«ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 նոյեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 58 | «ԱՐՏԱԴՐԱ-ՏՊԱԳՐԱԿԱՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
16 նոյեմբերի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Արտադրա-տպագրական»
ՓԲԸ-ի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ .
1. «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյան, Կարեն Տոնոյան 2020 թվականի հոկտեմբերի 16-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 4, 10, 60 և 61, 63, 78, 79 ու 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական» ՀՕ- 233-Ն օրենսգրքի մինչև 23.06.11 թ. խմբագրությունը գործած 251-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայի կողմից տրված իմաստը հաղորդած բովանդակությամբ հանդերձ, համաձայն որի գրավառուի և գրավատուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն գրավառուի կողմից գույքը օտարելու պահի դրությամբ, այլ ոչ թե գրավի առարկան որպես սեփականություն ընդունելիս»:
Դիմումի և դիմումին կցված նյութերի բովանդակությունից հետևում է, որ դիմողը Սահմանադրական դատարան է դիմել վիճարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
2. Վկայակոչելով իրավական որոշակիության և սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233- Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) հակասական իրավակիրառ պրակտիկայի առկայության փաստը դիմողը գտնում է, որ վերը նշված վիճարկվող նորմը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին: Իր դիրքորոշումը հիմնավորելու համար, որպես հակասական իրավակիրառ պրակտիկայի դրսևորման ապացույցներ, դիմողը վկայակոչում է թիվ ԵԿԴ/0384/02/13 և դիմողին վերաբերող թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները: Դրանցից առաջինով Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ, և գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն այդ օրվա դրությամբ: Իսկ երկրորդ գործով Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն գրավառուի կողմից գույքն իրացնելու պահի դրությամբ:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ երկրորդ գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման պարագայում դիմողը եզրահանգում է, որ եթե գրավառուն գրավադրված գույքն իրացնի 10 տարի հետո, ապա գրավատուն կարող է միայն 10 տարի հետո ստանալ գույքի իրացումից հետո մնացած իր պարտավորության չափը գերազանցող գումարը, իսկ եթե գրավառուն ի սեփականություն իրեն անցած գույքն ընդհանրապես չիրացնի, ապա գրավատուն երբեք չի ստանա գույքի իրացումից հետո իր պարտավորության չափը գերազանցող գումարը, ինչն էլ կհանգեցնի անձի սեփականության իրավունքի խախտման:
Դիմողի պնդմամբ մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասն ունի այն բովանդակությունը, համաձայն որի գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ, և գրավատուի ու գրավառուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն այդ օրվա դրությամբ: Դիմողը վիճարկում է 2020 թվականի մայիսի 8-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից օրենսգրքի նորմին տրված մեկնաբանությունը, համաձայն որի գրավառուի և գրավատուի միջև փոխհաշվարկները պետք է կատարվեն գրավառուի կողմից գույքն օտարելու պահի դրությամբ, այլ ոչ թե գրավի առարկան որպես սեփականություն ընդունելիս։
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է ընդունման, քանի որ դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ .
1. Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
16 նոյեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-58
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-58
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
