Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1725 հունիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունիսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 17 | ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

25 հունիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով Արտակ Զեյնալյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Քաղաքացի Արտակ Զեյնալյանը 08.06.2010թ. դիմել է սահմանադրական դատարան վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի սահմանադրականությունը:

2. Դիմումը ներկայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին համապատասխան: Պահպանվել է սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը:

Դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին:

Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է

1. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 7-ի «Վարչական դատավարության» ՀՕ-269-Ն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթները,

2. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 7-ի «Վարչական դատավարության» ՀՕ-269-Ն օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթները»։

3. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դատավարական օրենսդրության համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով է նախատեսված առաջին ատյանի դատարան հայց ներկայացնելիս միաժամանակ ներկայացնել ապացույց, որ հայցը, այդ թվում դրան կցված փաստաթղթերն ստացվել են հնարավոր պատասխանողի կողմից։ Ընդ որում, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց ստանալը հավաստող փաստաթղթեր կցելը բացարձակ պայման է միայն անձի համար, երբ նա հայց է ներկայացնում վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի դեմ, մինչդեռ վարչական մարմնի կողմից անձի դեմ հայց ներկայացնելու դեպքում ՀՀ վարչական դատարանը լիազորված է հայցն ընդունել վարույթ, եթե բացակայում է անձի կողմից հայցն ստացած լինելը հավաստող ապացույցը, սակայն առկա է միջնորդություն դատարանի կողմից պատասխանողի վերջին հայտնի բնակության կամ գրանցման վայրի համայնքի ղեկավարին ուղարկելու մասին։ Դիմողը գտնում է, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներով հայցին ներկայացվող վավերապայմանները կամ ձևական պահանջները ծանրաբեռնում են անձին այն աստիճան, որ սահմանափակում են մարդու և քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարրերը հանդիսացող դատարանի մատչելիության և հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իր գործի քննության իրավունքը։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումը (այս պայմանը, ի թիվս այլոց, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետով)։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների կողմից չի կիրառվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը։ Դիմողի փաստարկներն առ այն, որ այս դրույթի սահմանադրականության վիճարկման հիմքն այն է, որ վերջինս համակարգային առումով փոխկապված է սահմանադրաիրավական վեճի առարկա մյուս դրույթի հետ, հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրական դատարանի որոշումներին ներկայացվող օրենսդրական պահանջներից մեկն էլ սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումն է միայն դիմումի առարկայի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթից որպես բացառություն նախատեսել է, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում նշված որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը։ Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ փոխկապակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների Սահմանադրությանը հակասելու մեջ սահմանադրական դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև այդ դրույթները /«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդված, մաս 9/։ Այսինքն ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը պարզելու իրավունքն օրենսդրորեն վերապահված է սահմանադրական դատարանին, և վերջինս դա կատարում է գործի դատաքննության փուլում։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, ապա դիմումի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում ,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացի Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7- րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասով գործի քննությունը մերժել:

2. Քաղաքացի Արտակ Զեյնալյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6- րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու մասով գործը ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

Նախագահող

Անդամներ

25 հունիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել