«ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-167)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 167 | «ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՄԱԹԵՎՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մաթևոս Դավթյանի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մաթևոս Դավթյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայց ներկայացնելու միջոցով սեփականության իրավունքին միջամտություն կատարվի, այն է՝ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականատիրոջ իրավունքն այդ գույքի բռնագանձման նպատակով սահմանափակվի՝ անկախ Օրենքի հետապնդած նպատակից և Օրենքով նախատեսված հիմքից, այն է՝ այդպիսի միջամտության ազդեցությունը կրի այնպիսի գույք, որը կապված չէ Իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության նպատակի, հետևաբար՝ հիմքի հետ»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է իրավական հարցադրում առ այն, թե արդյո՞ք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ թույլ է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայց ներկայացնելու միջոցով սեփականության իրավունքին միջամտություն կատարվի, այն է՝ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականատիրոջ իրավունքն այդ գույքի բռնագանձման նպատակով սահմանափակվի՝ անկախ վիճարկվող օրենքի հետապնդած նպատակից և դրանով նախատեսված հիմքից, մասնավորապես՝ այդպիսի միջամտության ազդեցությունը կրի այնպիսի գույք, որը կապված չէ իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության նպատակի, հետևաբար՝ հիմքի հետ:
Դիմողը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1776 որոշմամբ արտահայտված իրավական վերաբերելի դիրքորոշումը երբեք չի կարող մեկնաբանվել այն բովանդակությամբ, որ, եթե ուսումնասիրությունն սկսվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այսինքն՝ փաստական այն պատճառաբանությամբ, որ վերոգրյալ օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ դրանով նախատեսված պաշտոնն ստանձնելուց հետո, և այդ օրենքով նախատեսված համապատասխան հանցանք կատարելու համար հարուցվել է քրեական հետապնդում, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ մեղադրյալին կամ վերջինիս հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա այդ փաստն ինքնին բավարար է «ինքնաշխատ» կամ փաստացի կերպով համարելու, որ առկա է եղել ուսումնասիրություն սկսելու՝ վիճարկվող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի նաև՝ 5-րդ կամ 6-րդ կետով նախատեսված հիմքը: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ նման մեկնաբանության պարագայում բռնագանձման նպատակով միջամտություն է իրականացվում այնպիսի գույքի նկատմամբ, որը վիճարկվող՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձը ձեռք չի բերել իրեն մեղսագրված կոռուպցիոն բնույթի հանցանքի առերևույթ կատարման հետևանքով։
Դիմողը պնդում է, որ այն պայմաններում, երբ վիճարկվող՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը չի նախատեսում իրավական կարգավորում առ այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը չի կարող պարունակել պահանջ այնպիսի գույքի բռնագանձման մասին, որը կապված չէ ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուն ուղղված ուսումնասիրությունն սկսելու՝ վիճարկվող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի հետ, անհամաչափորեն սահմանափակվում է գույքն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականատիրոջ իրավունքն այնքանով, որքանով այն սահմանափակվում է գույքը բռնագանձելու նպատակով՝ անկախ վիճարկվող օրենքի հետապնդած նպատակից և դրանով նախատեսված հիմքից, մասնավորապես՝ այդպիսի միջամտության ազդեցությունը կրում է այնպիսի գույք, որը կապված չէ իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության նպատակի, հետևաբար նաև՝ հիմքի հետ։
Ըստ Դիմողի՝ վիճարկվող՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում առկա ենթադրյալ օրենսդրական բացի պատճառով թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանը հնարավորություն չի ունեցել վերացնելու «Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, 50-րդ փող., թիվ 11 հողամաս» հասցեում գտնվող անշարժ գույքի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարելն իրեն արգելելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ կիրառված սահմանափակումը, որն անհամաչափորեն սահմանափակել է իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ իր վերոհիշյալ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու հիմնական իրավունքը։
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է. քանզի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը չի նախատեսում իրավական կարգավորում առ այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը չի կարող պարունակել պահանջ այնպիսի գույքի բռնագանձման մասին, որը կապված չէ ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալներ ձեռք բերելուն ուղղված ուսումնասիրությունն սկսելու՝ վիճարկվող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի հետ, անհամաչափորեն սահմանափակվում է գույքն իր հայեցողությամբ տնօրինելու սեփականատիրոջ իրավունքն այնքանով, որքանով գույքը բռնագանձելու նպատակով այդ իրավունքը սահմանափակվում է՝ անկախ վիճարկվող օրենքի հետապնդած նպատակից և դրանով նախատեսված հիմքից, մասնավորապես՝ այդպիսի միջամտության ազդեցությունը կրում է այնպիսի գույք, որը կապված չէ իրավասու մարմնի կատարած ուսումնասիրության նպատակի, հետևաբար նաև՝ հիմքի հետ։
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։
Սույն գործի հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թիվ ՀԿԴ/0137/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, սույն գործով բացակայում է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտը, որի շրջանակներում դեռևս կարող է լուծում ստանալ Դիմողի կողմից բարձրացված հարցադրումը: Այսինքն՝ տվյալ պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Մաթևոս Դավթյանի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
21 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-167
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-167
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
