«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 օգոստոսի 2020թ. ՍԴԴԿՈ - 44 | «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 օգոստոսի 2020 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ դատավոր Ա. Թունյանի
Մասնակցությամբ դատավորներ Վ. Գրիգորյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև Ընկերություն) 2020 թվականի հուլիսի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում ԵԴ/21044/02/18 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, այնքանով, որքանով գրավառուի գրավի առարկայի իրացման եղանակը, ժամկետները և կարգը ընտրելու իրավունքը բացարձակ անձեռնմխելի իրավունք չէ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերով և կարգով ենթակա է սահմանափակման»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 25-ը ներառյալ:
2. Դիմողն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, գրավի իրավունքը դիտարկելով որպես նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիք, այն առավել բարձր է դասել «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի, իսկ այնուհետև նաև Ընկերության սեփականության իրավունքից այն դեպքում, երբ գրավի իրավունքը ստորադասվում է սեփականության իրավունքից: Ըստ դիմողի վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի սխալ մեկնաբանման արդյունքում գրավառուի գրավի առարկայի իրացման եղանակը, ժամկետները և կարգը ընտրելու կամ ձևավորելու իրավունքը դիտարկել է որպես բացարձակ, անձեռնմխելի իրավունք, ինչի արդյունքում բեկանել է թիվ ԵԴ/21044/02/18 քաղաքացիական գործով սնանկության դատարանի վճիռը, ինչն էլ հանգեցրել է Ընկերության Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված սեփականության իրավունքի խախտման: Դիմողի գնահատմամբ ինչպես սեփականատիրոջ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իրավազորություններն են օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա սահմանափակման, այնպես էլ գրավառուի գրավի առարկայի իրացման եղանակը, ժամկետները և կարգը ընտրելու կամ ձևավորելու իրավունքն է ենթակա սահմանափակման: Ըստ դիմողի վերաքննիչ դատարանն ամեն ինչից և ամեն բանից վեր է դասել վարկային կազմակերպության գրավի իրավունքը, սակայն չպետք է անտեսեր նաև «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սեփականության իրավունքը, քանի որ թիվ ԵԴ/21044/02/18 քաղաքացիական գործով հաշտության համաձայնության կնքումն էր միակ ողջամիտ լուծումը, որի արդյունքում չէր խախտվի «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սեփականության իրավունքը: Դիմողը գտնում է, որ վերաքննիչ դատարանի վիճարկվող դրույթին թիվ ԵԴ/21044/02/18 քաղաքացիական գործով կայացրած վերջնական դատական ակտով տված նեղ մեկնաբանումը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներին, որի արդյունքում խախտվում է ինչպես Ընկերության, այնպես էլ «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված սեփականության իրավունքը:
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմելով դատարան` Տիգրան Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել 25.09.2018 թ. աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել աճուրդի արդյունքի մասին արձանագրությունը: Սնանկության դատարանի 03.07.2019 թ. վճռով թիվ ԵԴ/21044/02/18 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Տիգրան Արմենի Մկրտչյանի ընդդեմ «Կենցաղային քիմիայի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Երևանի կենցաղային քիմիայի գործարան» բաց բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի աճուրդն անվավեր ճանաչելու և որպես հետևանք աճուրդի արդյունքի մասին արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին, կարճվել է: Վերաքննիչ դատարանի 31.10.2019 թ. որոշմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է. սնանկության դատարանի թիվ ԵԴ/21044/02/18 քաղաքացիական գործով 03.07.2019 թ. վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Վճռաբեկ դատարանի 2020 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ-ի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Այսինքն գործի քննությունը դեռևս ավարտված չէ, վերաքննիչ դատարանի որոշմամբ սնանկության դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է սնանկության դատարան նոր քննություն իրականացնելու համար: Այլ կերպ ասած քննարկվող գործի շրջանակներում առկա չէ օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ, դիմողը չի սպառել դատական պաշտպանութան իրեն հասանելի միջոցները: Անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից է նաև դատական պաշտպանության միջոցների սպառումը: Այս պահանջն ինքնանպատակ չէ և միտված է նրան, որ անձը պետք է սպառի իր ենթադրյալ խախտված իրավունքի վերականգման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները, որից հետո միայն իրավասու լինի դիմելու Սահմանադրական դատարան: Խնդրո առարկա գործի շրջանակներում անձը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կոնկրետ իրավական գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավոր է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Դատավորներ
25 օգոստոսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-44
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-44
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
