Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԻԿ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԻԿ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3813 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 38 | ՌՈՒԲԻԿ ԱՇՈՒՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 սեպտեմբերի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի Ա. Թունյանի

Քննության առնելով Ռուբիկ Աշուղյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ .

1. Ռուբիկ Աշուղյանի (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 21-ին: Դիմողը խնդրել է. «Դիմումն ընդունել քննության:

Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածում նշված. Եթե պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունը ուղղորդելը և այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այդ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի պարտավորություններով վերջինիս գույքի անբավարարության դեպքում» ձևակերպումը (իրավակիրառ պրակտիկայում նշված նորմին տրված մեկնաբանությունը) ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԼԴ4/0034/04/16 սնանկության գործի և ԼԴ/3598/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ «(...) բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական դատավարության կարգով ներկայացվում է ենթադրյալ Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից բխող պահանջ, նախ դատարանը պարտավոր է պարզել արդյո՞ք այդ արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ, և բոլոր այն դեպքերում, երբ այն իր մեջ պարունակում է այդպիսիք, ապա գործը քննող դատարանը պարտավոր է պահանջել նաև ներկայացնել դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտ հաշվի առնելով տվյալ անձի անմեղության կանխավարկածը, և միայն ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ պարունակելու հանգամանքը բացառելուց հետո շարունակել գործի քննությունը քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով»: Դիմողի պնդմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կիրառմանը ՀՀ Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ ԼԴ/3598/02/18 որոշմամբ տրված մեկնաբանությունը հանգեցրել է դիմողի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման և ոչ իրավաչափորեն սահմանափակել է վերջինիս սեփականության իրավունքը»: Ըստ Դիմողի «(...) Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում նշված իրավական ձևակերպումը, այնքանով որքանով ձևակերպված չէ այն աստիճանի հստակությամբ, որ իրավահարաբերության սուբյեկտների համար լինի բավարար կանխատեսելի վարքագիծը կազմակերպելու համար, ինչպես նաև այդ նորմի կիրառողը կարողանա հիմնավորել նորմի կիրառման իրավաչափությունը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին: Մասնավորապես. Օրենսդիրը հստակ չի ձևակերպել, թե ո՞ր գործողություններն են համարվում կանխամտածված սնանկություն, հստակ ձևակերպված չէ, թե Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում նշված գործողություններն են համարվում կանխամտածված սնանկություն, թե ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործողությունները: Նորմի կիրառողը չի կարողանա հիմնավորել նորմի կիրառման իրավաչափությունը, ինչպես նաև կանխամտածված սնանկության դեպքում քաղաքացիաիրավական, թե քրեաիրավական պատասխանատվության կիրառումն է իրավաչափ, բացի այդ հստակ ձևակերպված չէ արդյո՞ք Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված քաղաքացիաիրավական պատասխանատվության կիրառման համար անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ պարունակելու հանգամանքը բացառելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, թե ոչ»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…)։ Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Տվյալ դեպքում, դիմումում ներկայացնելով Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշ դիրքորոշումներ Դիմողը նշել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական դատավարության կարգով ներկայացվում է ենթադրյալ Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից բխող պահանջ, նախ դատարանը պարտավոր է պարզել արդյո՞ք այդ արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ, և բոլոր այն դեպքերում, երբ այն իր մեջ պարունակում է այդպիսիք, ապա գործը քննող դատարանը պարտավոր է պահանջել նաև ներկայացնել դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտ հաշվի առնելով տվյալ անձի անմեղության կանխավարկածը, և միայն ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ պարունակելու հանգամանքը բացառելուց հետո շարունակել գործի քննությունը քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով: Այսինքն, մինչև Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված համապարտ պատասխանատվություն նախատեսելը, գործը քննող դատարանը պահանջի նաև ներկայացնել դատարանի օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտ հաշվի առնելով տվյալ անձի անմեղության կանխավարկածը, և միայն ՀՀ քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներ պարունակելու հանգամանքը բացառելուց հետո, շարունակել գործի քննությունը քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված կարգով»: Դիմողն այնուհետև եզրակացնում է, որ դատարանների կողմից իր գործով վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը հանգեցրել է արդար դատաքննության և դատական պաշտպանության իր իրավունքների խախտման և ոչ իրավաչափորեն սահմանափակել է իր սեփականության իրավունքը։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված հիմնավորումները վերաբերում են «Սնանկության մասին» օրենքի 8-րդ հոդվածի դատարանների կողմից իր գործով կիրառման իրավաչափությանը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում բարձրացվում է «Սնանկության մասին» օրենքի 8-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։ Դիմողը նշում է նաև, որ վիճարկվող դրույթը ձևակերպված չէ այն աստիճանի հստակությամբ, որ իրավահարաբերության սուբյեկտների համար լինի բավարար կանխատեսելի վարքագիծը կազմակերպելու համար, ինչպես նաև այդ նորմի կիրառողը կարողանա հիմնավորել նորմի կիրառման իրավաչափությունը։ Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշում), « օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում» (2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշում)։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ իրավադրույթների, դրանցում օգտագործվող հասկացությունների բովանդակությունը ճշգրտվում են նաև դատական մեկնաբանման միջոցով, և օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով։ Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռուբիկ Աշուղյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Հ. Հովակիմյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

13 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել