ՄԵԽԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-68)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 դեկտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 68 | ՄԵԽԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 10 դեկտեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով Մեխակ Գաբրիելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մեխակ Գաբրիելյանը (այսուհետ նաև՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին), խնդրել է հետևյալը.
«(...) ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը ճանաչել թերի՝ նշյալ խնդիրը չկարգավորված և վերացնել ՀՀ Սահմանադրության 23, 24, 61, 63 և 84 հոդվածներին հակասող այդ թերությունը»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0368/13/25 դատական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ թե՛ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, թե՛ վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտ կայացնելիս անտեսել են այն հանգամանքը, որ Դիմողը, դատարանի կողմից ճանաչվելով սնանկ և գտնվելով սնանկության գործընթացում, ի վիճակի չէ վճարել դատարանի կողմից սահմանված տուգանքը, իսկ Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելով և հիմնավորման մեջ արձանագրելով, որ առկա չէ իրավունքի զարգացման խնդիր, և դիրքորոշում չհայտնելով, նպաստել է խնդրի չկարգավորմանը, որի հետևանքով էլ Սահմանադրության հոդվածների խախտումները մնացել են չլուծված:
Բացի դրանից, Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը, մերժելով գործը վարույթ ընդունելը, փաստացի խուսափել է ներկայացված հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, դրանով իսկ նշյալ իրավիճակների դեպքում նպաստելով Սահմանադրության մի շարք հոդվածներով մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող պահանջների չկիրառմանը։
Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 59-րդ հոդվածում առկա է բացթողում, քանի որ դրանով կարգավորված չէ դատական ակտով նշանակված տուգանքի վճարման վերաբերյալ իրավակարգավորումը սնանկ ճանաչված անձի դեպքում, այդ պատճառով էլ հակասություն է առաջանում Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվությունն ապահովող հոդվածների հետ:
Միաժամանակ Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացված միջնորդությամբ Սահմանադրական դատարանին խնդրել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից այն պատճառաբանությամբ, որ վերջինս 2015 թվականի սեպտեմբերի 24-ից ճանաչվել է սնանկ, որի կապակցությամբ իրականացվող դատական գործընթացները դեռևս չեն ավարտվել, ինչպես նաև կենսաթոշակառու է, և իր միակ ապրուստի միջոցը կենսաթոշակն է:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։
Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:
Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողն ըստ էության վիճարկում է դատարանների կողմից թիվ ԵԴ1/0368/13/25 դատական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի և վերջիններիս գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:
Մասնավորապես՝ վիճարկվող դրույթի առնչությամբ Դիմողը, ի թիվս այլնի, նշում է հետևյալը.
- թե՛ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, թե՛ վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտ կայացնելիս անտեսել են այն հանգամանքը, որ Դիմողը, դատարանի կողմից ճանաչվելով սնանկ և գտնվելով սնանկության գործընթացում, ի վիճակի չէ վճարել դատարանի կողմից սահմանված տուգանքը, իսկ Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելով և հիմնավորման մեջ արձանագրելով, որ առկա չէ իրավունքի զարգացման խնդիր, և դիրքորոշում չհայտնելով, նպաստել է խնդրի չկարգավորմանը, որի հետևանքով էլ Սահմանադրության հոդվածների խախտումները մնացել են չլուծված,
- Վճռաբեկ դատարանը, մերժելով գործը վարույթ ընդունելը, փաստացի խուսափել է ներկայացված հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց` դրանով իսկ նշյալ իրավիճակների դեպքում նպաստելով Սահմանադրության մի շարք հոդվածներով մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող պահանջների չկիրառմանը։
Այսպիսով, սույն դիմումով Դիմողի բարձրացրած խնդրո առարկա հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ1/0368/13/25 դատական գործի շրջանակներում դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։
Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը, անհատական դիմումին չկցելով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ, ներկայացրել է միջնորդություն` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի դատական կազմը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման պատճառաբանություններով Դիմողի դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման, գտնում է, որ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկումը դառնում է առարկայազուրկ։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մեխակ Գաբրիելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝ Է. Շաթիրյան
Ս. Սաֆարյան
10 դեկտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-68
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-68
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
