Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4625 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 փետրվարի 2022թ. ՍԴԱՈ - 46 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ Դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «…որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 27-րդ, 61-րդ, 63-րդ, 66-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողը, ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խնդրո առարկա խնդրի վերաբերյալ համապատասխան վճիռները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումները, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումները. 2.1. «Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով նախատեսում է անձի կալանավորման հիմքերը կարող է սահմանափակվել վերացական «ենթադրություններով» «կանխատեսումներով», թե այն պետք է բխի քրեական գործի «փաստական տվյալներից» «հիմքերից», բացառելով in abstractio մոտեցումը»: Վկայակոչելով վիճարկվող օրինադրույթը Դիմողը նշում է. «Իրավակիրառական պրակտիկայում կալանավորման հիմքերը մեկնաբանվում են այնպես, որ մի դեպքում արձանագրվում է, որ հիմքերը ենթադրությունների և կանխատեսումների շեմին պետք է համապատասխանեն, իսկ մյուս դեպքերում առավել հստակ արձանագրվում է նման մոտեցման բացառումը»: Կարևորելով սույն հարցադրման կապակցությամբ Վճռաբեկ դատարանի թիվ ԱՎԴ/0022/06/08, թիվ ԿԴ1/0062/06/12, թիվ ԵԷԴ/0138/06/13, թիվ ԵԿԴ/0084/06/16 գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները Դիմողը մատնանշում է նույն դատարանի Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը եզրահանգելով, որ «Հենց այս խնդիրն առաջացնում է իրավիճակ, որ մի դեպքում կալանավորման հիմքերը վերածվում են պարզապես վերացական «մոտավոր, կանխատեսական» բնույթ ունեցող հասկացությունների, իսկ մյուս դեպքում «կոնկրետ նյութերով» հիմնավորման պարտականություն ունեցող հանգամանքի: (…) Պետք է նկատել նաև, որ հենց Վճռաբեկ դատարանը նաև այս հարցում հետևողական մոտեցում չի ցուցաբերում և մեկուսի իրավական դիրքորոշումներն ինչպես Արամ Ճուղուրյանի նախադեպային որոշման դեպքում է վարույթ չեն ընդունվում և չեն գնահատականի արժանանում»: 2.2. Հաջորդիվ Դիմողը, Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումների համատեքստում դիտարկելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, ներառյալ դատարանի կողմից կալանավորման մասին որոշում կայացնելը և կալանավորման սկիզբը որոշելու իրավասությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածին (հաշվի առնելով, որ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով ամբողջությամբ վերանայվել է անձնական ազատության երաշխավորման կառուցակարգը)»: Դիմողը պնդում է. «Սահմանադիրը կալանավորման հարցի քննարկումը դիտարկում է այն իրավական փաստի և կարգավիճակի լույսի ներքո, երբ անձը գտնվում է անազատության մեջ և դատարանը պետք է գնահատի անձի անազատության մեջ հետագա պահելու թույլատրելու հարցը: Նշվածից պարզ է դառնում, որ դատարանին վերապահված չէ անձի անազատության հարցի մեկնարկի գնահատումը կամ անձին կալանավորելու իրավասությունը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի ուժով իրացվում է»: Արձանագրելով, որ վիճարկվող իրավանորմն ամրագրում է կալանավորման կիրառման պայմանները, Դիմողը նշում է, որ այն որևէ կերպ չի անդրադառնում անձի անազատության մեջ գտնվելու հարցին, ինչը Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասի ուղղակի պահանջն է: Դիտարկելով Սահմանադրության 2005 թվականի և 2015 թվականի փոփոխություններով նախատեսված սահմանադրաիրավական կարգավորումները Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համապատասխանեցման գործընթացը սահմանադրական բարեփոխումներին չի հետևել: 2.3. Այնուհետև ներկայացնելով Սահմանադրական դատարանի իրավական որոշակիության սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող համապատասխան որոշումները Դիմողը առաջ է քաշում հետևյալ հարցադրումը. «Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված «հիմնավոր կասկած» եզրույթը համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին և բավարարում է նորմի կանխատեսելիության պահանջին»: Վկայակոչելով խնդրո առարկա խնդրի կապակցությամբ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ Դիմողը պնդում է. «ՀՀ օրենսդրությամբ առհասարակ բացահայտված չէ «հիմնավոր կասկած» եզրույթի կիրառման շրջանակը, իրավական բովանդակությունը և հենց այդ տեսանկյունից պատահական չէ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բազմաթիվ որոշումներ են ընդունվել «հիմնավոր կասկած» եզրույթի պարզաբանման վերաբերյալ, ընդ որում որոշումները ընդունվել են 2008 թվականից սկսած և շարունակում են ընդունվել առաջին որոշումից մոտ տաս տարի անց…: (…) Նշվածը էլ ավելի է ընդգծում դրա վերաբերյալ կամ օրենսդրական հստակ և կանխատեսելի ձևակերպման հրամայականը, կամ դատական պրակտիկայում այնպիսի հստակ մեկնաբանումը, որ այն բացառեր կանխատեսելիության դեֆիցիտը»: Դիմողի եզրահանգմամբ իրավական որոշակիության «դեֆիցիտն» ավելի է ընդգծվել Բարձրագույն դատական խորհրդի 25.10.2021 թ. ԲԴԽ-60-Ո-Կ-21 որոշմամբ, որի շրջանակներում հիշյալ սահմանադրական մարմինը, գնահատելով կոնկրետ գործով դատավորի կողմից «հիմնավոր կասկած» եզրույթի ապացուցման շեմի վերաբերյալ մոտեցումները, նախ արձանագրել է, որ առկա է դրանից շեղում, և ապա փորձել իր որոշմամբ բացահայտել անհրաժեշտ շեմը: Վերլուծության առարկա դարձնելով Բարձրագույն դատական խորհրդի խնդրո առարկա որոշումը Դիմողը նշում է. «… վիճարկվող դրույթն ինքնին այնպիսի խնդիրներ է առաջացնում, որ դրանք իրավակիրառական պրակտիկայում ոչ թե հաղթահարվել են, կամ դարձել են որոշակի, այլ ավելի են «ընդլայնվել» և խաթարել են ինքնին միատեսակ կիրառման հնարավորությունը: (…)

Բարձրագույն դատական խորհրդի վկայակոչած մոտեցումն ինքնին առնչություն չունի ի թիվս այլնի ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի հետ այնքանով, որքանով իրավունքի գերակայության սկզբունքից ակնհայտ շեղում է կատարվում: Մասնավորապես սահմանադրաիրավական տեսանկյունից անընդունելի է, որևէ իրավիճակում մարդու անմեղության կանխավարկածի ստորադասումը և դրա իբրև հաշվի չառնելու պահանջ դատավորների համար նախատեսումը»: Ամփոփելով իր դիրքորոշումը Դիմողը եզրահանգում է. «Բարձր դատարանը տվյալ դեպքում կարող է գնահատել ստեղծված իրավիճակի սահմանադրականությունը և վիճարկվող նորմի նման տարածական մեկնաբանությունը, դրա անմիջական առավել ինտենսիվ ներգործությունը մարդու հիմնարար անձնական ազատության իրավունքին, կամ հաղթահարելով որոշակիության դեֆիցիտը, որն իրավակիրառական պրակտիկայում ակնհայտորեն չի հաղթահարվել, և ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչի վիճարկվող նորմը»:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Իր բազմաթիվ որոշումներում (08.02.2019 թ. ՍԴԱՈ-12, 26.11.2019 թ. ՍԴԱՈ-141, 30.11.2020 թ. ՍԴԱՈ-222, 15.02.2021 թ. ՍԴԱՈ-32, 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 և այլն) Սահմանադրական դատարանը բացահայտել է այն հարցերի շրջանակը, որոնց քննությունը բացառում է Սահմանադրական դատարանի իրավասությունը: Առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված Սահմանադրական դատարանի գործունեության կարգի ընդհանուր տրամաբանությամբ և լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց սահմանադիրն իրավունք է վերապահել դիմելու Սահմանադրական դատարան բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է Սահմանադրության 168-րդ հոդվածով ուրվագծված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն: 3.2. Սույն դիմումի ուսումնասիրությունը փաստում է, որ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է նախ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի այնքանով, որքանով այն դատարաններին հնարավորություն է ընձեռում անձի կալանավորման հիմքերը գնահատել վերացական «ենթադրություններով», «կանխատեսումներով», Սահմանադրության 27, 61, 63 և 81-րդ հոդվածներին հակասության հարցը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի պնդումները հանգում են նրան, որ վիճարկվող իրավակարգավորումը դատարաններին հնարավորություն է տալիս կալանավորման հիմքերը գնահատել լոկ ենթադրություններով և կանխատեսումներով փաստելով, որ «... Վճռաբեկ դատարանը նաև այս հարցում հետևողական մոտեցում չի ցուցաբերում և մեկուսի իրավական դիրքորոշումներն ինչպես Արամ Ճուղուրյանի նախադեպային որոշման դեպքում է վարույթ չեն ընդունվում և չեն գնահատականի արժանանում»: Ավելին, Դիմողը որպես վիճարկվող նորմի սահմանադրականության ակնհայտ խնդրի հիմնավորում, մատնանշում է 2021 թվականի հունվարի 1-ից 2021 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում դատարանների կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների բավարարման վիճակագրությունը։ Գնահատելով խնդրո առարկա հարցադրման կապակցությամբ Դիմողի ներկայացրած փաստարկները Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ վերջինիս դատողությունները վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ պատճառաբանված չեն, քանզի նախ Դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավակարգավորումը մեկնաբանում է իր սուբյեկտիվ իրավընկալման տեսանկյունից վիճարկվող նորմում օգտագործվող «ենթադրել» եզրույթը մեկնաբանելով մեկուսի նորմի ընդհանուր կարգավորման համատեքստից և նշված դրույթին Վճռաբեկ դատարանի կողմից տրված հստակ մեկնաբանություններից (որոնցով Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը պետք է հիմնավորվի գործի նյութերից բխող վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով (թիվ ՎԲ-132/07, թիվ ԱՎԴ/0022/06/08, թիվ ԼԴ/0197/06/08, թիվ ԵԿԴ/0580/06/09, թիվ ԵԿԴ/0678/06/10, թիվ ՏԴ/0052/06/14, թիվ ԵԱՔԴ/0386/06/15) կտրված փորձելով այդ կերպ հիմնավորել իր դատողությունների ճշմարտացիությունը: Այնուհետև ներկայացնելով Վճռաբեկ դատարանի խնդրո առարկա հարցի կապակցությամբ արտահայտած իրավական դիրքորոշումների վերաբերյալ իր իրավական գնահատականը` Դիմողը քննադատության առարկա է դարձնում դատարանների գործելաոճը վկայակոչելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները դատարանների կողմից բավարարելու բարձր ցուցանիշը միակողմանի մեկնաբանելով դրա հիմքերը և վերջինս պայմանավորելով վիճարկվող նորմի ենթադրյալ անորոշությամբ, այլ ոչ ներկայացված միջնորդությունների, օրինակ, հավանական հիմնավորվածությամբ։ Վերոգրյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված պատճառաբանությունները բավարար կերպով փաստարկված չեն, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է սեփական փաստարկները ներկայացնելու աներկբա պահանջ: 3.3. Ինչ վերաբերում է վիճարկվող նորմի իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ Դիմողի պնդմանը, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել իրավական որոշակիության սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող որոշումներին, որոնց շրջանակներում Սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշել է. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 7-րդ կետ), «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (23.09.2021թ. ՍԴՈ-1610, 4.1.2-րդ կետ): 3.4. Վերոգրյալը հավասարապես վերաբերելի է նաև Դիմողի կողմից բարձրացված երրորդ հարցադրմանը, այն է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթը, և իրավակիրառ պրակտիկայում դրա վերաբերյալ առկա մեկնաբանությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որոշակիության սկզբունքին և արդյունքում խախտում են 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության իրավունքը»։ Ի հիմնավորումն վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության Դիմողը կրկին սահմանափակվում է Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումների կարևորությունն ընդգծելով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների մատնանշմամբ միաժամանակ նշելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից «հիմնավոր կասկած» եզրույթի վերաբերյալ բազմաթիվ որոշումներ են ընդունվել, բայցևայնպես, պնդելով, որ քանզի. « (...) եզրույթը հանդիսանում է մարդու նկատմամբ ամենաինտենսիվ միջամտության այն է անձնական ազատության իրավունքի սահմանափակման համար պայմանը։ Նշվածը էլ ավելի է ընդգծում դրա վերաբերյալ կամ օրենսդրական հստակ և կանխատեսելի ձևակերպման հրամայականը, կամ դատական պրակտիկայում այնպիսի հստակ մեկնաբանումը, որ այն բացառեր դրա կանխատեսելիության դեֆիցիտը»։ Դիմումի այս մասով ուսումնասիրությունը ևս Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը Դիմողը փորձում է հիմնավորել իրավական անորոշությամբ կրկին անհամաձայնություն հայտնելով իրավակիրառ պրակտիկայում դրան հաղորդած մեկնաբանության հետ։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի հիմնավորումներն առավելապես հանգում են վիճարկվող նորմի դատական պրակտիկայում կիրառման իրավաչափության հարցերին և դրանց Դիմողի կողմից տրված գնահատականներին չհաղթահարելով սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու օրենսդրական պահանջը։ Ավելին, դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին եզրահանգել, որ այն առավելապես բովանդակում է Վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության, դրանց կողմից կայացված որոշումների վերաբերյալ Դիմողի վերաբերմունքն ու իրավական գնահատականները, որոնք Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա չեն։ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների կողմից ներկայացվող համապատասխան դիմումը պետք է բավարարի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված պահանջները բովանդակելով, ի թիվս այլնի, նաև սահմանադրաիրավական վեճի էությունը և տվյալ վեճի առկայությունը հավաստող փաստարկները, ընդ որում որպիսիք չեն կարող դիտարկվել հանրային իշխանության այս կամ այն մարմնի կայացրած որոշումների հետ անհամաձայնությունը կամ տվյալ մարմնի գործունեության քննադատությունը: Դիմումում բարձրացված այս հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը լրացուցիչ փաստում է, որ վիճարկվող դրույթում կալանավորման որպես խափանման միջոցի ինստիտուտին և դրա կիրառման հիմք սահմանված «հիմնավոր կասկած» եզրույթին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր 2019 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշմամբ: 3.5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իր 03.12.2021 թվականի ՍԴԱՈ-248 որոշմամբ Սահմանադրական դատարան դիմող առանձին սուբյեկտներին առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորն ինքնանպատակ չէ: Սահմանադրական արդարադատության շարունակական զարգացման գործում անժխտելի է օրենսդրական գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումները բացահայտելու և դրանց սահմանադրականության ստուգումը Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու գործիքակազմի առանցքային նշանակությունը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հատուկ ընդգծում է բարձր կարգավիճակ և դրանով պայմանավորված նաև համապատասխան ձեռնահասություն ունեցող սուբյեկտների կողմից Սահմանադրական դատարան փաստարկված դիմումներ ներկայացնելու կարևորությունը, ի թիվս այլնի հաշվի առնելով նաև այն առաքելությունը, որ սահմանադիրը պատգամել է հիշյալ սուբյեկտներին, այն է Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում սահմանադրական արդարադատություն հայցելու եղանակով իրենց ներդրումն ունենալ Սահմանադրության գերակայության ապահովման գործում: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն ընդգծում է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների կազմման գործընթացում բարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտների կողմից աչալրջություն ցուցաբերելու անհրաժեշտությունը շեշտադրելով, որ դիմումներն իրենց բովանդակությամբ պետք է բարձրացնեն հասարակական կյանքի տարաբնույթ ոլորտների վիճելի իրավակարգավորումների սահմանադրականության խնդիրներ, և յուրաքանչյուր դեպքում հիշյալ սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում ձգտել առավելագույնս փաստարկել վիճարկվող օրինադրույթների հակասահմանադրականությունը պայմանավորված նաև այն իրողությամբ, որ սահմանադրաիրավական վեճ պարունակող դիմումի ընդունելիությունը բխում է, նախևառաջ, դիմողների շահերից, որոնք սույն պարագայում, ելնելով իրենց սահմանադրաիրավական կարգավիճակից, առաջնորդվում են բացառապես հանրային շահով: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի հաղթահարել իրավաբանորեն հիմնավորված և Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 փետրվարի 2022 թվականի

ՍԴԱՈ-46

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-46
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել