«ՄԵՐ ՇԵՆՔԸ» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մայիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 30 | «ՄԵՐ ՇԵՆՔԸ» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Հ
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
27 մայիսի 2020թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով «Մեր Շենքը» բնակարանաշինարարական ոչ առևտրային կոոպերատիվի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Մեր Շենքը» բնակարանաշինարարական ոչ առևտրային կոոպերատիվը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի մայիսի 8-ին) խնդրելով.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում թիվ ՎԴ/1358/05/12 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր այնքանով, որքանով դատական ակտի անհերքելիության, բացառիկության, նախադատելիության և պարտադիրությունը կապվում է դատական ակտի կատարելիության հետ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել դատարանների այն մեկնաբանությունը, որ սեփականության իրավունքից ածանցյալ մյուս իրավունքի դադարը մեխանիկորեն հանգեցնում է բուն իրավունքի դադարին»:
2. Դիմողը մատնանշում է, որ չնայած դատարանները տառացի չեն վկայակոչել վիճարկվող դրույթը, սակայն դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկելը և դատական ակտի կատարման համար կատարողական թերթ վերցնելը կարգավորվում են նշված հոդվածով:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրության 60-րդ և 63-րդ հոդվածներին:
Ըստ դիմողի «Սույն գործով անհերքելիության հատկանիշն անտեսելով դատարանները նշել են, որ եթե թիվ ՎԴ/3033/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 06.07.2015թ. վճռի կատարման համար կատարողական թերթ չի վերցվել և վճիռը փաստացի չի կատարվել, ուրեմն Կոոպերատիվն այլևս գերավճար չունի: Այսինքն, ստացվում է, որ դատարանը հերքել է ինքն իրեն, քանի որ թիվ ՎԴ/3033/05/14 վճռով հաստատված է համարել գերավճարի առկայությունը, իսկ թիվ ՎԴ/1358/05/12 վճռով հերքել է նույն գերավճարի առկայությունը»: Դիմողը գտնում է, որ «սույն գործով դատական ակտի բացառիկության և նախադատելիության հատկանիշն անտեսելով դատարանները վիճարկվող դրույթի հակասահմանադրական մեկնաբանման արդյունքում ըստ էության դիրքորոշում են հայտնել, որ եթե դատական ակտը չի կատարվել, ապա այն այլևս նախադատելի չէ, նախկինում կողմերի միջև քննված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերն այլևս անհերքելի փաստեր չեն»:
Դիմողի կարծիքով «դատական ակտի կատարման մասով նման նեղ մեկնաբանումն ինքնին առաջացրել է իրավական անորոշություն», ոտնահարվել է իրավունքի գերակայության սկզբունքը, ինչը հանդիսացել է դատական իշխանության հեղինակության անկման պատճառ»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։
2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, …. երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը, իսկ նշված 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կայացվել է 2019 թվականի հոկտմբերի 30-ին, իսկ դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2020 թվականի մայիսի 4-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու համար: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմողի միջնորդությանը, ըստ որի Վճռաբեկ դատարանի որոշումը վերջինս ստացել է 2019 թվականի նոյեմբերի 7- ին, ապա պետք է փաստել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է վեցամսյա ժամկետը հաշվարկել դատական ակտի հրապարակման պահից և չի նախատեսում դատական ակտն ավելի ուշ ստանալու փաստով կամ այլ հանգամանքներով դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և վերականգնելու հնարավորություն:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 3- րդ և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Մեր Շենքը» բնակարանաշինարարական ոչ առևտրային կոոպերատիվի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
27 մայիսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-30
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-30
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
