ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՌՈԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 31 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 21 | ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՌՈԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 31 մարտի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Ռիտա Սարգսյանի և Ռոզա Հայրապետյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռիտա Սարգսյանը և Ռոզա Հայրապետյանը դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2021 թվականի մարտի 16-ին) խնդրելով. «Հաշվի առնելով վերը շարադրած փաստարկները, կապված բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության 25.1 քառ.մ և 24.2 քառ.մ տարածքների օտարմանը (պետականացմանը), խնդրում ենք Սահմանադրական Դատարանին ստուգել Կառավարության որոշման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 60-ի 5-րդ կետին»:
2. Ներկայացված անհատական դիմումով դիմողները խնդրել են ստուգել Կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1923-Ն և 2007թ. նոյեմբերի 8-ի N 1300-Ն որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը: Դիմողները նշում են, որ վերոնշյալ որոշումները հանգեցրել են Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրենց սեփականության իրավունքի խախտմանը, քանի որ դրանցով օտարվել են (պետականացվել) Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 22 ա շենքի վերջիններիս ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 49.3 քառ.մ տարածքները: Դիմողների կարծիքով Հալաբյան փողոցի 22ա շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 25.1 քառ.մ և 24.2 քառ.մ տարածքների օտարումը, որի համար հիմք են հանդիսացել Կառավարության խնդրո առարկա որոշումները, իրականացվել է հաշվի չառնելով շենքի սեփականատերերի իրավունքները նույն տարածքների նկատմամբ, ինչի անհրաժեշտությունը բխում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածից և հաստատվում է Համատիրության կանոնադրության հավելված 2-ում ներկայացված շենքի կառուցվածքի մասին տեղեկությամբ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրու-թյունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող իրավական ակտերը դիմողների նկատմամբ չեն կիրառվել: Դիմողները դատարանում չեն վիճարկել թե՛ Կառավարության 2006թ. դեկտեմբբերի 21-ի N 1923-Ն և 2007թ. նոյեմբերի 8-ի N 1300-Ն որոշումների իրավաչափությունը, թե՛ վիճելի տարածքների նկատմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության սեփականության իրավունքի պետական գրանցումը, որի համար հիմք է հանդիսացել Կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1923-Ն որոշումը: Դիմողները վիճարկել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և քաղաքացու միջև կնքված առուվաճառքի գործարքը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, վկայակոչելով Կառավարության վիճարկվող որոշումները, ընդամենը մատնացույց է արել, որ դրանց ուժով Հայաստանի Հանրապետությունը ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, վիճելի տարածքների սեփականատերն է և իրավասու է օտարելու իրեն պատկանող գույքը: Միաժամանակ, առաջին ատյանի դատարանը 2019թ. հոկտեմբերի 11-ի վճռում ընդգծել է, որ հայցադիմումում վկայակոչված մյուս հանգամանքները հայցի բավարարման համար նշանակություն չունեն, քանի որ օրենսդիրն այդ հանգամանքների հետ չի կապում գործարքի անվավերությունը: Իր հերթին, վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի վկայակոչել Կառավարության վիճարկվող որոշումները և, հիմք ընդունելով վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը ընդգծել է, որ հնարավոր չէ անդրադառնալ սեփականատիրոջ հարցին (խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության), քանի դեռ չի վիճարկվել և վերացվել սեփականության իրավունքի պետական գրանցումը: Վերոգրյալից բխում է, որ իրենց ենթադրյալ իրավունքների արդյունավետ պաշտպանության համար դիմողները պետք է, նախևառաջ, վիճարկեին Կառավարության որոշումների իրավաչափությունը, ինչպես նաև այդ որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության ի դեմս Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, սեփականության իրավունքը: Այս պայմաններում դիմողների հայցադիմումը մերժելիս դատարանները կիրառել են այլ իրավանորմեր, հետևաբար առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով վիճարկվող Կառավարության որոշումների վկայակոչումը տվյալ դեպքում չի կարող համարվել կիրառում: Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, անդրադառնալով օրենքի դրույթի կիրառմանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «… «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «… «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռիտա Սարգսյանի և Ռոզա Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Է. Շաթիրյան
31 մարտի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
