Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼՈՒՅՍԵՐԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼՈՒՅՍԵՐԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3421 հունիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 34 | ԼՈՒՅՍԵՐԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 հունիսի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Լույսերես Մելքոնյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լույսերես Մելքոնյանը (այսուհետ` դիմող) 2022 թվականի հունիսի 1-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 8-րդ մասը, այնքանով, որքանով, օտարալեզու ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելը թողնում է ՀՀ վարչական դատարանի հայեցողությանը կամ գործին մասնակցող անձի միջնորդությանը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին, 78-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին, հակասող և անվավեր:

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը, այնքանով որքանով, չի սահմանում պատասխանողի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու փաստը հավաստող ապացույցը ՀՀ վարչական դատարան չներկայացնելու իրավական հետևանք, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին, հակասող և անվավեր:

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը, այնքանով, որքանով չի սահմանափակում բողոք բերող անձի այնպիսի դիրքորոշումներ ներկայացնելու իրավունքը, որոնք չի ներկայացրել ստորադաս դատարանում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

4. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն» արտահայտությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին, հակասող և անվավեր»:

5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այնքանով, որքանով սահմանում է չհետազոտված ապացույցը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից հետազոտելու, փաստ հաստատելու, վճիռը բեկանելու և փոփոխելու լիազորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին, 78-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին, հակասող և անվավեր:

6. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կցելով վճռաբեկ դատարանի դատական ակտը» արտահայտությունը, ճանաչել ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 78-րդ հոդվածին, հակասող և անվավեր:

7. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, այնքանով որքանով, չի սահմանում մասնագիտացված դատարանի դիրքորոշումները ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին հակասելու հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին, հակասող և անվավեր:

8. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի խաթարել է արդարադատության բուն էությունը» արտահայտությունը և/կամ ձևավորված իրավակիրառ պրակտիկան ճանաչել ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին, 78-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին, հակասող և անվավեր»:

2. Դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 8-րդ մասի վերլուծության արդյունքում եզրահանգում է, որ մրցակցության հիման վրա իրականացվող քաղաքացիական դատավարությունում օրենսդիրն իմպերատիվ կերպով պարտավորեցնում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին օտարալեզու ապացույցը հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից, իսկ ի պաշտոնե գործը քննող ՀՀ վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան) օրենսդիրն օտարալեզու ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելը թողել է վարչական դատարանի հայեցողությանը կամ գործին մասնակցող անձի միջնորդությանը: Դիմողը գտնում է, որ օտարալեզու ապացույցը պետք է իմպերատիվ կերպով հանվի վարչական գործի հետազոտման ենթակա ապացույցների շարքից այնպես, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Քննարկման առարկա դարձնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դիմողը հարկ է համարում նշել, որ նշված հոդվածով սահմանվում են հայցադիմումի պատասխանի ներկայացման կառուցակարգն ու ընթացակարգը, որի 6-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է, որ պատասխանողը վարչական դատարան պետք է ներկայացնի հայցադիմումի պատասխանը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցներ: Մինչդեռ, ըստ դիմողի, ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով, և ո՛չ էլ այլ հոդվածներով սահմանված չեն հայցադիմումի պատասխանը երկշաբաթյա ժամկետում հայցվորին և երրորդ անձանց ուղարկելու ապացույցը վարչական դատարան չներկայացնելու իրավական հետևանքների մասով կարգավորումներ այն պարագայում, երբ օրենսդիրը հայցվորի համար նման կարգավորումներ սահմանել է: Ըստ դիմողի ստացվում է, որ օրենսդիրը հայցվորի համար սահմանել է հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին չուղարկելու դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու իրավական հետևանք, իսկ պատասխանողի դեպքում ոչ: Դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ և 379-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում եզրակացնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված իրավակարգավորումներին համահունչ իրավակարգավորումներ նախատեսված են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասում, 6-րդ մասում, 378-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում: Այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորմանը համահունչ նախատեսված չէ կարգավորում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածում, ինչը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոք բերող անձը սահմանափակված չէ վերաքննիչ բողոքում այնպիսի դիրքորոշումներ ներկայացնելուց, որոնք չի ներկայացրել ստորադաս դատարանում: Ըստ դիմողի ստացվում է այնպես, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասն արդար դատաքննության, գործը ողջամիտ ժամկետում քննելու, դատարանի ռեսուրսներն անհարկի չվատնելու ու մի շարք այլ սկզբունքներից, հիմնադրույթներից և հանգամանքներից ելնելով իրավաչափորեն սահմանափակում է վերաքննիչ բողոք բերող անձի դիրքորոշումներ ներկայացնելու իրավունքն այն դեպքում, երբ այդպիսիք չեն ներկայացվել ստորադաս ատյանում, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը վերաքննիչ բողոք բերող անձի դիրքորոշումների ներկայացման մասով չի նախատեսում ոչ մի սահմանափակում կամ բացառություն: Համեմատություն անցկացնելով Ոստիկանության 08.10.2019 թ. Դիմում-Առարկություն» վերտառությամբ փաստաթղթի և 07.02.2020 թ. վերաքննիչ բողոքում տեղ գտած դիրքորոշումների միջև դիմողը նկատում է, որ Ոստիկանությունը հայտնել է 08.10.2019 թ. Դիմում-Առարկություն» վերտառությամբ փաստաթղթում տեղ գտած դիրքորոշումներից տարբերվող դիրքորոշումներ: Այսինքն Ոստիկանությունը վերաքննիչ բողոքում հայտնել է այնպիսի դիրքորոշումներ, որոնք չի հայտնել վարչական դատարանում: Նման պայմաններում դիմողը գտնում է, որ Ոստիկանությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով պետք է սահմանափակված լիներ վերաքննիչ բողոքում նոր դիրքորոշումներ ներկայացնելու մասով: Վկայակոչված իրավանորմում տեղ գտած բացն էլ խախտել է իր արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, անկախ, անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները, իսկ նշված իրավունքի բացը կարող է քննության առարկա դառնալ Բարձր դատարանում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն: Դիմողի կարծիքով նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ եթե վերաքննիչ բողոքում վիճարկվում է տվյալ փաստը, կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն (այսուհետ` վարչական վերաքննիչ դատարան) անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել տվյալ փաստը, ապա վարչական վերաքննիչ դատարանը վարչական դատարանում հաստատված փաստն ընդունում է որպես հիմք: Նշվածն էլ իր հերթին թույլ է տալիս եզրահանգել, որ վարչական վերաքննիչ դատարանը վերաքննիչ վարույթում կարող է հետազոտել փաստ, եթե այդ փաստը վիճարկվում է վերաքննիչ բողոքով: Մինչդեռ, հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի, 114-րդ հոդվածի 5-րդ մասի, 115-րդ հոդվածի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի գ» և դ» ենթակետերի կարգավորումները դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասից հստակ չի երևում, թե հետազոտել այն» եզրույթով օրենսդիրը վարչական վերաքննիչ դատարանի համար սահմանել է փաստ հետազոտելու, թե՞ ապացույց հետազոտելու լիազորություն: Ստեղծված իրավիճակում դիմողը կարծում է, որ անձը չի կարող իր վարքագիծը համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմանը: Ըստ դիմողի հատկանշական է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` վերաքննիչ քաղաքացիական դատարան) ոչ միայն չունի առաջին ատյանի դատարանի կողմից չհետազոտված ապացույց հետազոտելու, այլև չհետազոտված ապացույցի հիման վրա նոր փաստի հաստատմամբ վճիռը բեկանելու, փոփոխելու և փաստ հետազոտելու լիազորություն ևս, որպիսի հանգամանքը թույլ է տալիս նկատել, որ եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չի հետազոտել մի ապացույց, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի գնահատմամբ գործի քննության համար ունի էական նշանակություն, ապա վերաքննիչ քաղաքացիական դատարանը պետք է կիրառի վճիռը բեկանելու և այդ ապացույցի հետազոտման համար այդ մասով գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը: Սույն դիրքորոշումը հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով: Թեպետ վկայակոչված իրավանորմերում խոսքը վերաքննիչ բողոքում նոր ներկայացված ապացույցի մասին է, այնուամենայնիվ, այն պետք է մեկնաբանել լայն իմաստով, քանզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում չհետազոտված ապացույցը, ըստ էության, վերաքննիչ վարույթում հանդիսանում է նոր ապացույցի հետազոտման առարկա ստորադաս դատարանի կողմից հետազոտված չլինելու հիմքով: Դիմողը, ամփոփելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ իր դիրքորոշումները, պնդում է, որ և՛ վերաքննիչ քաղաքացիական, և՛ վերաքննիչ վարչական դատարանները որևէ կերպ չեն կարող ստորադաս դատարանում չհետազոտված ապացույցի հիման վրա հաստատել նոր փաստ կամ չհետազոտված ապացույցի հիման վրա հաստատված չհամարել ստորադաս դատարանի հաստատած փաստը: Ընդսմին, և՛ վերաքննիչ քաղաքացիական, և՛ վերաքննիչ վարչական դատարանները համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով և 145-րդ հոդվածով չունեն ստորադաս դատարանի կողմից չհետազոտված ապացույցի հիման վրա նոր փաստ հաստատելու, վճիռը բեկանելու և փոփոխելու լիազորություն: Այսպիսով, դիմողն արձանագրում է, որ վերաքննիչ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով չունի վարչական դատարանի կողմից չհետազոտված ապացույցների հիման վրա փաստ հաստատելու, վճիռը բեկանելու լիազորություն: Դիմողը գտնում է, որ օրենսդրի կողմից վճռաբեկ բողոքին Վճռաբեկ դատարանի համապատասխան դատական ակտը կցելու պահանջը չի հետապնդում սահմանադրաիրավական նպատակ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներով սահմանված պահանջների լույսի ներքո, քանզի վճռաբեկ բողոք բերող անձը ծանրաբեռնվում է այնպիսի անհամաչափ պարտականություններով, որոնք, ըստ էության, արդեն իսկ իրացված են դատական տեղեկատվական պաշտոնական համակարգում: Ըստ դիմողի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով օրենսդիրը մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումը վերացնելու համար որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք սահմանել է արդարադատության բուն էության խաթարումը: Դիմողը գտնում է, որ ստորադաս դատարանի կողմից դատական ակտում թույլ տրված այնպիսի սխալը, որը հանգեցրել է արդարադատության խաթարման, ինքնին համարվում է արդարադատության բուն էության խաթարում: Անձի դատարան դիմելու մատչելիության իրավունքը ձևական նկատառումներով, ըստ դիմողի, սահմանափակվել չի կարող:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 8-րդ մասի վերաբերյալ

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն դրույթը վիճարկելով դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների/դատական ակտերի իրավաչափությանը, մասնավորապես վարչական դատարանի և վերաքննիչ վարչական դատարանի: Սույն գործով դիմողի նկատմամբ հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ՎԴ/7956/05/19 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի 04.10.2021 թ. որոշմամբ, և դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության տեսանկյունից: Նշված դրույթի շրջանակներում դիմողը, մասնավորապես, բարձրացնում է վիճարկվող դրույթի դատարանների կողմից չկիրառման հարց փորձելով հիմնավորել, որ այն պետք է կիրառվեր: Այսպես դիմողը նշել է. Արդյունքում ստացվում է այնպես, որ մրցակցության հիման վրա իրականացվող քաղաքացիական դատավարությունում, օրենսդիրը պարտավորեցնում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին իմպերատիվ կերպով օտարալեզու ապացույցը հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից, իսկ ի պաշտոնե գործը քննող վարչական դատարանում, օրենսդիրը օտարալեզու ապացույցը, հետազոտման ենթակա ապացույցների շարքից հանելը թողել է վարչական դատարանի հայեցողությանը կամ գործին մասնակցող անձի միջնորդությանը: Գտնում ենք, որ վարչական դատարանում օտարալեզու ապացույցը հետազոտման ենթակա ապացույցներից շարքից հանելը չպետք է թողնվի վարչական դատարանի հայեցողությանը կամ գործին մասնակցող անձի միջնորդությանը, այլ օտարալեզու ապացույցը պետք է իմպերատիվ կերպով հանվի վարչական գործի հետազոտման ենթակա ապացույցների շարքից, այնպես ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում»: Դիմողը նշել է նաև. Ավելին, հաշվի առնելով սահմանադրաիրավական այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է գտնում ենք, որ վարչական դատավարությունում օտար լեզվով կազմված փաստաթղթերի ներկայացման դեպքում, ապացուցման պարտականություն ունեցող դատավարության մասնակցի կողմից պետք է ներկայացվի նաև այդ փաստաթղթի պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը, հակառակ դեպքում, վարչական դատարանը հետազոտման ենթակա ապացույցների շարքից պետք է հանի օտարալեզու ապացույցը, իսկ պատշաճ թարգմանությունը ներկայացնելու պարտականությունը կրող կողմը պետք է կրի օտար լեզվով ներկայացված ապացույցի պատշաճ թարգմանությունը չներկայացնելու բացասական հետևանքները»: Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում վերաքննիչ դատարանի դատական ակտի/գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի վերաբերյալ

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հարկ է նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել իր նկատմամբ իրավական հետևանքներ առաջացրած վերջնական դատական ակտով թիվ ՎԴ/7956/05/19 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ: Դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածը չի կիրառվել դիմողի նկատմամբ, և դիմողն իրավասու չէ ներկայացնելու վերոնշյալ նորմի հակասահմանադրականության վերաբերյալ դիմում: Սահմանադրական դատարանն իր 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներով գտել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերաբերյալ

Դիմողը պնդում է, որ ՀՀ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոք բերող անձը սահմանափակված չէ վերաքննիչ բողոքում այնպիսի դիրքորոշումներ ներկայացնելուց, որոնք չի ներկայացրել ստորադաս դատարանում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը սահմանող 134-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Շարադրված նորմի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ընդհանուր կանոնի համաձայն վերաքննիչ բողոք բերող անձը վերաքննության շրջանակներում նոր դիրքորոշում ներկայացնելու իրավունք չունի: Միակ հնարավոր իրավիճակը, երբ որպես բացառություն անձն օժտվում է առաջին ատյանի դատարանում չհայտնած դիրքորոշումը վերաքննիչ ատյան ներկայացնելու իրավունքով, այն իրավիճակն է, երբ բողոք բերած անձը զրկված է եղել բողոքի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, որ Ոստիկանությունը վերաքննիչ բողոքում հայտնել է այնպիսի դիրքորոշումներ, որոնք չի հայտնել վարչական դատարանում, հարկ է նկատել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.4. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ Վերաքննիչ վարչական դատարանում վերաքննության սահմանները սահմանող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն։ Եթե դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված չափով կրում է դատավարության այդ մասնակիցը։ Շարադրված հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը համարում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները գործի լուծման համար էական նշանակություն ունեն, ընդունում է դրանք: Այսինքն ընդհանուր կանոնի համաձայն կողմերը վերաքննիչ դատարան նոր ապացույց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույց) ներկայացնելու իրավունք չունեն, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը համարում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն ունեն: Ընդ որում նշված դեպքում, եթե ապացույց ներկայացրած դատավարության մասնակիցը չի հիմնավորում, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, ապա դատական ծախսերը, անկախ գործի ելքից, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված չափով կրում է դատավարության այդ մասնակիցը։ Վերաքննիչ դատարանում վերաքննության սահմանները սահմանող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն։ Ստացվում է, որ առարկայազուրկ է դիմողի այն պնդումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասից հստակ չի երևում, թե հետազոտել այն» եզրույթով օրենսդիրը վարչական վերաքննիչ դատարանի համար սահմանել է փաստ հետազոտելու, թե՞ ապացույց հետազոտելու լիազորություն: Ուստի դիմողի դիրքորոշումները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հնարավոր հակասահմանադրականության վերաբերյալ անհիմն են, պատճառահետևանքային կապի մեջ չեն դիմողի սահմանադրական որևէ հիմնական իրավունքի խախտման հետ: 3.5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 161-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ 30.11.2010 թ. ՍԴՈ-927 որոշման մեջ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանադրական դատարանը բացահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշման մեջ։ Վերջինիս 5-րդ կետում մասնավորապես արտահայտված է հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նշված դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ վերջնական դատական ակտով. քննարկվող դրույթների ձևական վկայակոչումը դատական ակտում որևէ պարագայում չի կարող համարվել կիրառում: Վճռաբեկ դատարանն իր 2022 թվականի ապրիլի 20-ի ՎԴ/7956/05/19 որոշմամբ նշել է. «Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը, պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 3-րդ մասը և 124-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի» 20-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում միայն այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո հիմք ընդունելով վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, ուստի սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու, ուստիև այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար»: Նման պայմաններում դիմողի կողմից չի հիմնավորվել վիճարկվող իրավակարգավորումների իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով Վճռաբեկ դատարանի 20.04.2022 թ. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ կիրառված լինելը: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում վկայակոչել նաև Սահմանադրական դատարանի 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ «...ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը: Նման կերպով ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը: Բացի դրանից, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը...» Վերահաստատելով 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ըստ որի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթների մասով դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.6. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է դատարանի մատչելիության երաշխավորման խնդրին այն դիտարկելով որպես դատական պաշտպանության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների (ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներ) անհրաժեշտ բաղադրատարր: Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ դիրքորոշումներ է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ, մասնավորապես Դատարանի մատչելիության իրավունքը ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները: Այս համատեքստում կարգավորումներ սահմանելու հարցում պետություններն ունեն որոշակի հայեցողություն»: (Mamikonyan v. Armenia, 16.03.2010 թ. վճիռ, գանգատ թիվ 25083/05, 25-րդ կետ, Scholz AG v. Armenia, 24.01.2019 թ. վճիռ, գանգատ թիվ 16528/10, 57-րդ կետ): Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում ամրագրված «արդարադատության բուն էության խաթարում» հասկացության գնահատողական կատեգորիա լինելուն, ապա դրանք օրենքներին ներհատուկ ընդհանրական ձևակերպումների առումով չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասներն ու տարրերը և կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված հանգամանքների կարգավորման խնդիրը դատական մեկնաբանության և կիրառման դատարանների լիազորությունների տիրույթում կախված գործի կոնկրետ հանգամանքներից: Սահմանադրական դատարանն իր 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի անորոշության պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավորություն է ստանում սեփական հայեցողությամբ լուծելու կոնկրետ գործով բողոքը վարույթ ընդունելու հարցը, անհիմն է, պատճառահետևանքային կապի մեջ չէ դիմողի սահմանադրական որևէ իրավունքի խախտման հետ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով ` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Լույսերես Մելքոնյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ` Ե. Խունդկարյան

Ա. Վաղարշյան

21 հունիսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-34

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-34
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել