Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2914 փետրվարի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 փետրվարի 2020թ. ՍԴԱՈ - 29 | ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Հաստատել և, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակել ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ համաձայն հավելվածի:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

14 փետրվարի 2020 թվականի

ՍԴԱՈ-29

Հավելված

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

2020 Թ.ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ՍԴԱՈ-29

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՂՈՐԴՈՒՄ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2019 թվականին Սահմանադրական դատարան մուտքագրվել է սահմանադրաիրավական խնդիր բովանդակող 248 դիմում։ Այդ դիմումներից

• 170-ը ներկայացրել են ֆիզիկական և իրավաբանական անձինք,

• 41-ը Կառավարությունը,

• 30-ը դատարանները,

• 5-ը Մարդու իրավունքների պաշտպանը,

• 1-ը Ազգային ժողովը,

• 1-ը Հանրապետության նախագահը։

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված 170 դիմումներից 91-ը չեն համապատասխանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածներով սահմանված` դիմումին ներկայացվող պահանջներին և աշխատակազմի կողմից վերադարձվել են դիմողներին: Վերադարձված դիմումներից 5-ը դիմողների կողմից թերությունները վերացնելուց հետո կրկին ներկայացվել են Սահմանադրական դատարան, իսկ 2-ը նույն թերություններով կրկին ներկայացվել են Սահմանադրական դատարան աշխատակազմի ղեկավարի կողմից դիմումները վերադարձնելը բողոքարկելով դատական կազմերին:

Արդյունքում դատական կազմերի կողմից քննվել է 86 անհատական դիմում, որոնցից քննության է ընդունվել 13-ը, մերժվել 57-ը, 16-ը փոխանցվել է Սահմանադրական դատարանի լիագումար նիստ: Սահմանադրական դատարանի լիագումար նիստում նշված 16 դիմումներից 11-ով գործի քննությունը մերժվել է, 5-ով գործն ընդունվել է քննության:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության վերջնական որոշում է կայացվել 14 անհատական դիմումների հիման վրա (10 անհատական դիմում 2019 թվականին գրանցված դիմումներից և 4 անհատական դիմում 2018 թվականին գրանցված դիմումներից, իսկ 2019 թվականին գրանցված մնացած 4 անհատական դիմումների հիման վրա գործերի դատաքննությունները նշանակված են 2020 թ. փետրվար-ապրիլ ամիսներին):

Կառավարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված 41 դիմումները վերաբերել են միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականությանը: 41 դիմումներից 20-ն առնչվում են բազմակողմ միջազգային պայմանագրերին, 21-ը երկկողմ։ Սահմանադրական դատարանը նշված 41 դիմումներից քննության է ընդունել 40-ը, ևս մեկ դիմումի հիման վրա գործը քննության ընդունելու հարցը կորոշվի 2020 թվականին։

Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականին միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործերով կայացվել է 34 որոշում, որոնցից 4-ով դիմումները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2018 թվականին: 10 գործերով դատաքննությունները նշանակվել են 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին։

Սահմանադրական դատարանի կողմից քննության առնված 34 միջազգային պայմանագրերից (4-ով դիմումները Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2018 թվականին) 2019 թվականի ընթացքում Ազգային ժողովի կողմից վավերացվել են 30-ը: Մեկ դեպքում «2018 թվականի փետրվարի 12-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանն իր 21.05.2019 թ. ՍԴՈ-1460 որոշման մեջ արձանագրել է, որ Համաձայնագրում (մասնավորապես 4-րդ հոդվածում (3-րդ մաս), 8-րդ հոդվածում (1-ին և 2-րդ մասեր), 10-րդ հոդվածում (3-րդ մաս)) տեղ են գտել վրիպակներ, որոնք ուղղվել են հայկական կողմի և ամերիկյան կողմի հայտագրերով: Հիշյալ հայտագրերը համարվում են Համաձայնագրի անբաժանելի մաս: Սահմանադրական դատարանը Համաձայնագրի հիշյալ 3 հոդվածներում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցին անդրադարձել է հաշվի առնելով կատարված ուղղումները:

Դատարանների կողմից ներկայացված 30 դիմումներից 23-ն ընդունվել են քննության, իսկ 7 դիմումի հիման վրա գործի քննությունը մերժվել է: 2019 թվականի ընթացքում դատարանների դիմումների հիման վրա 3 գործի վարույթ կարճվել է (նշված 3 դիմումներից մեկը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2018 թվականին)։ Ընդհանուր առմամբ 2019 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության վերջնական որոշում է կայացվել դատարանների 15 դիմումների հիման վրա, որոնցից 6-ը Սահմանադրական դատարան են մուտքագրվել 2018 թվականին, իսկ մնացած 2019 թվականին գրանցված 12 դիմումների հիման վրա գործերի դատաքննությունները նշանակված են 2020 թ. փետրվար-ապրիլ ամիսներին: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված 5 դիմումներից մեկի հիման վրա գործի քննությունը մերժվել է, իսկ 4-ն ընդունվել են քննության: Քննության ընդունված 4 դիմումից մեկի վերաբերյալ կայացվել է ըստ էության որոշում, դիմումներից մեկը Սահմանադրական դատարանը վերադարձրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերջինիս 2019թ. դեկտեմբերի 23-ի թիվ 2-328 գրության հիման վրա, իսկ 2 դիմումի հիման վրա գործերի դատաքննությունները նշանակված են 2020 թ. փետրվար-ապրիլ ամիսներին: Ազգային ժողովի կողմից ներկայացված մեկ դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-112 որոշմամբ մերժվել է:

Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից ներկայացված և քննության ընդունված դիմումներից անհատական 2 դիմումների և դատարանների 3 դիմումների հիման վրա գործերի վարույթները Սահմանադրական դատարանի ՍԴԱՈ-8, ՍԴԱՈ-122, ՍԴԱՈ-141, ՍԴԱՈ-165, ՍԴԱՈ-173 աշխատակարգային որոշումներով կարճվել են:

Անհատական 2 դիմումների և դատարանի 1 դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում քննվող գործերի վարույթները կասեցվել են:

Այսպիսով, 2019 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանի նիստերում քննվել և ըստ էության վերջնական որոշում է կայացվել 61 գործով[1], որից 34-ը Կառավարության դիմումների հիման վրա,

15-ը դատարանների դիմումների հիման վրա,

14-ը անհատական դիմումների հիման վրա,

1-ը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա,

1-ը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա։

ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ

2019 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանի կողմից կայացված ըստ էության վերջնական 61 որոշումներից

• 8-ով վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող,

• 8-ով վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարանի

մեկնաբանությամբ,

• 5-ով վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր,

• 6-ով վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ ճանաչվել է Սահմանադրությանը հակասող, և նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ է սահմանվել: Վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու, ինչպես նաև վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու և նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու մասին որոշումները ենթադրում են որոշակի օրենսդրական փոփոխությունների կատարում և տեղեկատվություն այն մասին, թե, ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշումների, որքանո՞վ է օրենսդրությունը համապատասխանեցվել դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումներին: Այս առումով, նշված 11 որոշումից 4-ով ձեռնարկվել են Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների օրենսդրական իրացումն ապահովող անհրաժեշտ քայլեր։ Այսպես.

• ՍԴՈ-1488 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչվել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա-րելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվել է 142-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Էական կարգապահական խախտում է

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ հեղինակազրկում է դատական իշխանությունը.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-9-րդ, 11-12-րդ, 15-16-րդ կետերով և 70- րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-8-րդ, 11-րդ, 13-14-րդ և 18-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ, և պայմանա-վորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.

3) սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է էական չհամարվել, սակայն նախկինում կատարված խախտումների հետ համակցությամբ, որոնց համար դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, հեղինակազրկում է դատական իշխանությունը.»:

(Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0),

• ՍԴՈ-1475 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «հինգ տարվա ընթացքում»

արտահայտության և «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:» նախադասության մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր: Նշված որոշման կատարման նպատակով Կառավարության կողմից ներկայացվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 20-րդ հոդվածում 1-ին մասից հանել «` հինգ տարվա ընթացքում,» բառերը և 2-րդ նախադասությունը: (Կ-336-30.10.2019-ԱՍ-011/1),

• ՍԴՈ-1443 որոշմամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում հարկային և մաքսային մարմինների քննիչներին չներառելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող: Սահմա-նադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2019 թվականի հունիսի 1-ը։ Ի կատարումն նշվածի, սակայն Սահմանադրական դատարանի կողմից սահմանված ժամկետի խախտումով, 01.07.2019 թվականի ՀՕ-101-Ն ՀՀ օրենքով կատարվել է փոփոխություն, որի արդյունքում սահմանվել է. «Օրենքի 9- րդ հոդվածում`

1) 3-րդ մասի առաջին նախադասության «2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերը փոխարինել «2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.

«3) հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.

4) մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը:»: Նույն Օրենքով սահմանվել է նաև ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 5.3-րդ կետերով.

«5.2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով կամ 63 տարին լրանալուց հետո` 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.

5.3) Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձը, որը պաշտոնից ազատվել է «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.»,

• ՍԴՈ-1442 որոշմամբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմա-նափակում է կալանավորված անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռն-մխելիության և հաղորդակցության ազատության

իրավունքները, ճանաչվել է Սահմանադրության 31, 33 և 78-րդ հոդվածներին հակասող։ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2019 թվականի հունիսի 5- ը։ Ի կատարումն նշվածի, սակայն Սահմանադրական դատարանի կողմից սահմանված ժամկետի խախտումով, 28.06.2019 թվականի ՀՕ-104-Ն ՀՀ օրենքով կատարվել է փոփոխություն, որի արդյունքում սահմանվել է. Օրենքի 36-րդ հոդվածում

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց կարող են արգելվել

1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.

4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5) հեռախոսակապից օգտվելը:»:

Նույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը և 98-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակում են դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, ճանաչվել են Սահմանադրության 31, 33 և 78-րդ հոդվածներին հակասող: Դրա կատարման նպատակով 28.06.2019 թվականի ՀՕ- 103-Ն օրենքով կատարվել է փոփոխություն, որի արդյունքում Օրենսգրքի 59-րդ հոդվածում

1) 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի:»,

Օրենսգրքի 98-րդ հոդվածում

1) 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել

1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.

4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5) հեռախոսակապից օգտվելը:»:

Նույն որոշմամբ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի 231-րդ կետի 1-ին պարբերության 2-րդ նախադասությունն այնքանով, որքանով պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակում է կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները, ճանաչվել է Սահմանադրության 31, 33 և 78-րդ հոդվածներին հակասող։

Վերոնշյալի կատարման նպատակով, սակայն Սահմանադրական դատարանի կողմից սահմանված ժամկետի խախտումով, ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1215-Ն որոշմամբ կատարվել է փոփոխություն, որով սահմանվել է. «հավելվածի 231- րդ կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորված անձին կամ դատապարտյալին կարող են արգելվել

1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.

4) տեսակցությունները բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5) հեռախոսակապից օգտվելը:»։

5 դեպքով Սահմանադրական դատարանի որոշումները չեն կատարվել։ Մասնավորապես.

• ՍԴՈ-1497 որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետն այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս անձին օրենքով սահմանված ոչ գույքային վնասի հատուցում պահանջելու մտադրություն ունենալու հիմքով ճանաչման հայց ներկայացնել, ճանաչվել է Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

• ՍԴՈ-1476 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ

պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային

անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական

հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61- րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

• ՍԴՈ-1463 որոշմամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին

պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6- րդ մասի երկրորդ պարբերությունը` «մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով» դրույթի մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6- րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները ճանաչվել են Սահմանադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն օրենքի 5- րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմա-նադրության 29-րդ հոդվածին և 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված` նույն հոդվածի 6- րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատես-ված իրավակարգավորումը, ինչպես նաև նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը դատավորներին վերաբերող մասով, ճանաչվել են Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասին հակասող։

Ընդ որում այս որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2019 թվականի հոկտեմբերի 30-ը։

• ՍԴՈ-1448 որոշմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն այն մասով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը առանց ժամկետը բացթողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերությանը, ճանաչվել է Սահմանադրության 60, 75 և 78- րդ հոդվածներին հակասող:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն այն մասով, որ խոչընդոտում է հարգելի պատճառով 30-օրյա ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումների հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, ճանաչվել է Սահմանա-դրության 60, 75 և 78-րդ հոդվածներին հակասող:

Ընդ որում այս որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ էր սահմանվել 2019 թվականի հունիսի 1-ը։

• ՍԴՈ-1438 որոշմամբ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275- Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր։

Եվս 2 գործով Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի ապրիլի 15-ը հնարավորություն տալով Ազգային ժողովին կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք դեռ չեն կատարվել։ Այսպես

• ՍԴՈ-1487 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 376.1-ին հոդվածի 4-րդ կետն այն մասով, որ չի նախատեսում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումների վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 81-րդ հոդվածներին հակասող:

• ՍԴՈ-1480 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով գրավի կիրառումը թույլատրելի է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով բացառելով նույն Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված մյուս դեպքերը, ճանաչվել է Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասն այնքանով, որքանով գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար, ճանաչվել է Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, 137-րդ հոդվածի 4-րդ մասը և 139-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով գրավը սահմանում են որպես կալանավորման այլընտրանք կալանավորումից կախյալ խափանման միջոց, ճանաչվել են Սահմանադրության 27 և 78- րդ հոդվածներին հակասող:

-----------------------

[1] Ըստ էության որոշումներից մեկը կայացվել է 3 անհատական դիմումի հիման վրա միավորված գործի շրջանակներում, իսկ 2-ը անհատական դիմումի և դատարանի դիմումի հիման վրա միավորված գործի շրջանակներում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 փետրվարի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել