումով Սահմանադրական դատարանը հիշյալ որոշման մեջ արձանագրել է նաև, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողները, առաջ քաշելով օրենսդրությամբ «ռազմական գործողությունների հետևանքով անձին անհայտ կորած ճանաչելու» և «անհայտ կորած ճանաչելու հետևանքների» վերաբերյալ իրավակարգավորումների բացակայության սահմանադրականության հարց, չեն հիմնավորել իրենց կողմից նշված օրենսդրական ենթադրյալ բացի և Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իրենց հիմնական իրավունքների և ազատությունների խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ 2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-504-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է լրացում, ըստ որի «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»: Փաստորեն` ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինվորի կամ այլ քաղաքացու կարգավիճակն արդեն իսկ ներառված է անհայտ բացակայողի իրավական կարգավիճակի մեջ: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է: Մասնավորապես` համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ` «(…) օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»: Փաստորեն, դիմողներն ըստ էության բարձրացնում են օրենսդրությամբ նոր ինստիտուտի «ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինվորի» կարգավիճակի ներդրման հարց: Դիմողները նշում են, որ «(...) պետության կողմից օրենսդրությամբ պետք է ամրագրվի «ռազմական գործողությունների հետևանքով անձին անհայտ կորած ճանաչելու, դրա հետևանքների» վերաբերյալ իրավակարգավորումներ», «Անհայտ կորածի կարգավիճակի սահմանումը պետության համար կստեղծի պարտավորություն անհայտ կորածներին փնտրելու, գտնելու, նույնականացնելու և վերադարձնելու։ Այսինքն կազմակերպել, իրականացնել, վերահսկել անհայտ կորած անձի որոնման բոլոր անհրաժեշտ աշխատանքները, ներառյալ մարդկային մնացորդների վերականգնումը և նույնականացումը»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը դիմողների պահանջի և ներկայացված անհատական դիմումի կապակցությամբ հարկ է համարում նշել, որ Սահմանադրության 24 և 31-րդ հոդվածներով նախատեսված պետության պոզիտիվ պարտականությունները, մասնավորապես` ռազմական գործողությունների ընթացքում և այդ առնչությամբ անհայտ կորած զինծառայողների, ինչպես նաև նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության առնչությամբ, ենթակա են իրագործման իրավական տարբեր ընթացակարգերի, այդ թվում քրեադատավարական և վարչական վարույթների միջոցով։ Մինչդեռ բացառապես քաղաքացիական դատավարության կարգով դիմողների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցների օգտագործման, դիմողների պնդմամբ, անարդյունավետությունը վերջիններիս հիմք է տվել եզրահանգելու, որ իրենց մատնանշած օրենսդրական ենթադրյալ բացը հանգեցրել է իրենց Սահմանադրության 24 և 31-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ դիմողների նպատակն է օրենսդրությամբ ներդնել նոր ինստիտուտ «ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինվորի» կարգավիճակ, և դրանով իսկ պայմանավորված` սահմանել նոր իրավական հետևանքներ, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից և գտնվում է օրենսդիր մարմնի հայեցողության տիրույթում: Բացի դրանից, դիմողների առաջադրած հարցն իր բովանդակու-թյամբ սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում: Այսինքն չմատնանշելով որևէ նորմատիվ ակտ` դիմողները բարձրացնում են օրենսդրության մեջ «ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինվորի» կարգավիճակի բացակայության խնդիրը, որն ինքնին սահմանադրական վեճի առարկա չէ, ուստի` սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքերով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1, 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հայկանուշ Հարությունյանի և Մալվինա Դուրմիշյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

18 հունվարի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել