ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4.2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2021թ. ՍԴԱՈ - 27 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4.2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 86-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4.2-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի օգոստոսի 18-ին և Սահմանադրական դատարանի կողմից քննության է ընդունվել 02.12.2020 թ. ՍԴԱՈ-231 աշխատակարգային որոշմամբ:
2. Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցերը
2.1. Դիմողը, մասնավորապես, գտնում է, որ Սահմանադրությունը նախատեսում է իմպերատիվ (այլ ոչ թե դիսպոզիտիվ) կարգավորումներ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունելը Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Կանոնակարգ) 86-րդ հոդվածն այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական իրավունքը, «.…ակնհայտորեն հակասության մեջ է գտնվում Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև 169-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, քանի որ վերջիններս նախատեսում են Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ պարտադիր դրույթներ, մինչդեռ Ազգային ժողովի կանոնակարգի նշյալ դրույթը նախատեսում է Ազգային ժողովի կողմից այդ հարցով առանձին որոշման ընդունում: Այսինքն, Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրությանը, քանի որ խախտում է դրանում տեղ գտած պահանջի իմպերատիվությունը»: 2.2. Դիմողը գտնում է նաև, որ «.…Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասն իշխանության մի ճյուղին օրենսդիր մարմնին, հնարավորություն է տալիս քվեարկության դնել իշխանության մյուս ճյուղին և իրեն հակակշռող մարմնին դիմելու հարցը, այսինքն հայեցողություն սահմանում Ազգային ժողովի համար, ինչը բնականաբար հակառակվում է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին և, ըստ այդմ, հակասում նաև Սահմանադրության 4-րդ հոդվածին»: Ամփոփելով այս առնչությամբ իր բերված փաստարկները Դիմողը գտնում է, որ «….Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական իրավունքը (Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության դնելը), հակասում է Սահմանադրության 4-րդ և 5-րդ հոդվածներին, 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին ու հակասահմանադրական է»: 2.3. Դիմողը գտնում է, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից խախտելով Սահմանադրությունը, երբ փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթը 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխություն է կատարել Սահմանադրության դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ: Ըստ այդմ, Դիմողը պնդում է, որ Սահմանադրության 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված փոփոխությունների ընթացքում խախտվել է Սահմանադրության 6-րդ հոդվածի (Օրինականության սկզբունքը») 1-ին մասը: Հիմնավորելու համար, որ դիմումում բարձրացված վերոհիշյալ հարցերը ենթակա են քննության, և առկա է Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ ծագած վեճ, Դիմողը նշում է, որ «Պառլամենտական մեծամասնության հակասահմանադրական անգործությունն արդյունքում ոտնահարում է պառլամենտական փոքրամասնության սահմանադրական լիազորությունները, այդ թվում նախագծի վերաբերյալ տեղեկացված քվեարկության հարցում, ինչպես նաև ստեղծում Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների տրամաբանությանը հակասող Սահմանադրական դատարանի կազմի ձևավորման վտանգ այն է, որ այն կարող է լինել մեկ քաղաքական ուժի կողմից ձևավորված»: Դիմողը գտնում է նաև, որ Ազգային ժողովի կողմից 2020 թ. հունիսի 22-ին Կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասում, 5-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխությունները և լրացումները զրկել են Հանրապետության նախագահին «Հանրապետության գլխավոր օրենքի Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից», ինչը հակասում է Սահմանադրության 4-րդ հոդվածին, 123-րդ հոդվածի 2-րդ մասին և 129-րդ հոդվածին:
3. Դիմողի պահանջը
Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 68-րդ և 75-րդ հոդվածները Դիմողը խնդրում է. 3.1. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ Սահմանադրության 2020թ. հունիսի 22-ի փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան Սահմանադրությանը համապատասխանության հարցով և ընդունել դրանք երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության. 3.2. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ փոփոխության է ենթարկել Սահմանադրության 213-րդ հոդվածի բովանդակությունն այնպես, որ այդ փոփոխությամբ ըստ էության փոփոխության են ենթարկվել Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող դրույթները. 3.3. ճանաչել Սահմանադրությանը հակասող Ազգային ժողովի կողմից 2020 թ. հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացքում մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան չդիմելն ու առանց Սահմանադրական դատարանի որոշման Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, իսկ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ին ընդունված փոփոխությունները ամբողջությամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր. 3.4. ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը այն մասով, որ սահմանում է Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը քվեարկության դնելու իրավասություն. 3.5. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը և Հանրապետության նախագահը դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ, ընդունելով և ստորագրելով Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունները, զրկել են Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից. 3.6. ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասը, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված այլ իրավանորմերը:
4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է սահմանադրական արդարադատության շրջանակներում սահմանադրական վերահսկողության առանձին տեսակների Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված վարույթներով քննվող երկու խումբ հարցեր: Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հարցերով գործերի քննության կարգը սահմանվում է Օրենքի, համապատասխանաբար 68-րդ և 75-րդ հոդվածներով: Ուսումնասիրելով դիմումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումի խնդրամասի 3.1-3.3 կետերով Սահմանադրական դատարանի առջև առերևույթ բարձրացնելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հարց, այն է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճ, Դիմողն իրականում դրանցով բարձրացնում է Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության և Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված, այն է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի մի շարք նորմերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարց: Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործի վարույթը նշված պահանջների մասով, ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա, հետևյալ պատճառաբանությամբ. 4.1. Դիմումի խնդրամասի, մասնավորապես, 3.1 կետով Դիմողը խնդրել է «ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ի փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան Սահմանադրությանը համապատասխանության հարցով և ընդունել դրանք երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության»: Այլ կերպ Դիմողը որպես Ազգային ժողովի ոչ իրավաչափ, Սահմանադրությանը հակասող անգործություն է դիտարկել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկելու հանգամանքը: Նույն դիմումի հիմնավորումների և սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի վերաբերյալ խնդրամասի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ որպես վիճարկվող լիազորություն, որի շրջանակներում, ըստ Դիմողի, դրսևորվել է Ազգային ժողովի Սահմանադրությանը հակասող անգործությունը, դիտարկվում է Ազգային ժողովի Սահմանադրության փոփոխություններն առանց Սահմանադրական դատարանի որոշման ընդունելու լիազորությունը: Այսինքն Դիմողը նկատի ունի Ազգային ժողովի գործունեության այն դեպքը, որտեղ վերջինս հանդես է եկել սահմանադրի կարգավիճակում և այն անգործության սահմանադրականության ստուգման պահանջով, որպիսի անգործությունը տեղ է գտել Սահմանադրության փոփոխությունների ընդունմամբ եզրափակվող Ազգային ժողովի վերոհիշյալ լիազորության իրացման ընթացքում: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմում ներկայացնելով Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի շրջանակներում Դիմողը, ըստ էության, վիճարկում է 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված և 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Ասվածն ուղղակիորեն արտացոլված է դիմումի խնդրամասի 3.3 կետում, որը, ըստ էության, խնդրամասի «3.1» կետի պահանջի կրկնությունն է լրացված ևս մեկ ածանցյալ պահանջով «... ճանաչել Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ին ընդունված փոփոխությունները ամբողջությամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր»: Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Սահմանադրության 168-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի լիազորությունները, մասնավորապես. «Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները
Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը.
2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.
3) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.
4) լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը.
5) լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.
6) որոշում է կայացնում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ.
7) եզրակացություն է տալիս Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.
8) որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին.
9) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
10) լուծում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը.
11) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
12) օրենքով սահմանված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ»: Սահմանադրությունը չի նախատեսում Սահմանադրական դատարանի Սահմանադրության փոփոխությունների կամ այլ կերպ` ուժի մեջ մտած Սահմանադրության դրույթների նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու լիազորություն: Նման լիազորության բացակայությունը և բացառումը Սահմանադրական դատարանի համար ոչ միայն սահմանադրի կամքն է ուղղակի միտումով այն չնախատեսելով Սահմանադրությամբ որպես Սահմանադրական դատարանի լիազորությունների միակ աղբյուր, այլ նաև լայնորեն տարածված մոտեցում է այլ պետությունների սահմանադրական արդարադատական պրակտիկայում: Սահմանադրական դատարանն այս խնդրին անդրադառնալով առաջին անգամ հաստատում է, որ Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի համար նման լիազորության բացառումը բխում է սահմանադրի ինքնիշխան կարգավիճակից, որի կամքի նկատմամբ չի կարող գերակայել որևէ իշխանության կամ մարմնի կամ պաշտոնատար անձի կամքը, քանի որ վերջիններիս գոյությունը, լիազորությունները և կարգավիճակն ինքնին հիմնված և սահմանված են նույն սահմանադրի կամքով Սահմանադրությամբ։ Սույն հարցին մասնակիորեն անդրադառնալով իր 2020 թ. նոյեմբերի 30-ի ՍԴԱՈ-223 որոշմամբ Սահմանադրական դատարանն արդեն իսկ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «.…Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանին վերապահված լիազորությունները չեն ներառում Սահմանադրության ընդունված փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելը, ուստի Սահմանադրության ընդունված փոփոխությունները ենթակա չեն Սահմանադրական դատարանին»: 4.2. Ինչպես արդեն նշվեց Դիմողը Սահմանադրական դատարանի առջև, ի թիվս այլնի առերևույթ բարձրացնելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված հարց, այն է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճ, իրականում դիմումի խնդրամասի 3.1-3.3 կետերով բարձրացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի մի շարք նորմերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարց: 4.2.1. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերին բնորոշ առանձնահատկությունն արտահայտվում է նրանով, որ դրանք, ի թիվս այլնի, սերտորեն կապված են իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի իրացման հետ, և սահմանադրական արդարադատության պրակտիկայում գրեթե յուրաքանչյուր գործի քննության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ այս սկզբունքին: Իշխանության երեք ճյուղերը ներկայացնող մարմինների սահմանադրական իրավասություններն ունեն բարդ կառուցվածք, որոնք գործառնական, հակակշռող և զսպող լիազորությունների ամբողջություն են: Սահմանադրական արդարադատության կարգով նման վեճերի քննության ընթացքում կողմերը պետք է հիմնավորեն, թե սահմանադրական նորմերի սխալ մեկնաբանման հետևանքով իրենց հիշյալ լիազորություններից ո՛րը և ինչպե՛ս է խախտվել սահմանադրական այլ մարմինների կողմից: Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայում սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի բովանդակության դասակարգումն ընդհանուր առմամբ հանգում է հետևյալին. ա/ լիազորության ճանաչման վեճ. երբ Դիմողը գտնում է, որ պետական իշխանության այլ մարմնի (պատասխանողի) կողմից ընդունված իրավական ակտը կամ գործողությունը մտնում է իր լիազորությունների մեջ, բ/ լիազորության ժխտման վեճ. երբ Դիմողը գտնում է, որ կոնկրետ լիազորությունը պետք է կատարի պետական իշխանության այլ մարմին (պատասխանողը), իսկ վերջինս ժխտում է իր այդ լիազորությունը, գ/ լիազորության յուրացման վեճ. երբ պետական իշխանության մարմինն իրավունքի չարաշահման արդյունքում դուրս է գալիս իր լիազորութունների շրջանակներից, դ/ իրավունքի բացի կամ իրավական (սահմանադրական) նորմերի անորոշության արդյունքում առաջացող վեճ. երբ իրավունքի բացի կամ անորոշության արդյունքում առաջանում են հակասություններ կամ լիազորությունների համընկնումներ: Սահմանադրական դատարանը, վերահաստատելով և զարգացնելով իր նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է. Սահմանադրությամբ երաշխավորված սահմանադրական-դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում համապատասխան սուբյեկտի` իր հայեցողությամբ այդպիսի պաշտպանության ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են խախտված իրավունքների սահմանադրական-դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ, սահմանադրական-դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման Օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, Դիմողը, ինչպես և շահագրգիռ այլ անձինք (դատավարության մյուս մասնակիցները) Սահմանադրական դատարանում իրավասու և պարտավորված են կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրական դատարանի լիազորությունները սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանված է հիշյալ օրենքով։ սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու լիազորությունը Սահմանադրական դատարանն իրականացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտների դիմումներով, որոնց ընդունելիության, քննության հարցում ղեկավարվում է Սահմանադրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 75-րդ հոդվածներով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հիշյալ հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել, ի թիվս այլոց, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հդվածի 1-ին մասն ուրվագծում է, որ հիշյալ սուբյեկտը դիմումը կարող է ներկայացնել Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով: նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն հիշյալ հոդվածում նշված գործերով ներկայացված դիմումը պետք է պարունակի հիմնավորումներ առ այն, որ պատասխանողի գործողությունը, անգործությունը կամ իրավական ակտը խախտում է դիմող կողմին կամ նրա կողմից ներկայացված մարմնին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները կամ դրանց խախտման անմիջական վտանգ է ստեղծում: 4.2.2. Ինչպես սահմանադրական իրավունքի տեսությունում, այնպես էլ սահմանադրական արդարադատական պրակտիկայում (այդ թվում միջազգային) առանձնանում են սահմանադրական վերահսկողության իրականացման տարբեր ձևեր: Դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունն ու իրացման շրջանակները/ձևերը պայմանավորված են որոշակի տրամաբանությամբ, նպատակներով ու առանձնահատկություններով: Սահմանադրական վերահսկողության յուրաքանչյուր առանձին տեսակով պայմանավորված սահմանադրական արդարադատության իրականացմանն ուղղված վարույթներն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցով պայմանավորվում են դիմող սուբյեկտների շրջանակները, դիմումի ընդունելիության պայմանները, դիմումին ներկայացվող պահանջները, դրա առարկան, գործի քննության սահմանները, քննության արդյունքում ընդունված որոշումների ձևը և դրանց իրավական հետևանքները: Սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերով սահմանադրական վերահսկողության շրջանակներում իրականացվող վարույթը կարող է որոշ ընդհանրություններ ունենալ իրավական ակտերի նկատմամբ իրականացվող վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում իրականացվող վարույթների հետ, մասնավորապես այն առումով, որ առաջինի դեպքում վերահսկողության առարկա կարող է լինել նաև իրավական ակտը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, օգտվելով Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններից, դիմում են Սահմանադրական դատարան Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված իրավական ակտերի նկատմամբ վերացական սահմանադրական վերահսկողություն իրականացնելու խնդրանքով, ըստ էության, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում են նաև այդ մարմինների իրենց Սահմանադրական լիազորությունների իրացման թույլատրելի սահմանների հարցը, այդ թվում կապված խնդրո առարկա ակտի ընդունմանն ուղղված գործողությունների կամ անգործության հետ: Ասվածի լավագույն, սակայն ոչ եզակի օրինակը Նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից 11.01.2001 թ. քննության առնված «Ազգային ժողովի կողմից 2000 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 10-րդ մասի, 32 հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 4-րդ մասի, 35 հոդվածի 1-ին մասի, 36 հոդվածի, 40 հոդվածի 1-ին մասի, 42 հոդվածի 2-րդ մասի, 59 հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն է /ՍԴՈ-278/, որի շրջանակներում, ըստ էության վիճարկվում էր քննության առարկա օրենքով նախատեսված Ազգային ժողովի լիազորությունները, որոնք դուրս էին Սահմանադրությամբ սահմանված Ազգային ժողովի լիազորությունների թույլատրելի սահմաններից, ինչը փաստվեց նաև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ: Կառավարության և Ազգային ժողովի նաև սահմանադրական լիազորությունների իրացման թույլատրելի սահմանների հաշվառմամբ է Սահմանադրական դատարանը գնահատել մի շարք իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 և 2018 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-1436 որոշումներում: Ավելի կոնկրետ ՍԴՈ-1436 որոշմամբ Սահմանադրական դատարանի գործի լուծման համար առաջադրված հարցադրումներից մեկը եղել է «…արդյո՞ք Կառավարությունը Սահմանադրությամբ լիազորված է ընդունել այնպիսի կանոնակարգումներ, ինչպիսիք են Որոշման վիճարկվող դրույթները»: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ չնայած Օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված գործերի հետ որոշ հնարավոր ընդհանրություններին սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերով գործերի վարույթներն ունեն որոշակի առանձնահատկություններ, օրինակ` ավելի նեղ են դիմող և պատասխանող սուբյեկտների շրջանակը, վիճարկվող գործողության/անգործության կամ դրա արդյունքում ընդունված ակտի ներգործության սահմանները սահմանափակվում են կոնկրետ դիմող սուբյեկտի լիազորություններով (որոնք ենթադրաբար խախտվել են), սեղմ են Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված ժամկետները, տարբեր են Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումներին ներկայացվող պահանջները և այլն: Այս ամենի վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման անհամեմատ ավելի արդյունավետ հնարավորություններ է նախատեսում Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ակտերի սահմանադրականությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կարգով գործի քննությունը: Այս հանգամանքներով է թերևս պայմանավորված նաև այն, որ սահմանադրական արդարադատական միջազգային պրակտիկայում (որոշ դեպքերում նաև օրենսդրական մակարդակով) ձևավորվել է այն սկզբունքը, որ սահմանադրական մարմինների միջև` իրենց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ ծագած վեճերի վերաբերյալ դիմումները քննության են ընդունվում միայն, եթե դրանց լուծմանը հնարավոր չէ հասնել այլ, այդ թվում սահմանադրական վերահսկողության այլ ձևերի շրջանակներում: Վերոնշյալ վերլուծության հիման վրա և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության ընթացակարգը պետք է լինի արդյունավետ, այնպես էլ սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի դեպքում նշված վեճի լուծման ընթացակարգի ընտրության ժամանակ առանցքային նշանակություն է ստանում ընթացակարգի արդյունավետության չափանիշը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի լուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու նպատակով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կարգով գործի քննության արդյունքում: Եվ միայն նշված ընթացակարգով սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճը լուծելու անհնարինության դեպքում հնարավոր կլինի արդարացված համարել սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի լուծումը Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված լիազորության հիման վրա և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգով գործի քննության արդյունքում: 4.3. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական արդարադատության շրջանակներում սահմանադրական մարմինների միջև իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման իրավական կառուցակարգերի պատշաճ կենսագործումը բացառիկ կարևորություն ունի սահմանադրական կայունությունն ապահովելու տեսանկյունից: Ընդսմին, հաշվի առնելով նաև հիշյալ վարույթի շրջանակներում դիմող սուբյեկտների կարգավիճակը, բարձրացվող հարցերի կարևորությունը անհրաժեշտ է առանձնակի ճշգրտությամբ մոտենալ հարցի լուծմանն ուղղված իրավական կառուցակարգերի ընտրությանը: Այսպես, քննարկվող դեպքում Դիմողը շեշտադրումը կատարել է Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ, իր կարծիքով, առկա վեճի վրա (մասնավորապես «Դ», «1.45») առանց դիմումում կոնկրետացնելու, թե Ազգային ժողովի կոնկրետ ո՛ր մարմնի մասին է խոսքը: Այդ առնչությամբ դիմումում առավելապես գործածված են «խորհրդարանական ընդդիմություն» և «խորհրդարանական փոքրամասնություն» բառակապակցությունները: Դիմումում գործածված են նաև «խախտելով խորհրդարանի մյուս պատգամավորների (խմբակցությունների)» (1.35), «անմիջական վտանգ է ստեղծում դիմող կողմի Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների խախտման համար» (1.46) ձևակերպումները: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սպառիչ թվարկված են Ազգային ժողովի մարմինները պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողղովները և Ազգային ժողովի խորհուրդը: Վերոգրյալի հաշվառմամբ կարելի է արձանագրել, որ դիմումում առկա չէ հստակություն այն հարցի առնչությամբ, թե դիմողը Ազգային ժողովի կոնկրետ ո՛ր մարմնին է նշում որպես Ազգային ժողովի հետ սահմանադրական լիազորությունների առնչությամբ վեճի կողմ, որպիսի հանգամանքն էական է Օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի այն դրույթի առումով, թե դիմող կողմին կամ նրա կողմից ներկայացված մարմնին Սահմանադրությամբ վերապահված ո՛ր լիազորությանն է առնչվում վեճը: Թեև Օրենքում արտացոլված է «դիմող կողմին կամ նրա կողմից ներկայացված մարմնին Սահմանադրությամբ վերապահված լիազորություններ» ձևակերպումը, սակայն հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով, այսինքն որպես վեճի կողմ պետք է հանդես գա Ազգային ժողովի որևէ մարմին (թեև Սահմանադրությամբ տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմողը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդն է): Դիմողը, բարձրացնելով Սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճի հարց, դիմումում, ըստ էության, չի ներկայացրել Ազգային ժողովի մարմնին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների խախտման կամ դրանց խախտման անմիջական վտանգ ստեղծելու առնչությամբ հստակ/պատշաճ հիմնավորումներ այդ առնչությամբ ներկայացնելով սոսկ ընդհանրական դատողություններ և եզրահանգում: Ավելին, ինչպես նշվեց դիմումի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ Դիմողը Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը, Ազգային ժողովի կամ վերջինիս մարմինների սահմանադրական լիազորությունների ենթադրյալ խախտումների պատճառը տեսնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի մի շարք դրույթների Սահմանադրությանը հակասելու մեջ, ինչի մասին բազմիցս վկայակոչվում է դիմումում: Ի լրումն վերոգրյալի Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում առաջադրված, այդ թվում Ազգային ժողովին որոշակի լիազորություններ վերապահելու սահմանադրականության առնչությամբ հարցեր կարող են քննության առարկա դառնալ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի Դիմողի կողմից վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի քննությամբ և դրա արդյունքներով կայացվելիք որոշմամբ:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմումի խնդրամասի 3.5-րդ կետով բարձրացված Հանրապետության նախագահին համապատասխան լիազորությունից զրկելու Սահմանադրությանը հակասելու հարցով Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 4-րդ մասում հստակ ամրագրված է նույն հոդվածով ներկայացվող դիմումների վերաբերյալ հատուկ պահանջ դիմումը պետք է պարունակի հիմնավորումներ առ այն, որ պատասխանողի գործողությունը, անգործությունը կամ իրավական ակտը խախտում է դիմող կողմին կամ նրա կողմից ներկայացված մարմնին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները կամ դրանց խախտման անմիջական վտանգ է ստեղծում: Տվյալ դեպքում, Դիմողի հիմնավորումները հանգում են նրան, որ, իր կարծիքով, խախտվել է Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված համապատասխան լիազորությունը: Այլ կերպ Դիմողը հիմնավորում է ոչ թե իր կամ իր կողմից ներկայացված մարմնին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների խախտման կամ դրանց խախտման անմիջական վտանգի հանգամանքը, այլ Հանրապետության նախագահի: Սահմանադրական դատարանի գնահատմամբ այդ առնչությամբ Սահմանադրական դատարան իրավասու է դիմել միայն Հանրապետության նախագահը: Մյուս կողմից Դիմողի կողմից դիմումի այս մասում բարձրացված հարցը, այն է Կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասում 2020թ. հունիսի 22-ին կատարված փոփոխությունների սահմանադրականության հարցը, կարող է քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «3.1. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ի փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան Սահմանադրությանը համապատասխանության հարցով և ընդունել դրանք երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության. 3.2. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ փոփոխության է ենթարկել Սահմանադրության 213-րդ հոդվածի բովանդակությունն այնպես, որ այդ փոփոխությամբ ըստ էության փոփոխության են ենթարկվել Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող դրույթները. 3.3. ճանաչել Սահմանադրությանը հակասող Ազգային ժողովի կողմից 2020թ. հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացքում մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան չդիմելն ու առանց Սահմանադրական դատարանի որոշման Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, իսկ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ի ընդունված փոփոխությունները ամբողջությամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր. 3.5. ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը և Հանրապետության նախագահը դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ, ընդունելով և ստորագրելով Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունները, զրկել են Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից.» պահանջների մասով, կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
11 փետրվարի 2021 թվականի
ՍԴԱՈ-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
