Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«Ա ՏՈԲԱԿԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«Ա ՏՈԲԱԿԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-16521 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-165)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 165 | «Ա ՏՈԲԱԿԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«Ա ՏՈԲԱԿԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 396-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ա ՏՈԲԱԿԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Ա ՏՈԲԱԿԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ի պաշտոնե ներկայացուցիչ՝ տնօրենի ժ/պ Ռաֆայել Բաբայան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով իրավակիրառ պրակտիկայում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/54922/02/22 քաղաքացիական գործով 16.04.2025 թվականի որոշմամբ տրված դիրքորոշման (այն մասով, որ մասով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի նշվում վճարման ենթակա պետական տուրքի գումարի հստակ և որոշակի չափի և/կամ այն պակաս վճարված լինելու մասին, որն առկա է եղել վճռաբեկ բողոքն առաջին անգամ դատարան ներկայացնելիս՝ հանգեցնելով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելուն՝ դիտարկվելով այն որպես թույլ տրված նոր խախտում)՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/54922/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքների համատեքստում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն վճռաբեկ բողոքում առկա բոլոր թերությունները, այդ թվում՝ եթե պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվել է պատճենի տեսքով, իսկ եթե պետական տուրքի գումարը պակաս է վճարվել, դրա վերաբերյալ եզրահանգում ևս:

Ըստ Դիմողի՝ որպեսզի անձը կարողանա շտկել վճռաբեկ բողոքում առկա բոլոր թերությունները, վերջինս պետք է ստանա հստակ և որոշակի դատական ակտ իր կողմից ներկայացված բողոքում առկա բոլոր խախտումների վերաբերյալ, իսկ դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջների համատեքստում ունենա նաև պետական տուրքի ավել կամ պակաս վճարված լինելու վերաբերյալ համապատասխան եզրահանգում:

Դիմողը գտնում է, որ ինքը զրկվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներից, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համաձայն՝ Վճռաբեկ դատարանի կողմից նոր խախտում է դիտարկվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ չնշված այն թերությունը, որն առկա է եղել վճռաբեկ բողոքն առաջին անգամ դատարան ներկայացնելիս, որը հանգեցրել է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելուն՝ առանց տվյալ ենթադրյալ թերությունը շտկելու հնարավորություն ընձեռելու այն պայմաններում, երբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի նշվել վճարման ենթակա պետական տուրքի գումարի հստակ և որոշակի չափը, և չի արձանագրվել պետական տուրքի գումարը պակաս վճարված լինելու մասին: Վերոգրյալով պայմանավորված՝ Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը չի համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված՝ համապատասխանաբար` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին՝ հաշվի առնելով, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ օրենսդրական նման մեկնաբանման և կիրառման արդյունքում էականորեն խաթարվում են վճռաբեկ բողոք բերող անձի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքները՝ կապված պետական տուրքի գումարի չափի չնշման հիմքով վճռաբեկ բողոքը շտկելիս պետական տուրքի գումարը չվճարելու արդյունքում բողոքարկման իրավունքի սահմանափակմամբ:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առ այն, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի նշվում վճարման ենթակա պետական տուրքի գումարի հստակ և որոշակի չափի և/կամ այն պակաս վճարված լինելու մասին, որն առկա է եղել վճռաբեկ բողոքն առաջին անգամ դատարան ներկայացնելիս՝ հանգեցնելով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելուն՝ դիտարկելով այն որպես թույլ տրված նոր խախտում, իրավական որոշակիության սկզբունքի լույսի ներքո չի համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված՝ համապատասխանաբար` արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, ինչպես նաև 75, 78 և 79-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.

Վիճարկվող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) առնչությամբ սույն դիմումով բարձրացված հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, այն է՝ 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1783 որոշումը, որով Սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը.

«(...) բոլոր այն թերությունները, որոնք առկա են եղել վճռաբեկ բողոքը ներկայացնելու (առաջին անգամ դատարան մուտք անելու) պահի դրությամբ, սակայն Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցը որոշելիս դրանց անդրադարձ չի կատարել, Օրենսգրքի վիճարկվող դրույթի իմաստով որպես նոր խախտում մեկնաբանվել չեն կարող» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է նաև իրավական դիրքորոշում առ այն, որ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ բոլոր այն թերությունները, որոնք առկա են եղել վճռաբեկ բողոքը ներկայացնելու (առաջին անգամ դատարան մուտք անելու) պահի դրությամբ, սակայն Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի վերադարձման հարցը որոշելիս դրանց անդրադարձ չի կատարել, նշյալ դրույթի իմաստով որպես նոր խախտում մեկնաբանվել չեն կարող, հետևաբար՝ դրանց նկատմամբ պետք է կիրառվի ոչ թե վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, այլ այն կրկին վերադարձնելու դատավարական գործիքը» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է.

«(...) Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ վճռաբեկ բողոքի բոլոր այն թերությունները, որոնք առկա են եղել վճռաբեկ բողոքն առաջին անգամ ներկայացնելիս և ի սկզբանե հանդիսացել են վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք, սակայն վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ դրանց անդրադարձ չի կատարվել, նշյալ դրույթի իմաստով նոր խախտումներ չեն:

(...)»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի կապակցությամբ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի՝ վերը նշված՝ ՍԴՈ-1783 որոշումը, որով Սահմանադրական դատարանը տվյալ հարցի առնչությամբ արտահայտել է իր իրավական դիրքորոշումները: Նշվածը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանվում է, որ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Uահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպեu նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով։ Իսկ նույն հոդվածի 11-րդ մասով սահմանվում է, որ նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևu պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանը 2022 թվականի մարտի 29-ի ՍԴՈ-1645 որոշմամբ, անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի սահմանադրականության հարցին, որոշել է.

«(...) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանի 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1783 որոշման հիմքում ընկած է այլ անձի՝ Նունե Աթոյանի դիմումը, որը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին: Սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումն է, որը կայացվել է 2025 թվականի ապրիլի 16-ին: Այսինքն՝ այն կայացվել է վերը նշված՝ ՍԴՈ-1783 որոշման հիմքում ընկած՝ Նունե Աթոյանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվելուց հետո: Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1783 որոշումը, ինչպես արդեն վերը նշվել է, կայացվել է 2025 թվականի մայիսի 20-ին, իսկ հրապարակվել՝ մայիսի 23-ին, այսինքն՝ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց շուրջ 1 ամիս հետո: Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հրապարակման օրվա դրությամբ Դիմողն ուներ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունք, և լրացած չէր վերջինիս կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը: Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, Սահմանադրական դատարանի 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1783 որոշման հիման վրա, ուներ իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման իրավունք:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա՝ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում առկա լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ա ՏՈԲԱԿԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

21 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-165

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-165
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել