ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 45 | ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 մայիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Ավետիք Չալաբյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ավետիք Չալաբյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արտակ Ղազարյան, Վարազդատ Հարությունյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 12-ին)՝ խնդրելով.
«(...) ՔրԴՕ 370-րդ հոդվածի 2-րդ մասի, նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի, ՔրԴՕ 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՔրԴՕ 373-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՔրԴՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի և ՔրԴՕ 9-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև ՔրԴՕ 365-րդ հոդվածի 1-ին մասի, ՔրԴՕ 369-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հետ համակարգային կապի մեջ իրավակիրառ պրակտիկայում հաղորդված,այն մեկնաբանությունը, որ՝
— միայն պաշտպանության կողմի բերած վերաքննիչ բողոքի հիման վրա իրականացվող վերաքննության շրջանակներում վերաքննիչ դատարանի կողմից մեղադրանքի փաստական կողմի որևէ էական հանգամանքի «առանց որևէ ողջամիտ (հիմնավոր) կասկածի» սահմանադրաիրավական չափորոշիչով հաստատված չհամարելու, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացման համար «բավարար ապացույցների համակցության» բացակայության արձանագրման և մեղադրական դատավճիռը բեկանելու պայմաններում, այդ նույն ապացույցների համակցությունը կարող է գնահատվել նաև որպես «անբավարար» արդարացման դատական ակտի (կամ քրեական հետապնդումը դադարեցնելու) որոշման կայացման համար, այսինքն՝ արդարացման դատական ակտը ևս անհրաժեշտ է հիմնավորել «բավարար ապացույցների համակցությամբ»,
— և ապացույցների այդպիսի «բավարար համակցության բացակայության» դեպքում վերաքննիչ դատարանն ունի ապացուցողական բացերը սեփական նախաձեռնությամբ, առանց կողմերի հիմնավորված միջնորդության, նոր ապացույցներ հավաքելու և հետազոտելու միջոցով լրացնելու լիազորություն՝ այդպիսով լրացնելով առաջին ատյանի դատաքննության ընթացքում ի հայտ եկած մեղադրանքի ապացուցվածության թերությունները,
ճանաչել Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 66-րդ և 68-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվող սահմանադրաիրավական խնդիրը հանգում է «(...) ՔրԴՕ 370-րդ հոդվածի 2-րդ մասի, նույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի, ՔրԴՕ 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՔրԴՕ 373-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՔրԴՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի և ՔրԴՕ 9-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև ՔրԴՕ 365-րդ հոդվածի 1-ին մասի, ՔրԴՕ 369-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հետ համակարգային կապի մեջ իրավակիրառ պրակտիկայում հաղորդված այնպիսի հակասահմանադրական մեկնաբանությանը, որի պայմաններում մեղադրանքի փաստական կողմի որևէ էական հանգամանք «առանց որևէ ողջամիտ (հիմնավոր) կասկածի» սահմանադրաիրավական չափորոշիչով հաստատված չհամարելու դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրական դատավճիռը բեկանելու և արդարացման դատական ակտ կայացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համար պահանջվում է ոչ թե միայն մեղադրանքի ապացուցվածության բացակայության և չփարատված կասկածի արձանագրում, այլ նաև՝ արդարացման դատավճիռը կամ քրեական հետապնդման դադարեցումը հիմնավորող ապացույցների առանձին «բավարար համակցություն»։ Նույն այս հակասահմանադրական մեկնաբանության պայմաններում թույլատրելի է համարվում նաև մեղադրանքի ապացուցվածության «բացերը» դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ լրացնելը (կամ լրացնելու համար՝ գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելը), ինչի արդյունքում վիճարկվող նորմերի կիրառմամբ խախտվել են Դիմողի՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 66-րդ և 68-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքները»։
Դիմողը գտնում է, որ «(...) այն դեպքում, երբ վիճարկվող նորմերին տրված մեկնաբանության պայմաններում պաշտպանության կողմի բողոքի հիման վրա մեղադրական դատավճռի վերանայման արդյունքում արձանագրվում է, որ առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների համակցությունը բավարար չէ անձի մեղավորությունը կամ մեղադրանքի փաստական կողմի էական հանգամանքը «առանց որևէ ողջամիտ (հիմնավոր) կասկածի» չափորոշիչով հաստատելու համար, ապա այդ կասկածը պետք է գործի ոչ միայն փաստական մակարդակում՝ համապատասխան հանգամանքը հաստատված չհամարելու իմաստով, այլև դատավարական հետևանքի մակարդակում՝ բացառելով նույն մեղադրանքի շուրջ անձին իրավական անորոշության վիճակում պահելու հնարավորությունը»։
Վերոգրյալի կապակցությամբ Դիմողը նաև նշում է, որ «Հակառակ մեկնաբանության պայմաններում չփարատված կասկածը ոչ թե մեկնաբանվում է հօգուտ Դիմողի, այլ պահպանվում է որպես նույն մեղադրանքը հետագայում լրացնելու, ապացուցողական բացերը հաղթահարելու կամ ձախողված մեղադրանքը վերակենդանացնելու դատավարական հիմք»։
Ըստ Դիմողի՝ «(...) վիճարկվող նորմերին հաղորդված հակասահմանադրական մեկնաբանության ամբողջ տրամաբանությամբ նույն ապացույցների համակցությունը, մի կողմից, բավարար չի համարվում մեղադրական դատավճիռ կայացնելու համար, իսկ մյուս կողմից՝ բավարար չի համարվում նաև արդարացման դատավճիռ կայացնելու համար և այդ «ապացուցողական բացը» լրացնելու համար գործը ուղարկվում է ստորադաս դատարան նոր քննության»։
Դիմողը պնդում է, որ «Սահմանադրության 66-րդ հոդվածի, ՍԴՈ-871 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և in dubio pro reo սկզբունքի լույսի ներքո վիճարկվող մեկնաբանությունն անհամատեղելի է Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 66-րդ և 68-րդ հոդվածներով նախատեսված հիմնական իրավունքների հետ»։
Դիմողը նշում է, որ «(...) վիճարկվող մեկնաբանությունը պաշտպանության կողմի նույն վերաքննիչ բողոքը, որը ներկայացվել էր մեղադրյալի իրավական վիճակը բարելավելու և արդարացման դատական ակտ ստանալու նպատակով, վերածում է վերջինիս դիրքի վատթարացման դատավարական գործիքակազմի՝ հակասության մեջ մտնելով Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից բխող non reformatio in peius սկզբունքի պահանջների հետ»։
Ըստ Դիմողի՝ «Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմերին տրված այս մեկնաբանությամբ փաստացի ընդլայնվում է վերաքննիչ դատարանի դատավարական գործառույթի շրջանակը․ վերաքննիչ դատարանին վերագրվում է ոչ միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման (վերանայման) գործառույթ՝ վերաքննության շրջանակներում, այլ նաև՝ «գործի հանգամանքների բացահայտման, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու» խնդիր (այդպիսով իսկ՝ նախորդ քննության բացերը լրացնելու խնդիր)»։
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին հաղորդված նման մեկնաբանությունը «(...) հակասում է Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածին, քանի որ վիճարկվող մեկնաբանության տրամաբանությամբ չփարատված կասկածները չեն մեկնաբանվում հօգուտ մեղադրյալի, այլ պահպանվում են որպես մեղադրանքի հետագա ապացուցման (լրացման) հիմք։ Այն հակասում է նաև Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին՝ Սահմանադրության 172-րդ հոդվածի հետ համակարգային կապի մեջ, քանի որ վիճարկվող մեկնաբանության կիրառման պայմաններում Վերաքննիչ դատարանը կորցնում է իր անաչառ և անկողմնակալ դիրքը՝ ներգրավվելով մեղադրանքի ապացուցողական բացերը լրացնելու գործընթացում. Վերաքննիչ դատարանը վերանայող ատյանից վերածվում է գործն ըստ էության քննող դատական ատյանի՝ ինկվիզիցիոն դատավարությանը խիստ բնորոշ որոշակի դատավարական գործառույթներով։ Միաժամանակ այդպիսի մեկնաբանությունը խնդրահարույց է Սահմանադրության 68-րդ հոդվածով նախատեսված՝ նույն արարքի համար կրկին դատվելու արգելքի հիմնական իրավունքի տեսանկյունից, քանի որ Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի պաշտպանության գործառույթի ամբողջ ծավալով իրացվելու և արդյունքում մեղադրանքի չապացուցվածության պայմաններում քրեական հետապնդման եզրափակման փոխարեն նույն անձը նույն փաստական հանգամանքներով շարունակաբար ենթարկվում է կրկնակի քրեական հետապնդման»։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է (առկա է եղել) որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի բարձրացրած հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այս իրավական պահանջի նպատակն այն է, որ կոնկրետ անձի հիմնական իրավունքներին վերաբերող հարցին բոլոր իրավասու դատարաններն իրենց լիազորությունների շրջանակներում անդրադառնան, որից հետո միայն Սահմանադրական դատարանը, ունենալով նաև տվյալ հարցի վերաբերյալ իրավասու բոլոր դատական ատյանների կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկայում կիրառված նորմերի մեկնաբանությունները, անհատական դիմումի շրջանակներում անդրադառնա այդ հարցին և գտնի հանրային իշխանության բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց համար պարտադիր լուծումներ:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն անհատական դիմումի և թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:
Մասնավորապես՝ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին վճռել է.
«(...) Մեղադրյալ Ավետիք Մկրտչի Չալաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատության սահմանափակման 2 /երկու/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, արգելելով Ավետիք Չալաբյանին կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը։
(...)»։
Վերոգրյալ դատավճռի դեմ Դիմողի՝ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վ. Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 11-ին որոշել է.
«Մեղադրյալ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով 2023 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
(...)»
Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ Դիմողի՝ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի պաշտպան Ա. Անդրիկյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լ. Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) 2025 թվականի դեկտեմբերի 8-ին որոշել է.
«(...) Մեղադրյալ Ավետիք Մկրտչի Չալաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։
(...)»
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանվելու և վարույթը նույն դատարան նոր քննության փոխանցվելու պայմաններում տվյալ գործը գտնվում է նոր քննության փուլում։ Ավելին՝ խնդրո առարկա քրեական գործը բեկանվելուց հետո՝ նոր քննության համար Վերաքննիչ դատարան է ստացվել 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ընդունվել՝ վարույթ նույն թվականի դեկտեմբերի 24-ին, և հերթական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի մայիսի 26-ին: Հետևաբար՝ խնդրո առարկա գործով դեռևս շարունակվում է գործի քննությունը: Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև՝ հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։
Վերոշարադրյալի լույսի ներքո հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ավետիք Չալաբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
25 մայիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-45
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-45
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
